Կանանց լողափը
Մենք՝ երեք ավագ լեյտենանտներ, երեք «աֆղանցիներ», երեք ամուրիներ՝ ծանոթացած գնացքում, հայտնվեցինք Սև ծովի ափին: Է՛հ, քեֆ կանենք:
— Փա՛ռք Աստծո, աշխատանքից ազատվելուցս առաջ տղամարդկային քայլքի ձայն լսեցի, — փայլեց հերթապահուհին, — երբ մենք, չսպասելով վերելակին, ներքև «գլորվեցինք» աստիճաններով:
Հավանաբար նա ուրիշ ժամանակներ էր ճանաչել, քանի որ մեզ սկսեց ժպտալ դեռ ոտքներս առաջին անգամ առողջարանի շեմից հազիվ ներս դնելուց անմիջապես հետո:
— Իսկ ինչո՞ւ ազատվել, եթե մենք արդեն հայտնվել ենք, — նրա մեջ զգալով հարազատ հոգի՝ ուղղակի հարցրինք մենք:
— Ավարտվում է ամուրիի իմ կյանքը, երեխե՛ք ջան: Ամուսինս է հայտնվել, կանչում է իր մոտ՝ Կիև:
Ամուսնու «մասինը» մեզ դուր չեկավ, և մենք դոփեցինք դեպի մեր համար: Սակայն մի քանի ժամ հետո, նշելով մեր տեղ հասնելը, ինքներս բողոքեցինք նրան.
— Տխուր է ձեզ մոտ, մորաքո՛ւյր Նինա:
— Դե, ախր, միայն «դահուկորդներն» են, — ցավալի հայացքով ուղեկցելով միջանցքի հատակը հողաթափերով քստքստացնելով անցնող գեներալիտետին, — ասաց նա, — էլ ինչ ուրախություն նրանց համար, միայն թե քարուքանդ չլինեն:
— Իսկ դուք մեզ հուշեք, թե որտեղ տխուր չէ:
— Է-է, ինքներդ կգտնեք: Այդ բանի համար խելք պետք չէ. մենակ աչք լինի և ցանկություն: Իսկ հետո՝ ինձ էլ կհրավիրեք:
Խորամանկում էր մորաքույր Նինան. անհնար էր, որ մինչև հիմա գրավիչ և հաղորդակցվող, նաև տասնհինգ տարի առողջարանում աշխատած՝ չիմանար յուրաքանչյուր ծառ ու թուփ, երբ յուրաքանչյուր արձակուրդայինների երեկոն դրանց տակ կարճելու պատրաստ աղջիկ է եղել:
— Ոչինչ, ոչինչ, վերջին օրը չէ, — հասկանալով, որ մենք ցանկանում ենք ավելին, քան պարզապես հառաչանքներով ընկերակցությունը, հանգստացրեց նա մեզ, բայց չէր շտապում բռնել նետված խայծը։ «Դե հիմա, — ասաց, — առայժմ հանգստացեք ճանապարհի հոգնությունից, իսկ հետո ամեն ինչ տեղը կընկնի:
Հնազանդվեցինք: Երկու օր նշեցինք արձակուրդը առանց նույնիսկ ճաշարան իջնելու: Լավ է, որ ընկերախմբում միշտ էլ կգտնվի այն մեկը, ով խմում է բոլորից քիչ: Եվ մեր միջի «վերակենդանացնողը» դարձավ Օլեգը: Առավոտները սառը գարեջուր, վարունգներ՝ շուկայից, թարմ ձուկ՝ ճաշին. այդ բաներում նա երբեք չէր թերանում. հարկ եղած դեպքում նա մեզ ոտքի էր կանգնեցնում մեկ րոպեում: Շատ պատասխանատու ընկեր էր:
— Քե՞ֆ եք անում, երիտասարդներ, — երբեմն նախանձով, երբեմն քննադատաբար չէին մոռանում մեզ կանգնեցնել ծավափին մեզ մոտիկ պառկած «դահուկորդները», եթե մենք ի հայտ էինք բերում զգացմունքների չափից ավելի աշխուժություն:
— Ուշքի ենք գալիս, — ձգվում էինք մենք ավագ սպաների դիմաց, և տեղնուտեղը շտապում հաջորդ բանկայի հաջորդ կենացը՝ հեռակա կարգով ուղարկելով բարոյականության մեր պահապաններին բոլոր երեսուներեք տառերի ետևից՝ ներառելով նույնիսկ «ы»-ն և «ь»-ը:
Մենք կարող էինք դա մեզ թույլ տալ, քանի որ արձակուրդ եկած առաջին սպաներն էինք Աֆղանստանից, նոր-նոր սկսված Աֆղանստանից: Եվ մենք դեռ ո՛չ հերոսներ էինք, և ո՛չ էլ դժբախտներ. մեզ ընդամենը շրջապատում էր գաղտնիության և հանելուկայնության լուսապսակը: Բա ո՜նց. վերադարձել էինք անծանոթ, սարսափելի մի երկրից, որտեղ կրակում են, և ասում են՝ նույնիսկ սպանում: Ավելին՝ մեզանից ոչ մեկը դեռ չէր էլ հեգում որևէ արտոնության մասին, ոչ ոք ոչինչ չէր պահանջում և ոչ մի բանից չէր դժգոհում: Իսկ դա նշանակում էր, որ մենք պաշտոնյաներ էինք, իսկ շրջապատի համար եթե ոչ ցանկալի, ապա, բոլոր դեպքերում, հոգս չպատճառող:
Եվ եզակի մարդիկ, որ ոտուձեռ էին ընկել սեփական նախաձեռնությամբ, բուժանձնակազմն էր: Վերցրին ու կրճատեցին շտաբներից ու վարչություններից, ինչը նշանակում էր բարձրագույն ղեկավարության անձնակազմին առողջարաններից օգտվել. ուղեգրերի մի մասը հովհարի նման թափեցին «աֆղանցիների» վրա՝ ձեզ անհրաժեշտ է, վերցրեք:
Չհրաժարվեցինք: Հանկարծ կյանքը Աֆղանստանում ասես անվստահ ձեռքերում հայտնված փխրուն բաժակ էր: Իսկ այստեղ մեզ, ումից գալիս էր վառոդի, քրտինքի, պահածոների, խանձվածքի, պայթուցիկ նյութի, հրացանի քսուքի, սոլյարկայի հոտ, մեզ՝ զորքերը ներս մտցնելու առաջին շրջանում լուծ, խոցեր, ոջիլ տեսածներիս և կանանց մասին երազողներիս, հանկարծ մեկ էլ տեսար, ամռանը՝ Սև ծո՜վ անվճար ուղեգրով և արջավայել քառասունհինգօրյա արձակուրդ:
Եվ արդեն դեմքներիս թունդ արևայրուք ու աստիճանակարգերի նկատմամբ հանգըստությամբ, մենք՝ «աֆղանցիներս», հարավային գնացքի վագոնում վխտացողներս, անմիջապես պարզեցինք միմյանց ով լինելը և ռեստորանի կանգնակի, ապա և Նինա մորաքի դիմաց կանգնեցինք ուս ուսի: Երեքով: Աֆղանական առաջին շրջանի մի ամբողջ առավելաքանակով: Ահա դրա համար էլ խմում էինք, որ վերադարձել ենք, մեր ընկերների համար, որ մնացել էին Հինդուքուշի լեռներից այն կողմ: Ի դեպ, դա մենք չէ, որ խմում էինք, այլ մեր անհոգությունը և մեր երիտասարդությունը: Մենք դեռևս ետ
չէինք նայում, բայց և չէինք վախենում թե մեզ ինչ է սպասվում առջևում: Լ-ա-ա-ա՜վ
ժամանակ էր:
— Երեխե՛ք, կարելի՞ է ձեզ մոտ, — թակեցին մի օր մեր դուռը:
— Օ՜, Նի՛նա մորաք, — Վերակենդանացնողն առաջինը արձագանքեց, ու գրկեց հերթապահին և գրկեց ուղղակի դռան շեմքին:
— Օ՛յ, երեխե՛ք, ինձ թվում է, որ ժամանակն է կանգ առնելու, — գլխով ցույց տալով սեղանի երեքօրյա խառնաշփոթը՝ ասաց նա:
— Պարոնա՛յք սպաներ, — Վիկտորը՝ Դեսանտայինը, այսինքն՝ որպես ամենակտրիճը, երեք լիտրանոց բանկայից ցայտեցնելով «Իզաբել» գինին, լցրեց չորս բաժակ:
— Պարոնա՛յք սպաներ, մեր դիմաց մեր ընկերն է և հիասքանչ մի տիկին, որի խոսքը սրանից հետո մեզ համար օրենք է: Նի՛նա մորաքույր, սա վերջին բաժակն է, Ձե՛ր կենացը: Մնացածը՝ լվացարանի մեջ: Զարե՛մբա, — հրամայեց նա ինձ:
Ես վերցրի բանկան, գինին դատարկեցի լվացարանի մեջ և երեքով հպարտ կանգնեցինք հերթապահի դիմաց:
— Ո՛չ, ծնկի՛, — մեր որդեգրած տոնը միանգամից ընկալեց հյուրը և քիթը վեր ցցեց:
Մենք փուլ եկանք գորգիկի վրա և, 90 աստիճանի բերելով արմունկներս, բաժակները տեղավորեցինք ափերի հակառակ կողմին, և զսպելով դողը՝ դրանք մոտեցրինք շրթունքներիս: Թեթևացած դատարկեցինք մինչև վերջ, հպարտորեն ետ գցեցինք գլուխներս և դատարկված բաժակները շուռ տալով՝ միաժամանակ՝ հերթապահի վախեցած «օ՛յ»-ի ուղեկցությամբ դրանք վերև նետեցինք, բռնեցինք օդում և դրեցինք նրա ոտքերի տակ:
— Նի՛նա մորաք, Ձեզ համար, Ձեզ համար…— Վիկտորը բառեր էր փնտրում՝ ավելի մեծ համակրանք արտահայտելու, բայց աչքերը ոչինչ չէին ջոկում, իսկ միտքը ոչինչ չէր գալիս, և այդ ժամանակ նա պոկեց վրայից նավաստու գծավոր շապիկը, — Նի՛նա մորաք, ահա սրանք՝ սոլյարայուղոտ Հետևակը և դժբախտ Վերակենդանացնողը սա խնդրեցին ինձանից՝ չտվեցի: Ձեզ՝ նվիրում եմ:
— Օ՜:
— Նի՛նա մորաք, — պարզելով ձեռքը՝ նրա ուրախությունն ընդհատեց Վերակենդանացնողը, — մեկ վայրկյան:
Նա ոտքով բացեց պահարանի դուռը, մոտ քաշեց պայուսակը, աղմուկով քաշեց դրա շղթան ու սկսեց դրա ներսում փորփրել-փնտրել ինչ-որ բան և դուրս բերեց կանացի կիսավարտիքների «Շաբաթ» հավաքածուի ճռճռան փաթեթը.
— Նի՛նա մորաք:
Այդ ընթացքում ես արդեն բացել էի պահարանիկի վերին դարակը և նրան պարզել ափերիս մեջ պահած՝ այն ժամանակների համար ամենաշքեղ արևապաշտպան ակնոցը:
Մեր հյուրը երեխայի նման փոքրիկ քթիկով խորը շունչ քաշեց և աշխատելով զսպել աչքերից դուրս պրծնող արցունքները՝ մի քանի անգամ թարթեց կոպերը: Բայց նա ի՞նչ. մենք՝ ինքներս էլ էինք պատրաստ ոռնալ մեր բարեսրտությունից, պարզապես այն գիտակցությունից, որ հենց այդպես՝ հանպատրաստից և այդպես հասարակ ձևով մարդու վրա թափեցինք այդ ամբողջ բավականությունը: Իսկապես. ճշմարիտ է, որ նվիրելն ավելի հաճելի է, քան նվերներ ստանալը:
— Տղանե՛ր, — շշնջաց հուզված հյուրը և դեպի իրեն քաշելով մեզ՝ սկսեց համբուրել: Այնուհետև նրա աչքերում, ինչպես մեկնարկից առաջ, բռնկվեցին ու մարեցին չարաճճի կայծեր, և «Չմտնել», — ասելով՝ սահեց լոգարան:
Հպարտ մեկս-մյուսով՝ մենք հայացքներ փոխանակեցինք և սևեռվեցինք ծածկված դռան կողմը:
Ինչպես ասում է ժողովրդական իմաստնությունը. «Ցանկացած կին էլ գեղեցկուհի է, պարզապես հասկանալու համար պետք է մի քիչ խմել»: Եվ որովհետև մենք խմել էինք շատ ավելին, ապա Նինա մորաքույրն էլ թվաց ոչ միայն մեզ համամիտ ու ընկեր, այլև մի կին, որի հետ կարելի է լինել ոչ միայն կողք կողքի, այլև անցկացնել երեկոն: Չեմ կասկածում, որ նույն բաներն էին անցնում նաև Վերակենդանացնողի ու Դեսանտայինի մտքներով, քանի որ երբ բացվեց դուռը, մենք, բերաններս բաց, քարացանք:
Նինա մորքույրը մոտեցավ մեզ միայն նավաստիական գծավոր շապիկով:
Ես չգիտեմ՝ նա արդյոք բացե՞լ էր կանացի «Շաբաթ» կիսավարտիքների հավաքածուն, թե՞ ոչ, քանի որ Վիկտորի նավաստիական գծավոր շապիկը իջել էր գրեթե մինչև ծնկները, բայց կրծկալ, ամեն դեպքում, չկար հագին. կուրծքը ազատ տարուբերվում էր կտորի տակ՝ ստիպելով թրթռալ կապտասպիտակ գծերին և մեզ, ապա քթին դնելով ակնոցը՝ մանեկենի կեցվածքով քարացավ մեր դեմ հանդիման և նկարվելու հանգույն բարձրացնելով ձախ ձեռքը՝ կողքի դրեց ձգված աջ ոտքը:
Եվ նրան՝ կարգապահին, կոկիկին, ուժեղին, արևայրուքից փայլողին, մենք կուլ տվեցինք մեր ագահ ու սթափված հայացքներով: Մղձավա՜նջ. գրեթե մեկ շաբաթ ախպերավարի քայլում ենք հերթապահի հետ, իսկ նա, ահա թե ինչպիսին է նա...
— Ահա թե... — մի բան ասած լինելու և խելքը գլուխը հավաքելու համար մռթմռթաց Վիկտորն ու այլ բան չհիշելով՝ կրկնեց, — ահա թե...
— Եվ ի՞նչ, ես դեռ կարո՞ղ եմ դուր գալ, — պչրուհու նման թեթևակի թափահարելով մազերը՝ հյուրը երկու մատ վերև քաշեց տելնյաշկան:
Օ-օ՜ ինչ ծաղր է դա մեկ ամբողջ տարի Աֆղանստանում նստած տղամարդկանց համար:
Դեսանտայինը շուրջը նայեց մոխրացնող հայացքով, բայց ես ու Վերակենդանացնողը կանգնել-մնացել էինք լուռ և չէինք շարժվում տեղներիցս՝ քաղցած հոտառությամբ զգալով, որ Նինա մորաքն ինքը մեզանից հատկապես ոչ մեկին չէր առանձնացրել, իսկ դա նշանակում էր, որ բոլորիս հնարավորությունները հավասար էին:
— Նի՛նա մորաք, մենք ձեզ տալիս ենք չորս ժամ ժամանակ, — «հերթապահ օդապարիկը բացեց» Վիկտորը, — ուղիղ չորս ժամ հետո Դուք՝ Ձեր երկու ընկերուհիների հետ մտնում եք նավամատույցի մոտի ռեստորան:
Հեշտ է երևակայելը, երբ փող կա:
Եվ աֆղանական կրկնակի աշխատավարձի շնորհիվ նույնիսկ մենք՝ ավագ լեյտենանտներս, ունեինք ավելորդ հարյուրանոցներ:
— Պարոնա՛յք սպաներ, — նայելով մեզ՝ Վիկտորը վերցրեց ճաշացուցակը, — այսօրվա երեկոյի համար ես առաջարկում եմ աջ ձեռքի օրենքը:
Ո՛չ ես և ո՛չ էլ Վերակենդանացնողը գաղափար իսկ չունեինք, թե ինչ է դա: Աղոտ կերպով հիշեցինք ինչ-որ բան ֆիզիկայից, ինչ-որ «կանոն գայլիկոնից», բայց, այնուամենայնիվ, համերաշխ կերպով գլխով արեցինք. իհա՛րկե, աջ ձեռքի կանոնը:
Ռեստորան մտնելով մի քանի րոպե առաջ՝ մենք ակնթարթորեն հասկացանք, թե որքան կոպիտ ու տղայավարի ենք «ծակվել»: Շուրջն այնքան ու այնպիսի շռայլությամբ էր ամեն ինչ պտտվում, որ թուքներս չորացավ, իսկ հիմա այստեղ կմտնեն հիսնամյա... ինչ իմանաս՝ ովքեր...
— Այ-ոո՜,— ափսոսանքով ձգեց Վերակենդանացնողը, և ես ու Դեսանտայինը
համաձայնությամբ տմբտմբացրինք գլուխներս:
Բայց մենք հիշում էինք, որ մեր ուսերին ուսադիրներ կան, և մենք անկեղծորեն հպարտանում ենք դրանցով, և սեղմելով ատամներս ու աշխատելով չտեսի նման աջ ու ձախ չնայել, սպասում էինք մեզ սպասվող հանդիպմանը, և եթե Նինա մորաքն այստեղ բերի նույնիսկ կոտոշավոր սատանաներ, մենք նրանց կդիմավորենք ու կկոտրատվենք, ինչպես սևծովյա ամբողջ ափի առաջին գեղեցկուհիների առջև: Սկզբունքորեն:
Բայց Նինա մորաքը (օ՜, ինչ հրաշք է մեր Նինա մորաքը) տրորեց մեր քթերը աչքները նոր բացած կատվիկների նման: Նա հայտնվեց կուրացուցիչ գեղեցկությամբ երկու խարտիշահերների հետ: Բոլոր դեպքերում, նրանք մեզ այդպիսին թվացին պոզավոր սատանաների պատկերացումներից հետո: Առաջին պահին մենք նույնիսկ գլխի չընկանք, որ մեզանից մեկնումեկիս կհասնի ինքը՝ մորաք Նինան:
Ո՞ւր էր չքացել մեր դեսանտային առույգությունը...
— Այստե՛ղ ենք մենք, այստե՛ղ, խնդրեմ, — մեր սեղանիկի մոտից դուրս թռավ Դեսանտայինը՝ ցույց տալով մեր սեղանը, որտեղ սպասքների կողքին դրված էին մեր գնած վարդերը: Նինա մորաքը աչքերը հաղթականորեն կկոցեց ընկերուհիների կողմը՝ «Դե ինչ, ես ի՞նչ էի խոստացել ձեզ», և նստեց իմ ու Դեսանտայինի մեջտեղը:
— Ներկայացնեմ ձեզ ավագ լեյտենանտներին, — ստանձնելով թամադայի դերը՝ սկսեց մեզ ծանոթացնել անհարմար կերպով ուրախացած Վիկտորը: — Օլեգ, — ցույց տվեց նա Վերակենդանացնողին, — ի դեպ, առաջին կարգի սակրավոր: Իսկ սա Ալեքսեյ Զարեմբան է՝ Հայրենիքի հարավային սահմանների մեր հետախույզը, և ես՝ Վիկտորս, օդահետախուզական զորքեր, որոնք ընդհանրապես կարիք չունեն ներկայացվելու:
— Օլյան և Նինան, — ընկերուհիներին ներկայացրեց Նինա մորաքը:
Ահա այդտեղ Դեսանտայինը՝ նստելով Օլյայի մյուս կողմում, և դրանով իսկ ինձ թողնելով Նինա մորաքին, կրկնեց.
— Պարոնա՛յք ընկերներ, այս երեկո ես առաջարկում եմ աջ ձեռքի օրենքը:
— Իսկ դա ի՞նչ է, — դեպի նա թեքվեց Օլյան:
Նրանց մազերը հպվեցին իրար և ինձ համար վերջնականապես պարզ դարձավ, որ ես ու Օլյան հակառակ կողմերում ենք, և թաքուն մի հույսով ես հայացքս հառեցի դեպի սեղանի մյուս կողմը, բայց Վերակենդանացնողն այնտեղ օգնում էր Լենային՝ բազկաթոռի թիկնակից կախելու նրա պայուսակը: Ուրեմն անհաջողակի խաչը, բոլոր դեպքերում, ընկավ իմ ուսերին: Էհ, Նինա մորաքույր, Նինա մորաքույր: Լավ կլիներ, որ դու բերեիր քեզ նմաններին, որպեսզի փայլեցրած պղնձի նման չշողային ընկերներիս մռութները:
— Ամեն ինչ շատ պարզ է, Օլե՛նկա, — հուսարի նման ժպտաց Դեսանտայինը, իհարկե, իր ոտքերի կողքին այդպիսի ոտքերի ներկայությամբ ես էլ կշողայի, — աջ ձեռքի օրենքն այն է, որ աջ ձեռքով ծածկում ես գները և վերցնում այն, ինչ դուրդ գալիս է, իսկ ձախ ձեռքինը՝ հակառակը, որն ավելի համեստ է՝ ըստ գների:
— Հրաշալի է, — ծափ տվեց Լենան, — ես էլ եմ աջ ձեռքի կողմնակից:
Ինձ մնում էր ընտրել, թե ինչպես պիտի վարվեմ ինքս. կամ անընդհատ բոլորին և հատկապես հերթապահին հիշեցնեմ, թե ո՞վ է այստեղ ամենադժբախտը, և հատկապես ո՛ւմ մեղքով, կամ ընդհակառակը՝ շուռ գալ հարյուր ութսուն աստիճանով և ապացուցել հակառակը:
Բեմից դղրդացին հարվածային գործիքները ու, նախքան իմ ընկերակիցները կշարժվեին տեղներից, ես ոտքի կանգնեցի և բռնեցի մորաքույր Նինայի ձեռքը.
— Մենք պարում ենք: Մեզ կկանչեք, երբ սեղանը պատրաստ կլինի:
— Մեզ նույնպես, — միացավ Վերակենդանացնողը՝ մոտեցած մատուցողին ցույց տալով Վիկտորի կողմը:
— Նա այսօր մեզ մոտ «աջով» է աշխատում, — լրացրի ես:
Դեսանտայինն այս անգամ շատ երկար մտածեց. տեսնես մենք իրեն քաշե՞լ ենք, թե ամեն ինչ ընթանում է ըստ օրակարգի:
Իսկ մենք այդ ընթացքում խառնվեցինք պարողներին:
— Իսկ ես մտածում էի, թե ձեզ գլխավորում է Վիկտորը, — ժպտաց մորաքույր Նինան, — ապրե՛ք, թող տակից դուրս գա:
Ես հպվեցի նրան, և դա, իհարկե, բնական էր այդպիսի նեղվածքում, և ձեռքս դրեցի գոտկատեղին.
— Այս երեկոն՝ քեզ, Նի՛նա:
Ես կտրեցի ու դեն նետեցի տարիքային տարբերությունը, և որոշեցի. սեփական խաչս կհասցնեմ այնպիսի բարձրության, որ այն կշողշողա և կկուրացնի բոլորին: Ժպտա՛, Նինո՛չկա, ժպտալիս բացվում են քո բոլոր ատամները, դրա համար էլ դու շլացուցիչ ես: Քո կեցվածքը ձիգ է, և ես զգում եմ շատ ճկուն մարմինդ: Ոտքերդ, իհարկե, այնպիսին չեն, ինչպիսին՝ ընկերուհիներինդ, բայց գեղեցիկ ոտքերը հետաքրքիր են միայն հեռվից, մոտիկից դրանք ոչ մի դեր չեն խաղում: Պարո՛ւմ ենք:
Մեզ մոտեցան Օլեգն ու Լենան՝ նույնպես գոհ ու ժպտերես:
— Իսկ մորաքույր Նինան՝ ոչինչ, — կամ ինձ վստահություն ներշնչելու, կամ քթիս տակից կատարած գողության համար, իսկ ավելի շուտ՝ լրիվ անկեղծ, իմ ականջին շշնջաց Վերակենդանացնողը:
«Դե արի փոխանակվենք», — մտքումս ասացի ես, բայց բարձրաձայն ասացի ճիշտ հակառակը.
— Նինոչկան հրաշք է:
Օլեգը զարմացած վեր նետեց հոնքերը. դու շա՜տ առաջ կգնաս:
Երաժիշտներն այդ ընթացքում անցում կատարեցին դանդաղ պարի, և ես բացեցի գիրկս՝ ընդունելով Նինային: Նա ամբողջ մարմնով սեղմվեց ինձ, և ես զգացի նրա կուրծքը, փորիկը, ոտքերը:
— Օլեգն ասաց, որ դու գեղեցիկ ես, — շշնջացի ես՝ մազերի գանգուրներում փնտրելով թաքնված ականջը:
— Իսկ ի՞նչ կասես դո՛ւ, — գլուխն ուսիցս բարձրացրեց Նինան:
— Ո-չի՛նչ, — ձգեցի ես:
— Ին-չո՛ւ, — նույն հանգով՝ ձեռք առավ նա:
— Չեմ ուզում, որ գոռոզանաս քո վեհությամբ ու ցցես քիթդ:
Նինան փորձող հայացքով նայեց ինձ, և հավատալով, որ չեմ կատակում, երջանիկ ժպտաց ու դարձյալ հպվեց կրծքիս:
— Հե՛յ, մի՛ քնեք, — շատ մոտիկից լսվեց Վերակենդանացնողի ձայնը, — Վիկտորը կանչում է:
— Ահա այսպես, Նինո՛չկա, և քանդում են երջանկությունը. ինչ-որ մեկը ինչ-որ տեղ է կանչում և, չգիտես ինչու, պետք է գնալ, — հոգոց հանեցի ես:
— Իսկ մենք արի չգնանք, — խորամանկորեն կկոցեց աչքերը նա:
— Մենք չե՛նք գնա, — արձագանքի նման հայտարարեցի ես մեր շուրջը պտտվող զույգին:
Եվ այդտեղ ես բռնեցի Լենայի հայացքը: Կարող եմ երդվել, որ այնտեղ առկայծեց նախանձը: Նա շատ լավ գիտեր, որ ինքն ավելի հմայիչ է, իսկ գլխավորը՝ ավելի երիտասարդ է ընկերուհուց, և հոգու խորքում երևի պատրաստվում էր հայտնվել ուշադրության կենտրոնում: Բայց պարզվեց, որ այն շքեղությունը, այն անվերադարձ սիրահարվածությունը, որ առաջին իսկ րոպեներից բաժին են ընկել ընկերուհուն, պակասում են հենց իրեն: Թեև երեկոյի սկիզբը, պարզ է, դատարկ բան է: Կարևորը ավարտն է: Առավել ևս, որ Լենան իրականում էլ էր ամենագեղեցիկն ու ամենալավը բոլորից, որքան էլ չպտտվես, շուռ չգաս և չփակես աչքերդ: Նույնիսկ դեսանտայինն էր սխալվել դա՝ և՛ Նինային, և՛ Օլյային ես կփոխեմ մեկ հատիկ Լենայի հետ:
— Լա՛վ, գնացինք, թե չէ պղպեղ էլ կգցեն մեր բաժակների մեջ, — հավանաբար մտնելով իմ վիճակի մեջ՝ ասաց Նինան, և առաջինը քայլեց դեպի մեր սեղանը:
Աստված չանի, որ ինչ-որ մեկն էլ հայտնվեր այն վիճակում, ինչում ես էի հայտնվել այն երեկո: Պարզապես հրամայել ինքս ինձ՝ ոչ թե այդպես վարվել, այլ ուրիշ կերպ. դա դեռ ամենը չէր: Բնա՛վ այն չէր: Ես պատեպատ էի խփվում իմ տրամադրության վայրիվերում-
ների մեջ. մերթ ներողամտություն էի հայցում Նինայից, մերթ էլ ատում նրան սարքած ստորության համար: Ընկերներիս շարժուձևի, արտահայտությունների վրա էլ էի հարձակվում, և այն էլ այնքան բացահայտ, որ նրանք մի քանի անգամ ինձ վրա նետեցին իրենց տագնապալի ու խնդրող հայացքները. «Մի՛ փչացրու երեկոն, հետո կպարզենք»:
Ինչո՞ւ, ինչո՞ւ էր Նինան բերել այդպիսի գեղեցկուհիների, որոնցից Լենան ուղղակի հիասքանչ էր. ճկուն, կրակոտ, կաթին խառնած արյուն:
Եվ իսկական տառապանքն սկսվեց, երբ հաշիվը փակելով՝ «Մանրը պետք չէ», և մենք հայտնվեցինք փողոցում:
Մենք բանալին չէինք հանձնել, և Վերակենդանացնողն այն մետաղական կախիչով բարձրացրեց վեր.
— Ո՞վ է գալու առաջինը:
Տիկնայք նայեցին միմյանց. դա, իհա՛րկե, կախված էր նրանցից: Եվ այդտեղ Նինան իմ տրամադրության սլաքը դարձյալ թեքեց իր կողմը.
— Ինքներդ որոշեք, — բացահայտորեն նա ինձ տանում էր ամբողջ գիշերվա համար:
Այս անգամ արդեն նախանձի որոշակի զգացումներ գծագրվեցին Դեսանտայինի ու Վերակենդանացնողի դեմքերին:
— Մեր շամպայնը մեզ հե՞տ է, — պայուսակը ստուգեց Նինան և թևանցուկ արեց ինձ, — մինչ նոր հանդիպում բոլորիդ...
Սև ծովն ամռանը չունի գիշերներ: Ամառանոցային քաղաքների փողոցները, ծովափերը, պարտեզները հանգիստ չեն առնում նույնիսկ աստղերի տակ: Այնպիսի տպավորություն է, կարծես հանգստացողների մեծ մասը Հեռավոր Արևելքից թռել— եկել, ու չի ցանկանում ընդունել ժամանակային տարբերությունը: Այդ տպավորությունը հիմնավորվում էր այն բանով, որ տարիքային տարբերություն գոյություն չուներ նաև հանգստացողների միջև. սպիտակին էին տալիս ոչ միայն երիտասարդների սպիտակ վերնաշապիկներն ու կանացի բլուզկաները, այլև ծերերի սպիտակահեր գլուխները: Եվ գիշերը խաղաղ է, և աստղերը խոշոր են, և ալեբախությունը՝ ծույլ: Եվ լավն են շրջապատի բոլոր կանայք, իսկ ամենալավը նա, ով քայլում է քո կողքով, ում կարելի է հպվել. ոչինչ, ես հենց այնպես, և ով՝ այդ նա-ն, որ ի պատասխան կժպտա՝ կմտնի թևիդ տակ: Եվ կպարզվի, որ հենց կանացի այդ վստահությունից են ամենից շատ գժվում: Հա՛, մեկ էլ, որ կողքիդ չկան մրցակիցներ: Հա, մեկ էլ, երբ ոչ միայն դու ես ասում անուշիկ հիմարություններ, այլև հենց քեզ են հիշեցնում, թե ի՜նչ լավ է, որ կողքիս հենց դու ես՝ այսքան ուժեղ և ուշադիր...
— Գնանք այնպիսի մի տեղ, որտեղ ոչ ոք չկա, — առաջարկեցի ես, — եթե, իհա՛րկե, գտնենք այդպիսի մի տարածք:
Պարզվում է՝ մենք հենց այդտեղ էլ ուղղվում էինք. Նինան միայն ավելի կիպ կպավ և փոքր-ինչ արագացրեց քայլերը: Մարդիկ կամաց-կամաց նոսրանում էին, և ես ետ նայեցի քաղաքին, որի բոլոր լապտերները նայում էին մեր ետևից;
— Վախենո՞ւմ ես, — ինձ հրահրեց Նինան և հանելով բարձրակրունկները՝ քայլեց քնի մեջ ծանր շուռումուռ եկող ծովի փրփրոտ եզրով:
«Աֆղանցին» վախենա սեփական երկրո՞ւմ: Վիրավորում ես, շե՛ֆ:
— Միակ բանը, որից ես վախենում եմ, ցուրտն է: Իսկ մենք գնում ենք դեպի հարավ-արևե՞լք:
— Մենք գնում ենք կանանց լողափ:
Բոլոր դեպքերում, քարն էր մեղավոր այն բանում, որ ես ես սայթաքեցի և ոչ թե
Նինայի ասածը: Նա վերադարձավ ինձ մոտ՝ մինչ ես թափ կտայի կոշիկներիս մեջ լցված ավազը՝ սպասելով, որ գրկեմ իրեն. գրկախառնության ժամանակ կինը դառնում է անօգնական, և Նինան նույնպես խոնարհվեց, հանդարտվեց:
— Դու ասացիր, որ այսօր իմ երեկոն է, իսկ ես լողալ եմ ուզում: Քեզ հետ: Եվ շամպայն խմել ափին: Ինձ թվում է, որ այսպիսի բան ինձ հետ այլևս երբեք չի պատահի, և այդ պատճառով... — նա լռեց առանց ավարտելու:
— Իսկ... Այնտեղ շա՞տ կանայք կան, — ես շտապեցի փոխել խոսակցության թեման. այսօրվա համար ինձ արդեն բավարար էր եղածը, և միայն պակասում էին արցունքները, խոստովանությունները, հուզմունքները:
— Միայն ես: Ի՞նչ է՝ քեզ համար քի՞չ է:
— Դու բավական ես, — խորամանկեցի ես, — գնացինք:
— Հաշվիր, որ արդեն եկել ենք:
Ավազի նեղ երիզ և հղկված մանրաքար ծովի և զառիթափի միջև, և սա՞ է կանանց լողափը: Դրա մասին այնքան զրույցներ էի լսել, որ ակամա սպասում էի տեսնել ինչ-որ անսովոր բան: Իսկ այստեղ որպես էկզոտիկա միայն լուսնաճանապարհն էր հանդարտված ծովի վրա:
— Գրկի՛ր ինձ:
Ես հոժարակամ ենթարկվեցի:
— Այսօր քեզ համար մի քիչ անհարմար էր ինձ հետ, — հանկարծ սկսեց խոսել Նինան այն մասին, ինչ ես մտածում էի ամբողջ երեկո, և ափով անմիջապես փակեց բերանս, երբ ես, բնականաբար, փորձեցի հակաճառել: — Ես, ախր, ամեն ինչ տեսնում էի ու զգում. փոքր չեմ: Բայց և այնպես, դու ինձ պարգևեցիր հրաշալի երեկո: Շնորհակալ եմ քեզանից: Ես, իհարկե, կարող էի գալ այնպիսի ընկերուհիների հետ, որոնց կողքին կերևայի տասներորդ դասարանցու նման, բայց... խղճացի ձեզ: Իսկ ինձ, ահա, չկարողացա մերժել: Չկարողացա, ների՛ր: Ես շատ էի ցանկանում շրջապատված լինել մարդկանցով:
— Վերջացրո՛ւ, Նի՛նա: Ես, ամենայն անկեղծությամբ, շատ լավ եմ զգում քեզ հետ:
— Ճի՞շտ: Գիտես, ես դա զգում էի ժամանակ առ ժամանակ: Երկու օրից ես մեկնում եմ, իսկ դու, ի տարբերություն քո ընկերների, ազատ կդառնաս: Իսկ կուզե՞ս, — ընդհատեց նա իմ հերթական ընդդիմախոսության փորձը, — ուզո՞ւմ ես՝ մի բան էլ ասեմ:
— Ասա՛:
— Քո ընկերները, ի տարբերություն քեզ, այսօր կգիշերեն առողջարանում՝ իրենց անկողիններում:
— Այ-յոո՞, — ես նայեցի խորամանկորեն ու չարաճճի ինձ նայող Նինային՝ չիմանալով ինչպես վերաբերվել նորությանը:
— Այո՛: Նրանք երկուսն էլ ապրում են ծնողների ու դստրիկների հետ: Ա՛յ, այդպես, — ոչ չարությամբ, բայց, բոլոր դեպքերում, վրեժի փոքրիկ կայծով վերջացրեց նա:
Հոգումս ծայր առավ վիրավորանքն այդպես հմտորեն քաշված ընկերներիս հանդեպ, բայց հետո հիշեցի, թե ինչպես էին նրանք այդ՝ կարծես վզներից աճած ոտքերը խլխլում: Նինան հավանաբար հենց դա էլ նախատեսել էր՝ ընտրելով առանձին բնակարաններ չունեցող ընկերուհիներ: Ա՜խ, կանայք:
— Լա՛վ, ե՛կ վերջացնենք այս խոսակցությունները և ավելի լավ է՝ պարզապես խմենք:
— Ե՛կ:
Սակայն շիշը բացել չհասցրինք. լսվեցին ձայներ, և մենք անցանք զառիթափի մոտի թփերի ետևը: Ահա և քեզ անմարդ տեղ: Ո՛չ, հարավում հաստատ չի կարելի հավատալ գիշերներին:
Ծովի՝ սևությամբ փայլող ֆոնին նկարվեցին մարդկային ֆիգուրներ, և ես հաճույքով տարբերակեցի նրանց գլխարկները՝ մերոնք են՝ սպաները: Նրանք բոլորն էլ խոսում էին հուզված, և բոլորը միասին ու հանկարծ հենց մեր դիմաց էլ կանգ առան. Կարծես թե լուսնաճանապարհը հենց միայն այդ տեղով էր անցնում: Փայլեց ապակին, և շշի բերանից տարածվող գլգլոցը կտրատեց ալիքների ծույլ շրշյունը:
— Ծովի կենացը, որը մենք պահպանում ենք, — բարձրացնելով բաժակները՝ սպաները հենց համազգեստներով էլ մտան ջուրը՝ խորանալով նրա մեջ մինչև գոտկատեղերը, խմեցին, շիշը շպրտեցին լուսնաշողի մեջ և ափի երկարությամբ քայլեցին առաջ:
— Ախր, այսօր սահմանապահների օրն է, — հիշեցի ես ամսաթիվը:
— Եվ, բոլոր դեպքերում, սպաների մեջ այնպիսի՜ մի բան կա, — մատները մտազբաղ չրթացրեց Նինան, և ես մտքումս շնորհակալ եղա սահմանապահներին իրենց արարքի համար, որ, անկախ իրենց կամքից, ինձ էլ բարձրացրին տիկնոջ աչքերում, իսկ Նինան շարունակեց, — ավելի ճիշտ՝ հնից՝ ծանոթ ժամանակներից ու սոսկ գրքերից մեզ մնացած այնպիսի՜ մի բան... Իսկ եթե ճիշտն ասենք, ես մեր առողջարան եկա ցանկությանս... դե՜, քեզ ինչպե՞ս բացատրեմ. մոտ լինելու, կամ ինչ իմանամ, հենց ձեզ՝ զինվորականների՛դ մոտ լինելու համար:
— Իսկ մինչ այդ՝ որտե՞ղ էիր աշխատում:
— Թանգարանում: Էքսկուրսիաներ էի վարում:
— Հավանաբար տղամարդիկ ոչ թե ցուցանմուշներին էին նայում, այլ քեզ: Օրինակ, ես հենց այդպես էլ կվարվեի:
— Պատահում էր, — համաձայնեց Նինան՝ անցյալ, հեռվից այցելած ժպիտով: Հազվադեպ երեկոներ էին անցնում առանց զանգի: «Ալո՛, դուք ինձ հիշո՞ւմ եք: Ես ձեզ մոտ էքսկուրսիայի եմ եղել, սպիտակ վերնաշապիկով էի», — իսկ իմ էքսկուրսանտները՝ բոլորն էլ մի դեմք ունեին և նույն վերնաշապիկները, և հիշվում էին լոկ նրանք, ովքեր հարցեր շատ էին տալիս... «Ալո՛, — շարունակեց Նինան՝ հերթական հոգոց հանողի ձայնով, — գիտե՞ք, պարզվում է, պատահաբար թատրոնի երկու տոմս ունեմ»: «Եվ ի՞նչ, դուք երկուսն էլ տալիս եք ի՞նձ»: «Ո՛չ, մեկը՝ ձեզ, մեկը՝ ինձ»: Սկզբնական շրջանում վազում էի հիմարս, կարծում էի՝ կգտնեմ բախտս: Հետո հոգնեցի, սկսեցի արդեն ընտրել թատրոնները, այնուհետև ներկայացումները, ապա և տեղերը... Հասկացա. չգիտես ինչու, զանգում են միայն նրանք, ովքեր ունեն ամեն ինչ՝ և՛ ընտանիք, և՛ երեխաներ, և՛ ավտոմեքենա, և՛ ամառանոց, և՛ պաշտոն... Զզվելի է: Հետո սկսեց ձայնս նստել, և ես հաճույքով տեղափոխվեցի ձեզ մոտ:
Սահմանապահներն արդեն հեռու էին, և մենք դուրս եկանք թաքստոցից:
— Մենք այդպես էլ չխմեցինք:
— Խնդիր չկա, — ես շարժեցի խցանը, որ պայթյունով կրակեց օդի մեջ, և Նինան ծիծաղելով՝ բուռ արած ափերը պարզեց շշից դուրս ցայտող փրփուրի տակ:
— Իսկ հիմա ես ցանկանում եմ լողանալ, — քմահաճ, հրամայական ասաց նա՝ խմելով երկու ափ գինի, — միայն թե ես, բնականաբար, լողազգեստ չունեմ: Բայց լողափը կանանցն է, այնպես որ, դու կամ մի քիչ հեռու գնա, կամ էլ՝ շրջվիր:
Իհարկե, ավելի լավ է մի քանի քայլ ետ գնալ, քանի որ աչքերն արդեն սովորեցին
գիշերվան, և մութը խորանում է միայն հեռվում՝ թաքցնելով ափերի գեղեցկությունը: Նինան արձակեց բլուզի կոճակները՝ անփույթ կերպով այն շպրտելով քարերի վրա: Վառ, աչք կուրացնելու աստիճան սպիտակին տվեց կրծկալը, բայց բարձր չրխկաց
ճարմանդը, և այն, օդում թափահարելով թևերը, նույնպես իջավ գետնին: Նինան
կանգնած էր մեջքով ինձ, և երբ նրա ոտքերի մոտ հայտնվեց վրայից ներքև սահած
կիսաշրջազգեստը, ես անմիջապես չհասկացա, որ նա դրա հետ հանել էր նաև
կիսավարտիքը:
Շունչս կտրվեց, բայց որսալով իմ շարժումը դեպի ինքը՝ Նինան արագորեն գնաց դեպի ծով ու մխրճվեց դրա խաղաղ հարթության մեջ և երանությամբ սրսփաց:
— Ե՛կ այստեղ, սա ախր հիասքանչ է:
Պատկերացնելով ինձ սառը ջրում՝ ես փշաքաղվեցի: Բայց ոտքերիս մոտ, կարծես կրակահերթից զոհված, սպիտակին էր տալիս շրջված թևիկներով կրծկալը, լուսնաճամփին երանություն էր վայելում մերկ կինը, և ես դողացող մատներով արձակեցի վերնաշապիկս:
Ջուրը վառեց, մարմնիս մեջ լցվեց միլիոնավոր ասեղներով: Պետք էր դուրս թռչել, բայց դեպի ինձ լողացող Նինան թափահարում էր ձեռքերը՝ որոշելով երկու ափերով՝ դիմահայաց ձևով ջրցողել ինձ: Թափահարվող ձեռքերի հետ բացվել էին ստինքները և, որպեսզի արագ թոթափեմ ցրտի սարսափը, ես պոկվեցի դեպի դրանք: Չհասա, միայն ափերս սահեցին մարմնի վրայով: Բայց, միևնույնն է, գլխով սուզվելով ջրի տակ՝ հասցրի հպվել փափուկ փորին ու ազդրերին: Այսպիսի հնարավորությունների դեպքում ես պատրաստ էի խորասուզվել սառցանցքը:
Շտապով դուրս լողացի՝ ձգտելով տիրանալ կարծես թե ինձ հասանելիքին: Բայց Նինան հրվելով լողաց դեպի ծովի սևությունը: Մի քանի թևաբախումները բավական էին, որ հասնեի նրան, պտտվեի շուրջը՝ երանությամբ նշելով կանացի մարմնին ամեն անգամ դիպչելը:
— Փորձիր պարզապես պառկել ու նայել երկնքին, — առաջարկեց նա և շրջվեց մեջքի վրա:
Մութ ջրերի միջից երևում էին մարմնի սպիտակ, չարևահարված շերտերը, որպեսզի չտանջեմ ինձ, ես հետևեցի նրա օրինակին՝ շրջվեցի մեջքիս վրա: Եվ տարօրինակ բան, մեկ ակնթարթում հանգստացա. պարզվում է, թե որքա՜ն համահունչ են կանանց և բնության գեղեցկությունները: Որքա՜ն են դրանք միասնական ու հարազատ: Ո՞վ է հորինել, թե կինը ստեղծվել է Ադամի կողից:
Եվ, միաժամանակ, միևնույնն է, թե ի՜նչ աստղ, ի՜նչ երկինք, եթե կողքիդ, միայն պարզիր ձեռքդ, պառկած է, օրորվում է կինը: Բնության դեմ դեռ կարելի է փակել աչքերը, իսկ կնոջ դեմ չկա այդպիսի ուժ: Թեև ինչ-որ բանաստեղծ ասել է. «Ով ուզում է ամեն ինչ և միանգամից, խեղճ է այնքանով, որ անկարող է սպասել»:
Նինան դարձյալ զգաց իմ շարժումը դեպի ինքը և իմաստուն կերպով կանգնեցրեց ցածր ձայնով.
— Ես շատ եմ սիրում ջուրը: Իսկ սառը ջուրը՝ առավել, դրա մեջ կարծես նորից ես ծնվում:
— Այդ դեպքում կտաքացնես ինձ:
— Ահա և տեղ հասա. հիմա էլ տղամարդ տաքացրու: Իսկ պատահաբար չե՞ս պատրաստվում խեղդվել:
— Միայն քո գրկում:
Կատակեցի ու տեղնուտեղը փոշմանեցի ասածիս համար. որքա՜ն կոպիտ է հնչում հիմա այն ամենը, ինչն անբնական է: Միակ բանը, որ հիմա կարող է ազնիվ լինել, դա ետ՝ դեպի ափ լողալն է: Բոլոր դեպքերում, կինը ստեղծվել է տղամարդու կողից, մենք առանց նրանց չենք կարող:
— Լողա՞նք ետ:
Թողնելով Նինային քիչ առաջ՝ ջենտլմենը, գրողը տանի, նույնիսկ ջրում է այդպիսին, լողացի ետևից՝ փորձելով ջուր չցայտեցնել կամ ջրում նայել Նինայի ինչ-որ տեղին: Զգալով հատակը՝ երկուսս էլ կանգ առանք: Օդը ջրից մի փոքր ավելի սառն էր, բայց Նինան ավելի շուտ քարացել էր այն մտքից, թե ինքն ինչպես վարվի այսուհետև:
Վերցնելով ինձ վրա պատասխանատվությունը, կամ, որ նույնն է՝ այլևս ուժ չունենալով զսպել ինձ, և թքելով բանաստեղծի՝ սպասել կարողանալու խորհրդի վրա, դանդաղ մոտեցա ետևի կողմից ու գրկեցի: Շոշափեցի փոքրիկ թմբիկները, սեղմեցի դրանք: Թաց մազերի միջով համբուրեցի վիզը: Հետո թեթևորեն վերցրի հերթապահին ձեռքերիս վրա ու տարա ափ: Ջուրը, հոսելով Նինայի վրայից, կամաց-կամաց բացեց նրան ամբողջապես, և սոսկ մի փոքրիկ լճակ մնաց ոտքերի ու փորի միջև՝ իր փոքրիկ խորքում ծածկելով սև եռանկյունին...
Հետո Աֆղանստանում գալիս ու հազարավոր անգամ ինձ էր ներկայանում այդ պատկեր. ես տանում եմ Նինային ու լճակը: Եվ ինչ-որ բան կոտրվեց իմ մեջ: Վախենալով խոստովանել ինքս ինձ՝ հանկարծ նկատեցի, որ արձակուրդից հետո ես դադարել եմ կռվելուց մեր Հայրենիքի հարավային սահմանների համար: Ո՛չ, ես ոչ ոքի չեմ դավաճանել և ոչ մեկին իմ փոխարեն չեմ դրել կրակի տակ. այդ հարցում իմ սպայական խիղճն ու պատիվը մաքուր էին: Ես պարզապես սկսեցի կռվել միայն ինձ համար և իմ վերադարձի համար: «Իմ դուբլյոնկայի»՝ իմ կաշվի՛ համար, ինչպես սիրում էին կատակել այդպիսի առիթներով Աֆղանում:
Իսկ ահա շուրջբոլորը ծառայում էին յուրաքանչյուր մարտում առաջին գիծ նետվող և զոհվելու պատրաստ ու հատկապես զոհվելու մասին շատ էլ չմտահոգվող ընկեր-լեյտենանտներ:
Իսկ ես արդեն գիտեի: Ես կուլ էի տվել այն խոնավությունը, որն արբեցնում ու խելք է թռցնում: Ես արդեն չէի էլ ցանկանում կորցնել նույնիսկ Նինայի հետ անցկացրած երեկոյի մասին հիշողությունը. օ՜, ինչ երանություն է փնտրել ու տաքացնել դողացող, հագուստն արագ շպրտած կնոջը:
Եվ ես դարձա զգուշավոր, ինչպես աղվեսը, և դաժան, ինչպես հովազը, բոլոր նրանց նկատմամբ, ով կարող էր և կցանկանար սպանել ինձ: Եվ իմ Կարմիր Աստղի շքանշանը հենց ողջ մնալու և ոչ թե այն պատերազմում հատուկ քաջության համար էր:
Եվ ես ողջ մնացի:
Բայց հանկարծ պարզվեց, որ հոգուս մեջ բույն է դրել ոչ միայն թաքուն ուրախությունը դրա համար: Խցկվելով ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որ Միություն էր տանում մեզ փոխարինողներին, և իլյումինատորից նայելով մեզ ճանապարհողներին ու նրանց մեջ չգտնելով մեկն ու մեկին, որ կգար ինձ ճանապարելու, ես զգացի նաև վայրի գարշանք իմ իսկ հանդեպ, և վերջապես խոստովանեցի վաղուց հասկացածս. բոլոր դեպքերում, ես դավաճանել եմ այն լեյտենանտներին ու կապիտաններին, որոնք ճակատամարտի ժամանակ մտածում էին ճակատամարտի՛ մասին և ոչ թե սեփական կաշվի: Եվ դրա համար էլ լավ են արել, որ չեն եկել ինքնաթիռի մոտ: Պատերազմի ժամանակ դժվար է ինչ-որ բան թաքցնել, իսկ ավելի դժվար՝ ձևացնել: Եվ եթե ինձ այս կյանքի համար կանանց լողափում պաշտպանեցին լուսնաճանապարհը և Նինան, ապա հենց իրենք էլ ինձ ստիպեցին արհամարհել ինքս ինձ:
— Վերադարձիր, — իբրև կախարդանք շշնջաց Նինան այն երեկո՝ իր բնակարանում, — վերադարձիր ու գտիր ինձ:
— Հիմա արդեն կվերադառնա՛մ, — վստահ պատասխանեցի ես՝ այն ժամանակ դեռ չիմանալով, որ հետագայում, ամեն անգամ հիշելով աֆղանական պատերազմը, պիտի ատեմ ինքս ինձ, թեև ոչ մի բանում մեղավոր չէի:
Ես վերադարձա, բայց Նինայի մոտ չմեկնեցի: Եվ այն առողջարան մեկնելու ուղեգրերից էի կտրականապես հրաժարվում ամեն անգամ:
Բայց հնարավոր չէ խաբել ճակատագրին և հրաժարվել անցյալից:
Մի անգամ Պյատիգորսկի զորակոչային կետում ես դեմ առ դեմ հանդիպեցի Վերակենդանացնողին, որ, ինչպես ես, ինքն էլ էր եկել երիտասարդ զինվորների ետևից, ու թեև նրա կրծքին կպցված էին Կարմիր Աստղի շքանշանների երկու շերտաձողիկներ, մաշված բաճկոնի ուսադիրների վրա երրորդ աստղի փոխարեն երևում էին անցքեր:
— Աստիճանազրկել են անձնվեր լեյտենանտին, — հասկանալով իմ զարմանքը՝ բացատրեց Օլեգը, — անժամանակ խմելու համար:
Նա այդ րոպեին էլ էր արդեն լավ կոնծած, բայց երբ հայտնեց, որ Վիտկա Դեսանտայինըն այրվել է զրահամեքենայի մեջ, որը պայթել է ականառումբի վրա, մենք, միևնույնն է, մտանք մի ինչ-որ սրճարան՝ մեր վիշտը քամուն տալու: Ես իրար խառնվեցի. սեղան պատվիրեցի՝ անկախ իմ կամքից երկարացնելով հիշողությունների պահը, իսկ Օլեգը՝ հարբած, աստիճանազրկված, անխնամ, նստել էր հպարտ ու... ազնիվ: Իսկ Դեսանտայինի պատվին ասված երրորդ կենացից հետո նա ինչ-որ բան հիշեց.
— Սպասիր, բայց ես... Թվում է, թե... ես ինչ-որ տեղ էի գնալու:
— Ո՞ւր, — ես հիշում էի նրա պարտականության մասին, բայց այժմ դա էլ էր կարծես ինձ հասցնում իմ վիճակի գագաթնակետին: Եվ հետո, ո՞ւր պիտի նա գնար այդ անվայելուչ տեսքով: — Դե նստի՛ր:
— Ո՛չ: Ես պետք է ինչ-որ տեղ գնամ: Չեմ հիշում՝ ուր, բայց պետք է:
Նա ուժ գործադրելով վեր կացավ, գրկեց գլխարկը և, մինչ ես կհասցնեի բռնել իրեն, նա քայլ արեց պատշգամբի բազրիքի վրայով և ընկավ ներքև: Թմբիկի ստորոտում վեր կացավ, երկար ժամանակ թափ տվեց իրեն, ապա ավելի երկար հարմարեցրեց գլխին գլխարկը և սկսեց նայել չորս կողմը՝ փորձելով հիշել գնալիք ուղղությունը: Գլուխը վեր բարձրացնելու ուժ չուներ, իսկ ես, չգիտես ինչու, չգոռացի, չհիշեցրի, որ այստեղ եմ: Սոսկ նայում էի նրա ետևից՝ մինչև ծածկվեց մացառուտի ետևում:
Հետաքրքիր է, իսկ եթե Նինան այն երեկո հասներ սրան կամ Դեսանտայինին. աշխարհում՝ ճակատագրերի այսօրվա դասավորության մեջ, կփոխվե՞ր ինչ-որ բան: Իհարկե, մինչև լույս ծով, լողափ, բնակարան, կունենային նաև իրենք, բայց արդյոք նրանց կյանքն ա՞յլ կդառնար: Թե, այնուամենայնիվ, չե՛ս ջնջի այն ճանապարհը, որ գրված է ճակատիդ...
— Ձեզ դարձյա՞լ ինչ-որ բան, ընկե՛ր կապիտան, — մոտեցավ մատուցողուհին:
Ես վերջին հաճախորդն էի, և նա, հավանաբար, կարող էր իրեն թույլ տալ լրացուցիչ ուշադրություն:
— Ներեցե՛ք, իսկ... այստեղ՝ ձեզ մոտ, կանանց լողափ կա՞:
Աղջիկը, ցանկությունս գրանցելով իր հաշվին, կարմրատակեց, և հարկ եղավ ներողություն խնդրել.
— Ոչ-ոչ, ես դա պարզապես հիշեցի:
— Բայց մենք այստեղ ծով չունենք, որտեղի՞ց լինի լողափ, — զգույշ ժպտաց մատուցողուհին:
Եթե ես հարբած լինեի, երևի հարցից չզարմանայի: Բայց ամեն ինչ ճիշտ է՝ ձայնապնակը ետ չի պտտվի:
— Այդ դեպքում՝ մեկ գավաթ շամպայն:
Եվ խմեցի Նինայի, մեր երեքից դեռ ողջ մնացածների, չխմածների և ոչ մեկին չդավաճանածների կենացը: Իմ մի փայ կյանքի, անսպասելիորեն այդպես գեղեցիկ և այդպես անիծյալ դարձած կյանքի կենացը...