Շտապենք...

* * *

          Շտապենք
 համեստ սեղանը զարդարել
     ալ լոլիկներով,
խուճուճ ազատքեղով ու սամիթով,

          սխտորով,
 բուրավետ պղպեղով ու սոխով,
      բշտիկավոր վարունգներով
եւ ձմերուկի շերտերով,— Թող յուղը

         ինչպես սաթ՝
 արեւը լուսամուտի դեմ, փայլի
    կուրացուցիչ։— Սեւ հացը
կտրելու ժամն է, սպիտակ աղը

       չափսոսեք
   դնել մի ամբողջ սրվակ.—
      Խաղողի մի լրիվ
շիշը չի խանգարի։— Զի հաճելի է
 
        հագեցնել
  սովն ու ծարավը՝ ճաշակով։—
      Վերահաս աշնան
ողորմությանը չենք տրվի, չենք հանձնվի

        երբեք։—
  Ամենաստեղծ Աստծու
      կռվասեր սիրեկան —
չարադեմ ատողներին՝ սիրով։