Ես առաջինը արթնացա այսօր...

Ես առաջինը արթնացա այսօր: Դրսում լողում էր լուսինը հսկա: Սակայն պտտենք ամբողջն էլի հետ, մինչև արթնացման կետը: Եվ այսպես, պատուհանով մեկ քնածներն էին քայլում անընդհատ. անվերջ թիկունքներ: Ճերմակ արևն էր կախվել զենիթում: Ես անցնում էի այդ անցնողների կողքով ու նայում դեմքերին նրանց: Փորձանքի գույն են շորերը նրանց, բայց արևի տակ վառվելով՝ բոլոր փորձանքներն արդեն փոշի են հագել, ինչպես ծառերը ամառվա կեսին: Կույր են ու վտիտ, հոսում են, ինչպես հորդան է հոսում, թե՝ տևտոնական անվերջ շարասյուն: Վերը փայլում էր ճաղատն Արարչի, հալվող մոմի պես քրտինք էր կաթում լերկ դեմքից նրա: Ողջը հալվում ու հալվում էր այդպես: «Քնած մնայի, ես էլ սրանց պես լինելու էի գլխահակ մի հոտ՝ որսորդը դեպի, ու կրկընելով՝ ...ավեր, բռնակալ, բռնատիրություն»:

Ես զգում էի երկինքը ծանր ու հասկանում, որ մեղքն անմեղների քունն է, և ոչ թե Աստծո ցասումն է գլխին իմ ժողովրդի, այլ չիպ է դրված նրա մեջ՝ մեղքի կոնստանտով վաղուց, ու հավատում է մեղքին իր՝ Ադամ-Եվայի համար, Բաբելոնի և Սոդոմ-Գոմորի, պատերազմների ու տարերքների, թագավորների՝ բյուրեր սպանած, նաև՝ սպանված թագավորների, Երրորդ ռայխի և ԳՈՒԼԱԳ-ի համար, լճացման համար ու Գազպրոմի, Ուկրաինայի ու ծննդատան, որտեղ ծնվել ենք: Աստվա՛ծ իմ, աստվա՛ծ: Եվ ուզում էի ճչալ՝ վե՜րջ խաղին: Փոխվել է օրը, որ կար դեռ երեկ, մոռացեք բոլոր ենթամաշկային ներարկումները նախնյաց մեղքերի: Մաքրվեք: Ուռա՛:

Բայց քայլում էին նրանք, ու վերք էր բոլոր կրծքերում. ու կարելի էր մատ խցկել անգամ: