Հոլանդական հարմարավետ վառարանի նման սալիկապատ...
* * *
Հոլանդական հարմարավետ վառարանի նման սալիկապատ
Իմ այս տիեզերքում —
Սառը, ազդրերն ինչպես լճակից նոր ելած ջրահարսի,
Ինչպես Սուրբ Ծննդյան գիշերը — ցուրտ ու տաք,
Արծաթափայլ, ինչպես ջուրը աշնանային սկիհներում,—
Երկինքը բացվում է պղնձե բանալիով զարդատուփի նման,
Եվ այս սեպտեմբերյան նվիրական օրով
Սալիկապատ երկնքից իջնում են ափերիդ մեջ
Աստղեր, հրեշտակներ, ձկներ տեսակ-տեսակ եւ սրտիկներ սաթե:
Իսկ թե մուկ հայտնվի իմ այս սալիկապատ հեքիաթային տանը,
Եվ լռությամբ իր գորշ վախեցնի քեզ, կրծի եւ խշխշա,
Եվ թվա, թե մոխրե բկաբորբի ցավն է քերում կոկորդը քո,
Եվ նա համարձակվի խախտել սալիկներից բեկվող լույսի ճամփան,—
Մենք կբանանք վերին ոլորտները, թող վազվզի քամին
Վարագույրների մեջ: — Եվ այնտեղ, բարձունքում,
Տիրոջ կատուները փետրակալած՝ կբռնեն ամպերը —
Սպիտակ ու կապույտ՝ ճերմակության վրա էմալային:
Եվ ծվծվա պիտի մուկը պահակների ատամների վրա,
Եվ ալ սարդոստայնի նման կպտտի քամին իր արծաթե սլացքի մեջ նրան,—
Մինչեւ անձրեւային կաթիլ դառնա արյան եւ ընկնի մեր այգու
Թփուտի մեջ, ինչպես հատապտուղն աշնան:




