Վառվող լուցկու ժամանակը
Եկեղեցական պատմություններ
Մոր աղոթքը
«Մոր աղոթքը ծովի հատակից էլ տեղ կհասնի». այս ասացվածքն, անշուշտ, բոլորը գիտեն։ Սակայն արդյոք բոլո՞րն են հավատում, որ ասացվածքը ոչ թե գեղեցիկ բառավարժանք է, այլ միանգամայն ճշմարիտ է ու դարերի ընթացքում ապացուցվել է անթիվ օրինակներով։
Մի վանական՝ հայր Պավելը, ինձ պատմեց վերջերս իր հետ տեղի ունեցած մի դիպված։ Պատմեց այնպես, կարծես այդպես էլ պետք է լիներ։ Նրա պատմածն ինձ ապշեցրեց, ու հիմա կվերաշարադրեմ։ Կարծում եմ, որ այն զարմանալի է ոչ միայն ինձ համար։
Փողոցում հայր Պավելին մոտենում է մի կին ու խնդրում այցելել իր որդուն։ Խոստովանության։ Ասում է հասցեն։
— Իսկ ես ահավոր շտապում էի, — ասաց հայր Պավելը, — ու այդ օրը չհասցրի գնալ։ Ճիշտն ասած, հասցեն էլ մտքիցս թռել էր։ Մեկ օր անց նորից հանդիպեցի նրան, շատ հուզված էր ու հորդորում էր, պարզապես աղաչում էր գնալ իր որդու մոտ։ Չգիտեմ ինչու, բայց նույնիսկ չհարցրի, թե ինչու ինքն ինձ հետ չի գալիս։ Աստիճաններով բարձրացա, սեղմեցի զանգի կոճակը։ Դուռը բացեց մի տղամարդ։ Փնթի երիտասարդ էր, միանգամից երևաց, որ թունդ խմող է։ Ինձ ուղղված հայացքը հանդուգն-քամահրական էր. ես եկեղեցական հագուստով էի։ Բարևեցի ու ասացի. «Ձեր մայրն է խնդրել այցելել ձեզ»։ Բացականչեց. «Ստերդ թարգի, մերս հինգ տարի ա՝ մեռած ա»։ Մինչդեռ պատին, ի թիվս այլնի, մոր լուսանկարն է։ Նայելով լուսանկարին՝ ասացի. «Հենց այս կինն է խնդրել այցելել ձեզ»։ Կռվազան հարցրեց. «Ուրեմն այն աշխարհի՞ց ես էկել հետևիցս»։ «Չէ, — ասացի, — առայժմ այս։ Իսկ այն, ինչ որ կասեմ, անպայման արա. վաղն առավոտյան արի եկեղեցի»։ «Բա որ չգա՞մ»։ «Կգաս, մայրդ է խնդրում։ Մեղք է ծնողի խոսքը չկատարելը»։
Եվ նա եկել էր։ Եվ խոստովանությանը ցնցվում էր հեկեկոցներից, ասում էր, որ մորը դուրս է արել տնից։ Նա ապրել է օտար մարդկանց մոտ ու շուտով մահացել է։ Ինքը հետո է իմացել, նույնիսկ թաղմանը չի եղել։
— Իսկ երեկոյան վերջին անգամ հանցիպեցի նրա մորը։ Շատ ուրախ էր։ Գլխաշորը սպիտակ էր, իսկ դրանից առաջ սև էր։ Անդադար շնորհակալություն էր հայտնում ու ասում, թե որդին ներված է, քանի որ ապաշավել ու խոստովանեցվել է, և որ արդեն տեսել է որդուն։ Հաջորդ առավոտյան արդեն ինքս գնացի նրա որդու հասցեով։ Հարևաններն ասացին, թե նա երեկ մահացել է, տարել են դիահերձարան։
Այսպիսին էր հայր Պավելի պատմությունը։ Իսկ ես՝ մեղսագործս, մտածում եմ. ուրեմն մորն ի վերուստ էր շնորհվել տեսնել որդուն այնտեղից, որտեղ ընկել էր իր երկրային վախճանից հետո, ուրեմն նրան ի վերուստ տրվել էր իմանալ որդու մահվան օրը։ Ուրեմն այնտեղ էլ նրա աղոթքներն այնքան ջերմեռանդ են եղել, որ նրան շնորհ էր արվել մարմնավորվել ու հոգևոր մի այրի խնդրել խոստովանության ու հաղորդության ենթարկել Աստծո այդ ապաբախտ ծառային։ Չէ՞ որ սոսկալի է մեռնել առանց խոստովանության, առանց հաղորդության։ Եվ ամենակարևորը՝ նշանակում է, որ նա սիրում էր որդուն, նույնիսկ այդպիսի որդուն, հարբեցող, հարազատ մորը փողոց նետած իր զավակին։ Նշանակում է, որ նա չէր զայրանում, խղճում էր և, արդեն բոլորիցս ավելին իմանալով մեղսագործների ճակատագրի մասին, արեց ամեն բան, որպեսզի իր որդին խուսափի դրանից։ Նա իր զավակին դուրս բերեց մեղսագործության անդունդից։ Այո՛, անձամբ ինքն ու միայն ինքը՝ իր սիրո ու աղոթքի ուժով։
Ինձ թույլ չտվեցին գնալ եկեղեցի
Այո՛, հենց այդպես։ Թույլ չտվեցին։ Ռուս զինվորները։ Այն էլ ե՞րբ։ Հաղթանակի օրը։ Նախապես էի պատրաստվել գնալու Մայիսի Իննի առավոտյան պատարագին։ Արթնացա, լվացվեցի, վերցրի կնոջս գրած՝ ողջերին զորակցություն և հանգուցյալներին հանգստություն հայցող երկտողները, ինքս հավելեցի. «Եվ հանուն Հայրենիքի բոլոր զոհվածներին»։ Ու գնացի։ Ապրում ենք մենք Տվերսկայա փողոցի սկզբնամասում՝ կենտրոնական հեռագրատան հարևանությամբ։ Եվ հարկավոր է փողոցն անցնել։ Ժամը յոթն անց կես էր։ Ամբողջ փողոցն արգելափակված էր։ Արգելափակողներից այն կողմ արդեն կանգնած էր ռազմական տեխնիկան՝ ժամանակակից հրասայլեր, նաև պատերազմի տարիների հրասայլեր։ Դրանց շարժիչների ոռնոցը վերջին շաբաթներին լսում էինք զորահանդեսի փորձերի ժամանակ։ Մոտեցա արգելափակոցների միջև թողնված բացվածքին։ Սակայն ինձ թույլ չտվեցին գնալ դեպի ստորգետնյա անցումը։
— Եկեղեցի եմ գնում։
— Չի՛կարելի։
— Ախր եկեղեցի եմ գնում։ Այստեղ եմ ապրում։ Ահա անձնագիրս։
— Շքերթից հետո կբացեն։
— Սիրելինե՛րս, մինչև շքերթը դեռ համարյա չորս ժամ կա։
— Մի կողմ քաշվե՛ք։
Ահա այսպես։ Փորձեցի Մոսսովետի դիմացի անցումով գնալ, փակ էր։ Պուշկինյանով՝ ապարդյուն։ Այսպիսին էր վիճակը։ Ու ոչ մի ցանկություն չկար նայելու այդ մարտական հզորությանը։ Չէ՞ որ ինձ չթողեցին, երբ աղոթելու էի գնում, այդ թվում՝ այսօրվա մարտիկների համար։
— Դուք ի՞նչ է, քրիստոնյա չե՞ք։
— Հրամայված է չթողնել։
Վիճակը սա էր։ Ես, իհարկե, հետ գնացի։ Դառնություն, սակայն, զգում էի։ Ես, իհարկե, վատ աղոթող եմ, մեղսագործ մարդ։ Բայց գուցե հենց ի՞մ աղոթքն է պետք մեր փառապանծ ռուսաստանյան բանակին։
Ահա այդպես։ Զորահանդեսը հեռուստացույցով նայեցի։ Առանց գլխարկի քաղաքացիական հագուստով մի մարդ, որին կոչում են պաշտպանության նախարար, անցավ շարված զորամիավորումների առջևով, ոչ մի անգամ պատվի չառավ, լսեց նրանց եռակի «ուռա»-ները, մոտեցավ տրիբունային ու շքերթին, դրանց պատրաստ լինելու մասին զեկուցեց գերագույն հրամանատարին, որը նույնպես քաղաքացիական հագուստով էր, նույնպես պատվի չառավ, քանի որ, ինչպես մեզ սովորեցրել էին բանակում, «դատարկ գլխին ձեռքը չեն մոտեցնում»։
Փողային նվագախումբն ազդարարեց զորահանդեսի մեկնարկը։ Հաղորդավարներն իրենց մեկնաբանություններում ընդգծված սիրով էին նշում շարքով անցնող օտարերկրացիների մասնակցությունը։ Հետո ոռնաց տեխնիկան։ Իսկ հետո տանիքներին շատ մոտիկ սուրացին ինքնաթիռները։ Մի քանիսը՝ աներևակայելիորեն մեծ։ Հաղորդավարներն ասացին, որ եթե դրանք ևս տասը մետր ցածր անցնեին, ապա կկոտրվեին բոլոր լուսամուտների ու ցուցափեղկերի ապակիները։
Հետո դառնությունն անցավ։ Ծաղիկներ, շքանշաններ, երեխաներ, երաժշտություն։ Դե ինչ, նշանակում է, որ արժանի չեմ ողջերի ու մեռածների համար եկեղեցում աղոթելու մեծ պատվին։ Կնոջս հետ կանգնեցինք տանը եղած սրբապատկերների առջև ու կարդացինք մեր երկտողերը։ Եվ դուրս եկանք փողոց ու զգացինք, որ մեզ էլ հասավ 1945-ի Հաղթանակի շունչը։
Ես չկայի
Ամեն ինչ կար՝ ասիական աչքեր, հետ վազող ճակատ, ու հանկարծ տղամարդը տեսավ այդ սավառնող քայլվածքը... Բազմիցս գրվել ու գրվելու է։
Քայլում էի շարժասանդուղքի աստիճաններով՝ արագացնելու վերելքս։ Եվ կանգ առա՝ շարունակելով, սակայն, բարձրանալ առանց որևէ ջանք գործադրելու։ Վերևում ու աջից՝ շարժասանդուղքի վրա, տեսա մի կնոջ, որը կանգնած էր իր հարևանուհու նկատմամբ կիսադեմ, իսկ իմ նկատմամբ՝ երեք քառորդով շրջված։ Նեոնային լամպերի հավասար լույսը նրա նուրբ դեմքից ջնջել էր ստվերները, և եվրոպացիներին ոչ բնորոշ ընդգծված այտոսկրերը շեղ աչքերը մղում էին համեմատության ճապոնական փորագրանկարի հետ։
Եվ այդ պահին էր, որ ինձ խոցեց դառը միտքը՝ ինչպե՞ս նկարագրես։ Նկարի հետ համեմատելը ամենահեշտ ուղին է։ Թեև այդպիսի համեմատության համար պետք է իմանաս այն, ինչի հետ համեմատում ես, իսկ դա իմ մասին չէ։ Բունինի «Մաքուր երկուշաբթիի» կնոջը հետ սանրած մազերը թերևս տալիս են ցածրաճաշակ նկարի գեղեցկուհու տեսք։ Բայց դա, պետք է ասել, Բունինն է։
Ես կկործանվեմ, եթե սկսեմ փորձել ամեն բան մեկը մյուսի հետևից։ Եվ ուրեմն ամեն ինչ կա՞ր։ Ե՛ս չկայի։ Հիմա ես կա՞մ, թե՞ նախկին եսիս գումարային արտացոլանք եմ։
Տե՜ր Աստված, Քո կամքն է։ Մե՞նք պիտի գրենք մի երկրում, որտեղ կարդում են Պուշկինի արձակը։ Բայց եթե իմ գրածը վանելու է ընթերցողի աչքը իմ տողերից, թող նրա հայացքն ուղղվի Պուշկինին։ Ու ես մեծահոգաբար մոռացության մատնվեմ։ Իսկ նման մոռացությունը չպետք է վիրավորի. այն, հանուն ինչի մոռացվում է մերը, մեզ նույնպես ներառում է։
Շարժասանդուղքը ինձ հասցրեց այնտեղ, ուր պիտի հասցներ նախապես վճարված հինգ կոպեկի դիմաց։ Այդուհետ ինքս պիտի քայլեի։
Համայիլ
...մեր տանը, երբ դեռ դպրոց չէի գնում, ապրում էր մի աղջնակ՝ սակավախոս մի ուդմուրտ։ Ապրեց մեկ կամ երկու ձմեռ, սովորում էր։ Այն ժամանակ գյուղերում դպրոցները քիչ էին։
Նրա սնունդը շատ խղճուկ էր՝ միայն կարտոֆիլ։ Լվանում էր երկու-երեք հատ ու դնում վառարանի մեջ։ Կարտոֆիլը շուտ էր խորովվում, բայց ոչ թե այնպես, ինչպես կրակի վրա, ոչ թե սևանում, այլ դառնում էր վարդագույն։ Միջուկը նուրբ արծաթագույն էր լինում, ինչպես տաք եղյամը։
Մի օր նրան հաց տվեցի՝ մի փոքր կտոր։ Վախեցավ ու չկերավ հացը, տվեց մուրացկանի։
Մայրս խղճում էր ուդմուրտ աղջկան.
— Ախր շատ աղքատ են ապրում։
— Իսկ հացը չվերցրեց, — ասացի ես։
— Չի վերցնի, մեր հավատից չի։
— Բա ո՞ր հավատիցէ։
— Ինքս էլ կարգին չգիտեմ։ Մենք սրբապատկերի մոտ ենք խաչակնքվում, իսկ նրանք անտառ են գնում աղոթելու, հատուկ պուրակ ունեն՝ Կելեմատ։
— Իսկ ես ի՞նչ հավատի եմ։
— Ուղղափառ քրիստոնյա ես, աշխարհական։
...հիշում եմ, թե ինչպես էր սառնամանիքից ներս մտնում ուդմուրտուհու մայրը, ինչպես էր ներողություն խնդրում սառած տրեխների տկտկոցի համար, ինչպես էին մայր ու աղջիկ նստում մթության մեջ՝ արտացոլելով վառարանի կրակի հեթանոսական ցոլքը։ Ու ես, չիմանալով նրանց լեզուն, հասկանում էի, որ դուստրն իմ մասին է պատմում։
Առավոտյան թաքուն, որպես հույժ կարևոր մի բան, ինձ տալիս է հնությունից մգացած փայտյա կուռքի արձանիկ՝ իրենց կրոնի համայիլը։ Համայիլը ինձ անհասկանալի մի կրոնի, որը, սակայն, ինձ արժանացրել է ուշադրության այն մի կտոր հացի դիմաց, որ տվել եմ իրենց սոված դստերը։
...ցերեկը, երբ սառնամանիքին վազվզելուց հետո տաքանում եմ վառարանի պատի մոտ, իսկ արևը ոսկու փայլ է տալիս սեղանի դեղին մոմլաթին, աղջիկը նստած է սեղանի մոտ ու սովորում է «Ծոցի ափին կաղնի կա կանաչ...» — ը։ Ես իրենից շուտ եմ անգիր անում բանաստեղծությունը, իսկ նա ծիծաղում ու տալիս է ինձ մի մեծ տաք կարտոֆիլ։
Ոսկեցող սպիտակը
Սա կյանքիս լավագույն հիշողություններից մեկն է. կանգնած եմ բեռնատարի բաց թափքում, խուսանավում եմ եղևնու ճյուղերից։ Մեքենան ոռնում է, մաշված անվադողերը բոբիկ ոտքերի պես սահում են կավահողի վրա։
Ու հանկարծ մեքենան հայտնվում է հնդկացորենի հսկայական ոսկեցող սպիտակ արտում։ Եվ բուրմունքը, որ հոտառության հիշողությամբ երբեք չես վերականգնի. մեղրի ջերմ, անգամ տաք բուրմունքը, որին միանգամից բախվում է դեմքս, պարուրում է ինձ։
Սպիտակ կերպասի հսկայական արտ՝ կիսված ճանապարհի հողագույն թելով, որը կորչելու է հաջորդ մութ անտառում։
Ջրաշուշանի տերևը
Ես միանգամայն անքմահաճ մարդ եմ, կարող եմ ուտել անգամ ամենաբազմազան չինական կերակուրներ, կամ, ասենք, վրացական, ճապոնական, արաբական կամ պարզ ու սննդարար ռուսական։ Կարող եմ և սնվել միայն կարտոֆիլով։ Բայց հանկարծ, տարիքս առնելով, սկսեցի նկատել, որ բոլորվին անտարբեր չեմ, թե ինչ բաժակից եմ խմում, ինչ պատառաքաղով եմ ուտում։ Չեմ սիրում երկարատև թռիչքների պլաստմասսայե ամանեղենը, ինձ մխիթարում եմ նրանով, որ դա գոնե հիգիենիկ է։
Տարիքի՞ց է, մտածում եմ, թե՞ ինտելիգենտի քմահաճություն է։ Ի՞նչ կապ ունի՝ ինչ ամանից ես կշտանում, կարևորը կշտանալն է։ Եվ մի՞թե դու ես, ասում եմ ինքս ինձ, դու, որ տեսել ես սովի ծայրահեղ դրսևորումները, պիտի մտածես, թե ինչից ես ուտում կամ խմում։
Չգիտեմ, թե ինչու հանկարծ սևեռվեցի սպասքի վրա։ Գեղեցիկ է ճենապակին, սքանչելի է բյուրեղապակին, զուսպ է արձաթը, ինքնահավան է ոսկին, սակայն եթե անգամ թաղես ինձ այս ամենի մեջ, կհաղթի այն ամառը, երբ ես սիրում էի գրադարանավարուհի Վալյային՝ ակնոցավոր, խելացի, մանկատանը մեծացած աղջկան, և այն օրը, երբ քայլում էինք մեր գետափով ու ծարավ էինք։ Աղբյուրներն ամեն քայլափոխի էին։ Ինձ ի՞նչ՝ բերանսքսիվայր պառկեցի գետնին ու աղբյուրի մոտ գոյացած լճակից խմեցի սառնորակ ջուրը, հետո ափերիս մեջ առա ու առաջարկեցի սիրեցյալիս։
— Ո՛չ, — ասաց Վալյան, — այդպես չեմ կարող։ Ես պետք է ինչ-որ բանից խմեմ։
Եվ այդ «ինչ-որ բանը» գտնվեց։ Նայեցի շուրջս՝ ներքևում՝ գետախորշում, ջրաշուշանները ծաղկել էին։ Ցատկեցի դարափն ի վար, առանց կոշիկներս ու տաբատս հանելու մտա ջուրը, ջրաշուշանից մի տերև պոկեցի, դուրս եկա ափ, աղբյուրի ջրով լվացի տերևը, ձագարաձև ոլորեցի, մեջը ջուր հավաքեցի ու մեկնեցի սիրելիիս։
Խմեց։ Հետո համբուրվեցինք։
Հիմա ի՞նչ ասել է ուտելու ու խմելու սպասք։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Մի՛ տանջեք ինձ։ Կյանքս անցել-գնացել է, բայց այդ օրը մնացել է։ Աղբյուրներն ու ջրաշուշանի տերևը։ Ու մենք՝ երկնքի տակ։
Հեռուստադիտողը
Այն ժամանակներում, երբ ռուս գրողներին հրավիրում էին հեռուստատեսությամբ ելույթ ունենալու, ինձ ևս կանչեցին։ Գնացի, տեսագրվեցի տասը րոպե տևողությամբ բարոյախոսական քարոզում։ Ինձ ասացին, թե երբ է հեռարձակվելու եթեր։
Այդ օրը գյուղում էի։ Հեռուստացույց չունեի, հաղորդում նայելու գնացի հարևա-
նուհուս՝ Նաստյա տատի մոտ։ Նստեցինք էկրանի դիմաց։ Նաստյա տատն ամենևին չզարմացավ երկատմանս, այն բանին, որ նստած իր հետ թեյ եմ խմում, և միաժամանակ խոսում ապակեպատ արկղից։
— Դե, Անաստա՛սյա Դիմիտրիևնա, — հարցրի տասը րոպեն լրանալուց հետո, — տեղի՞ն եմ խոսել։
— Տեղին էր։ Բայց կարևորը չասեցիր։
— Ի՞նչը։
— Մեր վաճառողների վրայով չանցար։ Մի գլուխ գողանում են։ Շատ են ալա-բուլա։ Գնացի պրյանիկ առնելու, լցրեց կոտրտվածներն ու մի բան էլ քիչ կշռեց։ Պետք ա, պետք ա դրանց պորտը տեղը դնել։
Ամենայն լրջությամբ՝ ինձ թվում է, որ Նաստյա տատը ճիշտ էր։ Մինչ մենք բարոյականությունից էինք խոսում, ճարպիկ մարդիկ գողանում էին։ Հետո մեր ասածը տեղ հասավ ու այնտեղ զարմացան. պարզվում է, ինչ-որ մարդիկ ճամարտակում են, թե գողանալը վատ է։ Դրանց դո՛ւրս շպրտեք էկրանից։ Ու դուրս շպրտեցին։ Ու սկսեցին փառաբանել Օստապ Բենդերի պես խարդախներին ու խաբեբաներին։
Վերջերս այցելեցի Նաստյա տատին, քաղցրաբլիթ տարա։ Նստած տուրուդմփոցի ու այլասերության մասին հաղորդում էր նայում։ Զզվանքով թքում, բայց նայում էր։ Ուրիշ ոչինչ ցույց չեն տալիս։ Նորությունները նայելու համար ևս նյարդեր են պետք. հատուկ ցույց են տալիս անվերջ վթարներ, դիակներ, արյուն, խոսում են միայն փողի մասին։ Կամ ցույց են տալիս վաղուց խելքը թռցրած Ամերիկան։
— Քեզ ցույց տալո՞ւ են, — հարցրեց Նաստյա տատը։
— Չէ՛, ցույց չեն տալու։
— Խի՞ որ։
— Հիշո՞ւմ եք, որ երբ ելույթ էի ունենում, վաճառողների վրայով չանցա։ Հենց դրա համար զրկվել եմ ձայնի իրավունքից։ Այսինքն՝ իրավունք ունեմ, բայց ձայն՝ ոչ։ Քո առաջ ելույթ կունենամ։ Թեյ խմելիս։ Պրյանիկ եմ բերել, ու տես՝ ոչ մեկը կոտրված չէ։
— Կաց, հեռուստացույցի լարն անջատեմ։
Ի՜նչ լավ է առանց որևէ տեղ շտապելու գյուղում թեյ խմելը։ Տանը լռություն է տիրում։ Երաշտահավերն են միայն լուսամուտագոգին թռչկոտում ու փոքրիկ կտուցներով թմբկահարում ապակին։ Հարկավոր է նրանց համար փշրանքներ դուրս տանել, ու արդեն բոլորովին լավ կլինի։



