Փախստականը դրախտից
(հատված վիպակից)
Երևի մեզնից յուրաքանչյուրի ներսում, ինչպես ամուր փակված գերանակապ շինության մեջ, արջ է նստած ու սպասում է իր ժամին, բայց բավական է մի քիչ թուլանալ, կիսաբաց անել կռած երկաթե դռնակը, թուլացնել շղթաները, և հենց այդտեղ բրդոտ սատանան կջարդի, կհնազանդեցնի Աստծո շունչը բերանում յուրաքանչյուր էակի, մինչև որ նա մինչև վերջ չփչի հոգին:
Եղբայրնե՛ր, սակայն մինչ այդ ժամը ո՞վ է կերակրում նրան՝ այդ անողորմին ու ջերմեռանդին: Ո՞վ է ամեն պահ աչալուրջ հսկում ու հնար չի տալիս, ազատ չի թողնում, զայրացած «քեռուն» չի կապում անտեսանելի հուսալի քարշափոկերով: Ինչպե՞ս նայես այդ սրտի պահակի առեղծվածային տեսքին՝ համոզվելու, որ ունի անսասան ուժ, որպեսզի դու էլ հոգով ամրանաս ու դանդաղ քայլերով անխռով հասնես տարիներիդ խորքը: Ինչպե՞ս կյանքդ ապրես պարզ ու համաչափ ընթացքով, որպեսզի նրա ուրախություն պարգևող կենարար ջուրը շաղ չտաս դատարկ բաների վրա, որպեսզի հետո լաց չլինես, չխղճաս ինքդ քեզ՝ դժբախտ որբուկիդ:
Բայց ախր, ի վերջո, երբ խոնավ ճահճային բլրակներով և ճահճոտ մորուտի միջով սիրածդ աղջկա հետ անցնում ես քո դժվարին ճանապարհը՝ բլրակից բլրակ ցատկելով, վախենալով մամռոտ ճահճի խաբուսիկ պատուհանների մեջ ընկնելուց, որ խորամանկորեն պատված է նուրբ կանաչ շղարշով, երբ թռչում ես մուգ, փայլուն սև շերտաքարի ծերպերի վրայով՝ անհատակ լճի եզերքով, որ սպանիչ նեխահոտ ունի և նման է չարագուշակ փոսի, դա Աիդի նեղ խորխորատի մուտքն է. նրա տեսքից մահվան չափ սեղմվում է ձեր հոգին, թեև այդ կպրաջուրն ասես քամված էր արևից հասունացած ճահճամորու հրապուրիչ կարմրադեղին զգեստների երանգներից:
Եվ ահա այստեղ է, որ հավերժ անքուն արջը «կենդանանում, շարժվում է» կրծքիդ տակ, գլուխդ քաշում է ցած՝ հեռացնելով հայացքդ լայնարձակ երկնքից, ուր վեր են խոյանում շիկացած ածխե գլխարկներով սառցե լեռները: Դե ինչպես այդտեղ չսայթաքես, եղբայրնե՛ր իմ, ինչպես կարոտով չբացականչես. «Տե՛ր, օգնի՛ր ու ողորմի՛ր...»: Հենց նոր ես մարդ սպանեցի:
Ճիշտն ասած, ես դա վաղուց էի ցանկանում, բայց չէի կարողանում փրկության իրական ճանապարհներ գտնել, և դա ինձ հետ էր պահում. որքան էլ իմ ճկուն ուղեղը հնարքներ բանեցներ, ինչ կողմնակի վայրեր ու գաղտնի կածաններ հայտնագործեր, ինչպիսի թաքստոցներում էլ թաքցներ, միևնույնն է, ամեն ինչ հանգում էր տխուր վերջաբանի. խորամանկ հանգույցները խճճվում էին, իմաստուն օղակները բացվում. իմ խրճիթ եկավ պետական մի պաշտոնյա՝ ատրճանակով, պողպատե ձեռնաշղթաներ հագցրեց և ինձ քարշ տվեց բանտ: Այդպիսով՝ գլուխս նվաղեց, սառեց և աշխատելուց դադարեց:
Պարզվեց՝ ողջ հսկայական հայրենի հողը՝ իր անանցանելի խուլ անտառներով և տայգայի նեղ հովիտներով, լեռնային խոր կիրճերով ու որսորդական տնակներով, մարդաբնակ տեղանքից հեռու հարյուրավոր վայրերով, ինձ թաքցնելուց հրաժարվել է. վերջապես Ճշմարիտ Օրենքն իր զգոն վերահսկողությամբ ամուր պարուրել է երկիրը՝ ժողովրդին զրկել կամքից և նույնիսկ իշխանությունից թաքնվելու ամենափոքր երազանքից: Ես մի կերպ գլխի ընկա, որ պատժի անխուսափելիության հետ, որի մասին աղմկում են իշխանություն զավթած այս աշխարհի տականքներն ու ուժեղները, ակամա զրկվել եմ ամենակարևորից, ինչը գոնե պարզունակ մտքերի մեջ անգամ զվարճացրել է ռուս մարդուն, որը միշտ գաղտնի ցանկացել է ապստամբել, չենթարկվել, կատաղությունից հաճույք ստանալ:
Քանի որ ամեն ապստամբության մեջ վրեժխնդրություն կա, ու թեև այն անարյուն չի լինում, դրանում Աստծո լույսով լուսավորված ինչ-որ իմաստ կա: Ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, երբ մարդը մտածում է մեկին սպանելու, Տիրոջ շնորհած կյանքը խլելու մասին, նա չի վախենում ոչ մի դատաստանից՝ ո՛չ երկրային, ո՛չ երկնային, և նշանակում է՝ չի մտածում փրկության մասին: Դա տեղի է ունենում արագ, անսպասելի, երբ վրա է հասնում ցանկացած աղետ, ինչպես հիմար, հապճեպ, անխոհեմ հարբած քնից մինչև կրծքավանդակում անծանոթ սրտային նոպան. ասես բոլոր խղճուկ զգացումներդ հանկարծակի դուրս են քշվել ցրտաշունչ քամուց և գլխիդ հարբած փայլատակումից:
...Ինձ հետ հենց այդպես է եղել:
Պետրովշինայում ննջեցյալների հիշատակի օր էր: Իմ խրճիթի հետևի մասից երևում են գերեզմանատան դարպասները, և Ժաբկայի բնակիչները կարծես մտադրվել էին մի ցատկով տեղափոխվել այդտեղ, որ միասին տառապեն ու ննջեն: Ծեր կանանց շարանը բարակ կաթիլի պես երկար ժամանակ ձգվում էր մոխրագույն խարխուլ դարպասի միջով՝ իր հետ տանելով փոքրիկ կապոցներ և բիդոններ, սակայն գերեզման-
ներից ոչ ոք տուն չվերադարձավ: Պատուհանից ես տեսնում էի գյուղի ծայրամասը, որը խիտ ծածկված էր մոլախոտով, իսկ հացահատիկի և վայրի կորեկի ծաղկաբույ-
լերի միջից հազիվ լուսավորված էին երեք ցածրիկ պատուհաններով փոքրիկ խրճիթները, որոնք ևս պատրաստակամ խրված էին հողի մեջ: Բոլորն էլ, ի վերջո, ովքեր որ կային, սպասելով հրեշտակապետի շեփորի կանչին, իսկույն իրենց հետ վերցնում էին թաղման համար անհրաժեշտ համեստ իրերը՝ հոժարակամ պատրաստվելով իրենց վերջին ճամփորդությանը:
Գյուղական գերեզմանատունն օտար էր ինձ. իմ բոլոր նախնիները հանգրվանել էին հիմա արդեն մոռացված ուրիշ վայրերում, սակայն ինչ-որ բան ինձ անսպասելի դուրս կանչեց, որ միանամ այդ ծանծաղ առվակին. կարծես վախեցա մայր հողի վրա որբ մնալուց և մի այնպիսի բան տեսնելուց, որի մասին սովորական մարդը չպետք է իմանար: Հապշտապ երկու զույգ եփած ձու խցկեցի գրպանս, որ տոնի առթիվ շնորհավորեմ ննջեցյալներին, նրանց հետ ճաշի նստեմ և արագ հասնելով բանջարանոցի ծայրը՝ ակամա հայտնվեցի Կարմիր բլուրում, որտեղ խիտ աճած սոճիներ կային. նրանց միջից երևում էր ներքևում փայլատակող կաթնագույն-սպիտակ Պրոնյա գետը:
Այդ դարավոր ծառերի տակ, որ հսկայական երկաթե օղազրահներ էին հագել, ավելի խղճուկ էին երևում հատկապես ծեր կանայք. ասես մինչև ծնկները խրված էին հողի մեջ, նույնիսկ մինչև կրծքերը, իսկ մյուսների գլուխների միայն ծայրերն էին դուրս ցցվել դեղնագույն ավազների միջից: Այրիներն ասես սողում էին շիրմաթմբերի մոտ, կարծես աղաչում էին նրանց, որ իրենց ներեն, շիրմաթմբերից պոկոտում էին տատասկափուշը, նոսր սիզախոտը, թթու երեքնուկը և դողդողացող մատներով գերեզմանների վրա չորահաց, օղաբլիթներ և կոնֆետներ էին դնում, մեկն էլ օղի էր լցնում բաժակների մեջ, որ արդեն լի էին անձրևաջրերով և անտառային խոտերի փշուրներով, մյուսն էլ հյուրասիրության էր հրավիրում անտառի թռչուններին ու գազանիկներին, որ հաճույքով էին գերեզման այցելում:
Գրունյա տատը, որի ավելորդ անունը Կառոլիշկա էր, բերանքսիվայր փլվեց շիրմի վրա. կռկռացող թռչնի պես խուլ կռավելով՝ կրծքից պոկում-հանում էր աղոթքի պատառիկներ.
— Օ՜յ, Վանյո՛ւշկա, հարազա՛տս, դու ինձ ո՞ւմ հույսին թողեցիր, որ կկվի պես վիշտս լամ: Ինչո՞ւ ինձ քեզ մոտ չես կանչում: Չե՞ս կարոտել: Ախր էնտեղ ոչ մեկի հետ բառ անգամ չես փոխանակի:
Ինչքան էլ կամացուկ, զգույշ անցա խաչերի միջով, Գրունյան ինչ-որ հատուկ զգացողությամբ լսեց ինձ, հողաթմբից շրջվեց և ասես ամաչելով կողմնակի մարդուց՝ շտապելուց ցնցվեց՝ ծնկներից թափ տալով ավազոտ մոխիրը: Նրա այտուցված գունատ դեմքին հատկապես ավելի վառ էին երևում սաթե կայծերով շագանակագույն աչքերը, որ փայլում էին եկեղեցական սկիհի պես: Ասես հենց նոր ինքը չէր ողբում ու վշտահար աղաղակում:
— Կարոտե՞լ ես, հա՞, ամուսնուդ, — ինչ եկավ մտքիս, հարցրի առաջինը՝ հենվելով ինչ-որ մեկի մոռացված գերեզմանին, որն ավելի շատ նման էր հողաթմբի՝ ծածկված արծաթե գանգուր մամուռով:
— Բա էն էլ ոնց...Վանյայիս եմ կանչում, իսկ նա լռում է: Օղի էլ եմ լցրել: Դե, ասում եմ՝ խմիր: Իսկ նա լռում է: Հիմա էլ ոչինչ չասաց: Գոնե բերանից մի բառ դուրս գար: Երևի մտածում է, թե իր ինչին է պետք էս արմատախիլ ծառը: Էս աշխարհում ախր նրան դառը բողկից ավելի եմ զզվեցրել, ուր մնաց, թե իր մոտ կանչի... Լռում է ծերուկը:
Գրունյան ծանր հառաչեց, բայց նաև ինչ-որ կերպ որպես հրաժեշտ, ասես ազատ-
վելով լարված վիճակից, փորձեց գործնականորեն ջարդել խոշոր ձուն և փափուկ
մասը կեղևի հետ միասին լցնել շիրմի վրա:
— Իսկապե՞ս ինչ-որ բան է լսվում գերեզմանից, — հիմարավարի ժպտալով՝ հարցրի ես: — Թե՞ էնտեղ էլ հեռախոս կա քաշած, ննջեցյալի կրծքին դրված, որ այն աշխար-
հում լուրեր ընդունի:
— Քաշած է, Պա՛շենկա, քաշած է: Իսկ դո՛ւ, Պա՛շենյա, մի՛ ծուլացիր, ծնկի՛ իջիր ու լսիր: Նա քեզ եղբոր պես էր ընդունում: Գուցե ձայն հանի խուլ սատանան:
Կաղին տալով, ոտքի տակ տալով փետրախոտի գլուխը՝ ես վճռեցի մոտենալ ծանոթ խոտածածկ բլրակին, որի տակ արդեն հինգ տարի կլինի, որ «ապրում է» ինձ համար ոչ օտար մեկը՝ Իվան Գորբաչևը, ածական անունը՝ Գորբաչ: Այդ պահին ինչ-որ մեկը ձայն տվեց ինձ. ասես ձայնը գալիս էր գերեզմանից: Ես հետ նայեցի և բլրակի վրա տեսա գորշ բետոնե խաչը (նախկինում նման խաչերը նշմարվում էին փետրախոտի տափաստաններում), որը զարմանալիորեն ծանոթ թվաց ինձ: Բաց շիշը ձեռքին՝ կախ ընկած ուսերով երևաց Ֆեդոր Զուլուսը՝ Գրունյայի որդին, և, չգիտես ինչու, նշան արեց ինձ՝ նիստավոր բաժակով չխկչխկացնելով կանաչ «բյուրեղապակուն»: Տասներկու ռուբլի արժողությամբ նման անորակ օղին աղքատ գյուղացիներին մատակարարում են ընդհատակյա ալկոհոլ ներմուծողները:
— Որտեղի՞ց է այս խաչը հայտնվել: Նախկինում էլ կարծես չեմ տեսել: Թե՞ ձմռանը նոր ռուսներից ինչ-որ մեկն է մահացել:
— Որտե՞ղ: Ի՞նչ խաչ, — հարցրեց Գրունյան, ափը դրեց վատ տեսնող աչքերին՝ ծառերի միջով նայելով գերեզմանատան թարմ հողաթմբերին: — Աչքիդ է երևացել, Պա՛շա: Ահա քեզ լսափողը: Սա քեզ երկնքի միջոցով պապիդ հետ կմիացնի: Համարն էլ կհավաքեմ:
Պառավն անշնորհք մատներով մոլորվեց սադափե կոճակների մեջ և պլաստմասսայե սև, գորշագույն դոդոշը կռկռաց՝ նուրբ խողովակաշարով երկնային հազարավոր վերստերի միջով հասնելով այն աշխարհ մեկնած Իվան Գորբաչևին, թեև նա պառկած էր այստեղ՝ մեր ոտքերի տակ՝ ծառերի արմատներով միահյուսված հողին, որտեղից արդեն ծլարձակել էր նուրբ հանգուցավոր արոսենին: Ես հրեցի Գրունյայի ձեռքը. անգամ այդ բշտիկավոր դոդոշ տեսնելն էր զզվելի, էլ ուր մնաց ձեռքն առնել այդ լպրծուն, ուռած այտերով մեռելային սառնությամբ նողկանքը:
— Ինքդ զանգիր, մի՛ հրաժարվիր, — խորհուրդ տվեցի տատիկին և մոտեցա Զուլուսին, որն ապակե երաժշտությամբ հրավիրում էր ինձ: Բետոնե խաչը երկինք էր ձգվում, ծայրը հասնում էր սոճիների գանգուր կատարներին, որ գերեզմանների վրա կտորտանք էին թափում. ամենավերին խաչաձողի վրա, որ լողում էր երկնային անհունության մեջ, նստած էր կռկռան ագռավը և իր գործն իմացողի պես մաքրում էր փետուրները:
— Ա՛ռ, խմի՛ր, — Զուլուսը մեկնեց բորբոսի դեղին բծերով բաժակը, որի հատակին լողում էին ավազահատիկներ՝ նման ոսկու հատիկների: Ֆեդորի տարբեր գույնի աչքերը, ինչպես իր մոր աչքերը, նայում էին անսպասելի վրեժով լցված, ասես ես իրենից մեծ գումար էի վերցրել և ժամանակին չէի վերադարձրել, և ահա հիմա Զուլուսը «միացրել է հաշվիչը». կոպիտ խոզանակի պես բեղերի սևն ու ճերմակը ցցվել էին շրթունքի վրա, մերկացրել դեղին պինդ ատամները և լնդերի սպիտակ բծերով կողերը: Նման ծամածռությունը սովորաբար հատուկ է շներին, երբ իրենց քաղցր ոսկորի վրա կանգնած՝ փորձում են կրծելով պատառոտել:
— Ախր դու գիտես, Զո՛ւլուս, որ չեմ խմում: Բժիշկներն ինձ արգելել են:
— Մի՛ թքիր ջրհորի մեջ, Պա՛շա: Ավելի լավ է՝ հետս չկռվես:
— Ո՞վ է մահացել, որ... — Ես փորձեցի առաջ անցնել Զուլուսից ու նայել լուսանկարը, բայց տղամարդը ձեռքը տնկեց հենց քթիս տակ՝ փակելով տեսադաշտս: Նիստավոր փոքրիկ գավաթն օրորվեց հաստ ափի մեջ, ինչպես լեռնային բյուրեղապակու
հյութեղ-շողշողուն բեկորը կապույտ երանգով միջուկում, ինչպես արյան բծերով ուլուն-
քը՝ զոդված դեռևս հանքանյութի առաջացման ժամանակ:
— Իսկ դու մի՛ հակաճառիր, դու խմի՛ր, — սպառնալից կրկնեց Զուլուսը և կեռիկի պես թեքված երկար ձեռքերն ասես գլուխս առան օղակի մեջ, խարսխեցին ինձ, թակարդի մեջ գցեցին: Ես հայացքս թեքեցի. իմ աչքերի առջև նրա թուխ նախաբազուկը դարձավ խորդուբորդ, ինչպես փթանոց կշռաքար, և մկանի վրա արագ ուռչելով՝ կապույտ առվակներ վազեցին՝ պատրաստ պատռելու չորացած մաշկը: Եզան ուժը արագ լցվեց տարողունակ երակների մեջ, և ցանկանում էր ինձ խեղդել: — Հիմա միայն Քրիստոսը չի խմում, որովհետև ձեռքերը խաչված են, — հենց ականջիս տակ քմծիծաղով գռմռաց Զուլուսը՝ արտաշնչելով ծխախոտի և բերանի տհաճ հոտը: — Եվ ինչո՞ւ չխմել, առավել ևս եթե ձրի է: Ինքդ լավ գիտես՝ միայն հիմարը մուֆթա օղի չի խմի, իսկ դու մեր միջի ամենախելացին ես: Լսո՞ւմ ես: Խմի՛ր, անասո՛ւն, թե չէ՝ ուժով կստիպեմ: Կստիպեմ, և դու կկռնչաս ու հո՛ւ կանես.... և կխնդրես՝ էլի լցնեն: Իսկ ես չեմ տա: Ես քեզ կասեմ՝ գնա գրողի ծոցը, կեղտո՛տ ձրիակեր:
Եղբայրնե՛ր, իսկ ինձ ի՞նչ էր մնում անել: Հստակ լույսը վայրկենապես խավարեց իմ գլխում, իսկ անմիտ խենթությունը խփեց քունքերիս: Ինչքան ուժս պատեց, դուրս պրծա նրա գրկից՝ առանց ինձ վրա բռնություն գործադրելու. ես ներքևից վերև ոսկրոտ գանգովս հաջողացրի ու մի լավ հասցրի Զուլուսի ատամներին. տղամարդը ոռնաց, մի քայլ հետ գնաց՝ զարմանքով նայելով լկտի մոծակին, բայց նույն պահին նահանջեց ու ընկավ փոքրիկ փոսը (մացառապատ գերեզմանի վրա), և ոտքը հաստատ խրվեց ու մնաց հնագույն դամբարանի մեջ: Զուլուսը օրորվեց և չտիրապետելով իրեն՝ ընկավ մեջքի վրա:
Իսկ ոչ այնքան հեռու՝ փոքր-ինչ բարձրացած սահուն հողակույտի վրա, ընկած էր տրակտորի քարշակը՝ կտրված սոճու ամբողջական կոճղերով, որոնց օգնությամբ, ըստ երևույթին, գերեզմանատուն էին հասցրել բետոնե խաչը և հետո էլ մոռացել՝ թե այլևս հարկավոր չէ, ինչը հաճախ է պատահում Ռուսաստանում: Այն մի դար կարող է ընկած մնալ այդտեղ, ծածկվել կռատուկով, դանդաղ քայքայվել ու փտել՝ թաղվելով դառնալ հող ու մոխիր՝ նման դագաղի տախտակների. դե ահա պետք եկավ մահվան վերջին դեպքի համար:
Տարօրինակ է, թե ինչպես է վճռական պահերին մարդկային հայացքը դառնում սևեռուն, անմտության աստիճան տենդագին, բայց հատկապես սևեռուն՝ կռահելով ամեն ինչ նախօրոք, թե ինչ է կատարվելու և, հավանաբար սրտի լարվածությունից, ներքին վախից և գաղտնի հետաքրքրությունից, ինչը բնորոշ է ամեն մի մանրուքի, ապագայի գիտելիքը դառնում է իր, իսկ հենց ապագան, հաղթահարելով անտեսանելի սահմանները, հետ ընկնելով՝ խտացնում է ժամանակը և հատում սահմանները:
Զուլուսը միայն անօգնական հետ-հետ գնաց, բայց ես հենց նույն վայրկյանին տեսա և՛ տրակտորի պահպանաշերտի ատամնավոր հետքը՝ նման խորը քրքրված վերքի, և՛ շրջված գերեզմանի կավի մնացորդները, և՛ անասունների կտրտված ջիլեր հիշեցնող խոտաբույսերի սպիտակավուն արմատների հյուսվածքները, և՛ քարշի փայլուն գերանները՝ դեղին, չմաշկած ճաղատ բծերով, և՛ ձողանից դուրս ցցված հաստ մեխը, որ նման էր ձկնորսական եռաժանու ծայրի՝ թեթևակի արյունոտված թարմ ժանգի վրա: Զուլուսը հսկայական մարմնի ողջ ծանրությամբ ընկավ հենց այդ ցցաձողին, և դա ինչպես եղջույրի ծայր, մտավ տղամարդու մեջ, ծակեց անցավ թշվառ մարմնի միջով և ծայրը թռչունի կտուցի պես դուրս եկավ կրծքավանդակից: Ֆեդորի հայացքը սառեց, ասես մարդու ներսում լույսը խավարեց, աչքերը ծածկվեցին հայելային աննշմար շղարշով, շուրթերը տառապալից դողացին և ծռված բերանի ձախ անկյունից հոսեց հապալասի օշարակի բարակ կարմիր շիթը...
Ի՜նչ անհեթեթություն, եղբայրնե՛ր: Կար մարդը և հիմա չկա: Ինչպիսի չնչին ջանք պահանջվեց խլելու ուրիշի կյանքը: Ինչ-որ զառանցանքի է նման, այնպես չէ՞: Եվ այդ մարդուն ե՞ս սպանեցի:
Ու ինչ էլ որ ասեն, թե Զուլուսը վայր ընկավ, թե ոտքն այնպես չի դրել, թե հանգամանքներն են այդպես դասավորվել, թե ես բռնության չեմ դիմել, թե ճակատագիրն է որոշում, թե ով ինչպես ավարտի իր օրերը, սակայն չէ՞ որ հենց ես մասնակից դարձա այս ամենին: Եվ ի՞նչ իմաստ ունի արդարացումը, հանուն ինչի՞: Ես իմ ձեռքերով մարդուն սպանել եմ՝ իրականացնելով գաղտնի ցանկությունը:
Փոխարեն օգնելու դժբախտին, օգնության համար շտապելու գյուղ՝ Ժաբկային ոտքի հանելու, ես, հանկարծակի մեծ վախով բռնված, ասես վեր թռած ծանր քնից, խելապատառ հեռացա Կարմիր բլրից՝ հաղթահարելով փտած թփերով լի առվակները, խրվելով ղամիշների մեջ, անցնելով ճահճային կպչուն հյուսվածքների միջով, մինչև ծնկներս խրվելով մոխրագույն ջրիկ խյուսի մեջ և կառչելով լաստենու սահող շյուղերից՝ սողալով դուրս եկա հովտի մյուս կողմը, սլացա դեպի հեռու բլուրը՝ պտերազգիների խիտ մացառուտները՝ դիմադրելու կուրծքս խեղդող զնգզնգացող դատարկությանը, հանգստացնելու արագ խփող սիրտս և վերջապես փռվեցի ցեխի մեջ, որ լիքն էր փտած խիտ տերևներով, մնացած ուժերս լարելով՝ փրկության տեղ փնտրեցի, և այդտեղ հանկարծ կոտրվեցի, դատապարտված քարացա՝ լսելով հանկարծակի լռությունը: Անտառում թնդյունով արձագանքող տիեզերական լռություն էր, և միայն լսվում էր՝ ինչպես է իմ քունքերով հոսում արյունը, ուժեղ թպրտում սիրտս, թեև եղևնուտի միջով հազիվ լսելի թափանցում էր մեծ բեռնատար մեքենաների աղմուկը, որ ճռնչում էին վերելքի ժամանակ:
— Պետք է այնտեղ հասնել, այնտեղ, — հուշում էր անհանգիստ միտքս, — այնտեղ Մոսկվա տանող ճանապարհն է, այնտեղ պատահական անցնող մեքենաներ կան, իսկ Մոսկվայում՝ ասես ասեղը խոտի դեզում...: Բայց հանկարծ ինչ-որ մեկի սրտալի հանգիստ ձայնը մարգարեացավ վերից. «Ո՞ւր կորչես, ո՞ւր թաքնվես, սիրելի՛ս: Որտեղ էլ լինես, կգտնեն»:
Ճյուղերը ճռթճռթացին. ինչ-որ մեկն անցնում էր անտառով՝ ձեռքերով հետ տանելով ազնվամորու նվազ թփերը. տաք շնչառությունը անսպասելի այրեց այտերս: Ես սարսափից ամբողջովին լարվեցի... Եվ արթնացա:
Փա՜ռք Աստծո: Երազ էր, երազ...Սիրտս ուժգին զարկում էր, ինչ-որ տեղ շտապում, հոգիս աղաչում էր հեռանալ: Մայրս քայլում էր խրճիթում՝ ինքն իրեն քթի տակ փնթփնթալով. «Որտեղ ինչ խցկում եմ, հետո ոչ մի կերպ չեմ գտնում, ծերացել եմ»: Շունը, շոգից դուրս գցած երկար լեզուն, կանգնած էր բազմոցի կողքին և շնչում էր իր երախի գարշահոտ գոլորշին ուղիղ դեմքիս. սև, առանց լույսի աչքերն ասես կեչու երկու վառված ածուխներ էին, որոնց խորքում դեռևս պահպանվում էր անցյալի կայծի ջերմությունը: «Փա՛ռք Աստծո, — նորից թեթևությամբ մտածեցի ես, — դա ընդամենը կեսօրվա քուն էր»: Այտուցված մարմնիս տակ ճկռած, ոտքերս հազիվ քարշ տալով՝ դուրս եկա շքամուտք: Դրսում կանգնած էր հուլիսյան շոգը: Գերեզմանոցի դար-
պասներից վերջին հավատացյալները հոգնած ոտքերն էին քարշ տալիս: Ինչ-որ տարօրինակ հետաքրքրասիրությամբ նրանք նայում էին ինձ, ինչպես վայրի գազանի, և իսկույն շրջվում էին՝ ասես սարսափելով իմ տեսքից: Հայտնվեց Ֆեդոր Զուլուսը՝ ողջ ու առողջ, գործնական փակեց դարպասը՝ հաստ գավազանը հենելով հիմնական փեղկին, որ անասունները ներս չմտնեն և հանկարծ առանց հարցնելու կտրուկ բացեց դռնակը: Զուլուսի դեմքը մահացու գունատ էր՝ աչքերի տակ մութ բծերով, երկար կռճիկավոր քիթը թեթևակի կիսված էր, ասես խարանված էր բութ դանակով, ինչպես բազեի կտուց: Այս ի՜նչ ուրախություն է, սիրելինե՛ր, անհատնում ուրախություն, Տե՛ր Աստված: Ո՜ղջ է սիրելի հարևանս, ո՜ղջ է Զուլուսը, ո՛չ անիվի հետք կա կրծքին, ո՛չ էլ մարմնին՝ արյան կաթիլ, միայն վիզն է տարօրինակ ակոսների մեջ, ասես խխունջներն են կերել: Ահա թե ինչ կարող է գլխիդ գալ, երբ գլխատակիդ բարձը փափուկ չի: Աստված մի արասցե:
Խրճիթում ինչ-որ բան զրնգաց, բացվեց պատուհանի փեղկը, չթե կապույտ բծերով վարագույրը դուրս պրծավ պատուհանից, վառարանից հենց նոր հանած ճաշի հոտը տարածվեց: Մայրս հավանաբար հիմա տաք թավայի վրա շարված կարկանդակներին կաքավի փետուրով օշարակ է քսում: Անգամ զգացի, թե ինչպես քաղցած թուքը լեզվիս ծայրին պղպջակ դարձավ և անմիջապես չորացավ, հալվեց ու կորավ կոկորդիս մեջ: Եվ կարճատև տեսիլքը նույնպես բարակեց, հալվեց ու կորավ: Ես անմիտ հայացքով նայեցի Զուլուսին, որ նման էր ուրվականի, կախարդանքի և դրանով հանդերձ՝
մարմնական էր մինչև ամենավերջին մանրուքը. տղամարդը հագել էր կարմիր
երկարաճիտ կոշիկներ՝ շուռ տված ճիտքերով, իսկ բրդե սպիտակ ծալվածքներին հողի գնդիկներ էին կպած, ասես Ֆեդորը հենց նոր իր համար գերեզման էր փորել և ահա սողալով դուրս էր եկել փոսից, որ իրեն կարգի բերի: Ես դեռ երազի մեջ եմ, ու չեմ
կարողանում արթնանալ, կարծես դեռ քրտնած զառանցանքի մեջ եմ, և իրականությունը
տարօրինակ կերպով խառնվել է մեղքին: Չթաքցնելով ուրախությունս՝ ես թլվատ լեզվով ասացի.
— Շնորհավո՛ր Սուրբ Զատիկ, Ֆե՛դոր: Ինչ-որ բա՞ն է պատահել: Դեմքիդ գույն չկա, կարծես դագաղից ես դուրս եկել: Իսկ ես հենց նոր քեզ տեսա երազում:
— Լսի՛ր, կա՛ղ սատանա: Դու իմ աղջկան չմոլորեցնես, — կոպիտ ասաց Զուլուսը:
— Ի՞նչ է, խելքդ գցել ե՞ս:
— Վերջին անգամ եմ ասում, կա՛ղ սատանա, քարշ չգաս աղջկաս հետևից, քեզ համար չենք մեծացրել:
Զուլուսը թեքվեց, ասես կորանալով սեփական ծանրությունից, մինչև կոճերը խրվեց գետնի մեջ, ձեռքերը խորը մտցրեց կամուֆլյաժե շալվարի գրպանները, ձեռքերը բռունցք արեց, որից թվաց, թե նրա ամեն գրպանում նռնակ կար թաքցված: Ես վիրավորվեցի, որ ինձ անվանեց «կաղ սատանա», և իմ մեջ ուրախությունն իսկույն մարեց: Ինչո՞ւ ծիծաղել ուրիշի վշտի վրա, ճիշտ չէ՞: Այսօր դու խնջույքի մեջ ես, իսկ վաղը՝ դագաղի:
Զուլուսը կիպ մոտեցավ և իրենով փակեց ողջ տարածքը, նա առաջ շարժվեց, ինչպես մարդ-լեռ՝ հաստ հոնքերով, խոժոռադեմ, խիտ մազածածկույթով պատված դուրս ընկած այտոսկրերով, ասես երկնքի տակից շանթում էր ինձ աչքերով՝ լպրծուն, ցեխոտ շերեփաձկան նման, և իսկույն շունչս կտրվեց. ուժգին տարածվեց խոնավ հողի փտած հոտը, ճահճային թաց նեխածահոտն ու այրված մկնափշերի հոտը, որի տակ աճել էին թարմ սնկի արմատները: Հյուրից հմուտ վարազի հոտ էր գալիս, վայրի, զայրացած վարազի, որին պատահաբար արթնացրել էին քնից: Ես կարոտով նայեցի բակի հեռավոր անկյունին՝ հուսալով, գուցե նստարանին նստած է Արտեմոն Բարինովը և ներս է քաշում իր մոխորկայի անվերջանալի ծխի քուլաները: Արտեմոնը որսորդ է, զենքը միշտ ձեռքի տակ է պահում:
Զուլուսը փորով առաջ մղեց ինձ, նեղը գցեց, և ես ակամա ձեռքի ափերով հպվեցի նրա ձիգ մկանուտ մարմնին՝ փորձելով թույլ ձեռքերով պաշտպանվել: Բայց էլ ո՞ւր, մի՞թե կտեղաշարժես քարե պատը: Միտքս ճառագեց. արդյոք չբռնե՞մ արմատից: Բայց ախր սազական չէ, անհարմար է, չէ՞ որ պատերազմ չէ, չէ՞ որ Զուլուսը սպանելու համար չէ, որ եկել է, դե ես էլ՝ քաղաքաբնակս, ի՞նչ մի էնպիսի առանձնահատուկ բան ասացի Ֆեդոր Գորբաչևին, որն իր միակ դստեր համար պատրաստ է ցանկացած
մարդու գլուխը պոկել վրայից: Զուլուսը փորով հրում էր չարությամբ կամ ապահովված մարդու այն կուշտ լկտիությամբ, որն առանց խղճի խայթի անօգնական մարդուն կարող է ոչնչացնել, փոշի դարձնել, և իմ ափերն ակամայից թուլացան և ակամա սահեցին հյութով լցված ամանի եզրով:
— Վա՜յ, ցավում է, վա՜յ, ո՜նց է ցավում, — ոռնացի ես:
Զուլուսը հանկարծ իր ճանկերի մեջ առավ ինձ, ասես կեռիկներով շղթայեց երկու այտերս և մաս-մաս քերթելով նրանցից ողջ մաշկը՝ ինձ նետեց երկինքն ի վեր: Ես երկար ժամանակ թռչում էի երկնային աշխատավորների ցուցադրած բամբակե սպիտակափառ ամպերի, խոտի դեզերի ու արտասովոր թռչունների միջով, որ նման էին դրախտային կարապների՝ կարմրադեղին մեջքերով, իսկ փորատակները վարդագույն էին մանկան մաշկի պես, և անընդհատ պտտվելով՝ փորձում էի տեղավորվել, խցկվել այդ աստվածային թռչունների դանդաղ թևերի կուզի մեջ: Բայց ամենուր դատարկություն էր, Տերը հավերժ լքել էր ինձ, և ես քարի պես ահա գահավիժում եմ երկրի վրա, խփվում բետոնե հին խաչին, որն անպետք իրի պես ընկած է դեռևս նախկին տիրոջից մնացած ցախատան մոտ՝ այժմ խիտ աճած եղինջների ու ծաղկած առյուծագիի մեջ: Սակայն, չգիտես ինչու, հոգիս արագ չփչեցի. արդյոք իմ ծանրությունի՞ց էր, որ ինչպես երկրաշարժից, հողը հանկարծ բացվեց, և իմ տակ երևաց անհատակ խորխորատը, բայց ես
չգահավիժեցի ներքև, այլ ասես լողացի խաչի վրա, կարծես գորգ-ինքնաթիռով պտույտ-
ներ անելով իջա ներքև. անդունդը թափանցիկ մաքուր էր, ինչպես աշնանային գիշերվա երկինքը, երբ անզեն աչքին տեսանելի է աստղային փոշու ամեն մասնիկ և զմայլ-
ված, արդեն մոռացած Զուլուսին՝ բացականչեցի.
— Տե՜ր Աստված, ի՜նչ խորություն է այնտեղ:
Եվ տնքացի անծանոթ ցավից, որ սեղմում էր սիրտս կարոտից, որ էլ երբեք չեմ լինի երկրի վրա...
— Որդի՛ս, արթնացի՛ր: Ի՞նչ ես գոռում մորթվածի պես, — մայրս տագնապով ցնցում էր ուսս:
Ես դեռ անգիտակից, շատ մեծ դժվարությամբ բացեցի այտուցված աչքերս՝ հազիվ գլխի ընկնելով, որ ամեն ինչ ինձ երևացել է զառանցանքի մեջ: Արցունքից մրմռացող նստվածքի միջից տեսա այնքան հարազատ մաս-մաքուր մայրական դեմքը՝ կաչաղակի նման կլոր աչքերով, խիստ ձգված կնճռապատ թուխ մաշկով, ասես մի անգամ հավերժորեն բռնկված չոր հրով՝ հուլիսյան կեսօրվա արևի: Մայրս շոյում էր գլուխս թռչնի թափանցիկ թաթերով, կարծես խլահավի թևիկներով օծում էր ինձ, ինչպես ձկան կաթնահունց կարկանդակը, և կարեկցանքով կշտամբում.
— Որդի՛ս, իսկ ինչո՞ւ ժամանակին չպառկեցիր քնելու: Ազատությունը, Պաշե՛նկա, մարդուն փչացնում է: Եվ դու զգացիր ազատությունը: Ահա այդպես էլ կփտես բազմոցին և քո տարիները չես զգա...Իսկ ես, Պաշե՛նկա, մինչև յոթանասուն դառնալս չեմ զգացել տարիքս, մտածել եմ՝ դե դարն էլ էդպես՝ ցատկով ու վազքով կանցնեմ: Եղել է՝ վերցրել եմ զամբյուղը ու գնացել անտառ՝ հատապտղի: Կածանով չեմ գնացել, միայն ուղիղ: Ճյուղերի կտորտանքները ոտքերիս տակից ճնճղուկների պես միայն այսուայնկողմ էին թռչում...
Ես նստեցի բազմոցին, ոտքերս փայտացան՝ դիպչելով ներկված հատակի սառը տախտակներին, սիրտս հուսահատ բաբախում էր՝ պատրաստ դուրս թռչելու կրծքավանդակից, և ոչ մի կերպ չէի կարողանում հանդարտվել. կա՛մ ես հաստատ ինչ-որ մեկին սպանել եմ, կա՛մ էլ վերջս են տվել: Երազը մշուշի պես ցրվեց, կորցրեց սրությունը, բայց կրծքիս մեջ մնաց մի հիմար նստվածք. ասես անխուսափելի ինչ-որ բան էի զգում: Մայրս դանդաղ թափառում էր սենյակում, հաճախ կարծես պատահաբար բռնվում էր մեկ դռան բռնակից, մեկ սեղանի ծայրից՝ բարձրացնելով վանդակավոր սրբիչի ծայրը, մտածկոտ շոյում էր փափուկ թխվածքը, կսմթում դրանց վարդագույն կողերը, տակից թխկացնում ձկան կարկանդակի ամանին, որ տեսներ՝ հո՞ թխվածքի տակը հում չի մնացել: Քառասուն տարի Մարիա Ստեպանովնան անցկացրել է հացի փռում՝ տոննաներով խմոր հուցելով, առանց հոգնելու գյուղին կերակրել է հացով և այնտեղ՝ սեղանի տակ՝ հատակին, ալյուրի բարակ շղարշով ես էլ եմ ալյուր մաղել՝ ներծծված հացի բույրով: Հակված կարկանդակներին՝ մայրս փնթփնթաց.
— Այսօր տոն է, ուրեմն պետք է թխվածք ուտենք: Երբ տոն է, թխվածք են ուտում: Հնուց ի վեր այդպես էր ընդունված մեզ մոտ՝ Նյուխչեում: Թե՞ մոռացել ես, Պա՛շա: Իսկ այստեղ՝ Ժաբկայում, ասես մարդիկ չեն ապրում: Ամեն ինչ առնում են, թեկուզ էդ բատոնները, որ ատամ էլ չեն բռնում: Դու ինձ վատ տեղ բերեցիր, Պա՛շա... Եվ ինչո՞ւ ես ինձ քեզ հետ քարշ տալիս անբռնակ պայուսակի պես: Քո ինչի՞ն եմ ես պետք, ախր ծեր եմ արդեն: Կհասնես իմ տարիքին և կհասկանաս, որ ծեր մարդիկ պետք է մի տեղ նստեն: Որովհետև ծերերը ոչ ոքի չպետք է խանգարեն:
Ականջի ծայրով լսում եմ մորս սովորական երգը՝ չթափանցելով դրա իմաստի մեջ: Տխուր էր այդ երգը՝ մոտալուտ վերջի մասին ակնարկով. դե, մահը դռան հետևն է, դե, հերիք է տանջես պառավին, առանց հապաղելու հարազատ գերեզմաններ տար: Աշխարհում որտեղ էլ լինես, պետք է քո հայրենի հողում պառկես:
— Ինձ տուն տանեիր էլի, Պա՛շա: Խրճիթը դեռ լավ վիճակում է, իսկ էդքան ունեցված-
քը զուր տեղը կորչում է, չէ՞ որ էդքան բանի տեր էինք դարձել: Ցախը երկու տարի հանգիստ կհերիքի, ոչխարի մորթուց քուրքն էլ, դե էլ չասած մյուս վերարկուների մասին՝ երեք հատ, նաև զգեստներով լիքը մի հսկայական սունդուկ: Էհ, տղա՛ս, ես ապրում եմ քեզ մոտ, ինչպես մուկը օտար չուլանում, և վախենում եմ տեղում շարժվելուց: Մեկ էլ տեսար՝ հանկարծ մի բան էն չէ: Իսկ հայրենիքում, պատահել է՝ գնում եմ, բոլորը խոնարհ-
վում ու բարևում են. «Բարև՛, Մարի՛ա Ստեպանովնա: Ասա՛, աղավնյա՛կս, ո՞նց ես ապրում»: Իսկ էստեղ խուլուհամրե՞ր են, ի՞նչ է, չեմ հասկանում: Աստված վկա, հանդիպելիս վրադ չեն էլ նայում, բերան չեն բացում, բարի խոսք չեն ասում:
Ի՞նչ ասեմ, իսկապես, հայրենիքը ճնշում է քրիստոնյա մարդուն, հանգիստ քուն չի տալիս, անվերջ իր մոտ է կանչում, կեսգիշերին թակում է դուռդ, անընդհատ ստիպում է՝ վազես կայարան՝ տոմսի հետևից՝ ասելով՝ դե, չուշանա՛ս... Իսկ երբ լավ մտածում ես, մնում ես ապշած. եղբայրնե՛ր, այդ ո՞ւր, ո՞ւր եք գնում, երբ ամեն ինչ փտել ու փլվել է: Հսկա երկիրը, կարելի է ասել, քոռուփուչ է լինում առանց որևէ լումայի. ինչ կառչել է
նավթի աղբյուրին, հենց միայն դրանով էլ ապրում է: Ով գիտե, ինչ արժանիքների
համար է Աստված ողորմություն տվել, իսկ այդ վերջինն էլ որ կտրես, ծարավից կմեռնի:
— Մայրի՛կ, ես եղել եմ մեր Նյուխչեում, ես գիտեմ քո հեքիաթները: Հիմա ամեն մի բարբաջանք քեզ համար կարծես շաքարաքլոր է, այլ ոչ սառցալեզվակ:
Հինգ տարի առաջ պատահական մեքենայով հազիվ հասա, քիչ մնաց՝ հոգիս տամ, երբ բեռնատարի թափքում գնում էի Կեն լճի միջով: Գյուղը թաղված էր ձյուների մեջ, այսուայնտեղ որբացած հյուղակներ, ոտնատեղի կածանը հազիվ էր երևում, մի շաբաթ կլիներ, որ հաց չէին բերել. ճանապարհ չկար: Ձնակույտը հասնում էր պատուհան-
ներին, ասես բոլորը մահացել էին. մի կերպ ոտք դրեցի հարազատ շեմին: Ներս մտա, նույնիսկ մայրս չէր սպասում: Կանացի վեր բարձրացված օձիքով, պարանի նման գոտևորված լայն, հին վերարկուի մեջ թիթեղյա փոքրիկ վառարանի մոտ աղեղի նման կորացած նստած էր՝ դեմքը մուրի մեջ կորած, ծնկներին՝ մուրաբայով թեյ, ձեռքերը ձեռնոցի մեջ. գդալը մի կերպ էր պահում պառավը, աչքերը կուրացել էին ծխից, հազիվ էր տեսնում (է՜հ, այրիի կյանքը կվասով բողկի պես է), և փորը այրոցից լցված՝ մռնչում էր, ասես ոչինչ չէր կերել: Տեսավ, ապշեց, բայց վեր կենալ չկարողացավ: Լաց եղավ, հանեց ձեռնոցը, իսկ ափերն ասես եռացրած ջրից եփված լինեին. մաշկը պլոկված էր: Սկսեց աղաչել ու կոծել.
— Աստված քեզ ուղարկեց, որդիս՛, լսեց իմ աղաչանքը, Պաշե՛նկա, էլ չեմ կարողանում այստեղ ապրել: Հոգնել եմ: Էլ չեմ կարողանում...
Եվ ահա երեք տարի է, ինչ կտրվել է այնտեղից, և այժմ ամեն մի ապրված օրը աքսորի նման է. ասես հարազատ գյուղը մեղրով է պատված: Իսկ ո՞ւր տանեմ: Հին խարխուլ տնակն արդեն ամբողջովին քանդվել է այդ երեք տարիների ընթացքում, թեպետ առաջ էլ բռունցքդ կմտներ պատուհանագոգի մեջ, մկները հատակի տախտակները կրծել են, առաստաղը փայտակեր բզեզներն են ցամաքեցրել, ուսով որ հրես, կփլվի խրճիթը: Ամենուր ցախ է ու ցախ, միայն վառող չկա...