Հրաշքի և տխրության տարի
(հատված վիպակից)
<...>
Թվում է, հենց նոր եմ աչքս փակել, իսկ մայրս, իրար անցած, արդեն ցնցում է ուսս:
— Վե՛ր կաց: Եկել են ետևիցդ: Ձուկ բռնելո՛ւ:
Երբեք այդքան վաղ տեղիցս ելած չկամ, բայց այստեղ, դեռ լրիվ չարթնացած, անկողնուց ցատկեցի ու սկսեցի շտապով շալվարը քաշել վրաս:
Իսկ այդ առավոտ Բայկալը լրիվ ուրիշ էր, և անհավատալի է, որ երեկ ափից մինչև անսահմանություն լուսավոր հարթություն էր առանց մի կնճռիկի, և ընդհանրապես հնարավո՞ր է արդյոք նման բան, չէ՞ որ սա ծով է, և ամենաթույլ քամին ջրի վրայով ալեծալք է քշում, իսկ երբ պրծնում է այդ քամին, ալեծալքը, ասես մուգ կապույտ նետ, դեռ երկար գնում է նրա ուղղությամբ: Այսօր հենց այդպես էր: Բայկալը կապույտ էր, բայց կապույտի վրայով սուր-սուր սեպերով հարավից հյուսիս տարածվում էր ավելի կապույտ ալեծալքը. սկզբում, երբ հասանք ափին, այդպես էր:
— Կուլտուկ կլինի: Էդ լա՛վ է, — ասաց Յուրկան, իսկ նրա կինոմեխանիկ եղբայրը հավանությամբ գլուխը տմբտմբացրեց:
Մենք քայլում էինք երկաթուղու պաստառի եզրով, և այդ ընթացքում Յուրկան ինձ շատ բան պատմեց Բայկալի մասին, ինչը պիտի իմանա ամեն ոք, եթե անգամ Մոսկվայում է ապրում, որովհետև այսպիսի մի Բայկալ ուրիշ ոչ մի տեղ չկա ու չի լինի:
— Կուլտուկ կլինի, — կրկնեց Յուրկան: Ու ես արդեն գիտեի, որ շուտով հարավից կգան ալիքները, ու դա լավ է ձկնորսության համար, նշանակում է՝ հորձանքը ձկներին կքշի մեր ափը, ու կմոտենա իսկական ձամբռիկ ձուկը, այսինքն՝ ձամբռիկը, որ շատ մեծ է և ապրում է խորքերում, իսկ ափերին մոտենում է հորձանքի ժամանակ, քանի որ հորձանքը խփում է ալիքներին ու քարերի տակից դուրս հանում մանր ծովաձկների ձկնկիթը, այն նույն ձկնիկների, որոնց Սվետկան երեկ ձեռքերով բռնեց: Էգ ծովաձուկը լողում է հատակի՝ քիպ չնստած քարերի տակ, շրջվում փորն ի վեր ու խավիար է ածում, ու դա՝ հենց ափին, որպեսզի մեծ ձկները չուտեն: Ձկնորսներն այդ խավիարը հավաքում են, աղում, մամլում ու դրանով են բռնում ձամբռիկներին: Իսկ այդ խավիարը ուտել չի կարելի: Տհաճ է: Դառը:
Մենք գնում ու գնում էինք, ու ես չէի կարողանում հասկանալ՝ ինչու ենք գնում, ախր շուրջը միանման ջուր է ու քարքարոտ ափ:
Մյուս ափը չէր երևում, այնտեղ միայն թխամպերն էին համարյա պառկած ջրի վրա, կամ այդպես թվում էր: Իսկ մեր ափին անհասկանալի ինչ-որ բան սկսեց ճողփացնել, որովհետև հորձանք չկար, միայն մուգ կապտավուն ծփանքն էր անհանգիստ շարժվում դեսուդեն՝ մեկ ափի երկայնքով, մեկ դեպի ափը, երբեմն շուրջն ամեն ինչ ծածկվում էր մութ ալեծփանքով, և արդեն ոչ թե կապույտ, այլ մուգ մոխրավուն, համարյա սև գույնի էր, բայց հենց հանդարտվում էր քամին, ջուրը կրկին կապտում էր, ու ես ուրիշ գույն չէի ուզում՝ երկնագույնից բացի, որովհետև երկինքն էլ, ճիշտ ինչպես ջուրը, ոչ մի կերպ չէր կարողանում իր համար մշտական գույն ընտրել այդ առավոտ, և ինքն էլ մեկ կապույ-
տով էր լցվում, մերթ շերտավորվում հորիզոնով մեկ ցրված ամպերի փետուրներով:
Հեռվից երևաց գնացքը, ու քանի դեռ սլանում էր մեր կողքով, մենք կանգնած էինք պաստառի եզրին, իսկ սրընթաց առկայծող ու դղրդացող վագոններին կարելի էր ձեռքով հպվել:
Երկաթգիծն անցնում էր ապառաժոտ նեղ շերտով՝ ափի երկարությամբ, որի վերևում մինչև երկինք հասնող համարյա ուղղահայաց, ասես կտրտված ժայռեր էին: Քանի դեռ գնացքը մեզ պահում էր հողաթմբի եզրին, ես, գլուխս ետ գցած, փորձում էի պատկերացնել ժայռերի բարձրությունը, և ինձ թվում էր, որ նրանց բարձությունը բազմակիլոմետրանոց է, որովհետև գագաթները չէին երևում՝ ծածկված էին մեզ վրա կախված զարալանջով:
Հետո մի քիչ էլ գնացինք ու շատ չանցած՝ քարքարոտ ձորակով իջանք հսկայական քարերով ծածկված ափի մոտ: Ջրի մեջ՝ երկու տեղում, դուրս ցցված երկու փայտակոճերը քարերով ճզմված-ամրացված էին ափին: Այդ տեղին ասում են լաստակ: Այնտեղ փոս կար, այսինքն՝ վերջին քարից հետո անմիջապես զառիվայր էր, ու ջրի խորությունը հասնում էր ութից տասը մետրի: Հորձանքի ժամանակ այսպիսի տեղերում է ափին մոտենում ձամբռիկը: Դրան բռնելու ամենալավ տեղը սա է:
Երբ իջանք ջրի մոտ, հորձանքն արդեն սկսվել էր: Ճիշտ է, ալիքները բարձր չէին, մեկը մյուսի ետևից գալիս էին հանդարտ ու անշտապ, ուղիղ ափին չէին մոտենում, այլ շեղակի, և ալիքն սկզբում միայն մի ծայրով էր խփվում ափին, ասես կառչում նրանից, իսկ երբ մյուս, երևացող ծայրն էլ էր հասնում ափին ու մեր ոտքերին, արդեն մի ուրիշ ալիք էր ընկնում քարի վրա՝ բռերով վեր նետելով փայլուն ցայտաշիթերը:
Յուրկան ու եղբայրը հանեցին նախորդ ձկնորսությունից հետո քարերի մեջ թաքցրած հսկայական կարթաձողերը: Քեռի Վիտյայի կարթաձողը յոթ մետր է, Յուրկայինը՝ հինգ ու կես: Կարթաձողերը մի քանի փայտեր են՝ երկաթե փոքրիկ խողովակներով իրար ամրացված: Ուսերին գցելով խավիար-խայծով պայուսակները՝ նրանք, երկինք ցցելով կարթաձողերը, գնացին-կանգնեցին նեղ, թաց փայտակոճերի վրա, որոնց վրա առանց կարթաձող էլ դժվար էր ոտքի վրա մնալ, խայծերն ամրացրին կարթին ու հնարավորինս հեռու նետեցին կարթաձողերը: Ազդրերին հենելով կարթաձողերը՝ նրանք քարացան այդ դիրքում՝ աչքերը սագի երկար փետուրներով լողաններին, որոնք սկսեցին օրորվել ալիքների վրա՝ մեկ թեքվելով ետ, մեկ՝ առաջ, ու ես մի քանի անգամ ցնցվում ու ճիչ էի արձակում, ինձ թվում էր՝ ձուկը կտցում է, բայց ձկնորսներն անշարժ կանգնած էին հանց քարե արձաններ, ու կմտածեիր, որ նրանք մոռացել են՝ ինչու են այդտեղ կանգնել:
Ձամբռիկը ազնվացեղ ձուկ է, չէ թե ինչ-որ պերկես կամ ծածան, որոնք հիմարի պես միանգամից կուլ են տալիս որդը մինչև որկորն ու քարշ տալիս լողանն ու կարթաձողը, ասես տեղեկացնելով ձկնորսին, որ գործն արված է, դե, քեզ տեսնեմ, ձգի՛ր: Ձամբռիկը նախ փորձում է խայծը պոչով գցել կեռիկից ու միայն դրանից հետո, եթե շատ սոված է, զգուշորեն կփորձի շրթունքով: Այդ դեպքում լողանը շա՜տ թեթև կցնցվի, ու պիտի կարողանաս նույն պահին դուրս քաշել: Իսկ փորձիր այնպես քաշել, որ չպատռես շրթունքը, որ ձամբռիկը խայծը բաց չթողնի, իսկ քո ձեռքում յոթմետրանոց կարթաձող է, կարթաթելն էլ՝ վեց մետր ջրի տակ:
Դե, իսկ դի՜րքը, որով ձկնորսները քարացնում էին փայտակոճերի վրա:
Կարթաձողի բութ ծայրը սեղմված է ազդրին, բարակ ծայրը մեկ մետր բարձրությամբ կախված է լողանի վրա, ձախ ձեռքը՝ ձախ ազդրին, մարմինը թեթևակի ետ թեքված, և այդ կեցվածքում, կարթաթելը ձգելու պատրաստակամությունից բացի, նաև ինքնատիպ կտրիճություն կա, և՛ թեթևություն, և՛ անվրդովություն, անգամ անհոգություն և՛ բացարձակ անտարբերություն՝ դեմքին: Իսկ փայտակոճը, ինչքան էլ քարերով ամուր ափին սեղմես, միևնույնն է, զսպանակվում է ոտքերիդ տակ, և ալիքներն են խփում ոտքերիդ, իսկ եթե ձուկը կտցի, պետք է կարթը դուրս քաշես, ձախով բռնես ձամբռիկը, կարթաձողը մարմնիդ սեղմած՝ ձուկը հանես կեռիկից, գցես պայուսակը կամ ափ շպրտես, խայծն ամրացնես ու նորից կարթաթելը նետես՝ թափահարելով հսկայական կարթաձողը, և այդ ամենով հանդերձ՝ պահես հավասարակշռությունդ՝ ոտքդ չսայթաքի, կարթաձողը չշրմփացնես ջուրը: Ձամբռիկը վախլուկ է: Ձկնկիթը հազիվ է մնում կեռիկի վրա և անհաջող ձգելու դեպքում կընկնի կեռիկից, իսկ դու նորից խայծ դիր:
Մի տասը րոպե հետևելով ձկնորսներին՝ հարգեցի նրանց հուզվելու աստիճան: Իսկ մի երկու րոպեից հետո ննջեցի՝ հենվելով քարին, ու երազումս տեսա, որ ջրից, քարերի արանքից դուրս պրծավ վիթխարի ձուկն ու բերանը բացելով՝ բարձրաձայնեց. «Քնով անցար, որսո՛րդ», — ու քրքրջաց:
Այդ պահին ինչ-որ բան խփվեց փորիս, վեր թռա ու տեսա ձուկը՝ ոտքիս մոտ: Յուրկան ու քեռի Վիտյան քրքջում էին:
— Ցա՛խ հավաքիր: Խարո՛ւյկ վառիր: Տապակելու ենք:
Ու քեռի Վիտյան ցույց տվեց, որտեղ կարելի է ճյուղեր հավաքել:
Մինչ ես խարույկն էի թեժացնում, մեկը մյուսի ետևից ափ թռան ութ ձուկ՝ մեծ ձամբռիկներ, ինչպես ասաց քեռի Վիտյան, ամեն մեկը՝ ամենաքիչը երկու ֆունտ:
Հետո կտցահարումը դադարեց: Ձկնորսներն ափ ելան, կարթաձողերը դրեցին քարերին ու սկսեցին ձուկը տապակել ինձ անծանոթ ձևով: Ձուկը փաթաթեցին լրագրի մեջ ու դրին խարույկը՝ հենց ածուխների մեջ, իսկ երբ հանեցին, լրագիրը թեթևակի դեղնած էր, տեղ-տեղ անգամ տառեր էին երևում: Իսկ ձուկը հրաշալի տապակվել էր, մնում էր միայն աղ ավելացնել:
Մինչև տապակվում էր ձուկը, մինչև կերանք, մինչև սպասում էինք լավ հորձանքի, քեռի Վիտյան ինձ պատմում էր Բայկալի մասին: Կուլտուկ հորձանքի ու Բարգուզին հորձանքի մասին, Սառմա քամու, որ ժայռերից պոկում էր ծառերն ու գցում ջուրը, հյուսիսում գտնվող Օլխոն կղզու մասին, թե ինչպես Բայկալը մինուճար աղջիկ ուներ, ու որ նա փախավ իր փեսացու Ենիսեյի մոտ, իսկ զայրացած Բայկալը ժայռը շպրտեց նրա ետևից, որը մինչև օրս էլ ցցված է ջրերից, որտեղ սկսվում է Անգարան:
Ես լսում էի, իսկ հոգիս, չգիտես ինչու, տագնապում էր: Ինձ թվում էր՝ ինչի մասին որ նա պատմում է, արդեն գիտեմ կամ իմացել եմ երբևէ, բայց մոռացել եմ, բայց այդ ամենը այնպես չի եղել, ինչպես նա է պատմում, այլ բացարձակապես ուրիշ, ու թեև անվանումներն ու անունները միանման են հնչում, բայց ոչ այնպես, ինչպես ես եմ լսել ինչ-որ ժամանակ: Ես ոչինչ չկարողացա հիշել, բայց ամբողջ ընթացքում ուզում էի հակաճառել...
Հետո քեռի Վիտյան երգեց.
Հնում՝ շատ վաղուց է եղել,
Դարերով է անցել տարին,
Երբ Բայկալը տեղից շարժեց,
Տեղափոխեց կապույտ լեռը:
Հիմա էլ նրա բեկորները
Դեռ պառկած են ջրերում,
Նաև հսկա քարվաստները
Հոսանքի ինչ-որ տեղում:
Մնացածը ողջ տարել են
Արագ գետի ջրերը,
Բայց լեգենդը սրբությամբ պահել են
Հնաբնակ ձկնորսները:
Ձեզ կպատմեն նրանց թոռները,
Նրանց մեջ է այն ապրում,
Բայց անհայտ է լոկ անունը
Թե ումից է նա սերում...
(Թարգմանությունը՝ տողացի):
Իսկ այդ ընթացքում ալիքներն արդեն խփվում էին քարերին, որոնց ետևում մենք էինք նստած, իսկ հորձանքի աղմուկը ստիպում էր ավելի ու ավելի բարձր խոսել: Մյուս ափը, ընդհակառակը, պարզվեց, ու ես առաջին անգամ տեսա սարերը, որոնք,
ինչպես ասաց քեռի Վիտյան, մերինից բարձր են, սրածայր գագաթներին՝ ձյունե գլխարկ-
ներով: Մինչև այն ափը քառասուն կիլոմետր էր, բայց շատ ավելին էր թվում: Աջ ու
ձախ կողմերում բացվեց տեսադաշտը: Երկու կողմերից ջուրը գնում էր դեպի երկինք,
կամ երկինքն էր իջնում ջրի մեջ, ու միայն թույլ, հազիվ նկատելի գծով նշմարվում էր հորիզոնը:
Ալիքներն արդեն ոչ թե գլորվում էին, այլ ասես ինչ-որ մեկը նրանց հրում, շտապեցնում էր, ու դա զայրացնում էր նրանց և իրենց զայրույթը թափում էին քարերի ու միմյանց վրա, երբ քարակուտակ բախվում էին ափին: Ջուրն այդ պահին եռում ու փրփում էր ու զարկվում ջրապտույտում: Ափին համարյա քամի չկար: Քամին հածում էր ինչ-որ տեղ՝ մեջտեղում, այնտեղ ջուրը վերածում էր ալիքների և այնտեղից էլ քշում դեպի ափը:
Ձկնորսները կրկին գրավեցին իրենց տեղերը կոճափայտերի վրա: Ալիքները բախվում էին կոճափայտերին, խփում ոտքերին ծնկներից վերև այնպես, որ բարձրաճիտք կոշիկներն անգամ չէին փրկում: Հակառակ քեռի Վիտյայի սպասումների ու հավաստիացումների՝ ձուկը չէր կտցում, ու կես ժամից թեթևակի խամրած ինքնասիրությամբ ձկնորսներն ափ ելան, ջուրը թափեցին կոշիկներից, շալվարի փողքերը մզեցին ու
շարժվեցին դեպի տուն:
— Մենք ի՞նչ գիտենք ձկան մասին, — դատաբանում էր քեռի Վիտյան, — որ այն պետք է ուտել: Իսկ թե ուրիշ ինչ գործեր ու հոգսեր ունի, մենք դա չգիտե՛նք: Բոլոր կանոններով նա պիտի կտցեր հորձանքի ժամանակ, բայց արի ու տես, որ չկտցե՛ց: Ուրեմն էլի ինչ-որ պատճառներ կան, որոնք մենք չգիտենք: Իսկ գուցե պետք էր մի քիչ էլ սպասել... Բայց դե, մեզ եղածն էլ բավական է:
Ու նա վեր նետեց ձկներով լի պայուսակը, ու պայուսակը ծանր թրմփաց նրա ձեռքի վրա:
<...>
Իսկ հետո եկավ ընկույզի ժամանակը, ու տղեկները մեկը մյուսի ետևից սկսեցին մի քանի օրով անհետանալ բայկալյան ափից: Հայտնվում էին խեժից սևացած ձեռքերով, այտերի, ճակատի ու վզի վրա նույնպես խեժի բծեր, ու թեև նավթով ու բենզինով խեժը հեշտ է մաքրվում, տղաները չէին շտապում ազատվել այդ հետքերից: Հիմա բոլորի գրպաններում ընկույզ էր, իսկ ափին՝ խարույկի մոտ, խոսակցությունները հիմնականում ընկուզային գործերի շուրջ էին պտտվում: Մեկը պարծենում էր, որ փայտե թակիչով խփել է մայրի ծառի բնին, ու մի հարվածից երկու հարյուր կոն է ցած թափվել, իսկ տասը կոն շպպացել է գլխին: Մեկ հարվածից ցած թափվող կոների թիվն աստիճանաբար հասնում էր հինգ հարյուրի, իսկ տղեկները խանդով զննում էին միմյանց ծոծրակները, որոնք իրենց վրա էին կրում ուղիղ նշանառության հետքերը:
Ինչ-որ մեկի թակիչը հարվածից կոտրվել էր, մյուսի մարագը՝ գիշերով հրկիզվել, երրորդի ուտելիքը գիշերով տարել էր կուղխը, մեկն էլ արջի թարմ հետքեր էր հայտնաբերել ձմեռանոցի մոտ:
Ու միայն ես էի լսողի ու հյուրասիրվողի դերում: Բոլորը ընկույզ էին հյուրասիրում ու պահանջում ասել՝ ում ընկույզն է ամենալավ բոված: Իսկ ես դրանք նույնիսկ ատամով չէի կարողանում ջարդել: Տղեկները կեղևը լայնակի կծում-ջարդում էին, ու մինչև ես մի տասնյակի հետ էի տանջվում, նրանք հասցնում էին մի բուռ ուտել:
Բայց ահա եկավ օրը, բացվեց առավոտը, երբ իրերով պարկը ուսած՝ քայլում էի մայրենուտ տանող նեղ արահետով: Ինձնից առաջ քայլում էր Սվետկայի հայրը՝ քեռի Սերյոժան, հետո՝ Յուրկան ու նրա եղբայրը՝ քեռի Վիտյան, իսկ ինձնից հետո Սվետկան էր՝ գալիս էր իմ հետքով:
Արահետը գալարվում էր, ոլորվում՝ մեկ բարձրանալով, մեկ գլորվելով ներքև, մեկ անհետանալով շրջադարձի ետևում: Արդեն երկու ժամ էինք քայլում, բայց հոգնություն չկար, կար ուրախություն, քանի որ հեշտ բան չէր մորս համոզել, որ ինձ թողնի, ու չէր էլ թողնի, եթե չլիներ քեռի Սերյոժան: Ինչ հիմարություն ասես, որ չասաց մայրս՝ փորձելով խանգարել՝ որ ես թույլիկ եմ ու չեմ դիմանա երկար անցումին, և որ կարող եմ մրսել գիշերը. չէ՞ որ մենք գիշերակացով էինք գնում, ու որ դեռ չեմ ապաքինվել հիվանդությունից, ու էլի շատ բան էր ասում՝ ավելորդ ու անարդարացի խոսքեր: Բայց ինչ եղավ, անցավ, հիմա քայլում եմ արահետով և այնքան եմ հեռու, որ ոչ ոք ինձ վերադարձնել չի՛ կարող:
Մենք դուրս եկանք մթնով, սկզբում ճամփան վատ էր երևում, ու բայկալյան պաղ առավոտի միջանցուկ քամիները ստիպում էին արագացնել քայլերը: Հետո լույսը բացվեց, հետո մեր թիկունքում հայտնվեց արեգակը, և թռչունների ճռվողյունը անսովոր խլացրեց ինձ: Բայց ինչքան առաջ էինք գնում, այնքան լռում էր շրջակայքը, այնքան մռայլվում էր անտառը: Հիմա մեր շուրջը միայն մայրիներ էին, ու նրանց ճյուղերին ու կատարներին կախված էին կոները, ու ես չէի հասկանում՝ ինչու ենք անցնում դրանց
կողքով և ինչու ենք շարունակում գնալ, եթե այստեղ կարող ենք սրտներս ուզածին չափ հավաքել: Հարցրի Սվետկային, նա ծիծաղեց.
— Սա ի՞նչ է որ... Ամեն ծառի վրա՝ տասը հատ: Մի շաբաթ պիտի թակես:
Ճանապարհին հետաքրքիր, անծանոթ, անհասկանալի շատ բան հանդիպեց, բայց մենք «գործով» էինք գնում, կանգ առնելու և աչք գցելու ժամանակ չկար: Հատկապես ապշեցնում էին հսկայական մրջնանոցներն ու արմատախիլ ընկած մայրիները:
Շատ անգամ արահետը երկատվեց, այդպիսի մի ճամփաբաժանի մոտ քեռի Սերյոժան հընթացս գոռաց ինձ.
— Տեսնո՛ւմ ես:
Ու ցույց տվեց մեզանից ձախ գնացող արահետը:
Մենք հասանք ճյուղերից ու ձողաններից սարքված մեծ մարագին: Արագ թեյ խմեցինք, ու սկսվեց աշխատանքը: Բաժանվեցինք երկու մասի:
Յուրկան եղբոր հետ գնաց մի կողմ, ես Սվետկայի ու հոր հետ՝ մյուս: Քեռի Սերյոժան կացնով կտրեց մեծ կեչին, փոքր սղոցով մեկ մետրանոց կոճղիկ սղոցեց, մեջտեղը թեք ակոս արեց ու այդ ակոսի մեջ երկար փայտ խփեց: Ստացվեց թակոց՝ այնքան ծանր, որ տեղից բարձրացնել չկարողացա:
Ես ու Սվետկան մեկական պարկ վերցրինք, իսկ քեռի Սերյոժան բռնատեղը գետնին հենած թակիչը դրեց առաջին պատահած մայրու դիմաց, հետո թակիչը ետ տարավ ու հարվածեց բնին: Ու թափվեցի՜ն կոները ծառի վրայից: Որոշները սուլոցով էին թռչում, ցրիվ գալիս բնի շուրջը, խփվում բնին ու թռչում տարբեր կողմեր:
— Հավաքի՛ր, — գոռաց Սվետկան:
Ես նետվեցի դեպի ծառը, սկսեցի փնտրել գետնի վրա, հազիվ հինգ կոն գտա: Քեռի Սերյոժան մեկ անգամ էլ հարվածեց, և այդ պահին մեջքիս այնպես շամփրեց, որ ճիչ արձակելով ընկա մամուռի վրա: Սվետկան ծիծաղից թուլացավ: Իսկ երբ մոտեցա, համարյա հիսուն կոն կար նրա պարկում:
Ա՛յ թե դժվար աշխատանք էր: Քեռի Սերյոժան թակում էր ու թակում, իսկ ես դեսուդեն էի վազում ծառերի տակ՝ կոներն ավելի շատ մամուռի մեջ խցկելով, քան հավաքելով: Իսկ Սվետկան վախ չուներ, նետվում էր կոները հավաքելու, երբ նրանք դեռ օդում թռչում էին ցած: Կոները խփում էին գլխին ու ուսերին, նա ճչում էր, ղժժում, քրքջում, իսկ ես չէի հասկանում՝ ինչպես է, որ ցավ չի զգում: Ընդամենը երեք անգամ կոնահարվեցի, ու գլուխս մղկտում էր, ձեռքս այնպես էր ցավում, որ դիպչել չէր լինի, իսկ ողնաշարս կարծես ճաքած լիներ...
Կռանալուց մեջքս փայտացել ու տնքում էր, նույնը ոտքերս. խրվում էին մամուռի մեջ, իսկ այնտեղ քարեր կային, ոտքերս մեկ լռվում էին, մեկ՝ ոլորվում, մեկ էլ սոթ տալիս:
Կոները հավաքում էինք կույտերով, բայց տարածքները մեկը մյուսի ետևից թափ տալուց հետո հեռանում էինք ինչ-որ ուղղությամբ, ու ես չէի հասկանում, թե հետո ինչպես ենք գտնելու այդ կույտերը:
Երբ ինձ թվաց, որ մի քայլ անելու ընդունակ էլ չեմ, քեռի Սերյոժան ասաց՝ Սվետկայի հետ գնանք մարագ ճաշի պատրաստություն տեսնելու: Ու երբ Սվետկան «Գնացի՛նք», — գոռաց, ես պլշեցի աչքերս. չէի պատկերացնում, թե որ ուղղությամբ պիտի շարժվենք: Սվետկան այնպես ինձ տարավ, ասես գյուղում էր քայլում, ու պարզվեց՝ դա շատ մոտ է, որովհետև մենք պտտվել էինք մարագի չորսբոլորը: Մինչ մենք ճաշ էինք եփում, քեռի Սերյոժան ու քեռի Վիտյան սկսեցին կոները քարշ տալ մարագի մոտ: Բերում էին պարկերով, դատարկում ու գնում մնացածը բերելու:
Սվետկայի եփած ապուրն այնպես կերա, ինչպես երբևէ չեմ կերել մորս եփածը, ու հավատս չէր գալիս, որ կշտանալու եմ: Հետո պառկեցի մեջքիս ու միանգամից քնեցի: Ինձ արթնացրին, ու մենք գնացինք աշխատելու: Ճաշից հետո աշխատելը զարմանալիորեն հեշտացավ, ասենք, ես էլ արդեն քիչումիչ վարժվել էի, սովորեցի տեսնել՝ ուր են ընկնում կոները, արագ գտնել դրանք, խույս տալ հարվածներից, թեև Սվետկան էլ դրանցից խուսափել չկարողացավ:
Երեկոյան կողմ մեզ նորից ուղարկեցին ճաշ եփելու, ու նորից ինձ համար դա ճիշտ ժամանակին էր, աներևակայելի՛ էր հոգնությունս:
Տղամարդիկ մեկտեղեցին կոները. մի բլուր հավաքվեց: Հետո կտրեցին ծառերի չորացած ճյուղերն ու քարշ տվեցին մարագի մոտ: Խարույկը վառվելու էր ամբողջ գիշեր, որովհետև ամբողջ գիշեր պիտի մշակեինք կոները: Մարագից դուրս բերեցին մեծ բրեզենտն ու փռեցին գետնին: Այնտեղից էլ հայտնվեցին տարբեր մեծության անցքերով երկաթե թավաները՝ մաղերը: Խարույկը բոցկլտաց:
Ավելի վաղ էր ուշադրությունս գրավել կտրիչ ատամներով մեծ կոճղը: Այդ ատամների վրա շարում էին կոները, նույնանման կտրիչ ատամնավոր ոչ մեծ տախտակով խփում ու մի շարժումով մանրացնում կոնը: Եվ այդ կերպ պիտի մշակեինք բլուրը: Հետո ընկույզները պետք է մաղեինք երեք մաղերով ու վերջում բովեինք խարույկի վրա, բայց այս անգամ՝ անցք չունեցող թավաներում:
Տղամարդիկ ու Յուրկան մանրացնում էին կոները, իսկ ես ու Սվետկան լցնում էինք մաղերն ու առանձնացնում ընկույզները: Այն տեսակ աշխատանք էր, որ նույնիսկ
չնկատեցի՝ ինչպես սկսեց մթնել, ինչպես իջավ գիշերը: Կոների բլուրը, թվում էր, մի փշուր էլ չի փոքրանում: Բայց երբ կարծես փոքրացավ, մաղելու համար մեզ միացավ Յուրկան, ու իմ գործը մի քիչ թեթևացավ: Մաքրած ընկույզներով առաջին թավաներն արդեն կրակի վրա էին, և ինձ հանձնարարեցին խառնել, որ չվառվեն, բայց նրանք
վառվեցին, ընկույզները ջարդվում ու շիկացած կեղևով կրակում էին ուղիղ երեսիդ:
— Ա՛յ հիմա կիմանաս ընկույզի արժեքը, — ասաց քեռի Սերյոժան: — Էլ երկրորդ անգամ չես ուզի գալ:
— Կուզե՛մ, — հազիվ թե անկեղծ պատասխանեցի ես:
Ամեն ինչ ունի ավարտ: Ավարտվեց նաև մեր աշխատանքը: Մաքրած ու բոված ընկույզներով կաթսայիկները մեր ուսպարկերում էին: Ինձ չորս կաթսայիկ հասավ այն հաշվարկով, որ ոչ ավելին չեմ հաղթահարի: Սվետկային ևս՝ չորս: Իսկ Յուրկային՝ վեց. դա վիրավորական էր: Ես Յուրկայից թույլ էի, բայց ինչո՞ւ Սվետկային հավասարեցնել ինձ հետ: Բայց ես չվիճեցի:
Իսկ քեռի Սերյոժայի ու քեռի Վիտյայի պարկերը սարսափելի էին, նույնիսկ չէիր հավատում, որ դրանք հնարավոր է գետնից պոկել:
— Իսկ հիմա քնե՛ք, հանգստացեք, — հայտարարեց քեռի Սերյոժան:
Պարզվեց՝ մարագում ծածկոցներ կան, թեև հին, բայց օգտագործելի, բամբակաբաճկոններ ու նույնիսկ գլխարկներ: Բայկալյան տայգայում գիշերները ցուրտ են, այդ մեկը արդեն գիտեի:
Ավագները տեղավորվեցին խարույկի մոտ, իսկ երեքիս տրամադրեցին մարագը: Յուրկան անմիջապես ներս գնաց, իսկ ես ու Սվետկան խնդրեցինք մի քիչ էլ նստել խարույկի մոտ:
Մթամած գիշեր էր: Ու նոր միայն, չորսբոլորս նայելով, զգացի՝ ինչ սարսափելի է այստեղ: Խարույկը լուսավորում էր միայն բացատը, լույսն ավարտվում էր երկու քայլից, իսկ դրանից այն կողմ ամեն ինչ լցված էր սարսափելի ստվերներով, խշշոցներով, ձայներով՝ անծանոթ ու տագնապալի: Երկնքի հենքին երևում կամ գուշակվում էին մայրիների կատարները, ու թվում էր, դրանք իջնում են վրադ՝ պատրաստ ամեն րոպե թափվելու գլխիդ որպես գիշերային հրեշներ: Խավարի մեջ շարժում էր նշմարվում. ինչ-որ մեկը թաքուն մոտենում էր կամ պտտվում մոտերքում. ուզում էիր սեղմվել կրակին ու թաքնվել նրա մեջ:
— Վախենալո՞ւ է, — շշուկով հարցրեց Սվետկան:
Ես նվնվացի՝ իբր թքած ունեմ:
— Իսկ ես միշտ եմ գիշերը վախենում, — խոստովանեց Սվետկան, ու ես այդ ժամանակ համաձայնեցի, որ, այո՛, հաճելի քիչ բան կա:
Բոլորն արդեն քնել էին, իսկ մենք նստել ու լսում էինք գիշերային ձայներն ու նայում էինք խարույկին, և ինձ սահմռկեցնում էր մութ մարագը, ես ասացի, որ կմնամ այստեղ: Փաթաթվելով բամբակաբաճկոնի մեջ՝ հենվեցի ատամնավոր կոճղին ու շատ չանցած՝ քնեցի:
<...>
Բայկալյան աշունը չհասցրեց այրվել-հանգչել իր բոլոր գույներով, երբ ձյուն եկավ՝ սառնամանիքով: Ձյունն, իհարկե, հալվեց, բայց հասցրեց խփել գույնին, ու երկու օրում ամեն ինչ գունաթափվեց:
Կիրճով ետուառաջ էին սուրում պաղ միջանցուկ քամիները՝ իրենց հետ բերելով անձրևներ ու խոնավություն: Իսկ Բայկալն անդադրում փոթորկվում էր: Հիմա նույնիսկ պարզ օրերին երկնագույն չէր, հիմա ավելի հաճախ գորշ էր, կապարագույն, ու միայն երբ կուլտուկ հորձանքն էր գալիս փրփրած բաշերով, մուգ-մուգ-կապույտ էր դառնում այդ ժամին:
Բայկալյան աշնան երկրորդ կեսը տարվա ամենատխուր ժամանակն է: Պաղ անձրևներ, պաղ քամիներ, խստաշունչ ու անհյուրընկալ ծով:
Երկրորդ անգամ եկած ձյունն արդեն չէր հալվում, և սկսվում էր ձմեռը: Կիրճով հոսող գետակը ծածկվեց սառցածածկույթի շերտերով, բայց որ նայում ես, չես հավատում սառնամանիքի ուժին, ախր ջուրը բառացիորեն ոստոստում է քարերի վրայով: Բայց մի գիշեր նրա վերջն եկավ ու լուսադեմին փայլատակող սառցով քարացավ շարժման մեջ, ու դա հրաշք էր՝ հե՞շտ է պատկերացնել, որ շարժումը կարելի է կանգնեցնել ու սառեցնել: Բայց այստեղ ջրի կասկադներն ու շիթերն անշարժացել են անկման ու ցատկի պահին, և անգամ ցայտքերը քարերի վրա սառցակալել են խոշոր մարգարիտներով, իսկ քարերը՝ պատվել փայլուն թաղանթով: Բայց գետակը սնվում էր նաև ստորջրյա պստլիկ գետակներով, ու շատ չանցած՝ սառույցը սկզբում տեղ-տեղ փքվեց, իսկ հետո սառցե հրաբուխները պայթեցին, ու ջուրը ժայթքեց սառցից վերև: Սառույցը վերևում ավելանում էր, ու տղեկներն ասում էին, որ գարնան մոտիկ որոշ տեղերում սառույցը մինչև մետրուկես հաստություն կունենա: Մի՞թե հնարավոր է դրան հավատալ, եթե գետակի առավելագույն խորությունը ծնկներիդ չի հասնում:
Շուրջն արդեն ձմեռ է, սպիտակ գույնը իր մեջ խեղդել է ամեն ինչ՝ լանջերի կանաչ եղևնիներից ու մայրիներից բացի, բայց այդ կանաչն էլ վառ չէ և ընդհանրապես չի ընկալվում որպես կանաչ, այլ պարզապես մուգը սպիտակի վրա:
Ու միայն Բայկալն է ճերմակ սառցածածկույթի զարդանախշերի մեջ դեռ պահպանել, գոնե արևոտ օրերին, իր մուգ կապույտը: Փոթորիկներն անցնում են ափից ափ ու ափերի երկայնքով, թվում է, Բայկալը մրսում է ու փոթորկվում է տաքանալու համար: Առափնյա ծանծաղուտով սառցածածկույթի շերտերը, ասես շոշափուկներ, ափից հեռու են սողացել, բայց ծովը դեռ դիմադրելու ուժ ունի, իսկ սառնամանիքը ծովին հաղթելու ուժը դեռ չունի:
Տղեկների համար սկսվել է նոր ուրախություն՝ չմուշկներ: Չմուշկները պարաններով կապում-ամրացնում են կաճյակներին, բայց եթե խաղում են, օրինակ, կիրակի առավոտից երեկո, ի՞նչ պարան կդիմանա: Դրա համար էլ կոշիկն ու պարանը թեթևակի թրջում են ու որոշ ժամանակ պահում ձյան մեջ, ու չմուշկներն սերտաճում են կաճյակներին: Ոտքերին ծանրություն է, փոխարենը հուսալի՛ է:
Մեռյալ ժայռից մինչև Բայկալի ափը, կիրճի՝ տներից ազատ տարածությունը ծածկվել է սառցով: Մենք հասնում էինք մինչև ճամփաբաժնի խոր ձորակն ու այնտեղից ներքև սահում երբեմն առանց կանգառի, երբեմն էլ թռիչք էինք կատարում ծերպի մեջ, և այդ ժամանակ մենք, գունդ ու կույտ դառած, պտույտ գալով ու թպրտալով սղղում էինք ներքև, հետո նորից կանգնում էինք չմուշկների վրա ու սլանում դեպի բայկալյան սառցածածկույթի շերտերը:
Նաև երեք տախտակ էինք իրար մեխում, դնում չմուշկների վրա, երկուսը՝ ետևում, մեկը՝ ղեկային, առջևում: Մի քանի հոգով պառկում էինք վրան ու կիրճով սլանում դեպի Բայկալը:
Երեկոներն ու կիրակիները կիրճով մեկ զրնգում էր մանկական ղժվժոցը, ու դա գյուղի կյանքում ամենաաղմկոտ ու զվարթ ժամանակն էր:




