Հոլանդացին
(«Մոսկովյան հեքիաթներ» գրքից)
Առաջին անգամ նրան նկատել են երեկոյան տասնմեկի կողմերը (արձանագրության մեջ այսպես է գրված. «Գիշերվա 23:00-ի շրջանում») Կուտուզովի պողոտայում։
Հունվար ամիսն էր, ձյունե օձեր էին սողում օրվա այդ ժամին արդեն գրեթե դատարկ կառավարական փողոցում, թրաֆիքը (ներող եղեք, ծուլանում եմ ավելի ռուսական բառով փոխարինել, համ էլ մի՞թե սա արդեն ռուսերեն չէ) համարյա վերջացել էր, հանրահայտ արվարձանների ուղղությամբ խիստ հազվադեպ սլանում էին ամենաթանկ մակնիշի ու մոդելի ավտոմեքենաներ, մեկ էլ համառորեն առաջ էր շարժվում չգիտես որտեղից հայտնված մի չորս հարյուր տասներկուերորդ «Մոսկվիչ»՝ տանիքին անպետք իրերով, չուլ ու փալասով լի թեք բեռնահարթակով, սառնամանիքից ամբողջությամբ դողացող, քնատ ու կեղտոտ մարմրող լուսարձակներով։ Իսկ քաղաքի ուղղությամբ ոչ ոք չէր գնում, ահա մի վախվորած «Գազել» գրեթե աննկատ անցավ աջ շարքով ու թեքվեց-կորավ նրբանցքի մթության մեջ՝ իր մանրածախ գործերն անելու։
Այստեղ էր, որ ամեն ինչ սկսվեց։
Ողբերգական հերոսն այն պատահարի, որ կարճ ժամանակ անց եղավ (կամ գուցե եղելությա՞ն, որ պատահեց) այս վայրում, շարժվում էր դեպի մարզը ամենաձախ շարքով՝ խախտելով արագության ռեժիմն ու ճանապարհային երթևեկության մի ամբողջ շարք այլ կանոններ, այն է՝ սլանում էր, ըստ էության, նույնիսկ ոչ թե ձախ շարքով, այլ ռեզերվային գոտով, միացրած ցոլարձակող փարոսիկով, որի համար չուներ կանոններով սահմանված թույլտվություն, ալկոհոլային, նաև թմրանյութային հարբածության վիճակում ու թքած ուներ բոլորի վրա... Թեև ինչ եմ երկարացնում, առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Վարորդի անունը Աբստուլխանով Ռուսլան Իվանովիչ էր, ու թե ինչու էր նա այդպես սխալ երթևեկում ճապոնական մեծ ամենագնացով (ջիփ), հայտնի էր միայն Ալլահին՝ ամենազոր ու ամենիմաց, բայց նա էլ երևի հիմա մոռացել է, քանի որ այս ամենը վաղուց է պատահել, իսկ նման կարգի տեղեկատվության հոսքը դեպի վեր անվերջ է...
Եվ ինչո՞ւ էր Ռուսլան Իվանովիչը գիշերային ակումբում, որը, ի դեպ, պատկանում էր իր լավ բարեկամ, պատգամավոր ու առաջադեմ երիտասարդ Վոլոդիչկա Տրոֆիմերին... լավ, Վոլոդիչկայի մասին մեկ ուրիշ անգամ... և այսպես. ինչո՞ւ էր Աբստուլխանով Ռուսլանը, որին ընկերներն ու իրավապահ մարմինները հաճախ պարզապես Աբստուլ են կոչում, գիշերային ակումբում վիսկի խմում, քթով կոկաին շնչում, իսկ վերջում շամպայնով ամրապնդում, չնայած այդ ամենն անելը կտրականապես արգելում է վերոհիշյալ Ալլահը։ Դե լավ, վիսկի, ինչպես բոլորը գիտեն, Աբստուլը սիրում է, «կոկոսն» այս անգամ բացառիկ որակյալ էր, շամպայնը՝ բուն ֆրանսիական, անգամ սուպերմարկետում համարյա հարյուրնոց արժե, դե իսկ գիշերային ակումբում... Բայց ինչո՞ւ հենց ղեկին նստելուց առաջ։ Չեմ պատկերացնում։ Ավելի ճիշտ, ինձ թվում է, թե գիտեմ, բայց չեմ կարող բացատրել ձեզ։ Իրեն, ասեմ ձեզ, կարելի է։ Իրեն՝ Աբստուլին, կարելի է երթևեկել փողոցի կենտրոնով (հիմա էլ կհարցնեք, թե ինչու կենտրոնով, եթե փողոցն ընդհանրապես դատարկ է), և՛ ժամում հարյուր վաթսուն կիլոմետր արագությամբ, և՛ փարոսիկով, որովհետև կյանքը ճիշտ է դասավորված, այն հարմարեցված է իրեն ու իր ընկերներին և ամենևին ոչ ձեզ... ի՞նչ եք կպել, հանգի՛ստ թողեք ինձ։ Եվ Ալլահը, որն, իմիջիայլոց, պարզապես Աստված է, շատերից մեկը, այստեղ որևէ առնչություն չունի։Աբստուլն ինչ ուզում, խմում էր, ինչ ուզում, շնչում էր, Վոլոդիչկայի նվիրած գեղեցկուհիներից ում ուզում, գրկում էր։ Իսկ դուք, եթե երբեք հարբած ղեկին չեք նստում, կոկայինն առհասարակ միայն կինոյում եք տեսել, ապա շատ ճիշտ եք անում, ոչ էլ պետք է դա ձեզ։ Ուրեմն հանգստացեք։
Այո՛։
Եվ այսպես, շարունակենք։
Ջիփը սլանում էր փողոցի կենտրոնով, գիշերային Մոսկվայի առատ լույսերը շողում էին փողոցի վերևում ու երկայնքով, իսկ խեղճ Ռուսլանը, վստահ (պատշաճը հատուցենք նրան) պահելով ղեկը, ննջում էր, արթնանում էր, հիշում էր, թե ուր է գնում, դարձյալ ննջում էր, իսկ մեծ մեքենան սլանում էր ինքնուրույն...
Հանկարծ Աբստուլը զգաց, որ մենակ չէ, ինչ-որ մեկը հետևում է իրեն. կարծես բանտախցի դռան դիտանցքն անաղմուկ բացվել է։
Աբստուլը նախ նայեց աջ. ոչ ոք չկար, դատարկ կաշեպատ նստատեղ, քիչ վերևում՝ խիտ մգեցված կողապակի, ապակուց այն կողմ՝ դատարկ պողոտա։
Հետո ձախ նայեց Աբստուլը ու տեսավ այն։
Դա «ունիվերսալ» տիպի ավտոմեքենա էր, որը մեր ավտոսիրողները սովորաբար «սարայ» են անվանում, և որը Եվրոպայում սիրված է բազմանդամ ընտանիքներում, իսկ մեզ մոտ՝ հիմնականում իրավաբանական անձ չհանդիսացող ձեռներեցների շրջանում, որոնք ընդամենը տոնավաճառներում էժանագին հագուստ ու այլ ապրանքներ են վաճառում. դրանք հենց նման մեքենաներով տեղափոխելը շատ հարմար է։ Ժողովրդական ավտոմեքենայի այդ մոդելը, որն Աբստուլխանով Ռուսլանը տեսավ իր ձախ կողմում, Ռուսաստանում ամենատարածվածը դարձավ Գերմանիայում դրա արտադրությունը դադարեցնելուց մոտավորապես տասը տարի անց։
«Այ քեզ բա՜ն, —մտածեց Աբստուլը, — ես հարյուր վաթսունի վրա եմ գնում, ինքն էլ հարյուր վաթսունի, ինքը կոնկրետ հանդիպակաց ա քշում, հարիֆների էս «սարայը» հարյուր վաթսունի վրա քշում ա, մենթերից ինչի՞ չի վախում ու կամարը ո՞նց ա անցնելու էդ ոչխարը, եթե կամարին մի կիլոմետր ա մնացել, վայ թե ավելի քիչ»։
Այսինքն՝ նման ոչինչ նա չմտածեց, ընդամենը մտածեց. «Վայ, քու տերը...», ճիշտն ասած, մի քիչ այլ բառերով... Եվ ընդհանրապես, բառերը ճշտելու ժամանակ չկա, Հաղթական կամարի կայսերական ստվերն արդեն շատ մոտ է։
Աբստուլն ամուր սեղմում է ղեկը, մտնում է աջ՝ օրինական շարքը և շրջանցելով հուշարձանը՝ նայում է ձախ հայելուն՝ ակնկալելով տեսնել գլուխկոնծի տվող ավտոմեքան, ինչպես ամերիկյան ֆիլմերում, ու լսողությունը լարած՝ սպասում է ռետինի ճռռոցին ու պատին բախվող մետաղի հարվածին, բայց ոչինչ չի տեսնում ու չի լսում։ Հետևում մութ ու դատարկ փողոցն է, խավար երկնքում երևում է միայն գովազդների գարշ լույսը, իսկ ականջին հասնում է սոսկ հոգեթով երգի մեղեդին, որը հնչում է միշտ նույն կայանի ալիքին ֆիքսված ջիփի ռադիոընդունիչից։ Եվ Աբստուլը, վերջնականապես սթափվելու համար թափահարելով գլուխը, մի փոքր իջեցնում է արագությունը, որովհետև շուտով արդեն հարկավոր է թեքվել դեպի Ռուբլյովկան, կես ժամից արգելակել տան մոտ, կամ, ինչպես ասում են, քոթեջի մոտ, որի առաջին հարկը փաստորեն պատրաստ է, այնտեղ է ապրում Աբդուլխանովների ընտանիքը, իսկ մինչև ամառ բրիգադը կավարտի շինարարությունը, և Ռուսլան Իվանովիչը կունենա այն տունը, որը ոչնչով չի զիջի անգամ այս թաղամասի չափանիշներով հարգված հարևանների տներին, ու այն ժամանակ կարելի է մյուս եղբայրներին էլ բերել, կարգել օբյեկտները հսկելու, իսկ իրեն վաղուց ժամանակն է վերցնել ավելի հանգիստ մի բան, օրինակ, ակումբ, ինչպես Վոլոդիչկան, իսկ հետո...
Նա այլևս շուրջը չնայեց, այլ միանգամից տեսավ այդ անիծյալ «սարայը»։ Հիմա այդ ժանգոտ փլատակը աջից էր, սլանում էր զուգահեռ, շատ մոտիկ՝ խանգարելով փոխել շարքը շրջադարձից առաջ։ «Այ քեզ բա՜ն, — նորից գրեթե այսպես մտածեց Աբստուլը, — ես հարյուր քառասունի վրա եմ քշում, ինքն էլ ա հարյուր քառասունով քշում, էդ ո՞նց էղավ, արա, որ աջից հայտնվեց»։
Այս հարցի պատասխանը, ինչպես և մյուսները, չգտավ, չէր էլ կարող գտնել, որովհետև արդեն հաջորդ վայրկյանին տեսավ այն, ինչը հիմա հանգամանորեն կնկարագրեմ, ու զրկվեց ողջամտությունից։
Ջիփի աջից սուրացող ու արագությունը չնվազեցնող ունիվերսալի ներսը լուսավորվեց շլացուցիչ երկնագույն լույսով, ասես այնտեղ վառել էին ոչ թե առաստաղի սովորական կիսամեռ լամպ, այլ զենիթային հզոր լուսարձակ։ Այդ լուսավորության ներքո հստակ տեսանելի դարձան անիծյալ մեքենայի վարորդն ու ուղևորները։ Բոլորը միանգամայն սովորական հագուստով էին՝ կաշվե սև բաճկոններով ու նույնպես սև գործած բրդյա գլխարկներով։ Բայց բաճկոնների օձիքների ու գլխարկների միջև արդեն հոգեկան հիվանդ քաղաքացի Աբստուլխանով Ռ. Ի. —ին տեսավ ոչ թե մոդայիկ ու էթնիկապես բնական մազածածկույթով թուխ դեմքեր, ինչն ամենասպասելին ու հավանականը կլիներ, ոչ թե բնիկ ազգության ծանրքաշայինների անառողջ պարարտ այտերն ու մկանուտ պարանոցները, ինչը անցանկալի, բայց նույնպես հասկանալի կլիներ, ոչ թե թմրամոլ պատանիների իմաստազուրկ, հյուծված մռութները, ինչը զզվելի, բայց անվտանգ կլիներ, նույնիսկ ոչ թե քաղաքացիական հագուստով մենթերի սֆաթներ՝ ծառայողական ամբարտավանությամբ ու ագահությամբ լի, ինչը որևէ խնդիր չէր առաջացնի, բացի չնչին փող կորցնելուց... Ոչ, օ, ո՜չ, նման բան չտեսավ մեր ապաբախտը։
Երկնագույն լույսով փայլող մեքենայում չարագուշակ ժպիտով ծուռ ատամներն էին ցուցադրում գորշ գանգերը, կաշվե բաճկոնների թևքերից դուրս էին ցցվում դաստակների բարակ ոսկորները, և մերկ, ողորկ, դեղնափայլ մատնոսկրներն էին սեղմում ղեկանիվը։
«Հեսա սրանց հախից կգամ», — հիմարաբար մտածեց Աբստուլը, իտալական ծիծակ կոշիկի ներբանով սեղմեց ոտնակը և ոսկերչական ճշգրտությամբ կտրելով դժոխքի ծնունդ ստահակների ճանապարհը (ինքնաբերաբար գործեց փորձառու բանսարկուի հմտությունը), սրընթաց առաջ պոկվեց։ Հայելիներում՝ աջ, ձախ ու վերին, անթափանց մթից բացի, ոչինչ չկար։ «Մեռյալ գոտում մնացին, հրեշնե՛ր», — այս անգամ միանգամայն տրամաբանորեն եզրակացրեց Աբստուլն ու բարձրաձայն ծիծաղեց, ու նրա ծիծաղը, չնայած որ մեքենայի բոլոր լուսամուտները խուլ փակ էին, տարածվեց պողոտայով մեկ։
1
Խելագարի քրքիջը սավառնում էր տոտալիտար ոճով կառուցված հարգի շենքերի վրա, որոնցում պատուհանները հիմնականում նոր էին, սպիտակ շրջանակներով, և հեռուստատեսային ափսեաձև ալեհավաքների հետ վկայում էին մեր հասարակության մեջ տեղի ունեցած վերնախավի փոփոխության մասին, սավառնում էր թանկ խանութների ու ճապոնաիտալական խոհանոցով ռեստորանների վրա, որոնցից մեկում ժամանակին ավտոմատի կրակի թիրախում էր եղել Աբստուլը, բայց լավ պրծավ. միայն բարի սեղանից թռած տաշեղը թեթև վնասել էր ճակատը, սավառնում էր բարձրահարկ էլիտար բնակարանների վրա, որոնք խոյանում էին դեպի մոսկովյան անհասանելի երկինքը, որտեղ լողում են, մնալով նույն տեղում, ամպերը, որ գիշերներն անտեսանելի սև են, օրվա ընթացքում՝ խամրած արծաթագույն, իսկ արևածագին ու մայրամուտին՝ ոսկեփայլ մանուշակագույն, և այդ ամպերի վրա նստած են մեր հոգիները, որ մերթ ընդ մերթ նայում են ցած, որտեղ մենք դեռ զբաղված ենք մարմնական ունայնությամբ, ու մտածում են, թե արդյոք ժամանա՞կը չէ վերևից այդ ամենի վրա թքելու ու ընդմիշտ ավելի վեր, ավելի նոսր շերտեր համբառնելու... Եվ Կուտուզովկայի բնակիչներից շատերը, որ դեռ քնած չէին, որ ընթրում էին գինով կամ տրվել էին հեռուստատեսային հաղորդումներին, որ մտերիմների հետ զրույցներ էին վարում կամ տարված էին սիրային սանձարձակությամբ, լսեցին այդ քրքիջը, սակայն ոմանք համարեցին, թե դա սովորական մի պայթյունի արձագանքն է, մյուսները՝ թե դիջեյի ճիչ է, որ ճեղքել-անցել է ինչ-որ ակումբի պատերը, իսկ ովքեր արդեն քնած էին, մտածեցին, թե երազում են լսել։
Ռուսլանն այդ ընթացքում արդեն Ռուբլյովկայի վրա էր, արդեն մոտենում էր Մոսկովյան օղակաձև մայրուղուն, սիգարետ էր ծխում՝ ծխից կկոցելով ձախ աչքը, և գիտակցությունը, սայթաքելով ու երերալով, շրջակա տարածքից, որում քիչ էր մնում կաթիլ առ կաթիլ տարրալուծվեր, աստիճանաբար նորից հոսում էր դեպի նրա դժբախտ ուղեղը։ Եթե դրանով ամեն բան վերջանար, ապա հնարավոր է, որ առավոտյան որևէ հետևանք չմնար, բացի սովորական խումհարից։
Բայց սատանայական մեքենան, ինչպես և սպասվում էր, նորից հայտնվեց։ Պատկերացրեք մի պահ, որ դուք եք այդ դատապարտված ջիփում... Մեղա, մեղա, մեղա, Սուրբ խաչը մեզ պատվար, փրկիր ու պահպանիր։
Անիծյալ ավտոմեքենան ընթանում էր առջևից, կարծես այդպես էլ պիտի լիներ. իննսուն թվի «Պասսատ-վարիանտը» հարյուր հիսունի վրա հետևում է թողնում լրիվ նոր «Լենդ-քրուզերին»։
Եվ նորից կարծես երկարատև կայծակով լուսավորվել է մեքենայի ներսն իր մեռելներով, որոնցից երկուսը հետևի նստատեղերի լուսամուտներից դուրս են ցցվել, ասես ծխնիների վրա հարյուր ութսուն աստիճանով շրջել են գանգերը, նողկալի ժպիտով Աբստուլխանովին են ուղղել իրենց սև անհատակ ակնախոռոչները, ու նրանցից մեկը, դաստակի ոսկորները շարժելով, խրախուսում-ծաղրում է՝ իբր, հուպ տուր, տղա ջան, ի՞նչ ես հետևից քարշ գալիս...
Ամուր ոտքը ոտնակը հավասարեցրեց հատակին, ջիփը ոռնաց ու, ի վերջո, առաջ անցավ մահվան մեքենայից, և վերջինը, ինչ նկատեց Ամստուլխանով Ռ. Ի. —ն, ծնվ. 1978 թվականին Նալչիկում, թշնամական բեռնախցիկին փակցված օվալաձև սպիտակ պիտակն էր երկու օտարալեզու տառերով՝ NL, որը, թեև հայտնի չէր իրեն, բայց հայտնի է շատերին, նշանակում է «Նիդեռլանդներ», այսինքն՝ «Հոլանդիա»։
Ի՞նչ եղավ հետո։ Պարզ է, թե ինչ։ Ջիփը, չդանդաղեցնելով ընթացքը, բախվեց վերգետնյա անցման հենասյանը՝ վնասելով այն, իսկ ինքը վերածվեց ծռմռված ու պատառոտված մետաղի ջարդոնի, գիշերային մղձավանջի։ Զոհեր չեղան, բացի մեզ արդեն հայտնի Աբստուլխանովից։Նա անսթափ վիճակում էր եղել, գերազանցել էր Ռուբլյովի մայրուղու տվյալ հատվածում թույլատրված արագությունը, կորցրել էր մեքենայի կառավարումն ու մահացել տեղում։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ առանձնացրին զոհվածի մարմինն իր մեքենայից, սակայն ո՛չ նրանք, ո՛չ էլ ՃԵԱՊՏ-ի (Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն) աշխատակիցները չկարողացան պարզել, թե «Լենդ-կրուզեր» մակնիշի ամենագնացի որ հանգույցից էր պոկվել այն առարկան, որը խոցել էր զոհվածի կուրծքը, անցել սրտի միջով ու դուրս գալով ձախ թիակի տակով՝ խրվել կաշեպատ նստատեղի մեջ այնպես, որ հանգուցյալը մնացել էր մեքենային գամված, ճիշտ այնպես, ինչպես դաժան պատանի բնասերը վարվում է բռնած թիթեռի հետ։ Նշյալ առարկան իրենից ներկայացնում էր անհայտ տեսակի փայտի մի ուղիղ ու ողորկ շիվ, որի մի ձայրին ամրացված էր մետաղական սուր եռանկյուն իր, իսկ մյուսում՝ մի քանի կարճ փետուր։ Ճանապարհային տեսուչներից մեկի ենթադրությունը, թե հնարավոր է՝ սպանություն է եղել, որը կատարվել է հենց այդ առարկայով մինչև վթարը, ուստի ՃՏՊ-ն հարկ է համարել քրեական հանցագործության հետևանք և պետք է օպերատիվ խումբ կանչել, ղեկավարությունը հերքեց այսպիսի խոսքերով. «Արա, դու ստե մուտիտներ չանես։ Աբորիգեննե՞րն են սպանել, քո կարծիքով։ Նետն ինձ տուր, տավար, ու գործ արա, զանգի, թող էվակուատորն արագացնեն, թե չէ մինչև լուս հո ստեղ չե՞նք մնալու։ Առավոտյան շարասյուները քաղաքի կողմը կգնան, կտենան էս «Ֆորմուլա մեկը», տակից ո՞նց ենք դուս գալու։ Մտա՞վ գլուխդ»։ Հետո վերցրեց խավարից եկած նետը և ոչ մի փաստաթղթում այն երբեք չհիշատակվեց։
Իսկ Ռուբյլովի մայրուղու ու Մոսկովյան օղակաձև ճանապարհի խաչմերուկում հերթապահող Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատակից, միլիցիայի ավագ լեյտենանտ Պրոֆոսով Ն. Պ. —ն մոտավորապես նույն օրվա քսաներեքն անց տասնհինգին նկատել էր մեծ արագությամբ շարժվող «Ֆոլքսվագեն-պասսատ-վարիանտ» ավտոմեքենա։ Պետհամարանիշը տեսուչը չէր կարողացել ֆիքսել, քանի որ նրան կուրացրել էր ավտոմեքենայի ներսի վառ կապտավուն լույսը, բայց հասցրել էր այդ լույսի տակ նկատել, որ մեքենան բոլորովին դատարկ էր, այսինքն՝ վարորդ էլ չկար, տառացիորեն ոչ ոք չկար։ Ավագ լեյտենանտը կառավարական երթուղում տարիներով ձևավորված սովորությամբ պատրաստվում էր պատվի առնել, երբ անցնում էր այդ ակնհայտորեն հատուկ տրանսպորտային միջոցը, բայց հետո խելքի եկավ ու ձմեռային բաճկոնի հաստ թևքի մեջ դժվարությամբ փոխելով ձեռքի շարժման ուղղությունը՝ խաչակնքվեց։ Իսկ դատարկ ավտոմեքենան սլացավ դեպի Ռազդոռներն ու Ժուկովկաները և միայն մոտ հինգ րոպե հետո այնտեղից, որտեղ բլրակների միջև հպանցիկ երևում ու կորչում էր արագորեն հեռացող երկնագույն լուսագունդը, Նիկոլայ Պետրովիչ Պրոֆոսովի ոտքերի մոտ գլորվելով կանգ առավ ոչ մեծ, միջին սեխի չափ մի առարկա։ Կոլյան կռացավ, որպեսզի մոտիկից զննի այն, ու տեսավ ոսկրակարերի ցանցառ սարդոստայնով ծածկված մի գանգ՝ խոշոր ատամներով, որոնցից մեկում ոսկե կայծով փայլեց հին ատամնալիցքը, ակնախոռոչների խորհրդավոր փոսերով ու քթի դատարկ եռանկյունով։ Որոշ ժամանակ միլիցիոները կռացած կանգնած էր, դեռ ուշագնաց չէր եղել, երբ հյուսիս-արևմուտքից սուրաց մատները չռած մարդկային ձեռքի կմախքն ու կոշտ ոսկորներով հարվածեց նրա ծոծրակին՝ ականջավոր գլխարկից մի փոքր ներքև։ Հարվածից նա բերանքսիվայր ընկավ ձյան մեջ, փորձեց բարձրանալ, բայց մի կես րոպե չորեքթաթ մնալուց հետո դանդաղ պառկեց կողքի վրա՝ էմբրիոնի պես վեր քաշած ծնկներով։ Իսկ գանգն ու ոսկորները փոշեցրիվ եղան։
Թե ինչպես դասավորվեց այդ մարդու հետագա կյանքը, հայտնի չէ։ Իրավապահ համակարգից նա, իհարկե, դուրս եկավ, քանի որ չհանդուրժեց ծառայակիցների թերահավատությունն իր պատմության հանդեպ, բայց թե որտեղ աշխատանք գտավ ու ինչպես է հիմա ապրում, ոչ ոք ստույգ չգիտի։ Ասում էին, թե երբեմն լուսնկա գիշերներին այն տեղում, ուր կործանվել էր Պրոֆոսովի հոգին, հայտնվում էր երկնագույն լույս ճառագող ճանապարհային տեսուչ, և որ ձեռքին զոլավոր ձողի փոխարեն խոշոր սրունքոսկր էր, բայց, իհարկե, ցնդաբանություն է։ Ո՞վ թույլ կտար, որ այդպիսի տեսուչներ հայտնվեին հատուկ պահպանվող երթուղում։
Իսկ ահա այն, որ չարագույժ «Պասսատը» դրանից հետո տեսել էին տարբեր վայրերում, որևէ կասկած չի հարուցում։ Տեսնողներից ոմանք անգամ ողջ են մնացել, այնպես որ նրանց տպավորությունները մեզ հասել են անմիջականորեն, ոչ թե մեր գեղարվեստական երևակայության միջնորդությամբ, ինչպես հանգուցյալ Ռուսլան Աբստուլխանովի հոգեվարքի մտքերն ու զգացողությունները։
Հայտնի է, օրինակ, որ հուլիսյան վաղ ու զով մի առավոտ սարսափաբեր մեքենան շատ դանդաղ շարժվելիս է եղել գիշերային անձրևից հետո չորացող Լենինգրադյան պողոտայով։
Նույն մոսկովյան մայրուղով, որը հայտնի է իր խցանումներով ու դատարկվում է միայն լուսաբացին, «Պեժո-206» ավտոմեքենայով շարժվելիս է եղել մի հմայիչ երիտասարդ կին։ Նրան կոչում էին, ցայսօր էլ կոչում են Օլեսյա Գրունտ, բայց Գրունտը նրա առաջին ամուսնու ազգանունն էր, իսկ աղջկական ազգանունը, իհարկե, Տերեբիլկո էր։ Ռուսաստանի մայրաքաղաք նա եկել էր վեց տարի առաջ Ֆեոդոսիա առողջարանային քաղաքից, որոշ ժամանակ գոյատևել էր առանց գրանցման, կացարանի ու աշխատանքի, մի կերպ կերակրվել էր գիշերային ակումբների պատահական վաստակով (ի դեպ, եղել է նաև Վոլոդիչկա Տրոֆիմերի մոտ, բայց սա ասում եմ հենց այնպես, իմիջիայլոց, որպեսզի ձեզ հիշեցնեմ, թե որքան փոքր է աշխարհն, ու որքան նեղ է երևելի մարդկանց շրջանակը), հագուստը գնում էր էժանագին տոնավաճառներից, սակայն շուտով ծանոթացել էր ինստիտուտի կոմսոմոլի քարտուղարից մինչև միլիոնատեր իր սրընթաց ուղին նոր ավարտած երիտասարդ ֆինանսիստ Բորիս Մատվեևիչ Գրունտի հետ, և ամուսնացել նրա հետ։ Երեխաներ, փառք Աստծո, չէին ծնվել, և Գրունտը արդեն կես տարի հետո բաժանվել էլ Օլգայից՝ վերջինիս թողնելով իր ազգանունը, նախ-
կին մշակույթի գործիչների երկու բնակարաններից բաղկացած վերանորոգված ու կահավորված չորսսենյականոց բնակարան Ուսիևչի փողոցում, «Օլեսյա» նրբաճաշակ անունը բնական «Օլգա Միտրոֆանովնայի» փոխարեն և ինչ-որ փողեր։ Ինքը՝ Բորյան, մի կարճ ժամանակահատված հետաքննության ու դատի տակ էր, մի քանի անգամ երևաց հեռուստաէկրաններին, իսկ հետո բնակություն հաստատեց իսպանական Կատալոնիա նահանգում, կլիման այնտեղ իսկապես լավն է։ Իսկ Օլեսյան սկսեց նորից հաճախ լինել ակումբներում, բայց արդեն ոչ թե ապրուստ հայթայթելու, այլ հաճույք ստանալու համար, քանի որ իրավամբ մեծ հաջողություն ուներ տղամարդ-ընկերների շրջանում («բոյֆրենդ» բառից մենք նողկում ենք)։ Ընկերներն այդ պարբերաբար ու անցնցում փոխվում էին, և յուրաքանչյուրն Օլեսյային թողնում էր որևէ բարի հուշ։ Դա կարող էր լինել մատանու տեսքով՝ իրոք շատ փոքր, կարատները կարևոր չէին, կամ մուշտակի՝ թանկարժեք, իհարկե, բայց որ ավելի կարևոր է, տաք ու թեթև, ինչպիսին պետք է լինի թեկուզ մոդային վարդագույն ներկված շինշիլան, կամ պարզապես վճարային համակարգերից մեկի պլատինե քարտի տեսքով...Կյանքի նման զարգացման ընթացքում հայտնվել էր նաև մի կարճաժամկետ պարոն, որն աշխարհիկ տիկնոջ կենսագրության մեջ մտել էր վերոնշյալ «Պեժո-206» ավտոմեքենայով՝ մոդայիկ բաց
կանաչ գույնի, որով այդ ճակատագրական առավոտը Օլեսյա Գրունտը, օգտվելով փողոցի դատարկությունից, վերականգնում էր ժամանակին հեռատեսաբար ձեռք բերած մեքենա վարելու հմտությունները։
2
Այստեղ է, որ հայտվեց նա՝ Ինֆեռնոյի քառանիվ սուրհանդակը։
Օլեսյան, առանց ընթացքն արագացնելու և ուշադրությունը շեղելու, այն է՝ երկչոտ ու ջանադրաբար շարժվելով ժամում քսան կիլոմետր արագությամբ և լարումից սպիտակած մատներով ղեկից կառչած, նայեց ձախ։ Հարևան շարքով ընթանում էր մի մեծ գորշ գույնի մեքենա, որի մակնիշը, նա, իհարկե, չգիտեր, բայց նկատեց, առաջին, որ այդ տիպի մեքենաները իր հայրենի Ղրիմում կոչվում էին «պիկապ», և այդպիսին իր ունևոր հարևանն օգտագործում էր ընտանիքը, ինչպես նաև նստատեղերի հետևում վանդակներով հավերին տեղափոխելու համար, երկրորդ, որ մեքենան ամբողջությամբ ճմռթված ու ժանգոտած է, թափքի բոլոր կարերն ու եզրերը քայքայված են, և երրորդ, որ տարօրինակ փոխադրամիջոցի ապակիները բացարձակապես սև են՝ մգեցված անբնական, իրեն երբեք չհանդիպած աստիճանի։
«Հըմ, — մտածեց Օլեսյան, — տարօրինակ մեքենա է»։
Ու անմիջապես, ասես զգալով նրա հետաքրքրությունը, սատանայական «Պասսատի», (անկասկած, հենց այն էր) առջևի աջ լուսամուտը սողաց ներքև։ Աչքի պոչով նկատելով այդ շարժումը՝ Օլեսյան նորից նայեց ձախ, ինչից հետո գրեթե միաժամանակ կատարեց մի քանի գործողություն, որոնցից յուրաքանչյուրը մատնում էր իր կին լինելը՝ չնայած որ թրծել էր նրան դաժան մոսկովյան կյանքը, չնայած որ ընկերուհիները Օլկային համարում էին (հիմա էլ համարում են) սառնարյուն ու հաշվենկատ։ Նախ և առաջ նա ճչաց առանց բառերի, պարզապես «ի-ի-ի՜»՝ իրեն հասանելի ամենաբարակ ձայնով։ Միաժամանակ սեղմեց առաջին պատահած ոտնակը, ինչից խեղճ ֆրանսիական մեխանիկան ոռնաց ու կենգուրուի պես առաջ ցատկեց, հետո մեխվեց տեղում, քանի որ շարժիչը հանգեց, իսկ վարորդն արդեն սեղմել էր հարևան ոտնակը, այսինքն՝ արգելակը։ Եվ իհարկե, փակեց աչքերը։
Նա տեսել էր ահա թե ինչ. իջած ապակու հետևում ոչ թե վաղորդայնի գորշ-մանուշակագույնով լուսավորված նորմալ մեքենայի սրահ էր, այլ անվերջ խավար տարածություն, ասես այդ սալոնում էր հանգրվանել աշխարհի ամբողջ մութը։ Ապակիները նորմալ էին, թափանցիկ, դժոխքը ապակիների հետևում էր։ Եվ այդ շարժական դժոխքից չարաբախտ Օլյա Տերեբիլկոյին էր նայում մի անքիթ գանգ, ժպտում էր ահասարսուռ, կանչում թախծագորով դատարկ հայացքով։
Խե՜ղճ, խե՜ղճ կին։ Միայն պատկերացրեք այդ սարսափը. շարքային առավոտ, նույնիսկ սքանչելի առավոտ, Մոսկվայի կենտրոնի «Աերոպորտ» թաղամաս, առջևում միայն հաճելի սպասումներ, դեռ երիտասարդ կին, թող լինի երեսուն, դա ինչ տարիք, ու հանկարծ՝ խավար ու մահ... Վայ, Աստված ջան, փրկիր, թույլ չտաս կործանվեմ։
Իսկ երբ Օլեսյա Գրունտը բացեց վերջապես աչքերը, դատարկ ու մաքուր էր Լենինգրադյան պողոտան, և ոչ մի հետք չէր մնացել ուրվական-մեքենայից։ Օլեսյայի փոքրիկ ավտոմեքենան թեք կանգնած էր՝ առջևի անիվները մայթեզրին դեմ առած, ոռնում էր, չգիտես ինչու, հակաառևանգման համակարգը, ղեկն ամուր բռնած ձեռքերը դողում էին, և շուրջը ոչ ոք, ոչ մի շունչ չկար։
Իսկ հետո՞։ Հիստերիկան իր ընթացքով, բայց ահա պայուսակի խառնաշփոթից գտնված է հեռախոսը, վերջին ուժերի լարումով հավաքված է ամենահավատարիմ ընկերոջ համարը, որը, արժանին հատուցենք նրան, անմիջապես եկավ մի ամբողջ քարավանով՝ հզոր «Աուդիով» ու թիկնապահների «Գելենդվագենով, «Պեժոն», որը, ի դեպ, ամենևին չէր տուժել, ուղևորվեց կայանատեղի, իսկ նրա տիրուհին ընդամենը մեկ-երկու ժամ հետո հետազոտվեց գերազանց հոգեթերապևտի կողմից թանկարժեք կլինիկաներից ամենաթանկարժեքում, նշանակվեցին լավ հակադեպրեսանտներ, մերսում, կազդուրիչ ռեժիմ, հետո նա մեկնեց Շվեյցարիա՝ լեռնային օդ շնչելու, այնտեղից՝ չխաղաղվող Իբիցա կղզի, որտեղ անհոգ զվարճանում էր՝ գրեթե մոռանալով պատիր մղձավանջի մասին, ու վերադարձավ միայն աշնան սեզոնին, և միայն նրա ոճաբան-դիմահարդարն է, որ այժմ ոչ շատ լուրջ լրացուցիչ խնդիրներ ունի նրա ամբողջովին ճերմակած մազերի հետ կապված։ Սկզբում մտածում էր Օլեսյայի իմիջն ամբողջությամբ փոխելու ուղղությամբ, սակայն կանգ առավ սովորական ներկի վրա, իհարկե, ամենաարդյունավետ, բայց ներկի։
Իսկ դժվար պահին օգնության հասած ընկերը համենայն դեպս, զուտ տեղեկացված լինելու համար, իր աղբյուրներից հետաքրքրվեց, թե ինչ, անգամ մանր, ճանապարհային պատահարներ են տեղի ունեցել այդ սոսկալի առավոտյան։ Եվ պարզեց, որ Օլեսյայի ուշքի գալուց ու հեռախոսով օգնություն խնդրելուց մոտավորապես յոթ րոպեանց երբեք զգոնությունը չկորցնող ՃԵԱՊՏ-ի պարեկային մեքենաներից մեկի անձնակազմը տեսել էր մի գորշ «Ֆոլքսվագեն պասսատ-վարիանտ», որը դանդաղ սահելիս էր եղել Լենինգրադյան պողոտայի կենտրոնով, «Սոկոլ» մետրոյի մոտակայքում՝ չհասած Վոլոկոլամսկի ու Լենինգրադյան մայրուղիների ճամփաբաժանին։ Ինչ-որ բանով աչալուրջ միլիցիոներների ուշադրությունը գրավել էր այդ առաջին հայացքից կարծես սովորական մեքենան, հասել էին հետևից, դրան, ինչը դժվար չէր, քանի որ ծանր ունիվերսալը սահուն, ասես քնատ գլորվում էր ժամում քառասուն կիլոմետրից ոչ արագ, հավասարվել էին ձախից ու տեսել («Պասսատի» բոլոր լուսամուտներն իջեցված էին), որ այն ամբողջովին դատարկ է։ Լուրջ ու փորձառու տղամարդիկ հիստերիայի մեջ չընկան՝ խելամտորեն համարելով, որ տխմար մեկը մոռացել է իր խարաբայի ձեռքի արգելակը քաշել, ու մեքենան գլորվել է՝ թափ հավաքելով զարիվարին, բախտը դեռ բերել է, որ ճանապարհը դատարկ է, ոչ մեկին չի բախվել։ Անմիջապես կանչեցին տեխնիկան բեռնատարը, որպեսզի լայնակի կանգնեցնեն ու փակեն ճանապարհը, իսկ իրենք շարունակեցին ուղեկցել՝ բարձրախոսով համընթաց մեքենաներից ազատելով փողոցը։ Ուզում էին ժամանակ չկորցնելու համար իրենց կապով ստուգել համարներն ու սկսել մեքենայի տիրոջ որոնումները, բայց նոր նկատեցին, որ ոչ մի համար էլ չկա, կա միայն օվալաձև պիտակ NL տառերով, որը ոչինչ չէր նշանակում, բացի նրանից, որ ժամանակին այդ մեքենան գրանցված է եղել Նիդերլանդների Թագավորությունում, ասել է թե՝ Հոլանդիայում։
Այդ պահին դժնի բախտին արժանացած աշխատակիցներից ամենակրթվածը՝ կարծես անգամ իրավաբանականի երեկոյան բաժնի ուսանող, արտաբերեց ճակատագրական խոսքերը։
«Այ քեզ ք...ծ հոլանդացի», — բառացիորեն ասաց նա։
Տեղնուտեղն անհետացավ կախարդված «Պասսատը», իսկ նրա տեղում մնաց գորշ ավազի փոքրիկ կույտ, որը վայրկյան անց տարավ քամին։
Պարեկային մեքենան նույնպես անհետացավ, մինչև հիմա հետախուզման մեջ է, ինչպես և դրա ամբողջ անձնակազմը։
Անհետացավ նաև Օլեսյա Գրունտի ընկերը, մեկնել է կարծես թե Անգլիա, կարգին տուն է գնել Լոնդոնի Հայգեյթ թաղամասում, ապրում է այնտեղ ընտանիքի ու ընկերների հետ, սակայն հնարավոր է, որ այնտեղ էլ չէ։
Օլեսյա Գրունտը ևս վաղուց ոչ մի տեղ չի երևում, չէր գնացել անգամ Բարձր նորաձևության շաբաթի ցուցադրություններին, որտեղ նախորդ տարիներին անփոփոխ լինում էր։ Ո՛չ, նրա ճակատագրի առումով ընկերները մտավախություն չունեին, նա կարծես թե լավ է, բայց որտե՞ղ է։
Նաև այդ «Ֆոլքսվագենը», անիծյալ լինի, թեև անկախ մեր ցանկությունից, արդեն անիծյալ է, այլևս չկա։
Թե՞ կա։
Սատանան գիտի։
Ահա ամառանոց էր գնում հայտնի քաղաքական գործիչ N-ը, ազգանունը չասենք, առանց այդ էլ հայտնի է ամբողջ երկրին։ Երևելի քաղաքական գործիչ է, հաստատ ճանաչում եք, բազմիցս տեսել ու լսել եք հեռուստացույցով։ Ահա գնում է ամառանոց Մինսկի խճուղով, այնտեղ ոչ վատ ամառանոց ունի՝ կես հեկտար, երեք հարկ, դե բուխարի, լողավազան, էլի ինչ-որ բաներ։ Փաստ է, որ այդ ամենը կառուցվել է արևմտյան համալսարաններում կարդացած դասախոսությունների համար ստացած գումարներով, ինչը նշված է նրա հայտարարագրում։ Եվ ուրեմն գնում էր ամառանոց, բայց տեղ չհասավ։ Կարծես տեսնող էր եղել, թե ինչպես է նրա՝ բավարական ավտոգործարանների արտադրության ծառայողական մեքենան վազանցում հին ու ընթացքի մեջ քարուքանդ լինող մի գորշ ունիվերսալ, առաջը կտրում, արգելակում, ու չկա քաղաքական գործիչը։ Ժանգոտ անճոռնին գրեթե անվնաս է, իսկ բոլորովին նոր «Բե-Էմ-Վե»-ն վերածվել է ջարդոնի։
Եվ աներևակայելի մի հետագծով բեռնախցիկի պոկված կափարիչի բեկորը բառացիորեն կտրել էր հիշյալ N-ի գլուխը, պատկերացնո՞ւմ եք։
Իսկ ելուզակային մեքենայից, դա կարծես, այնուամենայնիվ, «Պասսատ» էր, դուրս էին եկել մարդկային կմախքներ և հենց խճուղում սկսել էին խաղալ Ռուսաստանի լավագույն գլուխներից մեկով։ Ֆուտբոլ, պատկերացնո՞ւմ եք։
Այնուամենայնիվ, այդ բարբաջանքին չես ուզում հավատալ։ Ախր ինչպե՞ս է դա հնարավոր, շաբաթ օրը՝ ցերեկով, աշխույժ Մինսկի խճուղում...
Բայց մյուս կողմից՝ N-ը հո կորե՞լ է... Քաղաքականության մեջ չկա, ու թե որտեղ է հիմա և ինչով է զբաղվում, անհայտ է։ Մեկ ասում են, թե ինչ-որ տնօրենների խորհրդի կազմում է, մեկ էլ՝ թե Վիսկոնսին նահանգում համալսարանի ուսանողներին ժողովրդավարության հիմունքների դասընթաց է կարդում...Իսկ ոմանք հավատացնում են, թե Իսրայելում բուժվում է քաղաքական գործունեության տարիների ընթացքում ձեռք բերած իմունադեֆիցիտից ու արդեն սկսել է կազդուրվել... Ոչինչ չես հասկանում, բացի նրանից, որ կորել է։
Մոսկվայում կար նաև բազմակողմանի ունակությունների տեր մի ճանաչված երիտասարդ Տիմոֆեյ Բոլկոնսկի անունով։ Թե որ Բոլկոնսկիներից էր սերում, ո՞վ գիտի, գուցե հենց Լ. Տոլստոյի գրքից, թեև հնարավոր է, որ ինքնուրույն, սեփական պապայից, որը ժամանակին նույնպես լայնորեն ճանաչված էր, ստանում էր կուսակցական-կառավարական պարգևներ ու պարգևավճարներ։ Թեև, ճիշտն ասած, պապան կարծես Բալկոնսկի էր, «բալկոն» բառից...Մինչդեռ Տիմոֆեյը հայտնի էր որպես կլիպմեյքեր, քաղտեխնոլոգ, ռեստորանատեր և էքստրեմալ սպորտի վարպետ՝ և՛ Ալպերում էր սուրում լանջերն ի վար, և՛ Հնդկական օվկիանոսն սուզվում, և իր հաճույքի համար ամեն օր մոտոցիկլետ էր քշում՝ առավոտյան տնից ստուդիա, երեկոյան ռեստորանից տուն։ Հիանալի բազմազավակ ընտանիք ուներ, որի հետ լուսանկարվում էր տնային կենցաղի ամսագրերի համար, նաև ընկեր ուներ, որի հետ կապված էր ճշմարիտ տղամարդկային հարաբերություններով՝ նուրբ ու քնքուշ, ընկերոջ հետ Տիմոֆեյը լուսանկարվում էր մնացած ամսագրերի համար։
3
Մի խոսքով, ամենի ինչ լավ էր։
Սակայն ժամանակը եկավ, ու Տիմոֆեյը նույնպես տուժեց ճանապարհային ուրվականից։
Գնում էր մոտոցիկլետով, ազատության քամին զովացնում էր սափրած (ինչպես հիմա ընդունված է բարեկիրթ շրջապատում) գլուխը, սափրած գլխում ձևավորվում էր իրեն ենթակա ռեստորանների նոր՝ հայրենասիրական ու արդիական, ճաշացանկը՝ թառափի սուշի, ողնաջլով ֆիրմային պիցցա, բանջարապուր-խյուս... Ու հանկարծ՝ կողքից ընթացող մեքենա, գանգեր, լուսամուտից կմախք է դուրս ցցվում ու կառչուն ոսկորներով ձգվում-հասնում է Տիմոֆեյին, կտրուկ շարժումով նրան պոկում է նստատեղից ու մոտեցնում իր զազրելի մռութին, որը բոլորին ծանոթ է տրանսֆորմատորային կայանների դռներին փակցված դիմանկարների շնորհիվ, ու թքում է ուղիղ Տիմոֆեյի դեմքին, նրա կոկիկ մորուքին, խնամված այտերին, կկոցած (վերջին պահին հասցրեց) խելոք աչքերին։ Գարշելի դեղին ատամները սեղմած՝ թքում է ստահակը, և ոչ թե թուք, այլ մահաբեր թարախ, և այդ գարշահոտ զզվանքը կախվում է Տիմոֆեյի մորուքից, թարթիչներից... Ո՞նց դիմանաս սրան։ Ասեք տեսնեմ՝ ո՞նց։
Իսկ Տիմոֆեյը դիմացավ։ Գեհենի պատվիրակը նրան նետել-թողել էր ճամփեզրին։ Մի քիչ մնաց այնտեղ պառկած... Կարծես ողջ է, ոնց որ կոտրվածք չունի։ Բարձրացավ, նստեց մոսկովյան խղճուկ խոտածածկին, թևքով սրբեց դեմքը։ Մոտոցիկլետը, դեռ կայծեր արձակելով, կողի վրա սահում էր ասֆալտի վրա, բայց ահա ընկավ անցնող հզոր աղբատարի տակ, և խնդրեմ, այլևս չկա մոտոցիկլետը։ Ոտքի ելավ Տիմոֆեյ Բոլկոնսկին ու քայլեց դեպի անհայտություն՝ հաճախ սրբելով դեմքը մեկ թևքով, մեկ թանկարժեք վերնաշապիկի փեշով, մեկ էլ պարզապես ձեռքով, բայց այդպես էլ չկարողացավ լրիվ չորացնել, համ էլ գարշահոտն էր խեղդում։
Քայլեց Տիմոֆեյը, քայլեց, բայց այդպես էլ ոչ մի տեղ չհասավ։ Մոսկվայում բոլորը համոզված են, որ նա մեկնել է Իսլանդիա և դարձել զրադաշտականության հետևորդ, սակայն այդ համոզմունքի հիմքում որևէ փաստ չկա։ Հստակ է այն, որ Բոլկոնսկին անջատել իր բջջային հեռախոսները, և միայն նրա ընկերը գիտի, թե ինչպես կարելի է կապ հաստատել հետը. հարկավոր է զանգահարել համբուրգյան մի հաստատություն, և այնտեղից կմիացնեն։
Բացի այս ամենից, մոսկովյան փողոցներով ու պողոտաներով, ինչպես նաև Մոսկվայի մարզի մայրուղիներով տարբեր ժամանակներում երթևեկող տարբեր մարդիկ հանդիպել են այդ հոլանդացուն, որին վերը կոպիտ, բայց արդարացի բառով ենք բնութագրել, հանդիպել են ու անհետացել։ Նրանց թվում եղել են գործարարներ, զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցներ, տեղական ու անգամ դաշնային հաստատությունների ծառայողներ, քրեական և ուժային կառույցների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, ինչպես գործող վարչակազմին, այնպես էլ ընդդիմությանը սատարող հասարակական գործիչներ, օտարերկրյա դիտորդներ, զինվորական և քաղաքացիական անհատական թոշակառուներ, ժամանակավորապես չաշխատող մոսկվացիներ, օրինական և անօրինական ներգաղթյալներ, տղամարդիկ, կանայք և այլ անձինք, ՄԻԱՎ վարակակիրներ, երիտասարդներ, տարեցներ ու միջին տարիքի մարդիկ... Վե՛րջ, չեմ կարողանում շարունակել, համ էլ տեղը չի հերիքի։ Առանձին հիշատակության արժանի են ևս երկու դեպք՝ անհետացումը հետևակի մարտական մեքենայի, որը պատկանում էր Մոսկվայի մերձակայքում տեղակայված դիվիզիաներից մեկին, և երթուղային տաքսու վարորդի միջադեպը։ Ընդ որում՝ ասեմ միանգամից՝ երկու դեպքերին էլ չարքերի առնչությունը կասկածահարույց է։ Ինչ վերաբերում է ՀՄՄ-ին, ապա, ամենայն հավանականությամբ, այն պարզապես ջրասույզ էին արել մարտական վարժանքներում գետանցի ժամանակ, կամ վաճառել էին նման մեքենաների որևէ սիրահարի, քանի որ ամբողջ անձնակազմը մնացել էր և ծառայության վայր էր վերադարձել միանգամայն ողջ, բայց թունդ հարբած։ Իսկ երթուղային տաքսու վարորդը, սեփական վաստակն ու տերերի եկամուտն ավելացնելու համար, գրեթե համոզված եմ, որ քնել էր ղեկին, դուրս եկել ճանապարհից ու բավական սահուն շրջվել գլխիվայր։ Փառք Աստծո, որ մեքենայում այդ պահին ուղևորներ չեն եղել. կանգառում սպասող չէր եղել։ Ինչ վերաբերում է ոսկյա դուկատին, որն ուշքի գալուց հետո հայտնաբերել էր իր դուրս ընկած ձեռքում, ապա դա, անշուշտ, մտածելու տեղիք տալիս է, բայց մյուս կողմից՝ մեր ուղևորները ինչ ասես գցում են դրամարկղը։
Ի վերջո, եղել-անցել է։
Ահա տարածվում է հորիզոնից վեր թխագորշ ամպը, արևի ճառագայթները ճեղքում են այն, երկնքից ներքև են ձգվում դրանց ոսկեփայլ լարերը, ինչպես վաղուց մոռացված միջակ գեղանկարչի բնապատկերում, ահա քամին էլ փչեց, պտտվեց՝ օդ բարձրացնելով մանր աղբը, և անձրևի առաջին կաթի՞լն էր, թե՞ ձյան առաջին փաթիլը, որ ընկավ, կամ գուցե ոչինչ էլ չընկավ, աննկատելիորեն հալվեցին ամպերը՝ բացելով մետաղափայլ երկինքը...
Մի՞թե պիտի վախենանք չարքերից, որ, իհարկե, դեռ մնում են մեր քաղաքում։ Ասենք, ձեր հետևից գալիս է մի ունիվերսալ, երևում է մեկ աջ, մեկ ձախ հայելում, ոնց որ թե հին «Պասսատ» է...
Թող գրողի բաժին դառնա։
Բայց ի՞նչ է կատարվում, ի՞նչ։