Հավերժահարսը
1
Իհարկե, Սպիտակ Խալաթը շատ խոսքեր ունի։ Նա նորիցնոր գլուխս լցնում է դասական «առյուծախտ»-ով։ Որն արդեն ինձնից մի քայլ է հեռու... Որ ես «այծեմարդ» եմ։ Որ ես լուսնային ծերունի եմ... Եվ նույնիսկ ուղղագիծ անսիրալիրությամբ սպրդեց «ծերուկ այծեմարդը»։ Օր ծերության, իբր, այդպիսի բաներ լինում են։ (Եթե տեղնուտեղը չապաքինվի... Խելքը գցում է... Ա՜խ, ա՜խ։ Վտանգավոր է...)։ Դե թող իր համար լեզու շաղ տա... Աշխատում է... Բժիշկն իրավասու է վերախմբավորելու իր գիտուն խոսքերը։ Բայց ես իրավասու եմ դրանց չտրվելու... Կյանքը՝ կապիտալ է։ Ես այն ապրել եմ... Կարող եմ ինձ թույլ տալ մեղմ, կամացուկ քայքայումը։
Սպիտակ Խալաթը, իհարկե, հանգիստ է և նշանառու ներշնչում է խնամառուին թեպետ և հեղհեղուկ, բայց տոկուն վախ։ Վախի աուրան։ Խնամառուն նստել է... Քարացել է... Բժշկի հետ խնամառուն, այդպես է ընդունված՝ սեղանի տարբեր կողմերում են։ Լիովին տարբեր... Պատերի վրա դիագրամներ... Նկարներ... Նույնիսկ գեղանկարչություն... Ամեն ինչ, որպեսզի այդ հեղհեղուկ սիրալիրությամբ ավելի շատ տոկուն վախ ներշնչեն։ Բայց խնամառուն ես եմ։ Եվ ես շշնջում եմ ինքս ինձ, որ ես ընդամենը նույնական չեմ։ Եվ որ իմ դեպքը հեշտ է։ Ամենաթեթևը... Եվ ինձ պատի վրայի նկարներով չես հիպնոսացնի։ Սակայն ինչ մարտականորեն եմ ես հիմա մտածում՝ նստած նրա գրասենյակում։ Նստած Սպիտակ խալաթի դիմաց... Ես, իբր, այդ րոպեին վիթխարի պաշտպանություն եմ պահում... Հազարավոր և տասնյակ հազարավոր ծերունիներ՝ նստած գրասենյակներում և հիմա վախից ընդարմացող։ Խեղճեր... Հարկ է դիմանալ... Մենք՝ մարդիկ ենք։ Հարկ է մարտնչել քո գիտակցության համար։ Մեր անսահմանորեն ձգվող ճակատում... Դիմանալ, որովհետև պայքար է... Եվ թող բժիշկները երբևէ՝ ասեն՝ այս Պյոտր Պետրովիչ Ալաբինը ընդամենը ծերուկ է, բայց փոխարենը ինչպիսինը։
— Եվ այսօր վերջին հարցը, Պյոտր Պետրովիչ... Սկիզբը․․․Ինչից և ինչպես՝ կոնկրետ՝ ձեզ մոտ սկսվեց։
Նա արդեն երրորդ օրն էր հարցուփորձում էր ինձ։
— Ի՞նչ սկսվեց,— (Ես հանկարծ բթանում էի։ Հոգնել էի...)։
— Այն, ինչի մասին մենք ձեզ հետ խոսում ենք։
— Իսկ ես հազիվ կրկին չհարցրի՝ հա, հա... դե ուրեմն ի՞նչի մասին։
— Այն, ինչի մասին մենք երրորդ օրն է՝ խոսում ենք։ Միևնույն բանը, Պյոտր Պետրովիչ, ինչի համար որ դուք եկել եք մեզ մոտ։
Ես լռեցի... Ե՞ս... Հանուն ի՞նչի... Բայց չէ՞ որ ես հիվանդ չեմ։ Իմ դեպքը, դուք, բժիշկ, ինքներդ այդ խոսքերն ասացիք... Եվ եթե անկեղծ. ես եկա այստեղ, ձեզ մոտ (հոգեբանության և հոգեբուժության բաժանմունք), փոքր-ինչ ուշացած ծերունական հետաքրքրասիրությունից։ Հետաքրքրասիրությունից... Դե և որպեսզի փոքր-ինչ մարդկանց մեջ կենամ։ Ծերունին ուզում է մարդկանց հետ։
Դե և որպեսզի փոքր-ինչ ինքս իմ մեջ փորփրեմ։ Խոհածեմ տարատեսակ բաների մասին։ (Մասամբ սովորական նախազգուշությունից)։
Բժիշկ Նեդոպլյոսովի ձայնը փոքր-ինչ ավելի խստացավ.
— Հենց այն, ինչից վախենալով դուք եկաք այստեղ։ Ինչի՞ց և ե՞րբ սկսվեց։
Ես չեմ հասկանում ինչից... հոգնությունից... պոչ խաղացրի.
— Չեմ հիշում։
Նա ծիծաղեց.
— Փակվե՞լ եք... Հասկանում եմ, Պյոտր Պետրովիչ... Առաջին ծերունական գայթակղությունը... Առաջինը։ Դա միևնույն է, թե հոգեբույժը կնոջը հարցնի առաջին տղամարդու մասին... Կարծես թե նա ամեն ինչ հիշում է, ամեն ինչ գիտի։ Իսկ բառերն ահա չեն գալիս... Պարադոքսալ և միաժամանակ ընդարմացման սովորական փաստ։
Եվ չէ՞ որ իսկապես բառերն ինձնից չէին ելնում։ Եվ իրոք ես ասես թե վատ էի հիշում։
— Եվ այդուհանդերձ, Պյոտր Պետրովիչ, ճիգ գործադրեք... Ինչ-որ մանրամասներ։ Ցանկացած պարապ բան... Հասկացեք՝ ձեր առաջին փորձն իր մեջ կրում է իմացության զորեղ, նույնիսկ գերհզոր կենտրոնացումը ձեր անձի մասին։ Ծածկագրված իմացության։ Որը ոչ դուք, ոչ ես միանգամից չենք որսա և չենք կռահի... Բայց եթե հետզհետե... Քայլ առ քայլ...
Անշուշտ, հոգեբան-հոգեբույժը կարողանում էր քամել խնամառուին։ Թող քամի... Ինչ-որ մեկն ինչ-որ տեղ այդ Նեդոպլյոսովի մասին խոսում էր... Գովում էր հեռուստացույցով։ Խորհուրդ էր տալիս... Իսկ հետո իմ ծոռնակից զարմիկ Օլեժկան (իսկ ավելի ճիշտ՝ իմ Օլեժկայի կիսախև ընկերը) տնտղում էր Ինտերնետում։ Եվ փորփրեց, նույնպես զուգադիպություն է, հենց այս էլիտար բժշկիկին։
Մենք այնժամ թեյում էինք։ Օլեժկան խնձոր էր կրծում։ «Պապ, գուցե քեզ հետաքրքի՞ր է... — ասաց նա ծիծաղելով։— Հոգեբույժ Նեդոպլյոսով։ Լսե՞լ ես... Ծերուկներով է զբաղվում»։ Օլեժկան, իհարկե, ծիծաղում էր։ Եվ (ջահելության բերումով) թեթևակի ինձ ծաղրում էր։ Եվ ես էլ կուտը կերա։
Ես խնդրեցի ողջ տեքստը ցույց տալ։ Եվ ինձ միանգամից գրավեց։ Հետաքրքիր է... Հունական առասպելները որպես մարդկային պսիխիկայի խտացումներ, դա մոդայիկ է։ Եվ ահա ոմն բժիշկ Նեդոպլյոսով համեմատում էր ծերունիների հայտնի արատը այծեմարդու ավելի հայտնի վարքի հետ տարբեր առասպելներում։ Հենց այն այծեմարդու... Ծեր և այլանդակ, որը մեծ գեղանկարիչների նկարներից արդեն դարեդար աչք է ածում քնած հավերժահարսին։ Նեդոպլյոսովի մոտ առասպելի գեղեցկությունը վերածվում էր բարության և, ինչպես ինձ թվաց, մասամբ նույնիսկ մեր անզուսպ առօրյա կրքերի ներումով։ Արդյոք վա՞տ է։ (Նախաքրիստոնեական կոպտավուն բարեգթություն։ Բայց ոչ միայն)։
Եվ կողքին՝ ծիծաղելին։ Ամենայն ճիգեր և հավելալրացումներ, ինչպես ընդունված է, ակտիվ ընթերցողներից։ Ինտերնետային եռուքոր... Չարաճճիություն... Բայց հետաքրքրքական է, որ և՛ ցանցառները, և՛ նրանց հետ հավասար ինտելեկտուալները ուզած չափով ծանակեցին «ե» տառը երիտասարդ հանրահայտության ազգանվան մեջ։ Նա նրանց մոտ և բժիշկ Նեդոպլյասով։ Եվ Նեդոպլյուև։ Եվ Նեդոպլակով։ Եվ նույնիսկ Նեդոպիսև և Նեդոպիխով։ Ես ծիծաղում էի։
Եվ իհարկե, ինձ շատ ոգևորեց ծանոթագրությունը՝ Հետաքրքիր դեպքերում բժշկի խորհրդատվությունն ու պարապմունքները ձրի են։
Նեդոպլյոսովն ասաց․
— Դուք դեռ կխոսեք, Պյոտր Պետրովիչ... Դուք անպայման կխոսեք... Ոչ այսօր և ոչ էլ վաղը, բայց մենք, այդուհանդերձ, աչքի կառնենք ձեր առաջին դեպքը՝ չգրոհելով այն։ Պաշարումով։ Չէ՞ որ մենք դաշնակիցներ ենք, ճի՞շտ է..
Ես գլխով արեցի։
— Մի տասը րոպե հանգստացեք։ Իսկ հետո՝ դասարան։
Նեդոպլյոսովը խաղացկուն սեղանի ծայրը նետեց թուղթը, որտեղ ինչ-որ բան էր թխում իմ մասին։ Որտեղ հենց նոր, շոշափելով խնամառուին, նա լրացնում էր համապատասխան սյունակներն ու վանդակները։
Ես ելա.
— Բժիշկ... Ինձ ասացին՝ պետք է օգնել նկար կախել։
— Այո-այո։— Նեդոպլյոսովն աչքը չէր կտրում ինչ-որ այլ թղթից։— Ջանք թափեք այնտեղ, խնդրում եմ։ Դա հենց տասը րոպե կգրավի։ Ձեր ողջ քառյակն այնտեղ է... Իսկ հետո՝ դասարան։
Ես ելա՝ և դռան մոտ։ Ես, ըստ էության, արդեն գնացել էի, ես դուրս գալու վրա էի, ես սեղմեցի բացվող դռան բռնակը, երբ բժիշկը ետևիցս սրընթաց ինձ ձայնեց՝ հենց այդ գնալու վայրկյանին․
— Պյոտր Պետրովիչ, և այդուհանդերձ... Պատասխանը միանգամից... Ինչո՞վ դուք կկարողանայիք առաջին դեպքը կապել... Զուգորդությամբ։ Միանգամից։ Ցանկացած մի խոսքով... Առաջին պատահած, հը՞։
— Բորժոմի,— ինչ-որ արագ պատասխանեցի ես։
— Հիանալի է, Բորժոմի՝ բնակակե՞տը, թե՞ ըմպելիքը։
— Ջուրը։
— Գնացեք, գնացեք։ Վերջ։
Ես քայլում էի միջանցքով։ Ինչ կպչուն է... Պոկեց տեղեկատվությունը... Երևի թե Նեդոպլյոսովը տեղնուտեղը նորից դեպի իրեն քաշեց իմ թերթիկը և երևի թե դատարկ սյունակներից մեկում գրանցում էր՝ Բորժոմի։ Ըմպելիք։
Միջանցքում ես տեսա Չիժովին՝ մեր ծերունական քառյակից ինձ համար ամենահամակրելիին։ Նա դպրոցի դասատու է։
Ավելի մոտ գալով՝ ես ասացի, որ պատրաստ եմ տքնելու ի փառս արդիական բժշկության, ես պատրաստ եմ օգնել՝ իսկ որտե՞ղ է գեղանկարչությունը, որտե՞ղ է նկարը։
— Չգիտեմ։ Բերում են այն... Կամ արդեն բերում են։
— Ինչ-որ երկար են բերում։ Ես կարծում եմ՝ նրանք այն զննում են։
Ես ուզում էի կատակել.
— Զննում են, ես վստահ եմ... ձեռք են տալիս։ Թեթևակի ճանկում են հավերժահարսի հետույքը։
— Նկարվա՞ծ։ — Նա փնչացրեց։
— Այո, նկարված... Իսկ ինչո՞ւ ոչ։
Բայց իմ կատակային տրամադրվածությունը Չիժովի սրտով չի։ Դպրոցի ուսուցիչը մեր այստեղի պարապմունքներին լուրջ է վերաբերվում։ Չափազանց լուրջ Նեդոպլյոսովին։ Չափազանց լուրջ կյանքին։ Նրան, ըստ իս, մերթ ընդ մերթ չի բավում ծերունական թեթևությունը։ (Ճերմակ մազերի քառարշավը։ Ծերունական ցանցառությունը... Դա Չիժովի համար չի)։
Բայց, հնարավոր է, նրա և Նեդոպլյոսովի մոտ համագործակցվում է սոցիալական երաշխիքը, փոխաջակցումը։ Ուսուցիչը չի կարող քամահրել բժշկին։
— Ինձ մեր բժիշկը հետաքրքիր է։ Նա տաղանդավոր է։ Համենայն դեպս, յուրահատուկ է,— սկսում է Չիժովը (ուսուցչաբար կռահելով իմ իջեցված մտքերի ընթացքը)։— Ինձ միայն դուր չի գալիս նրա այդ բոված «սատիրմէն» բառը... Գիտեք, նա ակտիվորեն ներբերում է բառը գիտական գործածության մեջ... Տեսե՞լ եք նրա հոդվածները։
— Ոչ։
— Ափսոս։
Չիժովն ուզում է խոսել։ (Ընկնելով բժիշկների մոտ՝ ամեն մեկը միայնակ է։ Եվ այդ պատճառով ծերունիները հատկապես գնահատում են հարաբերությունները պետական միջանցքներում։ Արագ ընկերության փոխնյութը)։
— Դե իսկ ինչո՞ւ չեք կարդացել... Իսկ հենց ձեզ, Պյոտր Պետրովիչ, տհաճություն չի՞ պատճառում «սատիրմէն» բառը։
— Հըմ։
— Ես հասկանում եմ... Կարելի է ընտելանալ։ Բայց գրվելիս դա, այդուհանդերձ, աչք է ծակում։ Ինչու «է»-ով... Հետաքրքիր է՝ ի՞նչ տեսք կունենա նրա մոտ այդ բառը անգլերեն... Չէ՞ որ ռուսերեն համանման բոլոր բաները «ե»-ով են. «սպորտսմԵն», «ջենթլմԵն»...
Նրա ձայնը բարձրանալու թափ հավաքեց․
— Ես ուզում էի Նեդոպլյոսովին հարցնել։ Ինձ, իբր, հետաքրքիր է... Գրելը, իբր, շատ բանի մասին է խոսում... Բայց ես վախեցա ու լռեցի։ Հանկարծ ու նա ասի, որ «ջենթլմենը»՝ դա լրիվ այլ մարդկանց մասին է։
Ահա, ահա։ Մենք էլ փոքր-ինչ կատակում ենք։ Հարկ է աջակցել դպրոցի դասատուին.
— Այո,— ասում եմ ես։— Դուք ժամանակին ուշքի եկաք։ Ջենթլմենության կապակցությամբ։
Իսկ մենք արդեն երեքով ենք։ Մոտեցավ միջանցքով ևս մեզանից մեկը՝ Դիբիկինը։ Եվ միանգամից բամբաձայնում է.
— Դե ի՞-ի-նչ, խելոքներ։
Կարելի է չպատասխանել։ Դիբիկինը ցանցառավուն է, նրա հետ ոչ մի խոսակցություն։
Նրանք կանգնած են իրար կողքի՝ հակադիր զույգ։ Չիժովը նրբանկատ է։ Չիժովը բարձրահասակ է, նիհար, փոքրիկ ճերմակավուն մորուքով և ակնոցավոր։ Նա նման է Չեխովին, արդեն յալթացի։ Ամեն ինչ հասկանալի է։ Դպրոցի դասատուն, իհարկե, գիտի իր և Չեխովի մասին... Եվ հնարավոր է, արմատավորում է այդ իր նմանությունը։ Այնպես որ, նա մարդկային է, մեղմ, մարդասեր։ Դիբիկինը նրա կողքին՝ լեռան պես։ Հուժկու, զորեղ ծերունի։ Մենք բոլորս (ողջ քառյակը) բավական ամուր ծերունիներ ենք, բայց կոպիտ, զորեղ Դիբիկինը՝ դա մի բան արժի։ Մկանների կծիկ։
Այդ մկանների կծիկը վերջապես հիշեց.
— Գնանք, գնանք ետնամուտքի մոտ, խելոքներ... Հա-հա-հա։ Նկարն այնտեղ է։ Նկարը հասել է։ Նա քրքջում է... Այդտեղ ծիծաղելու ի՞նչ կա։
Մենք գնում ենք ետնամուտքի մոտ։ Նկարն իրոք որ արդեն այնտեղ է։ Այն հանել և թողել են հենց դռների մոտ։ (Լսվում է հեռացող մեքենայի աղմուկը)։ Նկարի մոտ բուժքույր Արիշան է և մեր չորրորդ ծերունին՝ Կլյուշկինը։ Նա նյարդային ծերուկ է։ Նա թափահարում է իր բինտակապ ձեռքով.
— Դե ի՞նչ եղաք...Դե, դե, սատիրմէններ։ Պետք է տանել... Սպասում, սպասում եմ, ոչ մեկը չկա։
Մենք մոտենում ենք։ Չափչփում ենք՝ ինչպես վերցնենք։ Ես վերցնում եմ տակից ու կողքից։
— Վաուտերս... Ընդօրինակում ընդօրինակումից,— ցածրաձայն հաղորդում է ինձ նկարի մասին դպրոցի դասատու Չիժովը։ Դասատուն ուզում է, որպեսզի մարդիկ ամեն ինչ իմանան։ Լուսավորիչ... Նա նույնպես բռնում է շրջանակը՝ ներքևից։
Տարանք։
Նկարի չափսը փոքր չի, շրջանակը՝ ծանր։ Արիշան, կազմակերպելով մեզ, քայլում է մեր կողքից և քշում է կարճառոտ կարգադրություններով. «Ավելի հավասար տար», և նորից. «Անկյունում ավելի զգույշ», և էլի. «Ավելի թեթև, թեթև։ Սա քեզ դաշնամուր չի»։ Բայց հետո նա լռում է։ Մեր ձեռքերը համերաշխվեցին, և հիմա Չիժովն է կարգադրում՝ ուսուցչություն անելիս, նա դպրոցում նկարների հետ բազմիցս գործ ունեցել է։ Դե և մենք էլ, ըստ էության, ամեն ինչ գիտենք։ Գրողի ծոցը կարգադրություններ։ Ծերունիներն ինչ փորձ ասես ունեն։ Իսկ դե արդեն միջանցքի պատին նկար հարմարեցնելը, երբ տեղը նշված է և գլխավոր քարշային կեռիկն արդեն պտուտակված է, ամենևին էլ բարդ չի։
Աժդահակ Դիբիկինը կախում է կեռիկից, իսկ մենք Չիժովի հետ պահում ենք ներքևի անկյունները։ Չմասնակցող Կլյուշկինը նույնպես մասնակցում է։ Նա բոթում էր բինտապատ ձեռքով, ինչպես նախանշող նշանով, և նյարդային ու բարկացկոտ ճչում էր.
— Ավելի ձախ, ավելի ձախ... Չիժո-ոով... Դու էդ ի՞նչ, ծեր անճարակ, լրի՞վ ես շաշացել։
Գործն ավարտելով, մենք բոլորս մի քանի քայլ ետ ենք գնում և զննում ենք՝ ինչ ենք մենք բերել, դե ամեն դեպքում գեղանկարչություն է։ Մենք, իհարկե, արդեն լսել ենք, գիտենք կտավի բուժիչ-դաստիարակչական իմաստը։ Նեդոպլյոսովն իր զրույցներում բազմիցս հղում է արել առասպելներին... Ֆրանս Վաուտերս, 17-րդ դար, յուղաներկ, «Այծեմարդն ու հավերժահարսը»... Հավերժահարսը մարգագետնում... Հասկանալի բան է, մերկ, քնած է։ Այծեմարդը, ծեր և քամահրելի, գաղտագողի մոտենում է իր անլսելի քայլքով։ Ահա նա արդեն կողքին է։ Շուրջբոլորը՝ ոչ ոք։ Միայն անտառը։
Ինչպես մենք իմացանք Չիժովից, դա ընդօրինակում է ընդօրինակությունից։ Գույներն անճոռնի են։ (Պատկերասրահը՝ մերձմոսկովյան Պոդոլսկում)։ Բայց ոչ միայն գույնի մեջ է կորուստը։ Հավերժահարսը նույնպես ընօրինակելիս սաստիկ տուժել է՝ հավերժահարսը նիհարել է։ Հոլանդական միսը սմքել է, և հավերժահարսիկը մի տասներեք տարեկան է դարձել, այնչափ փոքր է, որ դասատու Չիժովը ցածրաձայն և խրատականորեն (և կատակով) ինձ նկատում է՝ շտկված այս նկարում վերնագիրն էլ հարկ էր շտկել՝ ոչ թե «Այծեմարդն ու հավերժահարսը», այլ «Սատիրմէնն ու հավերժահարսիկը»։
— Անհամաչափություն,— հարեցի ես։
— Հենց դա, հենց դա։— Դասատուն հուզված է։— Սատիրմէններն ըստ մայր բնության մտահղացման... ինչպես դա ասես... արդարացնում և ստվերում են հավերժահարսիկների գոյությունը։
Անկանոնությունը բացատրում է անկանոնությունը։ Սատիրմէնները բացատրում են հավերժահարսիկներին։ Նրանք հավերժահարսիկների հետ ձայնակցում են։ Ըստ տարիքի տրամագծի... Անկանոնական հավասարակշռություն։
Կողմ կանգնած և լավ լսող Դիբիկինը չի թողնում մեզ խելոքություն անել.
— Անճարակներ։ Դուք էդ ինչ եք առաջ բրդում։
Լուռ նայում ենք... Եվ այդուհանդերձ, կտավը ծանրակշիռ է։ Ազդում է։ (Դա սլայդ չի)։
— Պապիկ,— Դիբիկինը թևքիցս քաշում է։— Դու մասնագիտությամբ ի՞նչ ես... Ինչո՞վ ես հաց վաստակել։
Ես պատասխանում եմ, միանգամից տասանոցը նշանի տակ առնելով.
— Հըմ,— անվստահ մրթմրթում է նա։
Լռում ենք։ Մեզ տպավորել է։ Գեղեցկությունը, ինչպես միշտ, մարդու մեջ արժեքավոր ինչ-որ բան փրկում է՝ տվյալ դեպքում փրկում է ինչ-որ բան մեր մեջ։ Ինչ-որ ժամանակ ողջ քառյակը սսկվեց։ Մենք բոլորս անկեղծ լռում ենք։ Մենք նայում ենք կողքից մեր խայտառակությանը։
2
Նրա մարմինն ինչպես կաթը կուժի մեջ, երբ կուժը թափանցիկ է։ Ակնարկ, որ նրա մարմինը համատարած ճերմակություն չունի։ (Եռացրած կաթի քնքշանվաղությունը։ Կեղևը։ Ուժասպառվող փրփուրը)։ Իսկ երկինքը չի վախեցնում, երկինքը լայնորեն կախվել է հավերժահարսի վրա՝ մերկ և քնած։ Տապը... Թփերը...
Շողը՝ ընդմեջ ձիթենիների տերևների՝ հաջողեցրեց իր համար անցք բացել։ Եվ նայում է։ Եվ ես նույնպես նայում եմ։ Ես լողացի այդ շողի վրա։ Ես շողի մեջ պար եկող փոշեհատիկ եմ։ Փոխարենը ես բարձրից տեսնում եմ հասակով մեկ ննջած հավերժահարսին։ Նրա մարմինը երբեք չի քնում։ Նրա մարմինը կանչում է։ Նրա ցածրիկ ճակատը ճչում է բնազդների մասին։ Բայց ինչպես բնազդներին (մինչև մեղուշ մթությունն իր բնազդների) հասնի խեղճ այծեմարդը... Ցատկը թփերից հեշտ չի։ Ցատկն այլ արիություն է պահանջում։ Եթե այծեմարդը հերոս լիներ...
— Պյոտր Պետրովիչ, դե դուք ննջել եք,— ընկերաբար կարգի է հրավիրում ինձ բժիշկ Նեդոպլյոսովը։— Դե, երևակայենք։ Բայց սկզբում կողմնորոշվենք՝ ի՞նչ է անում մեր այծեմարդը... Դե՞։
Մոդայիկ հոգեբույժ Նեդոպլյոսովը լավատեսությամբ լի է։ Առավոտյան տասն է՝ ձայնը նրա թարմ է, առույգ, համառ, վստահ իր հաղթանակում, և դե համոզել նրան պետք է մեզ՝ ծերունիներիս։ Դա հեշտ չի։ Չէ՞ որ մեկից չորս ծերունի է։ Ոչ համառ... Ոչ առույգ... Ոչ թարմ։
— Ծիկրակում է,— պատասխանում եմ ես։— Դե էլ ի՞նչ անի։
— Իսկ դուք, Պյոտր Պետրովիչ, ի՞նչ եք կարծում՝ հավերժահարսը գլխի ընկնո՞ւմ է, որ իրեն հիմա տղամարդ է նայում...
Բայց Պյոտր Պետրովիչը արգելակված է։ Բարձրակարգ գեղանկարչությունն ինձ կաթվածահար է անում։ Նույնիսկ եթե սլայդներ են։ Նույնիսկ անորակ։ Նույնիսկ խունացած էկրանի վրա, որը մենք դասից հետո կոլոլում ենք գլանափաթեթի։
Նեդոպլյոսովը տեղնուտեղը լքում է ինձ, զրնգացող ձայնով նիրվանայից հանում է Կլյուշկինին.
— Հավերժահարսը գլխի ընկնո՞ւմ է, որ իր վրա տղամարդ է նայում։ Թե՞ նա արդեն հաստատապես այդ գիտի։
Բայց և Կլյուշկինն էլ դեռևս ինչպես հարկն է չի պատասխանում։ Միայն ճպպացնում է։ Ճըպ-ճըպ։ Շուրթերը ձգում և ավելի հնչեղ է ճպպացնում։ Քաղցր ճպպացնում է... Նրան պետք է կանգնեցնել։ Եվ Նեդոպլյոսովը ծիծաղում է.
— Հասկացա։ Հասկացա... Պատասխանն ընդունված է։
Դասարանում խավար է, իսկ ճերմակ պատի վրա (էկրանին) Ռուբենս... Այծեմարդը գաղտագողի մոտենում է, մերկ հավերժահարսը քնած է... Այծեմարդը բավական շատ է մոտեցել, արդեն երկու քայլի վրա է, բայց առաջ գնալու ուժ չունի։ Արգելակված է։ Կուրացել է նրա մեծ ճերմակ մարմնից... Նրանց միջև չեզոք գոտի է՝ ինչպես սահմանային։ Երկու քայլի վրա... Այծեմարդու վիշտը... Ճըպ-ճըպ, ճպպացնում է Կլյուշկինը։
— Ռակուրսը փոխեք։— Նեդոպլյոսովի ձայնը կրկին ինձ պոկում է կիսանիրհից։
Մեր դասարանը փոքր է։ Սակայն մեզանից յուրաքանչյուրն առանձին սեղանի մոտ է, յուրաքանչյուրն ամուր աթոռակի վրա։ Առավոտյան պսիխոպրոցեդուրան չորս խնամառուների համար՝ չորս ծերունիների, խոշտանգված (ենթադրաբար) վատ
մտքերով։ Եվ էլ առավել վատ երազներով... Ես տարուբերում եմ հոգնած հայացքս... Երեքը (ներառելով ինձ) աջ պատի մոտ են։ Մեր աջ թևը... Իսկ ահա մեկը (դա Դիբիկինն է) պատուհանի մոտ է։ Պատուհանը, հասկանալի է, վարագուրված է։
Բժիշկ Նեդոպլյոսովը մեր ետևում է, նա պրոյեկտորի մոտ է։ Նա այնտեղից մեր ողջ երաժշտությանը դիրիժորություն է անում։ Փոխելով սլայդները՝ փոխում է հա-
վերժահարսերին։ Եվ հենց ինքն էլ մեկնաբանում է... Շողը վառ չի։ Էկրանն աղոտած է, ինչպես Լուսնի մակերեսը։ (Եվ որքան դժգույն է գեղանկարչությունը, այնքան ավելի նրբին է կանացի մարմինը)։ Այծեմարդիկ նկարների վրա նույնպես փոխվում են։ Նրանք կենդանի մարդիկ են։ Ոչ թե հրեշներ, այլ մարդիկ... Բժիշկ Նեդոպլյոսովը պնդում է, որպեսզի մենք՝ չորսս, դադարենք ամաչել մեր տկարությունից։ Դե, լինում, լինում է այդպիսի բան... Սիրելի ծերուկներ։ Աշխարհի երեսին շատ բաներ չեն լինում... Դեն նետեք ձեր կիսամանկական բարդույթները։ Այն, ինչից դուք ամաչում եք, շատ վաղուց հայտնի է աշխարհին։ Դուք իսկական պսիխների չեք ձգում։ Դուք նույնիսկ խուլիգանների չեք ձգում։ Մարդկությունն ապրել է հազարավոր տարիներ, և մի՞թե նրան կզարմացնես լավորակ, գիրուկ կնկան ծիկրակելով։ Այ քեզ փորձանք։
— Փոխեք տեսակետը։ Ավելի հաճախ փոխեք... Նկարները մեզ մոտ քիչ են։
Բժիշկն առաջ է մղում։ Նա ստիպում է մեզ գլուխներս տարուբերել, մի կես րոպե աջ թեքվել, հետո՝ ձախ... Փոքր-ինչ տեղափոխվել։ Փոքր-ինչ տեղաշարժել հայացքը... Բժիշկը փորձում է մի նկարից մեզ համար ստանալ տասի տպավորություն։ Միայն Ռուբենսից քամել տասնյակ նրան համազոր նկարիչների։ (Մենք ասես մարմնամարզություն ենք անում չքայլող հիվանդների համար։ Աջ ձեռքը նեցուկ տալ գլխին, դաստակը սեղանին։ Նեցուկ տալ գլխին ձախ ձեռքով... Ուղիղ նստել։ Նստել, ետ հենվելով)։ Դա զարմանալի է... Հազիվ հենվեցի, գլուխս շարժեցի, իսկ այնտեղ արդեն քամին խաղաց, վազեց ձիթենու հունական անտառակով... Տերևները նյարդայնացան։ Եվ ինքն՝ այծեմարդը, գողունի մոտենում է ճերմակ հետույքին կարծես թե ուրիշ, թփի մոտիկ կողմից՝ այ թե արիացավ... Որքան, սակայն, թարմացավ Ռուբենսը։ Քնած հավերժահարսի մոտ ավելի հրապուրիչ է դառնում ոչ թե ծոցը՝ հազիվ շղարշով ծածկված, այլ կաթնային հետույքը, այլ կուրծքը... ձախը... ինչ զորեղ է այն կանչում ծերունական հայացքը... Եվ դողացին, դողում են նրա ճերմակ ծնկները...
— Իսկ սա Մարսիոսն է... Լսե՞լ եք, պարոններ, այդպիսինի մասին... Փռյուգիացի այծեմարդ Մարսիոսը։ Եթե նույնիսկ լսել եք, ապա նրա մասին լսեք ևս մեկ անգամ։ Նա արժանի է դրան, մեր Մարսիոսը...
Նեդոպլյոսովը ծիծաղում է։
— Նայեք, ինչպիսին է համեստիկը, բայց չէ՞ որ նա այդ գծով փորձագետ է... Ինչպես է նա նայում հավերժահարսին... Ինչ երկչոտ է։ Որքան շփոթահար։ Դե ո՞վ կարող էր մտածել, որ այդ սուսիկ-փուսիկն իր ճակատագրից այդպիսի բուք կպտտացնի։ Այդպիսի փոթորիկ։
Ամեն օր գալիս էր այս Մարսիոսը ծիկրակելու ջահել գեղեցկուհուն։ Ուռենու ճյուղի արանքից աչք էր ածում՝ ինչպես է նա լողանում... Բայց հենց որ նա, մերկ, ելնում էր ջրից, ամաչկոտ Մարսիոսը կողմ էր փախչում։ Սիրահարված այծեմարդը չէր համարձակվում։ Նա ամաչում էր։ Նա ծեր էր... Եվ լոկ հեռավոր բլրից, թաքնվելով, նա զննում էր հավերժահարսին։ Ինչպես է նա պառկում հանգստանալու... Ինչպես է ննջում...
Մի անգամ այդ բլրակի վրա Մարսիոսը գայթեց և ոտնաթաթով ցավոտ վրա եկավ ինչ-որ իրի։ Դուք, իհարկե, հիշում եք՝ եթե գիտեք, որ խոտերի մեջ սրինգ էր։
Ահա։ Այ թե ինչը կգրավի առ նա... Այծեմարդը նստեց բլրակի վրա և նվագեց։ Եվ ինչ տաղանդավոր նվագեց... Բայց հավերժահարսը չարթնացավ և մոտ չվազեց։ Լինում են այդպիսի կանայք։ Ավելի պինդ էր քնել... Նրան թվում էր, թե եղեգների մեջ երգում է քամին... Հիասքանչ երաժշտությունից ավելի քաղցր էին նրա աղջկական երազները։
Փոխարենը խանդավառ երաժշտության վրա վազեցին մոտակա գյուղակներից այնտեղ ապրող մարդիկ։ Այդ մահկանացուները, այդ գեղջուկները (հասարակ հին հույները) հիանում էին նրա մեղեդիներից և իրար ընդհատելով գոչում էին, որ իր նվագով այծեմարդը գերազանցել է բոլորին... բոլորին... նա խայտառակեց հենց Ապոլոնին։
Մարդիկ սիրում են համեմատել ներշնչվածն աստվածայինի հետ։ Իսկ այն, որ համեմատությունն աստվածների հետ վտանգավոր է, ունայնամիտ մարդկանց համար ինչ-որ միևնույն է։
Այծեմարդ Մարսիոսը մեկից չվճռեց։ Տատանվում էր... Բայց նա այնքան ուզում էր, որպեսզի հավերժահարսը գար առ իր սրինգը, առ իր հաղթանակը։ Եվ նա ասաց «այո»՝ նա համաձայնվեց գալ Ապոլոնի տոնին, որտեղ նա, սովորական այծեմարդը, կնվագի ի պատիվ աստծո։ Եվ գուցե թե հենց աստծուց էլ լավ։
Իսկ հավերժահարսն այդպես էլ չհայտնվեց: Կամ, ասում են, հայտնվեց, բայց մեծ և աղմկոտ հավաքով, պտտվում էր ինչ-որ տեղ հեռվում։ Մեկ այստեղ, մեկ այնտեղ... Նրան ինչ հետաքրքիր է։ Երբ ծերուկ Մարսիոսը, աչքերը չռած, կախարդական հնչյուններ էր փչում, նա նույնիսկ ավելի մոտ չեկավ... Փոխարենը մոտեցավ Ապոլոնը։ Աստված հայտնվեց իր ողջ շքեղությամբ։ Նրան բարկացնում էին լուրերն ինչ-որ այծեմարդու վարպետության մասին։ Նա ձեռքը վերցրեց սրինգն ու նվագեց։ Այնուհետև վերցրեց քնարը և նորից նվագեց։ Նա, անշուշտ, հաղթեց։ Նա հաղթեց, բայց չբարիացավ... Զայրացած դուրսպրծուկի հանդգնությունից՝ աստված տեղնուտեղն իր հաղթանակից հետո իր մասին իմացնել տվեց՝ նա պոկեց Մարսիոսի կաշին և երկար ժամանակով կախեց ծառից։ Քիչ է այն, որ այնտեղ ծեծում էր քամին։ Եվ մեկ էլ ստորացման ցավը։ Նրբընտիր ցավ։ Ամեն մի մոտիկ ձայնից որևէ մեկի սրնգից խեղճ այծեմարդու մաշկը տանջալից ձգվում էր... թրթռում։
Իսկ հավերժահարսը, որտեղ էլ որ նա լիներ, տեղնուտեղը քունը տանում էր։ Եվ նա ննջում էր։
Բժիշկ Նեդոպլյոսովն ուզում է, որպեսզի մենք միաձուլվենք այն անդրէկրանային ձիթենու անտառակին։ Որպեսզի վավաշոտորեն և ընդ որում հանգիստ (առանց կողքից ճիչերի և հայհոյանքի) զննեինք քնածին... Բժիշկը ներարկում, ներմուծում է մեր ենթագիտակցության մեջ մեծ նախնական բարությունը՝ հունական առասպելների մեծ ամենաթողությունը։ (Պապիկ Ֆրեյդն էլ նույնպես գոհ կլիներ։ Եվ հասկանալի է ինչու։ Ձիթայուղով, բայց միևնույն շիլափլավն է)։
Եվ պետք չէ շփոթահար լինել ծեր այծեմարդու և ջահել հավերժահարսի տարիքային տարբերությունից... Եվ գրողի ծոցը կեղծ բարեպաշտներին։ (Հատկապես հիսունն անց կանանց)։ Դարեդար գեղանկարիչները ապշած էին հավերժահարսային թեմայից։ Նրանց ցնցում էր։ Նրանք չէին կարողանում վրձինը պահել։ Բայց այնպես, որ ինքը վրձինը տարուբերվում էր կտավի վրա։ Վրձինը հազիվ էր հասցնում նրանց երևակայության ետևից... Վրձինը ծիկրակում էր։
— Տեսեք, թե ինչ պինդ եք դուք... Կտրիճներ... Դե ահա, սիրտը... Դե ահա, խոցը... Ցավերը տեղում են։ Բայց երբ ես բուժքույր Արիշային ասացի (թերթիկներն էինք լրացնում), թե ձեզնից յուրաքանչյուրը քանի տարեկան է, նա համարյա թե աթոռից վայր ընկավ։ Մեկը մեկին։ Գվարդիականներ... Դուք դեռ ցույց կտաք բոլորին։ Դիբիկինը վաղը Թայսոնին ծեծ կտա։ Դե ականջներդ պահիր, ծերուկ... Իսկ գլխավորը... Գլխավորը, դուք բոլորդ երկարակյացներ եք։ Երկնքի պարգև։
«Երկարակյացներ» բառը նա ավելի ամուր դրոշմեց մեր մեջ։ Դադար։
Ինքնին ծիկրակելու մեջ ոչ մի հանցավոր բան չկա, և ոչ էլ անբարոյական... Բայց...
Եվ Նեդոպլյոսովն ի վերջո ուղիղ գործնական եզրակացություն է անում։ Հանրագումարի է բերում։ Հանուն մեզ, հանուն ծերուկների... Նա առասպելը շրջեց առակի։
— Դուք հասկացա՞ք... Մարսիոսը պատժվեց։ Պատժվեց մարտահրավերի համար։ Դուք հասու եղա՞ք, պարոն սատիրմէններ։ Դուք կարող եք որքան կամենաք երազել հավերժահարսերի մասին և լորձունքներդ թափեք... Դուք կարող եք լիզել էկրանը կեսգիշերային էրոտիկ ֆիլմերում։ Նկարների վրա... Լողափերին... Դուք կարող եք լրիվ կայֆ բռնել։ Բայց...— հոգեբույժի ձայնը պնդանում է,— բայց՝ չպնդել... Բայց՝ մարտահրավեր չնետել... Բայց՝ չխցկվել քո սրնգով ուրիշի տաքացրած անկողինը։
Բժիշկ Նեդոպլյոսովը փոխում է սլայդը, և պատի վրա ևս մի քնած հավերժահարս է կենդանանում... Իսկ սա ո՞վ է... Որտեղի՞ց են նրանք։ Մեկից երկու այծեմարդ։ Երկուսն էլ սևամարմին են... Երկուսն էլ շունչները պահել են... Նա կհազա, և նրանց քամին կքշի։ Նրանք համարյա կախվում են նրա ճերմակ (և կարծես թե անպաշտպան) մարմնի վրա։ Վիլյամ Էռռի։ «Քնած հավերժահարսերն ու այծեմարդիկ»։ 1828։ Լոնդոնյան ազգային պատկերասրահ։
Նրա նկարը սկահակի վրա։ «Աթենասն ու այծեմարդ Մարսիոսը»։ 5-րդ դար մեր թվարկությունից առաջ։ Ահա։ Բայց չէ՞ որ սա մեր խեղճի պատմությունն է։ Դե, երբ Մարսիոսը ոտքով խոտը տրորելիս, գտնում է սրինգը... Այսինքն՝ հանճարեղ սրինգը սկզբնապես պատկանում էր Աթենաս աստվածուհուն։ Դե, ուրիշի սրինգ էր։
Պուսեն։ «Այծեմարդն ու հավերժահարսը»։ 1630։ Իսկ ահա այստեղ հավերժահարսը ձանձրանում է։ Նրա համար տրտմալի է։ Այծեմարդը նրանից ընդամենը երկու քայլի վրա է և լիուլի ըմպում է շշից։ Ծերուկը մոտ է թողնվել։ Հրաշք... Բայց մոտիկությունը հավերժահարսին մի քանի քայլի (երկու քայլի) վրա դեռ չի նշանակում, որ մեր ծերուկը հաջողության է հասել։ Հավերժահարսը պարզապես թույլատրում է նրան լակել։ Ինչ իմանաս՝ գուցե, նա՝ հարբած այծեմարդը, նրան զվարճացնի։ Որպեսզի նա ցրվի... Թող, թող նրան էլի խմել, պստլիկ Էրոտ։ Թող կոնծի։ Էս ինչ էծ է...
Իսկ այնտեղ տեսնենք, տեսնենք... Մեկ էլ տեսար, և մեր հորիզոնի վրա էլ թեկուզ ինչ-որ, թեկուզ և ոչ լավ հերոս հայտնվի։ Ձիթենու անտառակի անտառեզրին... Հոգնած-փոշոտված հերոս-տղամարդը... Իսկ էդ էծին... այդ այծեմարդուն այդժամ դուրս քշել։ Տեղնուտեղը վզակոթին։
— Ռակուրսը փոխեք,— գոռում է Նեդոպլյոսովը։ (Երբ ես նինջի մեջ եմ, ցանկացած ձայն հրեշալի բարձր է)։
Ես կկոցում եմ աչքերս, որպեսզի դուրս չընկնեմ թույլատրվածից (արվեստի սահմաններից) և դուրս չթռչեմ իմ իսկ բիբերից այնտեղ՝ առ այն արևային բլրակները։ Առ գզուզ ձիթենիներն ու դրանց ստվերում քնած ճերմակամարմին, հարթ հավերժահարսերը... Ես ի՞նչ անեմ այնտեղ։ Ի՞նչ կփոխվի այնտեղ իմ ներկայությունից... Մի այծեմարդ ավելի։
Ես գիտեմ, որ ես ոչ մի սատիրմէն էլ չեմ («է» թե «ե»՝ կարևոր չի)։ Ես այստեղ պարզապես հետաքրքրասիրություն եմ ցուցաբերում։ Թեթև դեպք... Ես սովորական սիրահարկոտ ծերուկ եմ։ Այսպիսին, հավանաբար, և կմահանամ։ Դե թող։ Ես, իհարկե, լսել եմ, որ շատ ծեր այծեմարդիկ իրենք իրենց համոզում են, թե իբր իրենք ընդամենը սիրահարկոտ են։ (Ես դա թույլ չեմ տալիս)։ Թող այդպես լինի... Ինչու փութալ հանգուցալուծման։ «է»-ով կամ թե «ե»-ով, բայց նկարներից ես արդեն կշտացել էի։ Ես լիքն եմ։ Ես ճզմված եմ նկարիչներով։ Եվ ես ահա-ահա լիովին համաձայն կլինեմ, որ արվեստի սահմաններից անդին (հոգու ծայրամասում) մարդը չնչին է։ Մարդուկը փոքր է։ Նա չնչին է։
Այդ ես այստեղ եմ պուճուր ու չնչին... Եվ երբ առաջնակարգ գեղանկարչություն եմ տեսնում, ես արդեն չեմ ուզում պայթեցնել այս աշխարհը։ Արդեն խուսավարման համար ժամանակ չկա։ Արդեն նահանջելու դեպքի համար տարածություն չկա։ Արյունը կեռա, բայց ես ծեր եմ, և եռացող արյունը կպայթեցնի ինձ, այլ ոչ թե աշխարհը։
Ժ.-Ֆ. Ժ. Սալի։ «Այծիկով այծեմարդը»։ 1751։ Ահա... Ահա թե որտեղ այծեմարդը (և նրա հետ և նկարներ նայած սատիրմէնը) հարազատ հոգի գտավ... Ահա թե ում հետ է նրան հեշտ՝ փոքրիկ քառաոտ էակի։ Եվ դե ինչպես հանգստացավ այս ջահելացող մարմարյա այծեմարդը։ Ինչ գեղեցիկ է։ Նա՝ բնության մասն է։ Նա ինքը դեռ այծիկ է։
(Նա դեռ միայն վաղը կտեսնի հավերժահարսին։ Միայն վաղը... որից հետո տառապանքների ողջ կույտը կգահավիժի նրա վրա)։
Դուրս չգար նա իր մանկությունից... փոքրիկ այծային դրախտից...
Կանչո՞ւմ է... Բայց արդյոք նա՞ է կանչում։ (Մեկը նրա երեք քնքուշ կզակներից կանչում է։ Մեկը նրա փորի բյուրավոր ծալքերից)։ Տա՞լ, թե՞ չտալ՝ ահա թե ինչում հարց չկա։ Հավերժահարսի համար այդ հարցը հարյուրամյակներ է ձգվել... պատասխանի անիմաստության ետևում։ Դա մյուսների համար էր հարց։ Հավերժահարսերի աչքին՝ մտքի ոչ մի փշուր։ Բայց գույները, գույները։ Բայց մարմնի ինչ խրախճանք։ Հենց խոտի վրա։ Զմրուխտե խոտի վրա։ Սպիտակ բուլկին, մայր Հողից դուրս պրծնող։
Պառկել և պառկել է։ Նա նույնիսկ հերոսի չի սպասում... նա ինքն իրենով է։ Սպասում է շողի... Անձրևի, միջատի... Կարապի... Ամենին, որ երկնքից կընկնի... Բայց միայն ոչ երկրայինը, ոչ կեղտոտը, ոչ այծեմարդանմանը։ Նա չի հասկանում, ինչի մասին ես դու, եթե դու այծեմարդ ես։ Այծեմարդը նրա համար տնանկ է։ Տնանկը՝ երկարակյաց... Այծեմարդն (հանգով) անբնակարան է, Այծեմարդն անհրասանդ է։ Դե էլ ի՞նչ... Անզուգարան է... Դրա հետ ամեն ինչ կարգին է։ Զուգարաններն այստեղ լիքն են դաշտում և ձիթենու անտառակում... Նաև թփերը, թփերը, թփերը...
Շշուկով (որպեսզի մյուսներին չխանգարեն).
— Պյոտր Պետրովիչ... Տեղերով փոխվե՞նք, հը՞։
Դա Չիժովն է։ Դպրոցի դասատուն ուզում է արմատապես ռակուրսը փոխել։ Նշան է բռնել... Տեղափոխվել իմ տեղը։
Բայց ես գլուխս տարուբերում և նույնպես նրան շշուկով՝ ոչ... Իբր, ռակուրսը՝ նույնպես չափ է։ Ինձ, իբր, ռակուրսի համար լիովին բավում է այն, որ ես աչքերս կկոցում եմ։ (Իրականում ես պարզապես նիրհի մեջ եմ։ Ես ալարում եմ)։
Չիժովը ձգտում է առ Կլյուշկինը՝ նա նրան տեղնուտեղը հասկանում է, և նրանք տեղերով փոխվում են։ Ապրեն։ Պատկերացնում եմ, ինչպես կրկին նրանց համար երփներգեց ձիթենու անտառակը։ Ինչպես նրանց աչքերում փոքր-ինչ թարմացավ ձանձրացրած գիրուկ հավերժահարսը։ (Նեդոպլյոսովը տեսնում է նրանց փոխանակումը, բայց չի մեկնաբանում, կնշանակի, քաջալերում է)։ Հետո փութում է Դիբիկինի մոտ, կրկին ու կրկին փոխվում է... Ջանում է։ Կրկնակի փոփոխություն՝ հենց նույն կրկնակի ռակուրսը։ Լավ ուսուցիչը՝ ինչպես լավ աշակերտ։
Ո՞վ է նա։ Ինչպիսի՞ն է նա կյանքում, այդ ուսուցիչ Չիժովը... Զվարթ ուսմասվա՞րը... Կամ, գուցե թե, քիմիկոս բարձր դասարաններո՞ւմ։ Բարձր դասարաններում ուսուցիչ-քիմիկոսը անպայման կայտառ է, իսկ գուցե և սեթևեթ՝ քիմիկոսություն է անո՞ւմ... Հետաքրքիր է, ծեծե՞լ են Չիժովին աղջիկների հայրերը։ Աղջիկ-տասներորդ դասարանցու բողոքից հետո՞... Իմ երևակայությունը չի ձգում այն բանից ավելիին, որ Չիժովին մի երեք անգամ դպրոցից հեռացրել են։ Սակայն թշվառականը պատրաստ է և հետագայում էլ ուսուցչություն անել, պատրաստ է հեռու գնալ։ Այս դպրոցը փոխարինելով մյուսով... Որովհետև սիրում է մասնագիտությունը։ Ճանապարհ... Ինչ-որ տեղ ծայրամասում ամեն դեպքում կկարողանա տեղավորվել։ Պոդմոսկովիեում... Նրան այնտեղից էլ, դպրոցից դուրս են քշում։ Արդեն և որպես մնացած թոշակառուի քշում են։ Չիժիկը եկավ՝ Չիժիկը գնաց... Եվ դե լրիվ կվտարեին, դե և էլ ով կգնա մանկավարժներից ողջ ամառ սահմռկելի հետխորհրդային դպրոցական ճամբար։ Իսկ նա կգնա։ Անպայման... Իսկ հետո... Սպիտակ վրանները... Վրա է հասնում մեղմ տաքուկ գիշերը։ Այնքան տաքուկ, այնքան ամառային։ Ինչ զմայլիչ են երեկոները Ռուսաստանում... «Եթե կենցաղայնորեն, ձեր դեպքը ամենահետաքրքիրը չի։ Ձեզ չեն ծեծել,— ասաց ինձ առաջին իսկ հանդիպմանը Նեդոպլյոսովը։— Իսկ չէ՞ որ իմ խնամառուները հիմնականում ծեծի հետքերով են»։ Կենցաղայնորե՞ն։ Ես կարող եմ պատկերացնել տարատեսակ կրքեր-մռութաջարդոցներ սարթ Դիբիկինի մոտ։ Բայց Չիժովը... Դե ինչպես կարելի է ծեծել բարձրահասակ, նիհար, բարի դեմքով, փափուկ մորուքով, համակրելի Չիժովին՝ ինչպե՞ս կարելի է թակել Չեխովին։ Որը չէր հասցրել քթից պենսնեն հանել։ Գռեհիկներ։
Դպրոցական ամառային ճամբարները՝ պատվարժան բան չի... Ընդհանրական քաղաքից դուրս գալը։ Դեպի այդ խղճուկ ֆաներային որջերը և փութանակի դրստած վրանները։ Մրսում է նա։ Քաղցում է։ Փորը վեց-վեց է անում։ Խոցը (երիտասարդական-կոմերիտական սննդի վրա) իր մասին զգալ կտա... Բայց նա կգնա։ Կուտի ինչ կտան։ Չիժիկն ամեն ինչ կկտցի... Սակայն հետո արդեն գերլարումով, երևակայության մեծ դժվարությամբ պատկերացնում եմ, ինչպես նա, Չեխովի նման, գիշերը գողունի անցնում է վրանների միջով...
Լուսին... Բոլորը քնած են... Ուսմասվար-բարոյախոսը, նա չի փութում։ Նա փոքր-ինչ մրսում է, երկար նստած վրանի բացվածքում, դե գնար հիմա նա... Նայում է հասուն բարձր դասարանցուն։ Քնած է աղջիկը։ Բայց գուցե և ձևացնում է... Ոչ, ոչ, քնքուշ, նա միայն երկարում է ձեռքը և հանում է խոտի ծեղը նրա ուսից... Խոզություն է, իհարկե, նրա մասին այդպես մտածելը։ Գիտեմ, որ խոզություն է։ Ես գնահատում եմ դպրոցական աշխատավորներին։ Տաժանավայր։
Ինտելիգենտ, ձեռքերը դողում են սրտնեղությունից, այլ ոչ թե հաշվեհարդարից։ Ծեծված Չիժովը, ես կարծում եմ, ընդհանրապես առանց ցասման է... Նա ճղճղան կգոռա-կգոռա, իսկ հետո երկար հեծկլտում, լալիս է։
3
Շոգ է... Շոգը թուլացնում է... Հավերժահարսը քնած էր, մերկացած, հենց անտառեզրին, իսկ այծեմարդ Մարսիոսը, արբեցած նրա ճերմակ մարմնով, նայում էր թփերի ետևից։ Ոչ հերոս... Վճռականությունն այդպես էլ այծեմարդուն չայցելեց։ Դե ոչ մի կերպ։ Այդժամ նա սկսեց շրջաններով քայլել։ (Չմոտենալով, և բայց և չհեռանալով։ Չտագնապեցնելով քնած հավերժահարսին, բայց և նրան տեսադաշտից բաց չթողնելով)։ Պտտվելով անտառափին՝ Մարսիոսը ոտքը դրեց ամենևին ոչ եղեգնյա սրնգի վրա։
Ազնվածին եղջերվի ոսկորներից էր սարքել այդ սրինգը աստվածուհի Աթենասը։ Առավոտյան նա նվագում էր բացառապես իր համար, իսկ երեկոները, երբեմն՝ բոլորի համար։ Եվ ոչ մի կերպ Աթենասը չէր կարողանում հասկանալ՝ ինչու այդպիսի երեկոյան Հերան և Աֆրոդիտեն քմծիծաղում են։ Հայացքներ փոխանակում և փռթկացնում են, այնինչ զվարճանքը (սրնգային երաժշտությունը) նոր էր և, անկասկած, հիասքանչ։ Առավել ևս տարօրինակ է, որ բոլոր մյուս աստվածներին նրա նվագը ուրախություն էր պատճառւմ։ Հատկապես վարիացիաները՝ քամու ընդօրինակումները... Սակայն նրա մենանվագը դուր չէր գալիս երկու գեղեցկուհիներին։ Նույնպես փաստ է։ Միանգամայն լուրջ մանրամասն։
Առավոտյան ավելի խոր անտառ մտնելով՝ Աթենասը նստեց գետակի մոտ և նվագեց ինքն իր համար՝ հետևելով ջրի միջի արտացոլանքին։ Ահա թե ինչ... Նա այնքան գեշացել էր ուռած այտերով և օդի անբավությունից լարված դեմքից։ Սրինգ նվագելը, պարզվում է, այլանդակում էր նրա աստվածայնորեն հիասքանչ դեմքը... Աթենասը տեղնուտեղը դեն նետեց սրինգը՝ նզովքով ուղեկցելով յուրաքանչյուրին, որը այն կբարձրացնի։
Իսկ խեղճ Մարսիոսը բարձրացրեց հնչող իրը։ Մարսիոսն ուզում էր լոկ երաժշտությամբ գրավել հավերժահարսին։ Նա հազիվ թե հասկանում էր, որ ինքը մարտահրավեր էր նետել։ Այդ գյուղացիներն այնպես խորամանկորեն գրավեցին այծեմարդուն՝ հրավիրելով նրան իրենց տոնախմբությանը։ Իբր, արի, արի։ Իբր, և քո հավերժահարսն էլ հրավիրված է... Կգա...
Իսկ տոնն ավելի ծավալելու համար հետաքրքրություն գրգռեցին և գրավեցին ստեղծագործական մենամարտի հենց Ապոլոնին իր քնարով... Եվ աստված եկավ, մի՞թե աստված կերկնչի... Ինչ-որ այծեմարդուց։ Թու... Եվ երկու սրինգների համերգը սկսվեց։ (Այնուհետև և արդեն ավելի ուշ հնչեց քնարը):
Նրանք նվագում էին ամբղջ օրը՝ մինչև մութն ընկնելը։ Սակայն մրցումը լիովին չդրսևորեց հաղթողին։ Դրսևորվեց հավասարակշռությունը։ Լսելով երկուսին՝ ազնիվ հույները բաժանվեցին ամոթալիորեն հավասար։
Եվ ահա թե ինչու խոցված Ապոլոնը նետվեց եղբայրների մոտ Օլիմպոս... Նա ասաց՝ թող աստվածները որոշեն։ Եվ հեռացավ աստվածներից՝ դուռը շրխկացնելով։ Նա նրանցից ձայն չէր մուրում վերահաշվման համար, նա մանրախնդիր չէր... Եվ հասկանալի է, որ այդ տղաներն Օլիմպոսից յուրովի և առանց տատանվելու, հաղթանակը տվեցին նրան։
— Եղուկ պարտվողներին,— ասաց Ապոլոնը։
Եվ կարգադրեց պատժել։ Այծեմարդուց ողջ-ողջ կաշին քերթել... Հավերժահարսն այնտեղ էր... Նա չէր կարող տեսնել՝ ինչպես են նրան քերթում, և փախավ իր մարգագետինը։ Լողանալով անտառակում՝ պառկեց խոտի վրա... Իսկ խեղճ Մարսիոսի կաշին այդ ընթացքում կախեցին քարայրում։ Դարեդար... Եվ ահա թե ինչ նկատեցին՝ արվեստագետի զգայուն մաշկը սկսեց տակտին համընթաց ցնցվել, երբ գյուղակից հասնում էին սրնգի պարզ, անպաճույճ ձայները։
Բայց կաշին անշարժ կախված էր մնում, երբ սրինգ աստվածներն էին նվագում։
Դիբիկինը՝ արտահայտված սատիրմէնը։ Խոշորագլուխ։ Բրդոտ... Զորեղ ծերունի, մկանների կծիկ։ Նա նայում է աշխարհին զորնդեղ մարդու առավելությամբ և միաժամանակ՝ թափանցող մանկական վախով։ Նա թաքցնում է իր երեխայությունը։ Բոլոր մարդիկ նրա համար մեծահասակներ էին։
Քանզի կարգադրված է ռակուրսը փոխել՝ աջ ու ձախ տեղաշարժվելով։ Դիբիկինը տեղաշարժվում է, բայց երեխի պես՝ աթոռակով։ Նրան թվում է, թե այդպես ավելի հեշտ է։ Ինչո՞ւ բաժանվել նստատեղից և ինչո՞ւ հետույքը պոկել... Նա աթոռակի հետ միասնական է։ Ինչպես թռչկտացող գորտը՝ մետր աջ չրխկ-չրխկ... մետր առաջ չրխկ-չրխկ... Նա չի հասկանում, նա չի հասկանում, որ իր տեղաշարժումը չրխչրխկում, թնդում է բոլորի ականջներում։
Նեդոպլյոսովը նրան դիտողություն է անում.
— Դիբիկին, դու սմբակներով ես դոփում։
Եվ ժպտում է՝ մեղմացնելով.
— Մենք, պարոններ, մեր կենտավրոսն ունենք։
Դիբիկինին տեղ չհասավ։ Նա սուրում է առաջ։ Ընդ որում՝ նա աչքերը չի պոկում սլայդի վրայի կաթնահունց հավերժահարսից՝ ծանակող սպիտակ բծից։ Հիմա ձախ չրխկ-չրխկ... Կզակի վրա լորձունքի թելը։
Ես նիրհի մեջ եմ։ Շուրջբոլորս աստվածներ են, այծեմարդիկ, հավերժահարսեր... ինչո՞ւ չէ, նաև կենտավրոսնե՞ր... Խորունկ առասպելական սուզում։
Բոլոր դարերում կենտավրոսները մարդկանց մեջ հարուցում էին ամենավսեմ զգացողությունները։
Այնքան էլ այդպես չի, պարոն Նեդոպլյոսով։ Այնքան էլ այդպես չի... Ըստ որոշ ոչ հանրահայտ առասպելների՝ ԿԵՆՏԱՎՐՈՍՆԵՐԸ վիժուկներ են։ (Ի հաշիվ մարդկային կեսի)։ Դա չի մոռացվել։ Ոչ բոլորն են այդ մասին մոռացել... Ոնց որ թե կծու բրիտանացի Սվիֆթը տանել չէր կարողանում կենտավրոսներին։ Նա կամենում էր անհեթեթ խառնածինին նորից երկու կես անել։Նա մաքրություն էր ուզում։ Ետ, ետ... նա տենչում էր առ նախնական տարրերի մաքրությունը։ Եվ Սվիֆթը երկու կես արեց՝ բաժանեց կենտավրոսներին հիասքանչ ձիերի և նողկալի եխուների։
Երբ խոսքը խեղճ Մարսիոսի կաշվի մասին է, մեր զորեղ Դիբիկինն սկսում է նյարդային այտոսկրի մկանները խաղացնել։ Կամացուկ, բայց տպավորիչ ատամներն է կրճտացնում։ Նա նրանց չէր տրվի։ Նա իր կաշին կփրկեր (ամենաուղղակի իմաստով)։ Նա նրանց բոլորին ցույց կտար ինչն ինչոց է։ Եվ նա ինքը կքերծեր էդ Ապոլոնի կողերը։ Եվ դեռ հայտնի չի, թե ում կաշին կդողար քամու տակ դարեդար...
Եվ հանկարծ հատակին աթոռակով կենտավրոսի հետ պտտվող Դիբիկինը գոչում է ողջ դասարանով մեկ։ Նա էությունն ամենքիցս լավ էր հասկացել.
— Գլխավորը սրինգը չտրորելն է։
— Պյոտր Պետրովիչ... Ռակուրս։— Դա նորից Նեդոպլյոսովն է։
Ես մեկից չեմ արձագանքում.
— Պյոտր Պետրովիչ։
— Ես փոխում եմ փոխում եմ... Ես աչքերս կկոցում եմ։
— Եվ ի՞նչ հետո։
Բժիշկ Նեդոպլյոսովը ինձնից առաջ է ընկնում։ Թեթև հեգնանքով իմ փոխարեն խոսքալրում է նախադասությունս.
-...Եվ հետո հավերժահարսը սկսում է ինքը հետապնդել ձեզ։ Ճի՞շտ է։
Դե թող որ նրանք շարունակեն հեգնել... Ինձ չի ձգում և չի գրավում նրանց տեսակետների արագ փոփոխությունը։ Շուկա... Չեմ մասնակցում։ Մաս չեմ կազմում... Շուրջբոլորը, իբր, փոխողներ են, բազար, նրանք բոլորը խելքահան են եղել, իսկ ես ահա՝ ոչ, ես միայն աչքերս եմ կկոցում։ Մեկ աջը՝ մեկ ձախը։ Միակ փոփոխությունը, որին ես ենթակա եմ։ Բայց արդեն Դիբիկինն էլ հանգիստ թողեց իր չխկչխկացող աթոռակը և միացավ տեղերով փոխվող Կլյուշկինին և դպրոցի դասատու Չիժովին։ Այժմ նրանք երեքն են։ Ես նրանց ինչի՞ն եմ պետք... Այ քեզ փոխվողներ... Երեքի համար էլ հաճույք է։ Առաջ, ծերուկներ։ Առաջ, շնչահատ երևակայություն։ Եթե աչքով ավելի առաջ գաս, ավելի սրընթաց և կտրուկ, ապա դու ընդհանրապես այդ սսկված ձիթենու անտառակի տերն ես, այդ քնատ խոտի՝ այդ քնած ջահել կնոջ։ Ինչո՞վ ծածկված... Դե ոչնչով՝ լոկ գործվածքի բարալիկ կտորով, թեթև և նրա թխլիկ ճերմակ ոտքերի մոտ ծածանվող։ Ազդրերի միջև, եթե ճիշտն ասենք։
Նրանք տեղերով փոխվում են՝ հար արագանալով։ Կլյուշկինը փոխվում է Չիժովի հետ, ուսուցիչ Չիժովը անդադար՝ Դիբիկայի հետ... Դիբիկան՝ Կլյուշկինի, իսկ Կլյուշկինը նորից Չիժովի հետ... Նոն-ստոպ... Եթե վերևից նայես՝փոփոխությունների պատկերն ավելի դինամիկ է։ Ասես ինչ-որ վիթխարի մեկը (ինչ-որ անտեսանելի մեկը) խաղում է, ծերուկներով երեք մատնոց է խաղում։
Սակայն և նոր ձեռքբերված տեսակետը բերում է սատիրմէններին, ինչպես երևում է, կարճատև ուրախություն։ Այդ փոխադարձ ցատկանցումները աթոռակից աթոռակ (տաքից տաք) հաճախացան։ Առկայծեցին իմ ծերուկները։ Փայլկտացին։ Այնտեղ-այստեղ... Այստեղ-այնտեղ... Միայն թե տեսփոխի ժամանակ պատուհանի մոտ հայտնվելով (այնտեղ անցքից խցկվել էր առավոտյան շողիկը) մեկ էլ տեսար հապաղում է... Նստած է մնացել... Բայց նրան քշում են, նրան հասկանալ են տալիս՝ ժամն է, ժամն է...
Իսկ վիթխարի անտեսանելի մատնոցավարը ավելի է հավելել արագությունը։ Ինչ փութկոտ են դարձել նրա ձեռքերի տակ բոլոր երեքն էլ։ Ինչ հուզված են։ Հազիվ ռակուրսը փոխելով ուզում են կրկին փոխել։ (Լավ է, որտեղ մենք չկանք)։
— Պյոտր Պետրովիչ,— շշուկով ձայնում է ինձ Չիժովը։
Վեր թռավ ու դիպավ ուսիս՝ իբր, քեզ հետ, արի-արի, աթոռակներով փոխվենք, արի իմ տեղը պատուհանի մոտ։
Ես գլուխս տարուբերում եմ՝ չեմ ուզում։
Իսկ նա համառ է, նաև փութացնում է՝ արի, արի, Պյոտր Պետրովիչ, այստեղ քեզ աղոտ է։ Եվ ցուրտ է խփում։ Նույնիսկ փչում է։
— Փչում է, փչում։ Քեզ փչում է,— համառորեն ճնշում է պսիխիկայիս վրա դպրոցի ծեր դասատուն։
Ինչ հիմարություն։ Ողջ կյանքում (և ամենքն այդ գիտեն) մեզ խփում և փչում է հենց պատուհանից, այլ ոչ թե պատից։ Այդպիսի անհեթեթություն կարող էր ասել, կարող էր դուրս տալ Դիբիկինը... Եվ Կլյուշկինն էլ կարող էր... Բայց ոչ մի կերպ դպրոցի դասատուն։
Պոկ չեկող Չիժովը համարյա թե ուժով ինձ բարձրացնում է աթոռակից։ Այ թե կպել է։ Ես ենթարկվում եմ ուրիշի կամքին, թող այդպես լինի, գնում եմ պատուհանի մոտ ռակուրսս փոխելու։ Փռվում եմ Չիժիկի աթոռակի վրա և նայում եմ էկրանին՝ դե ի՞նչ նոր բան կա այնտեղ... Միևնույն հավերժորեն հիասքանչ և հավերժորեն մերկ նայադը... Նույն այդ լպստած մարգագետինը։ Միևնույն այդ գզուզ ձիթենիները օտարոտի անտառակներում... Բայց ահա անելու բան չունենալուց (և նայելու բան չունենալուց) ես նայեցի մեր վարագուրված տարածության լուսաշերտին՝ պատուհանից։ Մայրիկ իմ։
Կողքի շինության մեջ, առաջին հարկում՝ հենց պատուհանի մոտ, քնել էր ջահել մի աղջիկ... Քնած, կիսածածկված, թմբլիկ այտերով և այնքան կենդանի, որ նրա կզակին պաղել էր պուճուրիկ լորձունքը։ Նրա շուրթերի ծայրերից ելած... Կիսաընկած... Ուսն ու մի կուրծքը (թեթև վերմակը շրջանցելով) հիանալի երևում էին։ Բայց հատկապես վառ, աչք ծակող, բորբոքուն շողում էին նրա ճերմակ ծնկները։ Հրաշք։
Այդ շինությունը (երեք հարկանի) ըստ մտահղացման, ավելի շուտ, վերականգնողական բաժանմունք էր։ Մեծ չլվացված ապակիների ետևում այնտեղ կարելի էր տեսնել շվեդական պատիկը, մարզասարքեր... Նույնիսկ բասկետբոլի օղակով ցանց։ Այդ ամենը դեռևս փոշոտվում և ժանգոտում էր։ Ասում էին՝ ինչ-որ մեկը գնել է... Ասում էին՝ ահա-ահա... Սակայն շինությունը դատարկ էր։ Իսկ աղջիկը դատարկ տանը՝ ինչպես գիշերային պահակ, համենայն դեպս։ Մեզանից, եթե հաշվենք, ընդամենը մի տասնհինգ-քսան քայլի վրա։ Քնած հրաշք... Էդ էր, որ դեպի «պատուհանային դիրքն էր» հենց աթոռակով սուրում Դիբիկինը։ Այդ է, որ ծերուկներից յուրաքանչյուրը փութում, նետվում էր այնտեղ։ Այդ էր, որ փսլնքոտներն այդպես տենդագին փոխվում էին... Հիմա ինձ կխնդրեն այնտեղից։ Իբր, շատ նստեցիր դու, Պյոտր Պետրովիչ։
Մեր օրերին սովորական բան է՝ ջահել աղջիկը գիշերները պահակություն է անում մեռյալ շինությունում։ Հսկում։ Գրոշների դիմաց, անշուշտ... Հանկարծ ես հասկանում եմ, որ ձեռքերով, մատներով, համարյա թե եղունգներով ես կպել եմ իմ տակի աթոռակին... մատներս ցավեցնելու աստիճանի։ Մեկից չեմ հեռանա։ (Աչքերս կտանեմ պատուհանից դեպի ցուցադրող էկրանը՝ հավերժահարսից հավերժահարս)։ Ինձ համակում է թեթև տագնապը։ Ես այստեղ հավերժական չեմ։ Ահա-ահա կքշեն այստեղից։
Ես բնավ էլ գայթակղված չեմ այդ կենդանի մարմնով՝ աղջնակը լավն է միայն ջահելության պատճառով։ Երևի թե մրսած է (եղանակից)... Փոքր-ինչ փսլնքոտ (քնից)։ Եվ անկեղծ ասած, ողջ հավերժահարսը պարտվում էր հավերժահարս-նկարին։ Բայց նա ողջ է, խփեց, կրակեց ուղեղիս։ Նա արթնացրեց։ Միայն թե հիմա ես այնտեղ էի... Ձիթենու անտառակում։ Ես այնտեղ ներխուժեցի... Թափով... Եվ միայն հիմա հավերժահարսը էկրանին լրիվ կենդանացավ։ Իսկական գեղանկարչության մեջ պիտի ներխուժես։ Հենց այդպես։ Ներխուժես, այլ ոչ թե մտնես նվաղող սրտով։ Առ գեղանակարչություն պիտի ցատկես՝ թռչես ցատկահարթակից։ (Ինչպես թռչում են դահուկներով։ Ձգված, փոքր-ինչ չռված, երերուն և օդով սավառնող դահուկներով)։
Կյանքի և գեղանկարչության կրկնորդումից սիրտս կծկվեց։ Այդ ծարավը չես բացատրի։ Ես ուժասպառվեցի... Իսկ քնածը փոքր-ինչ շրջվեց։ Նույնպես գիտի։ (Ռակուրսը փոխում է)։ Եվ վերմակիկը և սավանիկը փոքր-ինչ վար սահեցին... Օ՜, Աստված... Այ թե ինչպես։ Քնատ խեղճի մոտ... Նրա մոտ... Այդ աղջիկը ոտնաթաթ չուներ։ Ձախ ոտքի վրա։
Բարեբախտաբար, վերմակի ծայրով ծածկված էին նրա աճուկն ու փորը։ Դիրքի դասականություն։ Եվ այնքան անտանելի և հանդուգնագրգռիչ էին շողում այդ ցուցադրված սպիտակ ծնկները։
Միտքը միացավ՝ ես աչքերով փնտրում էի հենակները։ Կամ էլ հենաբռնակով փայտը... Ոչ... Ոչինչ...
Բայց ուշադիր աչքը գտավ։ Աչքը դեմ առավ... Ծալովիի տակ, որի վրա խեղված աղջիկը քնել էր... Հանովի պրոթեզ էր։ Գիշերը նա այն ոտքից հանում է։ Էժան... Կոպիտ, սահմռկելի կոշիկը։ Քուղակապումը... և ամրացուցիչները։
— Առանց պրոթեզի նրա համար ավելի հեշտ է։ Նրան, իհարկե, ավելի հեշտ է... Քնելը հեշտ է,— կարեկցելով, քրթմնջում էի ես անհայտ է թե ում։ (Ինքս ինձ։ Հանկարծակիի եկած)։
Իսկ մեջքի կողմից ինձ էր արդեն մոտեցել Չիժովը։ Արդեն շտապեցնում էր (Նայեցի՞ր... ազատիր, տեղն ազատիր)։
— Այնտեղ չեք նայում,— նկատեց նա ինձ։
Իբր ոտնաթաթը ոտնաթաթ,— իսկ նայել, իբր, աղջկա ոտքերին քիչ վեր է պետք։ Հեքիաթը ծալքում է... Գեղեցկությունը... Տեսա՞ք... Հեքիաթը ծնկերի ծալքում է։
— Չհասկացա... Ի՞նչ,— հարցրի ես։— Դուք ի՞նչ ասացիք։
— Ոչ թե ես... Գումիլյովը,— փնթփնթաց ծեր դպրոցի դասատուն՝ սրտնեղելով զանգվածների համատարած տգիտությունից։ — Ասել է բանաստեղծ Գումիլյովը։ Հեքիաթը ծնկածալերում է։