Ես ասում եմ՝ հոգնել եմ, հոգնել, դե բա՛ց թող...

* * *

Ես ասում եմ՝ հոգնել եմ, հոգնել, դե բա՛ց թող,
չեմ կարող, ասում եմ, բա՛ց թող, հոգնել եմ, հոգնել,
բաց չի թողնում, չի լսում, նորից սեղմում է ափը,
բարձրացնում է, խնդում, բայց դու դեռ չես էլ թռել,
ասում է, խնդում, կրկին գլխի վերեւում
մատները բացում է, վեր է գցում, թռի՛ր հիմա,
բայց, ախր, ոնց որ թռչում եմ, ասում եմ, խոտ թքում,
ոնց որ թռչում էի, ասում եմ, թռչում էի, բա՛ց թող գնամ,
հոգնել եմ, ասում եմ, բա՛ց թող, հոգնել եմ, իսկ նա նորից
հանում է գլխի վերեւը, իսկ ես հոգնել եմ,
վեր է գցում, ես հոգնել եմ, իսկ նա ինձ
չի հասկանում, խնդում է, թռի՛ր, ասում է, դեպի թփերը,
իսկ ես հոգնել եմ, վերջին ճիգով թափ եմ տալիս,
մռութը ճանկռել եմ լրիվ, եզրի թփից բռնվել,
դե լավ, ասում եմ, բայց վերջին անգամ, իսկ նա՝ մի տես խենթի՛ս,
հենց նոր թռչում էիր, դե լավ, ասում եմ, թեկուզ եւ,
արի՛ մի անգամ էլ, չէ՛, ասում է, ներիր,
ես հոգնել եմ, բա՛ց թող, խնդում է, գլուխս տարար, չեմ կարող էլ,
մի անգամ, ասում եմ, չեմ կարող, ասում է, հիմա ի՛նքդ թռիր,
դե կորի՛ր դու էլ, ասում եմ, Աստված իմ, ո՜նց եմ քեզնից հոգնել
ու խնդում եմ, նա ինձ է նայում, խնդում եմ, չեմ կարող,
դե լա՛վ, ասում է, արի՛, վազի՛ր, ու ես նետվում եմ թափով։