Անծանոթներին մի պատասխանիր. երկրորդ կյանք չունես...
* * *
Անծանոթներին մի պատասխանիր. երկրորդ կյանք չունես:
Մենակ մի իջիր մետրո. ուրիշ են ժամանակները:
Հարյուր չափիր, որ մեկը ապահով փողոցը անցնես:
Մոտ նստիր ելքին. կանչիր օգնության, եթե փակվել է:
Միշտ շուրջդ նայիր: Լուցկի ու լապտեր ունեցիր տանը:
Միշտ ստուգիր, թե ներսումդ ոչինչ չի՞ աճում արդյոք:
Ու պատասխանիր զանգերիս գոնե. վերջապես մայր եմ:
Դասի մի գնա թանկ վերարկուով:
Ընկիր հատակին եւ առաջինը գլուխդ պահիր:
Աչք մի ունեցիր երբեք ուրիշի ունեցած հացին:
Ոչ մի խնդրանքով տանելիք մի տար: Կասկածի պահին
Չեղարկիր թռիչքն ու խառնակությունն արագ շրջանցիր:
Լողանշանից դենը մի լողա, մի կանգնիր փոցխին:
Շրջանցիր թուջե դիտահորերն ու բաժինն ուրիշի:
Կրակից հեռո՜ւ փաստաթղթերն ու փամփուշտները հին:
Սառած քիվերի տակով չքայլես. ամեն օր հիշիր:
Մթերք մթերիր: Գաղտնարան արա որմնապատի մեջ:
Խաղաղ լինի թող, բայց պատերազմի պատրաստվիր երկար:
Սովորիր մեջքով տեսնել՝ ով է, որ հետեւում է քեզ:
Ու երեխաներ ունեցիր, հաստատ ուրիշ ելք չկա:




