Սվետա, կամ Օրը, երբ ես դարձա իսկական տղամարդ
(հատված)
Եթե բաց թողնենք մանկիկի վախեցնող գիրությունը, կոմունիստ հորից նրբանկատորեն ութ հարյուր կիլոմետր հեռու մկրտության ծես կատարելն ու Դոնի ակունքին գտնվող հարազատ պանելային տան նկարագրությունը (ահա այն՝ շքամուտքից ձախ միս ջարդելու խորդուբորդ կոճղը, բարաքների կողքի՝ դոմինոյի քարեր հիշեցնող սեղաններն ու հարսանիքի շորափոխները, որոնց մեջ առանձնանում էր ներկած բեղերով միլիցիոները), հարկ է սկսել այնտեղից, որ անցած ամառ իմ աղջիկը (անվանենք նրան Ալիսս, որ նշանակում է «գաղտիկուրի ծաղիկ») մոր մի քանի հազար ֆունտը՝ տրված դասուսույցներին, փոխանակելով «ՄՊՔ-ի» (միասնական պետական քննություն) աղյուսակում նախանձելի երկնիշ թվանշանի հետ և ականջ չդնելով իմ համառ աղերսալի խորհուրդներից և ոչ մեկին՝ հերթ կանգնեց հինգ համալսարանների ընդունելության հանձնաժողովներում վիճակախաղի տոմսերի համար:
Դրանցից ցանկացածն ավարտելուց հետո Ալիսսին սպասում էր դաժան մարդասիրական կարիքը, — կանխագուշակում էր նրա հայրը, — ծնողական ժառանգության մսխում, ամուսնուց վիրավորական կախվածություն (ամուսնալուծությունից ավելի դաժան բաներ կան, փոքրի՛կս), ռեստորանային հետնամուտքերում չոր հացի մուրում ու սենյակների մաքրում հարուստ համադասարանցի աղջիկների տներում, որոնք ժամանակին հարգել են ծնողների կարծիքը:
Ի՞նչ պիտի աներ ծեր հայրը: Առանց այդ էլ արդեն կռացած միջողնային ճողվածքով. մարզասրահում անչափավորության դժոխային արդյունքը:
Ուղեկցեր: Սպասեր ցանկապատերի, «պատնեշների» ու «շրջանակների» մոտ՝ կրկնակի էսպրեսսոյի դատարկված թղթե բաժակի եզրը կրծելով: Գուշակեր՝ ինչպե՞ս ու ինչպիսի՞ն դուրս կգա Ալիսսը: Հանկա՞րծ ու՝ տխրամած: Բոլո՞ր հարցերին է հասցրել պատասխանել: Հուշաթերթիկից օգտվե՞լ է ու չի՞ բռնվել: Շտա՛պ կերակրեր: Իսկ գուցե հենց ա՞յս պահին իր փոքրիկ ծաղիկը գլխի ընկավ, որ աշխարհն անարդար է, ամեն ինչի համար վճարված է ու գնված, ու լավագույն տեղերի համար բոլորը նախապես են գրանցվել, այն էլ՝ տներում նստա՛ծ:
Տառապանքներով լեցուն այն օրերին ես կանգնած էի ինձ նմանների հետ, ասես դիակի դուրս բերմանն սպասող լուռ ամբոխի մեջ: Ներս էին թողնում տեղեկանքները ներկայացնող դիմորդներին, դուրս էին գալիս դիպլոմները կրծքներին սեղմած շրջանավարտները: Թվում էր, նրանք նույն մարդիկ են՝ դռան բացել-փակելու արանքում անօգուտ, անհետևանք հինգ տարիները դեղահաբի պես կուլ տված, միանման օտար Գիտելիքների Տաճարին (իրար մեջ բաժանելով «դեռ»-ն ու «արդեն»-ը), իսկ տարբերությունը ընդամենը մի երկու սանտիմետր ավելացած բոյի ու կեցվածքի (ներս մտնողների հուզմունքը, շենքը լքողների անտարբերությունը) և կողմերի մեջ էր. բաժանվում էին տարբեր կողմեր:
Ինձ, նախորդ կյանքս Ալիսսին համոզող, որ գնահատականները, մրցույթները, վատ տրամադրությունը կամ քննություն ընդունողի բարեհոգությունը, ընդունվելն ու ուսման վայրի անվանումը ոչ մի կապ չունեն Ճակատագրի հետ, հանկարծ պարուրեցին հիշողությունները, հետո անասնական սարսափը վրա տվեց (թվաց՝ այո՛, այդպես է, հենց հիմա, այս պահին կյանք ու ճակատագիր է որոշվում), ու ես գոհաբանություն էի շշնջում առ Աստված՝ ի՜նչ երջանկություն, որ էլ դիմորդ չեմ ու չեմ էլ լինի:
Առաջինը դուրս էին գալիս գերազանցիկ աչոնները՝ տգեղ կամ գեղեցիկ, բայց հազիվ նկատելի կաղալով, արհամարհական կկոցած աչքերով. ի՜նչ թույլիկ հարցեր էին, ձանձրույթից մեռա. գերազանցիկներին դիմավորողներ չկային, ազատության մեջ նրանք առաջին շարժումով հեռախոսն ականջին էին մոտեցնում և անպատասխան առաջ գնում հարցական տնքոցների միջով՝ ի՞նչ: Ի՞նչ թեմա էր: Լսարանում քանի՞ մարդ կա: Նրանցից հետո հայտնվում էին ոչ-հասարակների բալիկները՝ անսովոր հոգնած ու սովորականի պես անվրդով, նրանց դիմավորում էին վարդագույն վերնաշապիկներով հաստաքամակ համհարզները՝ դուրս մղվելով «մերսեդեսների» խորքերից ու հընթացըս զանգելով. «Մեր հետագա գործողություննե՞րը: Ո՞ր շքամուտքը: Գրիչով է գրել, մանուշակագույն», ու միայն հետո՝ «հիմնական զանգվածը»:
Ես խղճում էի գավառացիներին՝ իմոնց՝ արդուկած անդրավարտիքով, փայլեցրած ժամկետանց կոշիկներով, վերնաշապիկի վերին կոճակը կոճկած, ազնիվ դեմքերով պատանիներին, հայրերին՝ ծանր պայուսակներով՝ կոտլետները՝ ապակե տարաներում, ամաչկոտ վարունգային խռթխրթոց և ցանկապատի գլխին շրխկացող ձվի կեղև: Գավառացիները չափազանցված քաղաքավարությամբ էին դիմում անցորդներին, երկար շշնջում էին անկյունում ու տեղաբաշխում պատասխանատվությունը՝ նախքան պատկառանքով համակված կանհանգստացնեին ավագ պահակին՝ ո՞ր կողմով գնանք: Ու երբ թագավորական անձը ողորմածաբար ցույց էր տա իս նրանց՝ ըստ սլաքի (ուր գնում էին տեղացիներն առանց հարցումի), գավառացիներն այնպես էին շնորհակալ լինում և ուրախանում, ասես առաջին քննությունը հանձնված է, արված է վճռորոշ քայլերից առաջինը. ինչպիսի՜ հաջողություն:
Գավառացիները գնդացրի վրա նետվող հետևակն են միայն հակառակ իմաստով. հետևակը՝ մինչև վերջին մարտիկը, մնում է մարտի դաշտում, գավառացիներից ո՛չ մեկը չի մնում. լաց կլինեն՝ մայթեզրին նստած, վագոնի փակ հարթակում, ծնողական ուսին հակված, ընդամենը զրո ամբողջ հինգ տասնորդական միավոր չի հերիքե՛լ ու կդառնան Կուրսկի կայարանում առաջին իսկ քայլից նրանց հետևող գիշանգղերի բաժինը, որոնք կմեկնեն թերթիկները՝ համեցեք մեզ մոտ՝ վճարովի ուսուցման:
Պաշտպանվում էի, շրջվում թիկունքով դեպի ժուռֆակը, դեմքով՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը, որի վրայից քերում էին ծեփը՝ մերկացնելով պատմական ալեհեր աղյուսը, իսկ տանիքին քամին ճոճում էր բազմամյա թուփը, բայց, միևնույնն
է, հիշում էի... Ահա թե ինչն է իշխում մարդուն, ահա թե որտեղ են մնացել, ու հանց ծանծաղ ալիքներ ճողփում են աշնան այն շաբաթները. առմուտքին ու շեմից անդին. ես խղճահարություն զգացի: Էլ ուրիշ ինչպե՞ս դա կանվանես: Հուզմունք ու թեթև դառնություն: Այո՛, շատացել են կայանված մեքենաները: Չէ, մեքենաներ ես չեմ հիշում: Բայց չէ, ոչ մի մեքենա էլ չի՛ եղել: Դուրս եկողների վրայից հանում էի քսանամյա տաշեղը՝ նա՞ է... նեն՞... Մեկը, ում կճանաչեի, այս նույն տեղում: Ինչո՞ւ դու ներս չես մտնում: Միայն մեկ անգամ հետևեցի Ալիսսին ու ներս մտա, և բոցն ու արյան ծանր ավելցուկն այրեցին ինձ: Դիմորդներն ու նրանց աջակիցները նստած էին աստիճաններից ձախ՝ նախկին գրադարանում, ֆակուլտետը՝ խարխլված, մանրահատակը՝ ճռճռացող:
Թիկունքից շրջանցեցի աստիճանները՝ ինչ-որ «տեղաբաշխման բաժին». ո՞ւր է անհետացել մամուլի ընթերցասրահը: Մթերային կրպակներ, ինչպես կայարանային ստորգետնյա անցումներում, զառիկող սանդուղք, «ինստիտուտ» ցուցանակ, ավելի վերև՝ մտա լսարան, ու նա ասես ինձ հուշեց. «Երեք հարյուր տասնվե՛ցը». գրատախտակ, կավճի կտոր, այստեղ ես ընդունելության քննություն եմ հանձնել, իսկ հարևան սեղանի կողքին նստած՝ ինձ էր ժպտում աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը: Իսկ հիմա: Իսկ հիմա: Ցավազրկող գելով ծեփված ծերուկը մաքրում էր կավճոտ մատները, ասես վախենում էր մատնահետքերը թողնել:
Ալի՛սս, ես ֆակուլտետում հայտնվեցի հազար ինն հարյուր իննսունի նոյեմբերին, երբ կարտոֆիլ հավաքելու ընթացքում համախմբված կուրսն արդեն հասցրել էր բաժանվել զարթուցիչ լարողների և նրանց, որ չգիտեն՝ ինչ է կրթաթոշակը:
Զարթուցիչի տերերն արթնանում էին «առաջին զույգին», «ես այսօր երկրորդին եմ գնալու», ցուրտ աղջամուղջում սպասում էին քսանվեց համար տրամվային, որ տեղափոխում էր պինդ շաղկապված մեջքերն ու անիվավոր բեռնասայլակները, ու նրանք վեր-վեր էին թռչում, հորատվում, սոսնձվում էին, գրկվում, կախվում էին, մի ոտքից մյուսին էին կանգնում, մղվում էին դեպի ելքը կամ կռանալով բքին հանդիման, բակերը շրջանցելով՝ շարժվում էին «Ակադեմիականի» կողմը, անցնում «Ուլան Բատոր» կինոթատրոնի կողքով, որի հեղձուկ դահլիճում կիրակի օրերը հավաքվում էին նումիզմատները՝ քրտնահոտի քաղաքային փառատոնի:
Ֆակուլտետից դուրս էին գալիս մայրամուտի հետ՝ մինչև մետրո ուղեկցելով սիրելի դասախոսներին, ու ճաշարանում երեկոյան թթվասերի բաժակից հետո հանդիպում ժուռֆակի գրադարանում, իսկ երբ դա էր փակվում, ժուռֆակի ընթեցասրահներում սեղաններ էին զբաղեցնում (երկրորդից ութերորդ հարկերում) կամ շիլա էին եփում խոհանոցում, լվացք էին անում, պատի թերթեր նկարազարդում, նամակ գրում Դնեպրոպետրովսկ՝ մայրերին, կամ բարձրանում էին իններոդ հարկ՝ հողագետների մոտ, քաղաքականության մասին վիճաբանելու. հողագետ աղջիկները (ինչո՞ւ ուժեղ սեռը հողագիտության ֆակուլտետ չէր ընդունվում՝ մինչև օրս էլ արնախում կոմունիստական ռեժիմի չարագույժ առեղծվածներից մեկն է) այնպես էին ուրախանում ցանկացած տղամարդկային շփումից, որ մինչև հիմա կարմրում եմ, երբ առաքինի կինն ու ինքնազոհ մայրը բարձրաձայն ու առանց ամոթի խոստովանում են՝ ես ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանի հողագիտության ֆակուլտետը: Ո՞վ է դրանով պարծենում:
Զարթուցիչ չլարողները (բանակի, արտադրության վետերաններն ու լեռնցիները՝ ԽՄԿԿ ազգային քաղաքականության «բանֆակ»-ով շրջանցած անթրաշ ցեղերը) երկար էին քնում, համարյա միշտ էին քնած, օրերով, ու համարյա միշտ խմում էին, երբեմն պահակ, հավաքարար էին աշխատում կամ մանր զեղծարարությամբ զբաղվում, հեռացվում էին, վերականգնվում էին, պարտքով փող էին վերցնում, հյուրեր ընդունում, առաջին կորպուսի, որտեղ հոգեբաններ էին ապրում, բարոյական նկարագիրն էին խաթարում, բացատրականներ էին գրում թաղային տեսուչներին ու համալսարանում հայտնվում միայն քննություններին, իսկ հիմնականում քնում էին, ուտում ու խմում և ( չգիտեմ, ինչպես արտահայտվեմ ժամանակակից բառամթերքով ու ճշգրիտ) կարճ ասած՝ նրանք բազմաթիվ ծանոթ աղջիկներ ունեին: Զարթուցիչ չլարողները փնտրում էին այդ ծանոթությունները: Ոչ միշտ էին հաջողում: Բայց՝ մշտապես: Փաստորեն նրանք ապրում էին դրախտում՝ Շվերնիկի փողոց, տասնինը, երկրորդ կորպուս:
Խորհրդային իշխանության վերջին՝ ընդարմացած ու անշարժ տարիներն իմաստազրկեցին ուսումը, կարիերային առաջխաղացումը, հարգանքը՝ Հայրենիքին ծառայելու, պետական ունեցվածքի, ազնիվ կյանքի հանդեպ. ոչ ոք չգիտեր, որ շուտով ձրի սպառման տեսքով վերջնական արդարության ուղին դեմ կառնի պատին, ու ետ կգնանք, ուստի առաջինները կդառնան վերջինները, բայց բոլորն էին զգում, որ գնալն անիմաստ է: Մի քիչ պիոներիան, ավելի շատ՝ կոմերիտմիությունը, իսկ ամենալավը բանակը (կուսակցությունը մեզ չսպասեց, երկու սանտիմետր չհերիքեց), բացատրեցին մարդուն՝ ուզում ես ամբողջապես ողջ մնալ՝ խուսափիր ու թռփոշացիր: Չափավոր անձնազոհությամբ, դուրս չգալով հրապարակ, քիչ-քիչ պոկիր քեզանից ժամանակի հրամայականը որպես ուղտափշի ստորակետեր. պետք է հաշվառվել՝ խնդրե՜մ, թղթի վրա՝ մասնակցի՛ր, ձա՛յն տուր, եթե կճնշեն, կխնդրեն՝ ելույթ ունեցիր, կպարտադրեն՝ արի ու ննջիր վերջին շարքում, բայց սանձիկը ձգված պահիր, մի բան այն չէ՝ խուսափիր, հիվանդության թերթիկ վերցրու, մոռացիր կամ քնով մնա ու թռփոշացիր քիչումիչ, մի՛ հասունանա, մնա՛ անհոգ ու երիտասարդ՝ ծիծաղկոտ աղջիկներով շրջապատված:
Այդպես էր բաժանված նաև մեր կուրսը, երբ նոյեմբերի սկզբներին հայտնվեցի ուսումնական բաժնում՝ կոմերիտական տոմսիս կորստով ջախջախված: Դեռ իմ բախտը բերեց, զորամասից առաջինն ինձ զորացրեցին: Իմ զինվորական ծառայությունն անցնում էր Մատրոսսկայա Տիշինայի վրա գտնվող շտաբի նկուղում՝ օդափոխիչների գվվոց-աղմուկի տակ: Միակ պատուհանը նայում էր բետոնե ջրհորին, որի մեջ էին իջնում աղավնիները՝ մեռնելու. ձյուն կամ տերևներ չեմ հիշում: Այդ նույն նկուղում էլ քնում էինք՝ միջանցքով երեսուն մետր առաջ, հետո՝ ձախ՝ տարիուկես դիմակայելով առնետների ու ոջիլների արշավանքներին:
Առավոտները, մինչև սպաների ու գեներալների հայտնվելը, բարձրանում էի երկրորդ հարկի զուգարանը՝ ատամներս մաքրելու, լվացվելու, մանր լվացքի (մեծ լվացքը շաբաթ օրն էր Մեդվեժի Օզյորայի բաղնիքում) կամ երրորդ հարկ, եթե երկրորդը գրավել էր հավաքարարը, կամ չորրորդ, որտեղ նստում էր թիկունքային ծառայությունը:
Առանձնահատուկ էր այդ օրը. ծախսի տակ էի մտել ատամի մածուկ գնելու համար: Հերիք է հանուն գումարի տնտեսման խոզանակով կտցահարել ատամի փոշին. երբեք ձեռքերդ լրիվ չեն մաքվի դրա հատիկներից: Շուտով զորանոցային աղքատության վերջը կգա, մեզ ուրիշ կյանք է սպասում. այս ուրախությամբ հարգանքով սեղմում էի ծանր պարկուճը, մատներիս թեթև ուժ տալով, որպեսզի ավելորդ մածուկ դուրս չգա: Բայց մածուկը դուրս գալու միտք չուներ:
Պարզվում է, ատամի մածուկի վզիկը զոդել են ինչ-որ փայլուն... ֆոլգայատիպ բանով, պետք էր նախապես անցք բանալ, ոչ թե հիմարավարի սեղմել: Ահա այսպիսի մածուկ կա Մոսկվայում: Մենք, իհարկե, ետ ենք մնացել: Ինչո՞վ ծակել: Ճկույթով քչփորեցի, խոզանակի պոչով սեղմրտեցի. ֆոլգան ոնց որ ճմռթվեց, բայց չճղվեց: Ինչ-որ սուր բան էր պետք: Մեխի համար նկուղ իջնելու ժամանակ չկար, ուր որ է հարկում կհայտնվեն լամպասներն ու փափախները, ու ես գլխի ընկա, որ եթե երկու ձեռքով ամուր սեղմեմ պարկուճը, մածուկն ինքը կպատռի պատնեշն ու դուրս կցայտի: Իհարկե, մի թեթև ջղայնացա: Եթե թանկ ապրանք եք վաճառում, ուրեմն հեշտ օգտագործելու հնարն էլ գտեք:
Սեղմումը պիտի շատ կտրուկ լինի:
Նշան բռնեցի, ձեռքս երկարացրի դեպի լվացարանը... Որ ավելցուկը... Եթե հանկարծ կաթի, ոչ թե հատակին, այլ...
Մե՛կ:
Տեղի չի տալիս:
Նորից՝ մե՛կ:
Եղավ, ինչպես ենթադրում էի: Անգամ ավելի, քան պետք էր:
Պարկուճը պարզապես պայթե՛ց ձեռքերիս մեջ:
Ասես ներսում ամեն ինչ վաղուց եռ էր եկել, ճնշվել ու տոչորվել էր, ու հազիվ եկավ պահը՝ դո՛ւրս ժայթքել, մինչև վերջին կաթի՛լը, ամենապստիկ փշո՛ւրը. վե՛րջ. մնում է միայն խողովակաձև ծալել լղարած փաթեթավորումն ու շպրտել. այդպես էլ արեցի: Ա՛յ թե սեղմել սեղմեցի: Ահա և քեզ «մի անգամ մաքրեմ ատամներս»...
Խոզանակը մտցրի լվացարանի մեջ մազերով մածուկը վերցնելու համար: Բայց լվացարանում մածուկ չկա՛ր: Նույնիսկ մի կաթիլ: Անհետացել էր: Շուրջս նայեցի՝ սա ի՞նչ է: Ցանկացած քնատ մարդու պես, ում թվում է, որ տեսնում է ամեն ինչ, իսկ նա չի տեսնում ամենը... Հետն էլ բախվելով նյութի անհետացմանը՝ երեք խցիկների կողքի մութ լվացարանին հակված... Հայելու դիմաց... Դարչնագույն սալիկների վերևում...
Ասես չէի էլ արթնացել. ապուշ, անհնարին երազ է:
Ու նաև երկրորդ հարկից ծլկելու ժամանակն է:
Երևի տուփը դատարկ էր: Խոտանվա՛ծ: Պարզապես պայթեց:
Ու հանկարծ, արդեն կռահելով սարսափելին, բայց նախքան հասկանալը հայացքս ուղղեցի ինձ... Օ՜հ, այսպես ասած, աստվա՛ծ իմ. պարզվում է, ձեռքերով այնպես էի սեղմել խեղճ մածուկին, որ նա դուրս էր թռել ոչ թե առաջ՝ բերանից, այլ ետ, պատռելով կարը, թքել էր ոչ թե լվացարանի մեջ, այլ ցփնվել փորիս ու հիմա յուղոտ անանուխային կպչանքով հոսում էր կիտելիս վրայով ու բեղեր աճեցնում շալվարիս վրա:
Փախչե՛լ: Արագ մաքրեցի ատամներս՝ խոզանակը թաթախելով փորիս վրայի հոտավետ խյուսի մեջ, երկու անգամ ձեռքերս թրջեցի ծորակի ջրով, տրորեցի դեմքս ու սղալեցի մազերս, ճանկեցի իրերս ու՝ դեպի աստիճանները (պետք էր, ամեն անգամվա պես, ականջ դնել ու նոր միայն դռնից դուրս նայել), որտեղ աննշմարելիները ձգված քարացել էին, բոլո՛րը, որովհետև շարժվում էր մեկը. աստիճաններով բարձրանում էր Մարշալը՝ Զորքերի մեր Տեսակի Գլխավոր Հրամանատարը՝ բարձրահասակ, վերացած, երբեք շուրջը չնայող, աչքերն ասես բացակայում էին գեղեցիկ, քանդակված տարաշխարհիկ դեմքի վրա, խորասույզ ագրեսիվ մտադրությունների դեմ Վարշավայի պայմանագրի երկրների բանակների դիմակայության դժվարությունների մտքերով... Ես ընկրկեցի, ներս ծլկեցի, սպասեցի. իսկ հիմա՞, հիմա շտաբի հերթապահ, իր զինակից հարբեցող բարեկամների դավաճանություններով փառաբանված գնդապետ Գ-ն, չգիտես ինչու, շշուկով, կրկնում էր՝ գնա՛ նրա ետևից: Զորքերի Տեսակի Գլխավոր Հրամանատարն ասաց, որ դու գնաս նրա ետևից: Դողը բռնել էր գնդապետ Գ-ին, ձեռքով ցույց տալ չէր կարողանում (և սա՝ ի՛ր հերթապահության ժամանակ) ու պնդում էր՝ նրա՛ ետևից: Շտա՛պ նրա ետևից:
Ի՞նչ էր մնում անել: Գնայի, փայլեցնեի սապոգներս ու մահճակալի տակ փնտրեի գլխա՞րկս: Հրեշավոր ալիքը բռնեց ինձ ու ոռնոցով քարշ տվեց՝ հընթացս արագացնելով ուղիղ դեպի ահեղաձայն որոտացող Ճակատագրի երախը՝ ընդունարանը, որտեղ Գլխավոր Հրամանատարին ողջունելուց հետո դեռ ուշքի չեկած՝ երկու համհարզ մայոր միաձայն ճչացին՝ ո՞ւր: Ուշաթափ կմկմացի՝ ընկեր հրամանատարն ասել է՝ մտնեմ, ու ցատկեցի անդունդը:
Մարշալը հեռու էր. տասը մետր կլիներ՝ սեղանին կողքով նստած, ասես կոշիկներն էր փոխում, ես, կատարելով «շարքային այսինչը ձեր հրամանով»-ի պես մի բան, կանգնեցի գլոբուսի կողքին՝ «Վոստոկ» տիեզերանավի մեծության, որով Երկիր էր վերադարձել Գագարինը: Մարշալը տասնութ տարեկանից պատրաստվել է գնդակոծել Ամերիկան, նրան հետաքրքրում էին միայն ռմբակոծիչներն ու թռիչքները և հրթիռների արձակումը, իսկ ամեն տեսակի շարային պարապմունքները, շարքայիններն ու ենթասպաները, վառելիքի պահեստները, ձմեռային համազգեստն ու փաստաթղթերի ընթերցումը նրան ճնշում էին, լսած չկայի, որ Մարշալը հայհոյեր, ուշադրություն դարձ-
ներ ներկված մայթեզրերի գույնին, վարորդի ուշանալուն, անաղմուկ գալիս էր,
անաղմուկ գնում. դա մեր առաջին ու վերջին հանդիպումն էր:
Մարշալն այնպես տարակուսած ու սգակիր նայեց ինձ, որ ցնցվեցի՝ հանկա՞րծ ու հերթապահը շփոթել է: Իսկ եթե Զորքերի մեր Տեսակի Գլխավոր հրամանատարը ի՞նձ իր հետ անդունդ չի տանելու և հիմա չի հասկանում՝ ինչո՞ւ է հայտնվել այս զինվորն ու խանգարում է փոխել կոշիկները՝ Մարշալի վերերկրային ու գերձայնային աշխարհը վիրավորելով իր տեսքի առօրեկանությամբ:
Ոտքերիս «տարեց» սապոգներ էին՝ քառասունվեց համարի (ձախի քիթը դանակով թեթև քերծված է), որոնք կարող էի հանել ոտքիս սովորական թափահարումով (հարազատ սապոգներս կորան վեցամսյա վերապատրաստման ժամանակ, և այս հսկաներն ինձ տվեցին «ժամանակավոր», որը ձգվում է արդեն տարի ու կես), շալվարիս համար չէի անհանգստանում՝ նոր էին (հնին սպանեց հաուպտվախտում ցեմենտ բարձելը), բայց երկու չափս մեծ, դրանով ես նման էի ուկրաինացու, նրանցից, որ ազգային պար պարելիս օդում լայնակի լարան են անում, ձախ կրծքիս «Ռազմաօդային ուժերի գերազանցիկ» նշանն էր, աջ գրպանս դուրս էր ցցվել՝ քսակս, զինվորական գրքույկս, «դյուշես» սառնաշաքար, գնդիկավոր գրիչ, թել-ասեղ ու կոմերիտական տոմսս (եթե այն չցրեի՛ն), դեմքիս թեք տեղավորվել էր քթարմատի վրա սոսնձած ակնոցը (թեք էր նստած, որովհետև աջ աղեղնակի պստիկ պտուտակը թռել ու կորել էր, տեղը գրասենյակային ամրակի կտոր էի դրել), աջ ձեռքումս ատամի խոզանակն էր, սրբիչն ու օճառամանը, ձախում՝ լվացված ու պինդ մզած, կանոնագրքով չնախատեսված գուլ-
պաներս ու կիսավարտիքս. պետք էր կրել փաթաթաններ ու վարտիք, փորիս վրա փռվել ու ձգտում էր ներքև սորալ դոնդողային սպիտակ պալարը՝ նման ֆուտբոլային գնդակի հարվածի հետքի: Ես չփորձեցի ինչ-որ բան բացատրել. ինչի՞ համար: Ախր երեխաներ չենք, արդեն հասցրել էինք հասկանալ, որ ոչ մեկը չի մտածում քո մասին՝ «ի՞նչ է պատահել», «ինչո՞վ կարող եմ օգնել» իմաստով, բոլորի համար դու թափանցիկ ես՝ չկաս, ամեն մեկը մտածում է միայն իր մասին, բանակն ազատել էր ոչ պետքական մտքերից, և ընդհանրապես, դու ո՞ւմ բանին ես պետք... Գուցե ես միշտ այս տեսքն ունեմ, ու ինձ այսպես կարելի է:
Գլխավոր հրամանատարը դեմքով խախոլ հորն էր նման: Միայն թե Նիկիտա պապը փոքրամարմին էր: Իսկ հանգիստ բնավորությամբ ու խոսքի անկատարությամբ՝ մորը: Տանյա տատը ամբողջ կյանքը տաք գլխաշորով էր, կռացած, կնճիռներով ակոսված՝ ասես լացող դեմքը խոնարհած: Առաջինը ինքը մահացավ, իսկ Նիկիտա պապը (փողոցում նրան խախոլական հանգով «Նըկիտա» էին ասում) նույնիսկ նեղանում էր. «Չէր կարող շուտ մեռնել, կյանքս կդասավորեի», ու միայնակ լավ էլ երկար ապրեց, թեև խլացել ու չորացել էր: Տասնհինգ տարվա մեջ չեղավ, որ նրան տեսնեի առանց զինվորական գլխարկի ու սպայական վերնաշապիկի, որոնք ակնարկում էին կայարանային շուկայում մսագործի փառավոր անցյալը: Նաև հողաթափեր ու սապոգներ էր կարում (ուրազովյան ազգականները կաշվի գործարանից հումքը «հասց-
նում» էին) և, ինչպես հիմա կասեին, առանձնանում էր «մուրհակները կարգավորելու անտեղի դաժանությամբ» այն օրերին, երբ Վալույկայում կրակոցներ էին ու ճաշին ճայակ ու ագռավ էին եփում, իսկ Նըկիտան միջոցներ էր ներդնում Վորոշիլովի փողոցում անշարժ գույք գնելու համար։
Տանը հետը խոսող չկար, Մարշալի ուրախ բնավորության տեր եղբայրը սառնարաններ էր վերանորոգում, խմում ու ձուկ էր որսում, հարսը զբաղված էր հիվանդ աղջկանով։ Դրա համար էլ, եթե անձրև չէր գալիս, պապը, դուրս պրծած աչքերով Բիմո շան հետ, իրեն օգնելով ձեռնափայտով, ոտքերը քստքստացնելով, րոպեի չափ սպասելով մինչև հաջորդ պստիկ քայլն անելը, հասնում էր մեր տուն ու տատիս հոգեհան էր անում միահանգ («Իսկ ո՞ւր է Ռիտան, ո՞ւր է Սաշկոն») զրույցներով՝ դռան կողքի նստարանին նստած. սանդղամուտք բարձրանալը դժվար էր ու հետո մեր օրերում ու մեր կողմերում հյուրին թեյ չէին հյուրասիրում: Տատս գոռում էր փողոցով մեկ, մնացածները փախչում ու թաքնվում էին, հենց որ ցանկապատի ճեղքերում երևակվում էր փոքրահասակ, հավասարաչափ սողացող շարժումը, իսկ տատս համբերում էր՝ ազգակա՛ն է. նրա որդին ամուսնացել էր Նիկիտայի աղջկա հետ. սկզբում անհավասար ամուսնություն էր, բայց այդ անհավասարությունը տարիների հետ ջնջվեց: Իսկ հիմա լրիվ է ջնջվել. ոչ ոք չի մնացել, ես եմ միայն այդ փոշու վերևում, չկա մեկը, որին ապացուցես, որ մենք ոտքի ենք կանգնել ու մյուսներից վատ չենք ապրում, նաև լուսանկար-
վել ենք Բիգ Բենի ֆոնին: Իսկ ապացուցել կուզենայի:
Այսինքն՝ իմ հորեղբայրն ամուսնացել էր Մարշալի հարազատ քրոջ հետ, և ինքը՝ Մարշալը, Զորքերի մեր Տեսակի Գլխավոր Հրամանատարը, իհարկե, ինչ-որ տեղ լսած կլիներ ընդհանուր գծերով, որ շնորհիվ իր բարության մի զինվոր չի մաքրում ինքնաթիռ-
ների պոչերը Մարի-1 օդանավակայանում ու շուրջօրյա ձնեմաքրումով չի զբաղված Արեդինսկում (ցանկացած Զորքերի ցանկացած տեսակներում կան վայրեր, որոնք սահ-
մանակից են դժոխքին՝ իմ աչքի առաջ հասուն մարդիկ լալիս էին Արեդինսկ ծառայության մեկնելուց առաջ), այլ տաքուկ տեղում՝ Մոսկվայում, մոտերքներում (հազիվ նա իմանար, որ շտաբի նկուղում մարդիկ են ապրում, և որ օպերատիվ խաղերի դահլիճի կինոխցիկում պահում էի քաղաքացիական հագուստս ու շաբաթ օրերին գարաժների ետևում՝ գաղտնի տեղում, որ հայտնի էր Ռազմադեսանտային զորքերին ու Ռազմատրանսպորտային ավիացիային, թռչում-անցնում էի ցանկապատից), և... այսքանը բավական է, մանրամասներ պետք չեն:
Առավել հավանական է, որ Մարշալը վաղուց էր մոռացել իր բարության մասին, բայց այսօր հարմար օր էր, որպեսզի հիշեր ու զղջար:
Նա խոսեց անհասկանալի ու անտարբեր, ինչպես խոսում են մարդիկ իրենք իրենց հետ՝ քնից առաջ հարմարեցնելով ծածկոցը ոտքերի վրա, ինչպես բրթբրթում են դեմքը սրբիչով սրբելիս, ինչպես դիմահար ընթացքից սիգարետ են խնդրում. ես մի բառ անգամ չլսեցի, բայց վախեցա մոտենալ կամ հարցնել, որովհետև առոգանությունից հասկացա՝ ըստ իմաստի (եթե ես լինեի Գլխավոր հրամանատարը, ի՞նչ հարց կտայի), մենք խոսում էինք թարգմանչի միջոցով՝ ես և՛ զրուցակիցն էի, և՛ թարգմանիչը, այստեղ ի՞նչ ես անում. մոտավորապես այ թե ինչ հարցրեց Մարշալը:
Ես պատասխանեցի՝ ծառայում եմ. դա նրան զարմացրեց. չէ՞ որ զորացրման մասին պաշտպանության նախարարի հրամանը վաղուց է հրապարակված, ինքը լսել է այդ մասին: Մտքովս անցավ. իսկ գուցե այս ընթացքում Հրամանատարը ճնշվել է իմ ներկայությունի՞ց, կանոնագրքով իրեն չթույլատրված բարության բեռի՞ց:
Սկսեցի բացատրել՝ ախր միանգամից չեն զորացրում: Հրամանից անցում է մեկ ամիս, ու բաց են թողնում «զրոյականին» ՝ ամենաառաջին խմբին, մեկ շաբաթ հետո՝ առաջինին, ևս մեկ շաբաթ անց՝ երկրորդին, և այսպես շարունակ՝ տեղաբաշխելով ըստ վաստակի ու նվաճումների: Հատկապես «հայտնի» զինվորներին բաց են թողնում վերջին խմբում՝ դեկտեմբերի 31-ին՝ քսաներեքն անց հիսունինը րոպեին: Զինված ուժերում ամենասարսափելի սպառնալիքն է՝ «Կգնաս կրեմլյան զանգերի առաջին հար-
վածից հետո»:
Մարշալը տխրեց ու ձանձրացավ, նույնքան մեկուսացած ծխի ետևից ճշգրտեց՝ իսկ դրանք ի՞նչ խմբեր են:
«Զրոյականը», Զորքերի Տեսակի Գլխավո՛ր Հրամանատար, ձեր վարորդն է: Առաջին խումբը՝ պահեստում ծառայողը, հաց կտրողն ու ավագ սերժանտ Ռուդենկոն (հարևան կապի բրիգադի էլեկտրական սղոցի գողության մասին չասացի), երկրորդը (նկատեցի, որ Մարշալին դուր չի գալիս մատներս ծալելն ու թարգեցի)՝ բուժեղբայրը (ոջիլների արշավանքը թաքցնելու համար), ավագ ենթասպա Կովալչուկի զարմիկն ու շտաբի պետ գեներալ-լեյտենանտի վարորդը...
Գլխավոր Հրամանատարը երկու անգամ շարժեց ձեռքը՝ լռիր ու չքվիր. ես դուրս ելա ընդունարան, որտեղ համհարզներն ու հավաքված գեներալները նայեցին իմ ատամի մածուկին սարսափի զզվանքով, ասես աղիները դուրս թափված մահացու վիրավորի, որը սլանում է դաշտում՝ չգիտակցելով, որ պիտի ընկնի. մեռած է:
Ճաշից հետո իմ հրամանատարը՝ աներևակայելի փոքր գլխի տեր փոխգնդապետ Ֆրոլովը, ում մտքի ծայրով իսկ չէր անցնում, որ օղին ուր որ է նրան տանելու է (հողը թեթև լինի վրան, ինչպիսի՜ գեղեցկուհի-պահեստապետ էր նրան սիրում), վիրավորան-
քից քիթը վեր քաշելով՝ իմ առջև դրեց բանակից դուրս գալու անհրաժեշտ փաստաթղթերս, ու նաև էլեկտրոնային ժամացույց (մեկտեղված էին թվերը, երաժշտությունը, կողքերին՝ եղջյուրավոր կոճակներ) հետևյալ փորագրությամբ. «Շարքային այսինչին Զորքերի Տեսակի Գլխավոր Հրամանատարից», ժամացույցը գողացան հանրակացարանում, ու ես մի անգամ էլ է՝ չափսոսացի, անցաթողման պահակակետից դուրս գալով՝ գետնից ուժեղ հրվեցի ու՝ թռա:
Երեք օր կոմերիտական տոմսս փնտրելով ու հինգ րոպե կեղծ լալով կոմերիտմիության քաղկոմում (երիտասարդության պատանի առաջնորդը՝ մոտ հիսուն տարեկան, քայլում էր՝ իմ թիկունքում կրկնելով. «Ինչպե՞ս կարող էիր դա թույլ տալ», — հոգոց էր հանում, նայում, ինչպես եմ մաքրում արցունքներս, ու նորից. «Չէ, ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարող էիր դա թույլ տալ: Գուցե անգիտակից վիճակո՞ւմ ես եղել»)՝ «Օկտյաբըրսկիից» տրամվայով եկա Շվերնիկի վրա գտնվող դրախտը՝ երջանիկ մանկության հնգամյակը՝ լի (քիչ էր մնում գրեի «անմեղ») զվարճանքներով ու հաճույքներով:
Ինձ նմանների սենյակն ընկա՝ սահմանապահ, հրշեջային պաշտպանություն, ներքին զորքերի վետերան ու քրեական (չորրորդ սեզոնի կեսերին նրան մորթեցին Սարատովի նահանգում), ինձ բաժին հասած մահճակալը դռան դիմացն էր՝ պաղ պատի մոտ. նեղանալ չկա, ես վերջինն էի եկել:
Մենք չէինք սովորում, քննություններին արտագրում էինք գերազանցիկների կոնսպեկտներից՝ դասախոսների սիրտը մեղմացնելով թույլ առողջությամբ, մոտիկ-
ների հիվանդություններով ու մահերով, գավառական ծագումով և (ով որ ուներ)
տղամարդկային նախնադարյան հմայքով՝ ի տարբերություն նրանց, որ լարում էին զարթուցիչն ու կոնսպեկտ գրում, մենք ճիշտ էինք հասկացել ծառայությունը, իսկ ավելի ճիշտ՝ կյանքը:




