Թեյնիկից լսվող ձայնը
Ինչ-որ մեկը համառորեն ցնցում էր նրան: Բայց աչքերը բացել չէր ցանկանում: Այո՛: Ընկերների երեկվա «Տղաների հավաքն» անսպասելի ավարտ էր ունեցել: Այդպիսին, ավաղ, արդեն կատարվել էր: Որտե՞ղ էր նա դարձյալ հայտնվել: Տանը նրան արդեն վաղուց չեն ցնցել: Կոպերը դժվարությամբ անջատվեցին: Այսպե՛ս: Բոլոր դեպքերում, լավ կլիներ, որ աչքերը չբացեր: Ընդհուպ իրեն խոնարհվել էր մի նեգրի դեմք: Թերևս դա, իհարկե, կարելի կլիներ հասկանալ. հիմա նեգրեր հանդիպում են նաև մեր փողոցներում: Սակայն այս մեկը կոկարդե գլխարկով էր և վրան՝ «New York City» գրությամբ: Հենց այդպիսի մի գրություն էլ, միայն թե ավելի խոշոր, կար նրա շապիկի
թևքի մոտ:
Այսպե՛ս: Փորձանքի մեջ ընկա: Իր կյանքում փորձանքների մեջ մեկ անգամ չէ, որ ինքն ընկել էր և միշտ էլ տակից դուրս եկել: Բայց որ կարող էր Լիտեյնի փողոցի Սպաների տան գարեջրի սրահում բաժակը բերանին տանելիս համարյա մեկ ակնթարթում հայտնվել Նյու-Յորքում, այդպիսի բան իր հետ երբեք չէր պատահել: Ամենից առաջ պետք էր լրջորեն վերլուծել իրավիճակը, թեև լրջության հարցում, ոնց երևում է, պետք է ուշադրությունը լարել: Մեջքը թմրեց. կարծես ինչ-որ բան էր հարվածել: Մի փոքր բարձրանալով՝ շուրջը նայեց. «ընկած էր» լայն, խորդուբորդ աստիճաններին՝ մեջքով փռված ետևի աստիճանի սուր եզրին: Բարձրում վեր էր հառնում շքեղ, գորշ մի շենք, որի ապակե պտտադռնից ներս ու դուրս էին անում մտավորական տեսքով մարդիկ:
«Փա՛ռք Աստծո, գոնե պատշաճ տեղ է, — քմծիծաղով մտածեց նա, — նշանակում է՝ հարգում են: Բայց ովքե՞ր»: Նա շատ լավ էր հիշում, որ «Պատրիոտ» խորտկարանում ինչ-որ բանի մասին խոսում էր մատուցողի հետ: Բայց Նյու-Յորք ինքը հաստատ չէր պատվիրել:
— Քեն այ հելպ յու, — հարցրեց ոստիկանը:
Այն, որ նա խոսում էր անգլերեն, վերջնականապես ջախջախեց Սիդորովին: Թեև հիմարություն կլիներ այլ բանի հույս ունենալ: Բայց նա, չգիտես ինչու, հույս ուներ:
Այդ խորտկարանի երիտասարդին խնդրե՞լ իրեն հասցնել Լիտեյնիի Սպաների տուն: Ճիշտ չի հասկանա:
Լա՛վ: Ամեն դեպքում, ինձ աղբանոցում չեն գտել: Ինչ-որ բան նշանակում եմ: Պետք է սևամորթ ընկերոջը հասկացնել այդ. ինքնավստահ վեր կացավ, ժպտաց ոստիկանին, մտահոգ կերպարանք ընդունեց. իբր կպատահի: Կարելի էր նրան ինչ-որ փաղաքուշ բան ասել, բայց ո՞վ իմանա, կարող է օտարոտի խոսվածքը մարդուն խրտնեցնի: Վե՛րջ: Դու քեզ հավա՛ք պահիր: Նա անբռնազբոս իջավ սանդուղքով: Իսկ հիմա պետք է անբռնազբոս գնալ: Ա՞ջ, ձա՞խ: Պիտերում նա դա հաստատ կիմանար: Իսկ այստեղ նա մոլորվեց: Երբ սահնակագնացքը լռվել մնացել էր անտարկտիկական «Միռնի» և «Վոստոկ» կայարանների միջև, մահը կողքին էր: Բայց, չգիտես ինչու, այն ժամանակ հանգիստ էր. զոհվելը մի բան է, խայտառակ լինելը՝ մեկ այլ: Այս «կանխիկով վճարվող քաղաքում», ինչպես իրեն կոչում էին դեռևս դպրոցում, խայտառակ լինել չէր ցանկանում: Այլ բան է յուրայինների մոտ:
Աստիճանները շրջապատված էին բարձր, երկու ծայրերում առյուծներ ունեցող եզրապատով: Ձախ առյուծի մոտ անփութորեն ոտքը ոտքին գցած՝ պառկած էր մազ-
մորուքով, քրջոտ մի ծերուկ: «Ոնց որ՝ ես լինեմ՝ ոչ հեռու ապագայում», — անցավ մտքով: Չգիտես ինչու, քրջոտը ոստիկանին բնավ չէր հետաքրքրում և հայացքը չէր հեռացնում Սիդորովից:
«Ջինսը «սեկընդհենդից է», բաճկոնը՝ արհեստական կաշվից: Կարգին քաչալ տղամարդ: Ի՞նչն է պակաս, — նույնիսկ թեթևակի վիրավորվեց, — դե վե՛րջ: Բարոյապես վերականգնվեցիր, — շշպռեց ինքն իրեն: — Հիմա սկսենք պարզաբանել: Տեղեկությունների համար դիմել այս ոստիկանին, պարզ է, չարժե: — միտքն արդեն աշխատում էր հստակ: — Ընթանանք այլ ճանապարհով»:
Սովոր չէր վախենալու: Պատանեկության ընկերների հետ հին օրերից ծակոտկեն նավակով կտրել-անցել էին աշնանային փրփրադեզ Լադոգան, իհարկե, միայն միակողմանի. ետդարձի ճանապարհին սուզվեցին: «Օբ» դիզելամոտորագնացը լռվել-մնացել էր սառույցների մեջ այնտեղ, ուր չէր կարող հասնել ոչ մի օգնություն: Դուրս պրծան: Մի անգամ՝ գործուղման ժամանակ, ընկերների հետ գրազ եկավ, որ ամբողջ Մոսկվան անկյունագծով կկտրի-կանցնի կես ժամում և իրենց ընդհանուր ընկերուհու տանը՝ Մոսկվայի հակառակ ծայրում, կվերցնի լսափողը: Թե ինչպես դա արեց, ինքն էլ չէր հիշում, բայց ներս ընկավ այն պահին, երբ զանգեց հեռախոսը, և ինքը. «Եվ ինչքա՞ն կարելի է ձեզ սպասել», — արտաբերեց:
Հիմա այդ «երիտասարդական խիզախությունը» նրան հասցրել էր Նյու-Յորք:
Ճիշտ է, դա արդեն «թոշակառուի խիզախություն էր». հազիվ թե այսպիսի թափի փորձառության համար պիտանի: «Տաքացել էի», — ինչպես իրենց խենթությունների համար երբեմն ասում էին ընկերները: Բայց բուռն կյանքից, կնոջ և լավագույն երկու ընկերների մահից հետո հանկարծ հայտնվել էր «կյանքից դուրս շպրտվածի դերում» և ահա ձանձրույթից համացանցի միջոցով ընկել այդ՝ միջազգային «Էդվենչյուրիս» իրապատում-շոուի մեջ, որ, ինչպես ծանրաբարո դարձած ընկերներն էին կատակում, թարգմանաբար նշանակում է «արկածներ սեփական քամակի վրա»: Եվ նրանց կատակը ակնթարթորեն հաստատվեց. «Ինչ պատվիրել էի, — հիշում եմ, ինչպես վճարեցի՝ ոչ: Հիմա այստեղ եմ վճարում»:
Շրջվեց: Ոստիկանը նրանից պարզապես աչք չէր կտրում: Երևի սիրահարվել է: Սիդորովը նրա կողմը թափահարեց ձեռքն ու հեռացավ: Հաշվենք, թե ինչքան ունենք առձեռն: Պարզվեց՝ ոչինչ. գրպաններում՝ ոչ մի ռուբլի: Թեև ռուբլին կարծես թե այնքան հաստատուն չէր, որ ընդունվեր ամենուր: Ամեն դեպքում, Նյու-Յորքում կարծես թե դեռ չեն վերցնում... Այնպես որ, մի՛ տանջվիր... Հետաքրքիր է, այդ «էդվենչյուրիստները» դրանով ի՞նչ էին ցանկանում ասել:
Այդ ամենը հորինողներին նա տեսել էր միայն մեկ անգամ, այն էլ ոչ թե գլխավորներին, այլ երևի ժամանակավորապես վարձվածներին, որոնք նույնպես չէին հասկանում, թե ինչ են անում, թեև իրենց երևակայում էին թոփ-մենեջերներ: Դա տեղի ունեցավ նեղլիկ Թիանավակային փողոցում, նախկին կոմսի, ապա մշակույթի տուն դարձած, հալից ընկած ինչ-որ առանձնատանը: Այժմ սատանան գիտի, թե այնտեղ ինչ է: Ի դեպ, դատելով ըստ գունեղ հայտարարության և տարօրինակ հասարակության, այնտեղ տեղի էր ունենում նաև սեռական փոքրամասնության փառատոն: Իհարկե, «էդվենչյուրիստները» հավատացնում էին, որ այդ փառատոնի հետ իրենք ամենափոքրիկ կապ իսկ չունեն: Զարմանալի էր, որ փոքրիկ դահլիճում, որտեղ հավաքվել էին «արկածներ որոնողները», շատ երիտասարդներ և գեղեցիկներ կային: Իսկ ինքը դրանց տարիքում ոչ մի միջնորդի էլ չէր դիմի, կիմանար, թե ինչ պիտի անի, է՜, երիտասարդություն:
— Խնդրեմ, լրացրե՛ք հարցաթերթիկը և 26 վերջնակետի «Գ» սյունակում նշեք, թե ձեր երազանքներից որոնք կցանկանայիք, որ իրականանան, — լսվեց բեմից:
— Իսկ դուք չե՞ք կարող նախորդ հաճախորդների ցանկությունները բարձրաձայնել, — դահլիճից հարցրեց նիհար մի ակնոցավոր:
— Այո-այո՛, — հավանությամբ աղմկեց հանդիսականը:
Վե՛րջ: Սիդորովը կտրուկ վեր կացավ: Եթե մարդիկ իրենց երազանքները վերցնում են պատրաստի ցանկից, ինքն այստեղ անելիք չունի:
— Դուք մեզ լքո՞ւմ եք, — բեմից սիրալիր հարցրեց չափազանց շարժուն թոփ-մենեջերը, որ կարող է և փոքրամասնության հետ ոչ մի կապ էլ չուներ, բայց այս դեպքում ո՞ր հորս դարդից կարմրեց բազուկի նման:
— Լքում եմ: Ոչ մի առարկություն չունեմ... Բայց ժամանակի խնդիր ունեմ:
— Այդ դեպքում դուք գուցե ձեր երազանքն ասեք բարձրաձայն:
Երազա՞նքը: Բայց դրանք՝ իր բոլոր երազանքները, վաղուց կատարվել են, և այն էլ՝ հրաշալի կերպով:
— Երազա՞նքս, — նա համենայն դեպս կանգ առավ: — Հանդիպել իմ առաջին սիրուն: Այսինքն՝ այն, ինչ եղել էր:
Ինչպես ասում էին իրենք՝ ընկերներով. «Ինքն էլ զարմացավ», որ նույնն ասաց մի պառավ կին. «Որտեղի՞ց իմանամ, թե ինչ եմ մտածում, նախքան լսելս, թե ինչ ասեմ»:
Զարմացա՜վ:
— Իսկ դուք համոզվա՞ծ եք...
— Այն բանում, թե նա ո՞ղջ է, — տեղնուտեղը միտքն հասկացավ Սիդորովը:
— Այո՛, — շփոթվելով ասաց բազուկը:
— Ողջ է: Բայց դժբախտաբար ապրում է Նյու-Յորքում:
Եվ ահա արդյունքը: Եթե իմանար, որ այդպես կստացվի, չէր ասի... Թեև, ճիշտն ասած, «Ուայ նոթ»՝ «ինչու ոչ»՝ ստուգենք մեր անգլերենը, բայց չհասցրեց:
— Հայրենակի՞ց, երկրացի՜... — հանկարծ լսեց կողքից:
— Ի՞նչ, — շրջվեց Սիդորովը:
Հաղթանդամ տարեց տղամարդ՝ հագին շապիկ և շորտեր: Հա էլի, — տարեց տղամարդիկ Նևսկի փողոցում այսպես ման չեն գալիս...առայժմ:
— Ինչպե՞ս ճանաչեցիր, — հարցրեց Սիդորովը:
Նման դեպքերում ռուսները մշտապես վիրավորվում են:
— Էհ, աչքերիցդ, թե չէ՝ էլ ինչպե՞ս, — ուրախացավ երկրացին՝ հրճվելով հարազատ խոսվածքով:
— Երևի, խիստ ես կարոտել:
— Հա՜... Էն էլ՝ ո՜նց... Ու էն էլ էնքան թունդ, որ երազումդ էլ չէիր տեսնի:
Խոսակցության թեման, ինչպես հասկացավ Սիդորովը, պետք է լիներ խմելը:
— Իսկ ինչո՞ւ «չէի տեսնի»: Պատահել է:
— Դու ինչո՞ւ ես էդպես գլուխդ կորցրածի նման:
— Կուզենայի զանգել... Իսկ կոպեկանոց չունեմ:
— Զիլ է, — հարգանքով արտաբերեց նոր ընկերը, — գոնե համարը հիշո՞ւմ ես:
— Հիշում եմ, — հանկարծ ասաց Սիդորովը և ցնցվեց. երևում է՝ սրանք իր ուղեղն էլ են մշակել. լրիվ հիշեց նրա հեռախոսահամարը, թեև երբեք այդ համարով չէր զանգել և առավել ևս չէր էլ սովորել: Այլ հենց այնպես լսել էր մեկ անգամ: Պատահաբա՞ր: Պարզվում է, ոչ պատահաբար: Ուրեմն «քթից բռնած՝ իրեն տանում են»:
— Դե մտիր, — ասաց նոր ընկերը:
Նրանք մտան խցիկ, որտեղ կախված էր սարսափելի մի հեռախոս: Սիդորովը ահռելի ճիգով թաքցրեց զարմանքը. հսկայական, տառերի ու թվերի միանգամից մի քանի «շարաններով»: Հայհոյես՝ կքրտնես:
— Դե՞, հայրենակի՛ց, երևի համբերությունդ կորցրիր:
— Յոթ հարյուր տասնութ... — ասաց Սիդորովը առաջին թվերը:
— Ա՜... Վերին Քվինս: Կարգին շրջանում ես ապրում:
Դա հաճելի էր լսելը:
— Ռեզիդե՞նտ, — աչքով արեց երկրացին:
«Միայն այդ էր պակաս», — մտքում ասաց Սիդորովը, սակայն ավելի խելոք բան չմտածեց, քան պատասխան աչքով անելը:
— Հետո՞:
Սիդորովը համոզված արտաբերեց ևս յոթ թիվ:
— Իսկ... Ա՞յս, — նա մատներն իրար շփեց, — պետք է գցել սարքի մեջ:
— Այոո՜: Դու երևի իսկապե՞ս օդապարիկով ես թռել-եկել... Ա՛ռ, վերցրո՛ւ լսափողը: Կասես՝ «Կոլլեկտ»: Հետո կասես անունդ: Բաժանորդի հաշվին կգրանցես, եթե, իհարկե, նա ցանկանա:
«Իսկ կցանկանա՞, — անցավ մտքով, — մենք վաղուց արդեն գեղեցիկ չենք»:
Խցիկում տոթ էր: Բոլոր դեպքերում, նա ծածկվել էր կպչուն քրտինքով: Լսափողից մի կոպիտ կանացի ձայն հնչեց: Ո՛չ, այդպիսի արագության նա չի տիրապետում: Եվ, վերջապես, կարողացավ արտաբերել. «Կոլլե՛կտ»:
Ձայնը լռեց: Եվ ապա նորից թմբկահարեց ուղիղ գլխին:
— Դե անունդ ասա, — խոսեց նոր ընկերը:
— Միստր Սիդորոֆֆֆ, — թվում էր, թե այդպես՝ երեք «ֆ»-ով ավելի պատկառելի կլինի:
— Դե՛, լավ մնա, — խփելով նրա ուսին՝ դուրս եկավ երկրացին:
Դռան ճեղքից վառարանի տաքություն ներս լցվեց: Ահա թե ոնց է սրանց մոտ՝ էստեղ. արևը այրում է հոկտեմբերին: Քրտինքը հոսում էր է առվի նման: Նա վախեցավ, ինչպես երբեք, և կնախընտրեր հիմա լռվել-մնալ Անտարկտիդայում: Խոսափողից բլթբլթոցներ ու դլդլոցներ էին լսվում, և այդ երաժշտությունից լավ բան նա երբեք չէր լսել: Թեկուզ երբեք չլռեր:
— Լսում եմ, — ասաց նրա ձայնը ռուսերեն:
Հասկացել էր ուրեմն... Երանի խմելու ջուր լիներ:
— Ողջույն, — խռխռացրեց ինքը:
Բոլորովին անուժ՝ դուրս պրծավ խցիկից: Բախտը բերեց. նոր ընկերը բռնեց:
— Դե՞:
— Կգա:
— Նույնիսկ այդպե՞ս: Ուրեմն սիրում է:
Ինչում ինքը համոզված չէր:
— Դե դու... էն բանը... քայլի՛ր, մի՛ կանգնի տեղումդ: Քայլի՛ր: Թեև էստեղ ազատություն է, բայց լավ կլինի չտարբերվես: Լա՛վ մնա:
Առաջին և, ինչպես երևում է, ամերիկյան վերջին ընկերը ձուլվեց խիտ ամբոխին: Չէ մի. խմեր հայրենակցի հետ, սիրտը բաց աներ, շապիկը պատռեր... Լքե՜ց... Այստեղ բոլորն են այդպիսին: Նա կարծես թե բոլորովին թուլացավ: Քայլել չէր ուզում, այլ նորից ընկնել սանդուղքներին: Բայց Իռան դժվար թե դա խրախուսի: Ինչպիսի՞ն է նա: Երեսուն տարի չեն տեսնվել: Բայց ձայնը կարծես թե հուզվեց: Նույն երկչոտն է՝ արտահայտության վերջում կարծես շնչակտուր լինելով: Բայց երկչոտ նա երբեք չի եղել: Հան-
կարծ հոսեցին արցունքները: Երևում է՝ բոլորովին է թուլացել:
Սկսվել էր կուրացուցիչ կավգոլովյան ձյունը: Ոտնահետքերի խորքում լույսը կապ-
տին էր տալիս: Իռան՝ հաստ սվիտերի մեջ, որ տվել էր իր ընկերը՝ Պետյան, հատկապես էր բարալիկ երևում: Ինքը՝ Սիդորովը, աղջկա հետ գնում էր կայարան, և բնությունը կարծես հուշում էր. «Իզուր ես մեկնում»: Արցունքները հոսում էին ու հոսում: Թվում էր, թե բևեռափայլից շուրջը փայլում է ամեն ինչ՝ բլուրների լանջերը, սառցալուլաները, ձյունածածկ սոճիները: Փայլ էր տարածվում նաև Իռայից, որին թողնում էր ընկերոջ մոտ: Մեկ օրով: Իսկ երեկոյան դիմավորեց ընկերը. «Ների՛ր, ծերուկ»:
(Այդ հիմա է ինքը ծերուկ: Իսկ այն ժամանակ ծերուկ չէր):
Կարծես վատ ստացվեց: «Ես ազնվորեն դիմադրում էի: Ուղիղ կես ժամ», — և ժպտում էր Իռան: Ամոթխածության ֆոնի վրա կաթվածահար էին անում նրա անպատկառության անսպասելի բռնկումները: Նույնիսկ Պետյան՝ «ընկերն» էր ավելի վատ զգում, կամ էլ գոնե ազնվորեն այդպես ցույց տալիս և «Եկեք կատարվածը համարենք ողբերգական սխալ»: «Եկեք... Բայց որպես ի՛մ սխալը», — փնթփնթաց Սիդորովը: Եվ ընդմիշտ հեռացավ այն խրճիթից, որ վարձել էին իրենք ցատկահարթակի թեքության մոտ: Արթնանում էին շրշյունից. «Շշշշ», «Շշշշ... Ցատկահարթակից արդեն թռչում էին «առաջին ծիծեռնակները»: Երեսուն տարի առաջ և ահա հանկարծ վերադարձել է: Արցունքները, ինչպես հիմա, հոսում էին: Ինչ արած, ինքը հենց այդպիսի Իռայի էլ սիրում էր: Այն ժամանակ ամբողջ գիշերը նստեց կայարանում: Լուսաբացից առաջ ննջեց և քիչ մնաց բաց թողներ առաջին գնացքը. հասցրեց ձեռքերը խցկել արդեն շարժվող գնացքի փակվող դռների արանքը և ետ հրել: Հեշտությամբ կարող էր զոհվել, բայց դա չէր սարսափեցնում նրան, նույնիսկ ուրախացնում էր: Միայն ճմռթված անկյուններով լուսանկարը մնաց. իրենք կանգնած են խրճիթի մոտ՝ ձյուների մեջ, և Իռան փչում է ցածրիկ տանիքից կախված սառցալուլաների վրա: Եվ սառցալուլաները փայլում են, և կարծես թե «քշվում են ու թեքվում», թեև, իհարկե, դրանք քամին է ծռել սառեցնելու ընթացքում: Բայց լուսանկարը հրաշք էր, «Սիրո հրաշք»:
Եվ մտածում էր՝ վերջ: Բայց... սառույցը հալվեց, ինչ-որ ընդհանուր գործեր առաջացան և հանկարծ Նյու-Յորքից հայտնվեց Պետյան: Եվ առաջին հերթին, որպես ամենագլխավոր մի բան, հայտնեց, որ նա իրեն էլ լքեց, ամուսնացավ մի խառնածին նկարիչի հետ: Մտածում էր՝ կուրախացնի՞:
«Խմե՛նք, ընկե՛րս, մեր ընդհանուր սիրո կենացը»: Այն Պետյան փոխվել էր, հասունացել: Եվ այն նույն՝ տրամվայի պարկին նայող պատուհաններով բնակարանում, որտեղ Սիդորովն այդպես էլ ապրում էր, հիշեցին անցյալը:
— Նա դրա՜ն էլ լքեց, — չգիտես ինչու, հիացմունքով գոռաց Պետյան: Էհ, վիրավորանքըն անցել էր: Մնացել էր միայն սերը... Ու դրան էլ ավելացած՝ արյան բարձր ճնշումը:
Հոգնեց սպասելուց: Շենքը, որի դիմաց դեռ քայլում էր նա, կարծես թե գրադարան էր: Ինքը նրան այդպես էլ ասաց. «...առյուծներով»: Քանզի գրադարաններ շա՛տ էր տեսել: Ինստիտուտ, ասպիրանտուրա, պաշտպանություն. այդ ամենը գրադարաններում էր պատրաստվել, այնպես որ, դժվար չէր այդ հաստատությունը ճանաչելը... Ոստիկանը պարզապես նրանից աչք չէր կտրում: Մի բան էր հանգստացնում. լրտեսներն իրենց այդպես չեն պահում: Այնպես որ, դժվար թե սա լրտես լինի: Բայց, ամեն դեպքում, անձնագիր, վիզա, նմանօրինակ բոլոր դատարկաբանությունները. ինչ-որ նման մի բանի մասին մտա՞ծել են այդ զվարճությունների կազմակերպիչ-խաղավարները, երբ նրան շպրտել են այստեղ:
— Կա՛նգ առեք, — բղավեց «բազուկն» այն ժամանակ, երբ նա արտաբերեց «սեր» բառը, — դուք շահեցի՛ք:
— Եվ... ի՞նչ:
— Ձեր երազանքը կիրականանա:
— Ե՞րբ:
— Դա մեր փոքրիկ գաղտնիքն է, — հենց այնպես՝ «փոքրիկ», — իսկ առայժմ, — շարունակեց «բազուկ» խաղավարը, դուք ստանում եք մրցանակը՝ թանկարժեք նվեր: Թեյնիկ ծլվլան, — և մեկնեց տուփը:
— Ինչպես թե, — զարմացավ նա: Թվում էր՝ տեխնիկական նորարարություններով իրեն չեն զարմացնի: Ինքն էր «Հայրենիքի Վահանը» վերակռել խոհանոցային իրերի... Բայց «ծլվլան»: Չի լսել:
— Օգտագործե՛ք, վայելե՛ք:
Ցանկանում էր շպրտել այդ իրը... Բայց թողեց մի տարօրինակ հույսով, որ այն կփոխի իր կյանքը: Եվ չսխալվեց: Քիչ էր մնացել ընկներ աթոռից, երբ թեյնիկը բլթբլթացնելով
«ծլվլաց»՝ չկուզիկանա՛լ: «Իի՜նչ», — ղժժաց Սիդորովը: Մի հատ էլ թեյնիկնե՜րը պիտի սովորեցնեն իրեն: «Եթե երազում ես առաջին սիրուդ հանդիպել, ուրեմն քեզ արժանավայել պահիր», — դա հնչեց կարծես դուրս եկող գոլորշու սուլոցով: Ինչ-որ տարօրինակ խոսվածք էր: Այս որտե՞ղ են սովորեցնում սրանց: Սիդորովը վազեց խոհանոցով: Այդ-պե՜ս: Իրեն խորհրդատու ընկե՜ր է գտել: «Այդպիսի ընկերների՜...», — ցավոք, խոսքի երկրորդ մասը ցենզուրայից դուրս է: Այդտեղ արդեն թեյնիկը սուլեց իբրև սովորական: Եվ թեյախմությանը կարծես թե ոչինչ չէր խանգարում. ժամանակն է մտածելու: Պարզ էր, որ «խաղն» սկսվել էր: Եվ հուշումները պետք է գային թեյնիկից: Տասը տարի առաջ նրան ո՞վ այդպիսի բան կասեր: Սակայն եթե արդեն «ստորագրել ես», ինչ կարող ես անել: Կյանքն արդեն անցավ: Իհարկե, ոչ կողքից, բայց անցավ: Տեսնենք նորը կուրախացնի՞: Թեյնիկը կարծես հանդարտվեց, հասկացավ, որ ա՛յն մեկի վրա չի հարձակվել. առավոտները համեստորեն տեղեկացնում էր եղանակի մասին, հետո հանկարծ հուզմունքով կարդում էր Չեխովի «Շագանակը»: Մի խոսքով, «ներծծվեց»: Հետաքրքիր է՝ ինչի՞ վրա էին հաշվարկ կատարել նրանք, որ պատրաստել էին այսպիսի բան: Որ հիմա բոլորը կսլանան «խելոք թեյնիկնե՞ր» գնելու: Թե ի՞նչ: Եվ, ի դեպ, ո՞ւր է «առաջին սերը»:
Օ, Տե՜ր: Սլանալով մոտենում է նա, և կարծես թե ոչինչ չի պատահել՝ ձեռքով է անում ներսից՝ նստի՛ր:
— Էլ ոնց կլիներ՝ Նյու-Յորք, — չկարողացավ իրեն զսպել առաջ երբեք այստեղ չեղած Սիդորովը:
— Լավ է քեզ անմարդաբնակ կղզի չեն գցել, ինչպես հիմա ընդունված է ձեզ մոտ, — քմծիծաղեց նա:
Սիդորովը կտրուկ շրջվեց նրա կողմը. «Ուրեմն պառավը տեղյա՞կ է»:
Անծանոթ սպիտակ «ոզնին» գլխին, բայց դեմքով ավելի լավն է դարձել:
— Ինձ թաթարուհի տատիցս եզակի նվերներ էին մնացել, — ասաց նա՝ կուլ տալով «խայթոցները»...
Բացի մկանուտ, վեր ձգված աչքերով դեմքից և «կովբոյական» թեթևակի ծուռ ոտքերից, որոնցից հանելով կոշիկները՝ զոռ է տալիս ոտնակներին, ոչ մի նվեր էլ չի մնացել: Եվ ինչն է հետաքրքիր. հիմա նաև մի քիչ էլ խառնածին է. ու՞մ հետ ընկերանաս...
Դժոխային շոգ է, իսկ նա բրդյա կիսագուլպաներով է: «Բայց դա, — հանկարծ սիրտը սեղմվեց... — դա միշտ էր այդպես»: Վայրկենապես հիշեց, թե նա ինչպես իր սառցի կտոր ձեռքով կպավ իր փորին, և ինքը փշաքաղվեց: Քմծիծաղեց. «Այո՛, չգիտես ինչու, այդպիսին են իմ ձեռքերը: Եվ ոտքերս՝ նույնպես: Այդ պատճառով, նույնիսկ տղամարդկանց հետ քնելիս եմ բրդյա կիսագուլպաներով: Բայց այ թաթմաններով չեմ համարձակվում»:
— ՄԱԿ-ն է, — նա գլխով ցույց տվեց ծուլորեն կախ ընկած դրոշներով, բարձր ու հարթ շենքի կողմը:
Անցնում էին մեջտեղում փոքրիկ կղզի ունեցող գետի՝ դղրդացող բեռնաարտադրական տիպի չուգունե կամրջով: Անհոգ կերպով բեռնաթափվում էր մի լաստանավ, որից քամին ցեմենտը տարածում էր սպիտակ ժապավենով: Սա նշանակում է «բաց հասարակություն». ամեն ինչ աչքի առջև է: Կամուրջն անցնելով՝ գնում էին «միջին սպայական կազմի ամառանոցային կոոպերատիվների համար նախատեսված» փոքրիկ տների միջով: Այնուհետև տները դարձան ավելի բարձր:
— Իսկ հիմա ոչնչի վրա չզարմանաս, — ասաց նա:
Մտան բազմաշերտ թնդացող պողոտա: Իրենց ետևից հանդիսությամբ քայլում էին բացառապես հնդիկներ՝ թանաքագույն, լուրջ, չոր ու ցամաք, բարձր չալմաներով: Այդպիսիք նստած էին նաև կրպակներում ու խանութներում:
— Իսկ ասում էին՝ հեղինակավոր շրջան, — թռավ Սիդորովի բերանից:
— Այդպիսի՛ն էր: Հիմա ես հնդկուհի եմ, — պչրանքով թափահարելով ուսը՝ խոսեց նա:
— Իսկ հիմա՝ թե՛յ, — հաղթականորեն բացականչեց տղամարդը՝ թռչելով ոտքի: Այնքան էլ վատ չէ, եթե ներքնակը փռված է հատակին, ինչպես այն ժամանակ Կավ-
գոլովոյում՝ երեսուն տարի առաջ:
— Խոհանոցը ձախ կողմում է, — ոչ անմիջապես արձագանքեց նա:
«Հաշվենք՝ հոգնած է», — աշխույժ մտածեց տղամարդը: Բայց հենց մտավ խոհանոց, «հոգնությունը» գրկեց նաև իրեն: Թեյնիկը: Հենց այն, այսինքն՝ հենց այնպիսին.
նմանակված որպես հնագույն, պղնձե: Նստեց: Բոլոր դեպքերում, հետազոտողի
բնազդն արեց իր գործը. լցրեց դրեց էլեկտրասալիկի վրա... Դե-ե՛: Բլթբլթաց...
և հանկարծ մեռած բառերով, ռուսերեն, ինչ-որ աստեղային խռպոտությամբ.
— Կենակցումը ճիշտ չի կատարվել։ Չի՛ հաշվվում։ Հիմա ձեզ կայցելի կենակցաբանը, — և այդտեղ թեյնիկը ծաղրական ձևով խռխռացրեց.
— Ինչ-որ սատանա է այդտեղ նստած:
— Ոոո՞վ, — գունատվեց Սիդորովը:
— Կենակցաբա՛նը, — կրկնեց թեյնիկը, բայց կարծես թե վախեցած:
— Դա ինչպե՞ս հասկանալ, — ահեղաձայն հարցրեց Սիդորովը, երբ Իռան, հոգնատանջ (կամ գուցե ձևանալով) հայտնվեց խոհանոցում:
— Աաա՜, — ծույլ-ծույլ խոսեց նա, — դո՞ւ էլ ունես հենց այդպիսին... Չենք խանդի, — և մռռալով սահեց նրա ծնկներին... Ա՛յ սա համբույր էր:
— Բեր սրան հեռացնենք:
— Թող գնա՛ դա..., — չոր պատասխանեց Իռան:
— Ըհը, — Սիդորովն այն բռունցքով տափակեցրեց սալիկի վրա: Ջուրը ցայտեց, բայց այրեց ոչ ուժեղ: Սիդորովն այն գցեց սալիկից ներքև:
— Օ՜: Տերը եկավ, — պչրանքով սեղմվելով նրան՝ ասաց Իռան:
Ինչ-որ տեղից զանգի ձայն լսվեց:
— Սա՞ ով էր, — Իռան նայեց էկրանին և սեղմեց՝ «մուտք»:
— Կենակցաբա՞ն: Հիմա ջարդուփշուր կանեմ, — խոստացավ Սիդորովը, բայց... հաշտից լսեց ցավեցնելու չափ ծանոթ հարավ-ռուսական խոսվածքը:
— Սրանց մոտ ամեն ինչ բարեհաջող է, — հասցրեց միայն վրդովվել:
— Արդեն հասցրել եք, — արտաբերեց Պյոտրը՝ նայելով «սիրահարներին»:
Բացի ծանոթ խոշոր պեպեններից... սա կարծես թե արդեն Պյոտրն էլ չէ: Բիզնեսի շնաձուկ է...
— Դե, ո՞նց է բնակարանը, — գործնական տոնով հարցրեց նա:
— Դե՜... — Սիդորովը նույնիսկ շփոթվեց: Հո այստեղ ապրելու չե՞ն հրավիրում:
— Ես գործով եմ, — բարեհոգությամբ ասաց Պյոտրը, — իսկ սա, — նա նայեց Իռայի կողմը, — ընդհանրապես կհրավիրի՞:
Իռան հորանջեց:
— Ի՞նչ է, քո՞ աշխատանքն է, — Սիդորովը գլխով ցույց տվեց անկյունի ծռմռված թեյնիկը:
— Իսկ սա էլ պետք է ենթադրել՝ քո՞, — խոսեց Պետյան շաղափող հայացքով, վերցրեց թեյնիկի փոխարեն առաջացած մետաղյա «կարկանդակը», քաշեց տափակած բռնակը, — դու հիմա ինչպե՞ս կթռչես տուն:
— Իսկ ի՞նչ է... պետք է թեյնիկին նստա՞ծ թռչել, — քմծիծաղեց Սիդորովը և թեթևակի վախեցավ: — Իսկ այստեղ՝ ես ինչպե՞ս, հուսով եմ՝ ո՞չ սուզանավով:
— Ա-ա՜, — խուսափեց Պյոտրը, —էականը դա չէ: Գլխավորը...
— ...ինչպես մարդկանց ուղեղները լվանա՞լ, — հասկացավ Սիդորովը՝ գլխով ցույց տալով տձևացած թեյնիկը. բոլորը չէ, որ ընկնում են ծուղակը:
— Իսկ ի՞նչ պիտի անեի, — կարծես հիասթափության մեջ արտաբերեց Պյոտրը՝ քաշելով, բայց չպատռելով վերնաշապիկը, — ես, ախր, երբ եկա, սովորական թեյնիկներ էի կլայեկում:
— Այ-այ-ա՜յ, — գլուխն օրօրեց Սիդորովը: Դե ինքը ճանաչում է Պյոտրին. անգործ չի մնա, — Հիմա գլխավորն ես երևի: Ինչպես Բրեժնև՞ը:
— Մաքուր պատահականություն էր, — պատասխանից խուսափեց Պյոտրը, — իսկ խոսեցնում ենք «դրանց», ի դեպ, ձե՛զ մոտ: Ինչ ունենք՝ այն ենք լսում...Կարծում ես՝ նրանք գնե՞լ են ինձ:
— Հըմմմ... Կա այդպիսի ենթադրություն, — ասաց Սիդորովը:
— Այո՛, — անսպասելիորեն համաձայնեց Պյոտրը, — բայց ես, — ասաց արդեն բարձրաձայն, — նրանցից չեմ վախենում, — կարծում ես՝ հե՞շտ էր քո «քառակուսի արմատը» նրանց «թիվիի» վրա փորձել: Նրանց երիտասարդներ մատուցիր:
— Շնորհակալություն, — ասաց Սիդորովը, — իսկ որտեղ է տեսախցիկը, — ու նայեց շուրջը:
— Դե-ե՜... ինչ տարբերություն, — հանգստացրեց Պյոտրը՝ իսկական ընկերը, և հանկարծ ընկավ հիշողությունների գիրկը...
— Իսկ հիշո՞ւմ ես, — խոսեց Սիդորովը, — մենք ինչպես տունդրայում կորցրինք մարտագլխիկը: Այն ժամանակ մեզ համար հե՞շտ էր: Եվ ոչինչ: Ծիծաղում էինք:
— Եվ ոչ մի ԽՄԿԿ-ից էլ չէինք վախենում, — աքլորացավ նաև Պյոտրը:
— Դագաղի մեջ էինք մենք տեսել այդ ԽՄԿԿ-ն, — բղավեց Սիդորովը, — և այս թեյնիկներն էլ:
— Թյո՛ւ, — Պյոտրը համարձակորեն թքեց թեյնիկի վրա:
Եվ շրջվելով՝ ցույց տվեց վեր տնկած մատի միջազգային ժեստը: — Ահա թե որտեղս է տեսախցիկը: Պա՞րզ է:
— Նշանակում է՝ երբեմն ղեկավարում ես մասսաների գիտակցությունը, — խոսեց Սիդորովը:
— Բայց դու գլխավորը գտար, չէ՞, քո առաջին սերը:
Տիրեց լռության րոպե:
— Կարող է՝ ոչ, — գոռաց Պյոտրը, — ասա էս հավին, որպեսզի նորից ամուսնանա ինձ հետ, — և շատ տխուր հնչեցին նրա վերջին բառերը:
— Լավ կլինի դու ասես նրան, որ ինձ հետ ամուսնանա, — իր համար էլ անսպասելի արտաբերեց Սիդորովը:
— Ես կմտածեմ ձեր առաջարկությունների մասին, տղաներ, — ասաց կինը ու սահեց լոգարան:
Իսկ Պյոտրը, համա թե դերասա՜ն է, տեղնուտեղը սկսեց «իսկական տղամարդկային մի զրույց»: Այսինքն՝ կնիկարմատը խանգարեց: Բայց, չգիտես ինչու, շշուկով.
— Ես քեզ հետ լուրջ գործ ունեմ:
— Դե՞: Վերջապե՛ս:
— Եվ դու դրանում ինձ կօգնես:
Նա պինդ բռնեց ընկերոջ թևը.
— Դու երևի գիտես, որ կարելի է բիզնես սարքել նույնիսկ սեփական թաղումից: Բայց մենք՝ ես ու դու, առայժմ ողջ ենք, և փող կսարքենք այլոց մահերով:
— Յուրօրինա՛կ է, — արձագանքեց Սիդորովը, — բահ կտա՞ս:
— Թյո՛ւ, մենք՝ ես ու դու, ովքե՞ր ենք:
— Ընկերներ... Հնագո՞ւյն, — անվստահ ենթադրեց Սիդորովը:
Պյոտրը վրդովմունքով ետ քաշեց ձեռքը, որով, պետք է նշել՝ կպավ ընկերոջ ինքնասիրությանը:
— Հակառակորդնե՞ր:
— Է՜, — Պյոտրն ավելի քամահրական ձևով թափահարեց ձեռքը, որ նշանակում էր. «ինքը գործի՛ մարդ է»: — Մենք, առաջին հերթին, հիդրավլիկնե՛ր ենք՝ ջրաբաժան:
— Ա՜, կարծես թե՝ ես վաղուց է, որ չեմ հպարտանում դրանով, — հառաչեց Սիդորովը:
— Եվ իզո՛ւր: Դու գիտե՞ս, թե ես ինչ եմ անում այստեղ:
— Թեյնիկներ:
— Արդեն՝ ո՛չ: Ծայրափողրակի միջոցով՝ ջրի զարկահոսքով քար եմ կտրում գերեզմանոցում... Իհա՛րկե, նաև շինարարությունում: Հարթաքանդակներ, տառեր, զարդաքանդակներ, — և, չգիտես ինչու, նա ավարտեց ամբարտավանորեն, — դա քեզ համար թեյնիկ չէ:
— Վատ չէ, — համաձայնեց Սիդորովը, — բայց ե՞ս ինչ կապ ունեմ:
— Իսկ դու գիտե՞ս, թե ինձ որտեղի՞ց ծայրափողրակը. մեր սուզանավի հրդեհաշեջ համակարգից: Եվ դու գիտե՞ս, թե դրանք ինչ ճնշում են ստեղծում: Եվ մեզ մոտ ամեն ինչ ստեղծվում էր հարյուրապատիկ պահեստավորմամբ. ծանր են, բայց ամուր են:
— Հաշվարկդ մեր ետմահու փառքի համա՞ր է: Մե՛ր, այսինքն՝ ստեղծողների:
— Հաշվիր, որ այն վրա է հասել: Բայց գիտե՞ս՝ ինձ քանի հատ է մնացել այդ «ծայրափողրակներից»: Եթե իմանայիր, լաց կլինեիր...
Պյոտրը կտրուկ բարձրացրեց երկու մատները. երկո՞ւ, թե՞ երկու հազար, ու շարունակեց.
— Մերոնք, բոլոր դեպքերում, հայրենասերներ են. նավերը դուրս են գրվում, կտրատվում, և մինչ այդ՝ յուրաքանչյուրը, ով ինչ կարող է, պտուտակահանում է: Ծովակալ Վոլկը: Դու գիտե՞ս նրան:
— Դույլով «մախաթ» ենք խմել... Նկատի ունեմ՝ սպիրտ:
— Կարող է՞ չգիտեմ, — վիրավորված ասաց Պյոտրը, — ես նրան հարցրի. «Դուք, հուսով եմ, Ծովագա՞յլն եք»: Թե չէ՝ միշտ Մոսկվայում է նստում: Եվ դու գիտե՞ս, թե նա ինձ ինչ ասաց. «Միայն առևտրային»: Քեզնից Վոլկը այդքան չի պլոկի. հարգում է: Դու նրա համար յուրային ես... Թեև թաղումները, իմ կարծիքով, գաղափարական բախումների վայր չեն... Իսկ դու ի՞նչ է՝ Չինաստանի կողմի՞ց ես:
— Չեմ կարծում, —Սիդորովը նույնիսկ կորցրեց իրեն:
— Կապրենք քեզ մոտ, այստեղ թանկ է:
Իռան հայտնվեց լողախցիկից և նստեց նրա ծնկներին:
Հրաշալի ընկերախո՛ւմբ, գրեթե ինչպես այն ժամանակ Կավգոլովոյում:
Սիդորովն արթնացավ և մտավ խոհանոց:
Իռան աղմկում էր ցնցուղի տակ. երեկ ուշ վերադարձան Սևերոմորսկից և անմիջապես պառկեցին քնելու:
Թեյնիկը սովորականի նման բլթբլթում էր. արդեն հարմարվել էր այստեղ, կորցրել էր կտրուկ լինելը, ընդհանուր առմամբ, ձեռք էր բերել վստահություն: Երևի հիշում էր օվկիանոսի այն կողմի իր եղբոր ողբերգական ճակատագրի մասին: Ինչ-որ հանգիստ մռլտում էր ինքն իրեն, փիլիսոփայական վեճեր տանում: Երբեմն ուկրաինական երգեր էր երգում. ինչո՞ւ Ուկրաինան, ա՜հ, Աստված իր հետ: Սիդորովը դրա ջուրն ավելացրեց մինչև վիզը և դրեց գազի վրա: Օ՜, եռաց: Բլթաց և նախկին ամբարտավանությամբ ասաց. «Իրի՛նա Եվգենևնա, բավական է լողանաս: Կողերդ կքերծես: Արագ Ձեր տղամարդու հետ թռեք Գալյորնի, այնտեղ ձեզ մանրամասն կպատմեն, թե դուք իմ օգնությամբ ինչպես գտաք ձեր երջանկությունը»:
Սիդորովը վրա հասավ նրան, բայց հետո միտքը փոխեց և նվիրեց հարևանին, որը ձայների հետ վաղուց էր հարաբերվում և այդ գործում մեծ փորձ ուներ:




