Հարավային գիշերվա մեջ, կառամատույցում ամայի...

* * *

Հարավային գիշերվա մեջ, կառամատույցում ամայի,
վերջին գնացքի ճամփան եմ պահում, սակայն այն դեռ չկա,
ու ճամփեքին հարսանեկան կայծոռիկներ են երամով
բռնկվում ու մարում անվերջ: Կայծոռիկները խավարի:

Բռնկվում են, մարում անվերջ: Վարդերի բույր ու քլորի,
եռակցման մի քրոնիկ հոտ կա մոտերքում, բայց խավարը
ֆոսֆորանում, շողարձակում, շաղ է տալիս թռչող փոշի,
ասես օդն ի՛նքն էլ պատրաստ է հրդեհվել ու բոցավառվել:

Եվ երբ թանձր մթան միջից դուրս ժայթքող լուսարձակը
ճամփաների վրա վազեց, ու ճռնչալով հայտնվեց
գնացքն՝ հանգած լապտերներով, պատուհաններով կոտրված,
պատմություններն այս կովկասյան սատանան լոկ կհասկանա։

Իսկ երբ, թողած ճամպրուկներն իմ, ես հրաշքով ինձ նետեցի
տարուբերվող վագոնից ներս ու ակամա նայեցի ետ,
ամենն այն, ինչ մինչ այդ մութ էր՝ ծով, կայարան, ծառ ու թփեր,—
հրի մեջ էր, բաբախում էր կրակներով հարսանեկան:

Ի՞նչ է ամենն այս, հայրենի՛ք-խորթ մա՛յր, իմ-տուն ոտքի վրա-
Պանրով շիլա-զիգուրատ է՝ ընկնող կուռքի հուշարձանով,
այնուհետեւ՝ ժխոր, քաոս որոտացող ամենուրեք,
հետո, հետո վառոդային բռնկումնե՛ր պատուհանում:

Ով որ մեկնեց՝ նա՛ կմնա, դա հայտնի է բոլոր նրանց,
որ կարոտախտով են բուժում իրենց վերքերը հոգեկան:
Ո՛չ, ես բնավ այս երկրից չեմ. բնակիչն եմ ես այս դարի,
ինչպես ասաց հին գողական Սեզեմանը ինձ Փարիզում:

Հիմա ինձ ո՛չ կայծոռիկներն, ո՛չ աստղերն են լուսավորում,
ոչի՛նչ, ոչի՛նչ ինձ չի շողում, ունայնությունն է լոկ հսկում:
Իսկ առավոտ վաղ տեսնում եմ օդն՝ առկայծող ջերմ ցանկությամբ,
չեն կրակում դեռ, եւ մուսան իմ չի լռում, չի խռովում: