Իրադարձություն
Գրիգորի Պետրովիչ Գուլյաևը, հիսուն տարեկան պարթևակազմ մի մարդ, մահացել էր։ Այս աշխարհի երեսին նրանից մնացել էր միսենյականոց բնակարանում կինը՝ Նատալյա Սեմյոնովնան, մի տասը տարի նրանից երիտասարդ, ութ տարեկան Վովա տղան և, բացի այդ, որոշ բարեկամներ, այդ թվում և այնքան մոտիկ, ինչպես հարազատ քույրը՝ Ելիզավետա Պետրովնան, որն ապրում էր Աստված գիտե, թե որտեղ։
— Զուր, զուր Գրիշան մահացավ, — ասում էր այդպիսի բարեկամներից մեկը, պառավ Ագաֆյան։— Վաղաժամ, կարելի է ասել...
— Իսկ ո՞վ իր ժամանակը գիտի, — առարկեց մյուս բարեկամուհին, որն ավելի մարմնեղ էր։— Չէ՞ որ մեզ, ձրիակերներիս չեն հարցնում, երբ մենք մահանանք։
Կինը՝ Նատալյա Սեմյոնովնան, ոչինչ և ոչ մեկին չէր առարկում, լոկ հոգոց էր հանում՝ մտորելով գալիքի մասին։ Իսկ Վովա տղան ընդհանրապես ոչնչի չհավատաց և որոշեց, որ հայրը պարզապես գնացել էր՝ հեռու-հեռավոր ճամփորդության և որ ինքը, Վովա երեխան, նույնպես շուտով կհետևի նրան՝ այնտեղ, որտեղ հայրն էր։
Այնինչ հարկ էր կազմակերպել թաղումը։ Բակում արդեն իննսունական թվականներն էին, երկրորդ հազարամյակի վերջը, անհավանականորեն ծանր ժամանակ։ Բայց Գրիգորի Պետրովիչը պատասխանատու անձ էր, ծառայող, և կազմակերպությունը, որտեղ նա բանում էր, օգնեց։ Ամենավատը գերեզմանի հետ ստացվեց՝ տեղ հազիվ գտան, բայց փոխարենը պատշաճ, նույնիսկ զվարթ գերեզմանոցում։ Արդյոք հավատացյալ էր Գրիգորի Պետրովիչը թե ոչ՝ այդ կապակցությամբ ոչ մեկին ոչինչ հայտնի չէր, նույնիսկ անհասկանալի էր։ Բայց համենայն դեպս քաղաքացիական հոգեհան-
գիստը նախապատրաստեցին ըստ կանոնների։
Այն տեղի ունեցավ հեծանվորդների ակումբում՝ այնտեղ առաջին հարկում տեղակայվել էր վիթխարի դահլիճը, որի պատուհանները ելնում էին առ կանաչ, հարմարավետ և չափավոր ապականված պարտեզը։ Դագաղը դրեցին դահլիճի ետնապատի մոտ՝ հենց ելքի դիմաց։ Կային ծաղիկներ, նույնիսկ դրոշ և ոչ այնքան շատ մարդ։ (Նատալյա Սեմյոնովնան որոշեց իր Վովկային ներս չթողնել և ուղարկեց նրան ամառանոց՝ իր զարմուհի տատիկի մոտ)։
Դագաղում Գրիգորի Պետրովիչը ծերացել էր և իր հիսունի փոխարեն մի հարյուր տարեկանի տեսք ուներ, իսկ գուցե և հարյուր տասը տարեկանի։ Մաշկը հանկարծ թորշոմել էր, ասես չքվել էր, աչքերը փակ էին, բայց ինչ-որ այլաշխարհիկ վստահությամբ և նույնիսկ հաստատակամությամբ, որ դե դրանք արդեն երբեք չեն բացվի։ Ձեռքերը ծալված էին լրիվ վստահությամբ, որ դրանք արդեն երբեք չեն բացվի։
Լալիս էին՝ չափավոր, մեն միայն կինը, որ լիովին բնական է, հեծկլտում էր, դե մեկ էլ քույրը։ Գրիգորի Պետրովիչի հայրն ու մայրն արդեն վաղուց չկային։ Երկու ընկերներն ընդհանրապես չէին եկել։ Չգիտես ինչու մի տասնհինգ մարդ էր հայտնվել՝ հեծանվորդների սպորտային ընկերությունից՝ ընդհանրապես ոչ մեկին ծանոթ մարդիկ։
— Ով ասես թրևում է էստեղ,— դժգոհ մրթմրթում էր Ագաֆյա տատը։— Չէ՞ որ հանգուցյալը թունդ հարբեցող չէր, որպեսզի ողջ Մոսկվան ճանաչեր բոլոր բաժակակիցներին։ Նա խաղաղ մարդ էր, պատասխանատու։ Ընտանիքի մասին էր հոգ տանում։
— Այլանդակություն է, դե էլ ինչ ասես,— հաստատում էր այլ մի բարեկամուհի։— Նույնիսկ դագաղի մեջ հանգիստ չեն թողնում։ Այդպես էլ ողջ կյանքում հալումաշվում, հալումաշվում ես, ճչում, ինչ-որ բան ես փնտրում, իսկ հետո ոչ մի հատուցում էլ չկա, միմիայն գռեհկություն։Կպառկես դագաղում՝ ու մռութիդ կթքեն...
— Եվ մի ասեք,— շշնջում էր երրորդ բարեկամուհին,— դե էդ տղաները, անծանոթ են, երևի քեֆները տեղն է...
Իսկ բակում հիմա, թփերի ետևում, տեղավորվել էին Գրիգորի Պետրովիչի երկու հարևանները՝ Նիկոլայն ու Սերգեյը, տեղավորվել էին խմելու համար։
— Դե ինչ, հիշենք,— ասաց մեկը։
— Հիշենք,— ասաց մյուսը։
Հիշեցին, խմեցին, իսկ Սերգեյը մտաբերեց․
— Իսկ հանգուցյալը մահվանից առաջ իրեն լավ չէր պահում...
— Ինչո՞ւ վատ,— տագնապեց Նիկոլայը։
— Անընդհատ կռվի էր նետվում։ Հենց մի բան՝ մռութին, թեև արդեն հիվանդ էր, ամեն ինչ հասկանում էր, թե բանն ուր է գնում։
— Չի կարող պատահել,— սարսափեց Նիկոլայը։
— Փաստերը,— համառորեն պնդեց Սերգեյը, հետո մտազբաղ հավելեց.— գուցե ինքն արդեն այդպիսինն էր, կտրուկ։
— Դե էլ ի՞նչ մահառաջ՝ մռութին։
— Հենց ինքն է։ Բայց մի կարծիր, որ նա միայն խուլիգանություն էր անում։ Երբ նա բնակարանում մենակ էր մնում, ձենը գլուխն էր գցում, ես լսել եմ, մեր պատերը բարակ են։
— Բոլոր մարդիկ էլ ավաղելու արժանի են,— խզխզաց Նիկոլայը։— Նա , երևի չէր կարողանում հասկանալ. ինչպես թե՝ մարմինը, ու մեկ էլ հանկարծ այն չկա։ Նրա մարմինը պինդ էր, ոչ թե...
— Հիշենք,— վնգվնգաց Սերգեյը, և նրանք հիշեցին։
Այնինչ դահլիճում ինչ-որ անդորրություն տիրեց։ Եվ այդժամ մուտքի մոտ հայտնվեց ինքը՝ Գրիգորի Պետրովիչը, ողջ։ Այնպես աննկատ, կամացուկ, ինչպես ասես անդրաշխարհային թռչուն հայտնվեր։ Սկզբում ոչ մեկը ուշք էլ չդարձրեց՝ դե, մտել է մարդը, երևի, բաժակակիցը, ուզում է հրաժեշտ տալ Գրիգորի Պետրովիչին, որը դագաղում է։ Ինքը՝ Գրիգորի Պետրովիչը, կամ, Գրիգորի Պետրովիչը, որը դագաղում է, չշարժվեց էլ՝ պառկել ու պառկել է։ Մեկից երևում է՝ մեռած մարդ է։ Բայց ողջ Գրիգորի Պետրովիչը հար դեպի նա է շարժվում, դանդաղ, բայց հաստատուն։ Վերջապես կինն առաջինը գոչեց.
— Գրիշա։
Այո, Գրիշան, և պիջակն էլ միևնույնն է և, գլխավորը, այն անորսալին գուցե քայլվածքում, ժպիտում, որից տեղնուտեղը ճանաչում ես՝ Դա ՆԱ է, տվյալ դեպքում՝ Գրիշան, Գուլյաև Գրիգորի Պետրովիչն անձամբ։ Իսկ մյուսն անձամբ պառկած է պատվանդանի վրա, հանդիսավորության մեջ, ծաղկապատ, խաղաղ։
Նատալյա Սեմյոնովնան կրկին աչքերը լայնացրեց ու փռվեց գետնին՝ Գրիշա։
Անկեղծ ասած, համարյա ոչ մեկը ոչինչ չհասկացավ՝ նետվեցին կնոջ մոտ՝ կարծելով, թե նրա մոտ ինֆարկտ է, իսկ ողջ Գրիգորի Պետրովիչին նայում էին միայն մի քանի հոգի, քարացած։
Նրա հարազատ քույրը՝ Ելիզավետա Պետրովնան, որն առանձնանում էր սարթ բնավորությամբ (երբեմն նա գիշերում էր և գնացքի տակ) փոքր-ինչ մոտեցավ Գրիգորի Պետրովիչին և հարցրեց.
— Ո՞վ ես դու։
— Նա, ով դագաղում է։— Եվ ողջ Գրիգորի Պետրովիչը մոտեցավ մեռած Գրիգորի Պետրովիչին։ Պաղած քույրը նրա նույնպես մոտեցավ։ Մյուսները կանգնել կամ կնոջ մոտ իրար էին անցել։ Ոմանք կողմ կանգնած՝ պարզապես փսփսում էին։
Ողջ Գրիգորի Պետրովիչը սևեռուն և, ճիշտ է, բավական մռայլորեն նայում էր իր դիակին։ Հար քար կտրելով՝ Ելիզավետա Պետրովնան հարցրեց.
— Իսկ սա ո՞վ է,— գլխով նշան անելով և ցույց տալով հանգուցյալին։
— Իսկ դա ես եմ,— մռայլորեն պատասխանեց Գրիգորի Պետրովիչը։
— Գրիշա, բայց չէ՞ որ դու խոսում ես, քայլում ես,— քրթմնջաց Ելիզավետան, և նրա մի աչքը խենթացել էր։
— Հետո ի՞նչ,— քմծիծաղկոտ ասաց ողջ Գրիգորի Պետրովիչը։ Հետո, ասես թե ներողահայց, նշան արեց իրեն՝ մեռածին, և ուսերը թոթվեց։
— Ինչպե՞ս հետո ինչ, — սարսափեց քույրը։
— Դե հենց էդպես,— և Գրիգորի Պետրովիչը շրջվեց դեպի նա, որը պատրաստ էր ընկնելու։— Դե լավ, Լիզոկ, դու ահա թե ինչ՝ հաղորդիր Նատալյային՝ ես այսօր երեկոյան ավելի ուշ կգամ։ Միայն թե թող Վովկային ետ չվերցնի։ Եվ թող ընթրիք պատրաստի՝ երշիկով ձվածեղ, կեֆիր, բուլկիներ։ Օղի պետք չի։
— Իսկ ես,— քնքշորեն շշնջաց քույրը։
— Իսկ դու ի՞նչ։ Մենք առանց այդ էլ հարազատներ ենք։
Ողջ Գրիգորի Պետրովիչը մի քանի անգամ վսեմաշուք անցավ իր դագաղի կողքով, կանգնեց գլխավերևում, ձեռք տվեց ծաղիկներին, իր ճերմակած, բայց անկենդան մազերին, հանգչող դեղին ճակատին, աննկատ քաշեց իր մեռած ականջից։ Հետո նայեց քրոջը։
— Ահա թե ինչ,— շշնջաց նա։— Եթե Նատաշկան վախենում է, ապա թող քնի, ասա նրան, թող պառկի քնելու, եթե վախենում է։ Ես ինքս խոհանոցում գլուխ կհանեմ, կկրատեմ, իսկ հետո կպառկեմ...
Եվ Գրիգորի Պետրովիչը վստահ, բայց, այդուհանդերձ, վշտալի գնաց դեպի ելքը, հետույքով դեպ ինքը՝ մեռյալը շրջվելով։ Ճանապարհողներից շատերը նրան ինչպես հարկն է դեմքով չգիտեին և, բացի այդ, ընդհանրապես խելքամաղ էին եղել, այնպես որ նա անխոչընդոտ ելավ դահլիճից։
Ճիշտ է, ինչ-որ տղեկ, ճանաչելով նրանում հանգուցյալին, ուզում էր նրա ձեռքից բռնել, բաց վերջին պահին չհամարձակվեց։
Երեք մարդիկ, որոնք ճանաչում էին Գրիգորի Պետրովիչին, ուշաթափված ընկած էին հատակին։ Մյուսները դեռևս ետ էին բերում Նատալյա Սեմյոնովնային։ Նրանք քրթմնջում էին հալյուցինացիայի մասին։
Մյուսները խեթ-խեթ աչք էին ածում մեռած Գրիգորի Պետրովիչին՝ արդյոք չի՞ շարժվի։ Վիճակը սաստկացրեց բարձրահասակ ճերմակահեր մի ծերուկ, հավանաբար աղանդավոր՝ նա, զննելով ողջ տեղի ունեցողը, մոտեցավ դագաղին և թքեց հանգուցյալի դեմքին, ընդ որում թքեց շատ խիստ՝ ասես թե սպառնալով։
Թե ինչ այդտեղ սկսվեց։
Բարեկամները, հատկապես մեռածի քույրը, ուղղակի կառչեցին ծերուկ աղանդա-
վորից, ինչ-որ մեկը քաշեց նրա մորուքից։ Լսվեցին սուլոցներ, ոնց որ թե միլիցիա էին կանչում։
Այնինչ երաժիշտները, ոչնչի վրա ուշք չդարձնելով, նվագեցին սգո մարշը, ինչպես որ պայմանավորված էր։ Իսկ դահլիճում արդեն հասել էին մռութ ջարդելուն, ծերուկ աղանդավորը, քրքրված, պառկած էր հատակին։
Այդ ժամանակ Նատալյա Սեմյոնովնան արթնացավ։ Զարմանքով նա նայում էր աշխարհին։ Աշխարհը բանի նման չէր՝ թեև դագաղը կեցած էր տեղում և հոսում էր անդրշիրիմյան երաժշտությունը, դրան ուղեկցում էին տուրուդմփոցն ու աղեկտուր ճիչերը։
Այդ ընթացքում ողջ դահլիճով մեկ տարածվեց լուրը, որ, իբր, հենց նոր Գրիգորի Պետրովիչն ինքը եկել էր այստեղ, ողջ... և որ այս թաղման մեջ ինչ-որ բան այն չի։ Արդեն ինչ-որ հաղթանդամ մուժիկ հանում էր հանգուցյալին դագաղից՝ ոռնալով, որ մեռածին փոխել են։ Հանգուցյալին հազիվ խլեցին, և իրադարձությունները այդպիսի փաստից հետո ինչ-որ ֆանտաստիկ շրջադարձ ընդունեցին՝ ծեծկռտվում էին բոլորը բոլորի դեմ, իսկ մյուսները ոռնում էին։
Նատալյա Սեմյոնովնան որոշեց, որ ինքն այն աշխարհում է, և դարձյալ ուշաթափվեց։
Իրենց թփերի ետևից դուրս թռան հարևան-հարբեցողները՝ Սերգեյն ու Նիկոլայը՝ ճիչերով, որ իրենք չափն անցել են, որովհետև տեսել են Գրիշային, դահլիճից դեպի ավտոբուսի կանգառի ուղղությամբ գնացող։ Այդ ընթացքում մոտեցավ ինչ-որ մեկի կողմից կանչված միլիցիան։ Առաջինը դուրս եկավ ղեկավարությունը՝ ճերմակավուն գիրուկ լեյտենանտ-գործարարը։ Բայց դագաղի մոտ կռվողների տեսքը նրան փակուղու առաջ դրեց։ Նա և իրեն ուղեկցողները ելան այդ փակուղուց մի հինգ-վեց րոպեից։
— Ցրել է պետք ողջ էս թաղման թափորը,— գոչեց վերջապես լեյտենանտը՝ մոտենալով անգիտակից պառկած Նատալյա Սեմյոնովնային, որովհետև նրան ասել էին, որ դա մահացածի կինն է։ Լեյտենանտի շուրջ պտտվեց ինչ-որ քաղաքացիական հագուստով մի մարդ, ոնց որ թե հեծանվային ակումբի վերևներից մեկը։ Նատալյա Սեմյոնովնային ցնցեցին, և նա աչքերը բացեց։
— Սա ձեր ամուսի՞նն է, թե՞ ձերը չի,— բղավեց այդ մարդը՝ մատնացույց անելով դագաղը։ Նատալյա Սեմյոնովնան արտասվեց։— Դուք ձեր այս վայրենիի թաղումով հասարակության դեմոկրատացումն եք խափանում,— ճղճղում էր մարդուկը՝ համարյա թե թռչկոտալով Նատալյա Սեմյոնովնայի շուրջը։
— Դե թողեք դուք նրան ուշքի գալ,— գոռաց նրա վրա պառվուկ Ագաֆյան։— Անդադրումներ։ Ամեն ինչ ձեզ պետք է պարզել։ Դե թողեք նա գլուխ հանի՝ մահացե՞լ է իր ամուսինը, թե՞ ողջ է։
Լեյտենանտն աչքերը չռեց։ Այլևս ուժ չունենալով տանելու այդպիսի խոսքերն ու ծեծկռտուքը դագաղի մոտ՝ լեյտենանտը ելավ դահլիճի կենտրոն ու ծղրտաց․
— Դադարեցրեք անկարգությունը, թե չէ կկրակեմ։
Եվ ճանկեց ատրճանակը՝ չգիտես ինչու ուղղելով այն հանգուցյալով դագաղի վրա, բայց հետո, ուշքի գալով, ատրճանակը փողով բարձրացրեց դեպի առաստաղը։ Միլիցիոներները, որ կանգնած էին նրա կողքին, քարացան։ Բայց խոսքերն ու ահեղ տեսքը, որքան էլ տարօրինակ է, դրական ազդեցություն ունեցան։ Ծեծկռտուքը, ինչպես հոգնած կապույտ օվկիանոս, սկսեց հանդարտել և, հիստերիկ ճիչերից բացի, այլևս համարյա ոչինչ տեղի չէր ունենում։ Մարդուկը հեծանվային ակումբի վերևներից մոտեցավ լեյտենանտին ու հարցրեց.
— Դե իսկ ի՞նչ պիտի անենք, ընկեր... պարոն լեյտենանտ,— վախվխելով հարցրեց նա։
— Ի՞նչ անել,— մտազբաղ արտաբերեց պետը։— Նախևառաջ՝ տեղի ունեցածի մասին՝ լռել։ Երկրորդ՝ թաղումն ամփոփել, երաժշտությունը դադարեցնել և հենց այս րոպեին գնալ գերեզմանոց։ Չէ՞ որ մեքենա կա։ Կա։ Իսկ ես կհետևեմ, որ ամեն ինչ լինի ինչպես հարկն է։
Նրա հրամանին ենթարկվեցին։
Դագաղը բերեցին մեքենայի մեջ։ Բայց թափորը կարծիքների մեջ բաժանվեց՝ մեծամասնությունը հակվում էր այն բանին, որ թաղել նրան անիմաստ էր, որովհետև իբր հայտնի չի, թե ում են թաղում։
Նատալյա Սեմյոնովնան սկզբում կտրականապես հրաժարվեց գնալ, բայց հետո, երբ դագաղն արդեն շարժեցին մեքենայի մեջ, բացեց դրա կափարիչն ու ճչաց.
— Դե չէ՞ որ սա նա է, Գրիշան։ Նա՝ սիրելիս, աննմանը, անմոռանալին իմ։— Եվ այդ խոսքերով նա հենց դագաղի ետևից սուզվեց սգո մեքենայի սև երախը։ Նրա ետևից՝ Գրիգորի Պետրովիչի քույր Ելիզավետան և ևս մի քանի մարդ։
Ճանապարհին Ելիզավետան շատ խիստ և ռացիոնալ պատմեց Նատաշային այն մասին, ինչ որ նրան ասում էր ողջ Գրիգորի Պետրովիչը։ Պատմածի վերջում Ելիզավետան ինչ-որ թմբիրով համակվեց, ասես թե նա արդեն եղել էր այլ աշխարհում, և այդժամ Ելիզավետա Պետրովնան ասաց.
— Դե դու տես, այստեղ մեր առաջ մեռած Գրիգորի Պետրովիչն է և միաժամանակ եկել էր ողջ Գրիգորի Պետրովիչը, մեկը՝ մեռած, մյուսը՝ ողջ։
Այդ խոսքերից հետո Գրիգորի Պետրովիչի կինը կարոտեց։ Թաղումն ավարտվեց լրիվ մահացյալ ու մեկուսացած։ Բոլորը լռում էին։ Միայն միլիցիան էր հեռվից զննում։
Այսպիսով, մեռած Գրիգորի Պետրովիչին արագ թաղեցին։ Ոչ մի երկիմաստ և ազատակամ խոսք չեղավ։ Եվ այդուհանդերձ, վերջին մոտ չարաճճիություն արեցին. մարդկանց նոսրակույտից դուրս պրծավ ինչ-որ ծերուկ՝ հայտնված նախորդ ծեծկռտուքում հեծանվային ակումբի դահլիճում, քրքրված, կեղտոտ ու ճղճղված, գզգզված մազերով, և սկսեց հիստերիկ գոռալ, մատնացույց անելով գերեզմանոցը.
— Մեզ այնտե՛ղ է պետք, այնտե՛ղ։ Որովհետև Գրիգորի Պետրովիչը՝ նա և՛ մեռած է, և՛ ողջ միաժամանակ։ Նա և դագաղում է, նա էլ հենց քայլում է... Մեզ այնտեղ է պետք, այնտեղ։ Գրիգորի Պետրովիչի մոտ։
Միլիցիան մոտեցավ։ Ծերուկի բերանը փակեցին, և ամեն ինչ ներդաշնորեն անցավ։
Նատալյա Սեմյոնովնան մտազբաղ վերադառնում էր տուն։ Գլխում միայն մի միտք էր՝ Գրիգորի Պետրովիչը խոստացել էր այսօր երեկոյան գալ։ Նրան ճանապարհում էր Ելիզավետա Պետրովնան, մնացած բարեկամներն ասես ցնդել էին։ Հետո անհետացավ նաև հանգուցյալի քույրը։ Նատալյա Սեմյոնովնան մնաց մենակ։
Մտավ իր միսենյականոց բնակարանը, լույսը վառեց և մեխանիկորեն ընթրիք պատրաստեց, ինչպես և կարգադրել էր Գրիգորի Պետրովիչը՝ երշիկով ձվածեղ...
Եվ սկսեց սպասել՝ չգիտես ինչու նայելով ժամացույցին։ Հետո, երբ համենայն դեպս ելավ իր ընդարմացումից, իրար անցավ՝ դե ի՞նչ է, խելքը թռցրե՞լ է, ո՞ւմ է նա սպասում, ի վերջո։
Գրիգորի Պետրովիչը խոր հողի տակ է, երկրային պտտվող գնդում, պառկած է և այնտեղից չի ելնի։ Բայց հանկարծ նա մոտեցավ հայելուն և մազերը շտկեց, շուրթերը ներկեց, ինչ-որ գեղեցիկ բան հագնելու ցանկություն ծնվեց, կարծես թե սպասում էր ամուսնուն՝ երկար գործուղումից հետո։ Իրեն բռնացրեց դրանում և ինքն իր հանդեպ խղճահարությունից ողբուկոծ կապեց. կնշանակի, նա իսկապես էլ խելքը թռցրել է։ Իրեն հավաքեց, և բոլոր գեշ մտքերն անցան։ Սենյակը հավաքեց, որպեսզի պարզապես ինչ-որ բան աներ, և որոշեց, որ օրը կգա՝ բարին հետը։
Պետք է պառկել քնելու, ասաց նա և, մի կես բաժակ օղի խմելով՝ արագ հանվեց և փռվեց անկողնում։ Վաղը շատ հոգսեր կլինեն, և բոլոր այս թյուրիմացությունները կմոռացվեն... Եվ բավական արագ ննջեց։
Նրան երազվեցին, թմբիրով պատված, Ելիզավետայի աչքերը։ Հետո քնի միջից լսվեց, ոնց որ թե բանալիով դուռը բացում էին։ Սակայն դա երազ չէր, նա հստակ զգում էր։ Բայց ուժերը չէին բավում, որ աչքերը բանար, հոգնությունը, օղին կաշկանդում էին մարմինը, իսկ ամենագլխավորը՝ նրա համար արդեն միևնույն էր։ Նրա գիտակցության մի մասը քնի մեջ էր, մյուսը՝ արթուն էր, և գիտակցության այդ արթուն մասով նա ամեն ինչ ընկալում էր։ Լսում էր՝ ինչպես ինչ-որ մեկը մտավ խոհանոց, հետո զանազանեց ամուսնու ձայնը, նրա ճպճպոցը, ափսեի և գդալի զնգոցը։ Մի րոպե ամեն ինչ լռեց։ Հետո հանկարծ՝ հայհոյանք, կրկին ափսեի զնգոց, և ամուսնու ձայնը, որ ամեն ինչ վատ է պատրաստված, շուրջբոլորը ուտիճներ են, հետո կրկին հայհոյանք, ջրի ճողփյուն... Վերջ. խորունկ ուշակորույս քուն։ Վերջապես նա թաղվեց քնի մեջ։
Առավոտյան տասին Նատալյա Սեմյոնովնան արթնացավ։ Քրտնքի և սարսափի մեջ մտավ խոհանոց, ձվածեղը կերված էր, ափսեն՝ ջարդած, ջուրը՝ թափված։ Բայց բնակարանում արդեն ոչ ոք չկար, Նատալյա Սեմյոնովնան նայեց իր մարմնին և գեշ ձայնով ճչաց՝ մարմնի վրա ակնհայտորեն երևում էին բռնաբարության հետքերը...
— Գրիշա, հարազատս, դե ո՞նց էդպես,— գոռաց նա։
Մի խոսքով, մեռած Գրիգորի Պետրովիչը պառկած էր հողում, ողջ Գրիգորի Պետրովիչը թափառում էր հենց նույն հողի վրա և այն պահին, երբ Նատալյա Սեմյոնովնան արթնացավ, նրա տանը բավական մոտ էր։ Իսկ Գրիգորի Պետրովիչի անմահ ոգին լքել էր նրան՝ և՛ ողջին, և՛ մեռյալին, և գնացել էր երկուսից էլ հեռու-հեռու, առ իր Երկնային Հայրը, թաքնվելով մահկանացուների շնչառությունից և թողնելով Գրիգորի Պետրովիչին՝ ողջ և մեռած, մեն մենակ Տիեզերքի հանդիման։
Տիեզերական աստված Արադը, որի հոգևոր տեսադաշտում պատահաբար հայտնվեց այս պատմությունը, այնպես էր քրքջում, այնպես էր քրքջում՝ տեսնելով այդ մարդկային ձախորդությունները, որ նույնիսկ Դ. մոլորակը, որ նրա տեսադաշտում էր, նրա քրքջոցից տհաճություններ և նույնիսկ փոթորիկներ ապրեց իր մակերեսին։



