Վհատ մարդիկ

Վա՜յ մեզ, վա՜յ մեզ:
Տխուր մարդիկ հյուր եկան
մեր տոնին կարծես, վհա՛տ մարդիկ:
Քրթմնջացին իսկույն դժգոհ,
մրթմրթացին. «Ձեր տոնն ա՛յն չի»:

Տխուր մարդիկ, սմքած դեմքեր,
հայացքներում՝ մուժ խումհարի,
եկան թե չէ՝ խոժոռվեցին.
«Ձեր խինդը խինդի նման չի,
ու մեզ պետք չի՛:

Թթու է այս ուրախությունը մեզ համար,
տաղտկալի է ու անիմաստ»:
Մեր մեջ իմաստ չեն գտնում այդ
մարդիկ վհատ, բան չեն տեսնում՝ ո՛չ լավ, ո՛չ վատ:

Քայլեցին ու դոփդոփեցին, թքեցին՝շուրջը զննելով
ծամածռված մռութներով,
ամբարտավան ծպպացրին, մատով
անկիրթ ցույց տվեցին ում պատահի.
այստեղ-այնտեղ...

Հորանջեցին ու ծամեցին, քրտնեցին,
շուրջն անդուր հոտեր տարածեցին՝
տրտնջալով. «էստեղ էն չի»:
Ինչ պետք էր՝ ա՛յն չերգեցինք,
ոնց պետքն էր՝ չնվագեցի՛նք նրանց համար,
դե, իսկ վերջում հետները ա՛յն չդրեցինք:

Նրանց համար ոչինչ այն չէ այս աշխարհում,
հրաշքների մասին այն չի ասվում բնավ:
Ու դեմքերն են տխուր մարդիկ ծամածռում...
Դե, վե՛րջ տվեք, բավակա՛ն է, հերի՛ք եղավ:

Նրանք ոչինչ չեն հավանում.
ո՛չ թասի մեջ, ոչ ափսեում:
Ո՛չ վարդն է այն, ո՛չ թռչունը:
Եվ գնում են, հայհոյելով հեռանում այդ վհատ մարդիկ:
Իսկ տոնը դեռ ընթանում է, շարունակվում: