Կատուն
Իր կյանքի ընթացքում Աննա Անատոլևնան այնքան շների, այծերի և հատկապես կատուների ու նրանց ուհիներին էր մականուններ տվել, որ այդ մեկի համար արդեն էլ ուժ չէր մնացել ինչ-որ բան հորինելու: Եվ նրան, ըստ մորթու գույնի, կոչեց Գորշուկ, որը մի օր հանկարծ որպես փոքրիկ ձագ, երբ չես էլ տարբերի՝ էգ է, թե որձ, հայտնվել ու «խնդրել էր» իրեն ներս թողնել խրճիթ: Տարվա այն ժամանակն էր, որը կոչում են ձմեռնամուտ. ձյուն չկա, տեղ-տեղ կանաչին են տալիս մոլախոտերը, օրվա ընթացքում արևն այրում է, բայց բավական է, որ այն մայր մտնի կամ թաքնվի թեթև ամպի ետևում, երբ օդը կթրատեն ցրտի փշերը, իսկ հողը գիշերվա ընթացքում կհասց-
նի սառչել-պնդանալ ու պատվել սառցե կեղևով:
Եվ ահա այդպիսի մի ծակծկող երեկո նա խնդրանքով եկավ Աննա Անատոլևնայի մոտ, որն, իհարկե, քշեց նրան, բայց նա չփախավ, ինչպես ուրիշների բանջարանոցներում թափառող ուրիշ էգ թե որձ կատուները, այլ նստած մնաց սանդղամուտ-
քին ու նայում էր տանտիրուհուն առանց վախենալու և կատվային աներեսությամբ: Այլ հենց այնպես, իբր հայտնված լինելով ծանր դրության մեջ, ինչպես հավասարը կնայի հավասարին, խնդրում է աչքերով՝ օգնի՛ր:
Աննա Անատոլևնան մտածմունքի մեջ ընկավ, հետո բռնեց նրա վզամորթուց, բարձրացրեց ու պահեց այդպես:
Կատվիկը, թաթիկները սեղմելով, հնազանդ կախվել էր ու շարունակում էր նրան նայել: Եվ այժմ արդեն աչքերն ասում էին. «Առողջ եմ ես, առողջ...»:
Աննա Անատոլևնան նրան դրեց սանդղամուտքին ու բացեց դուռը:
Կատվիկը ներս մտավ:
Այդ ժամանակվանից սկսեցին ապրել երկուսով:
Խրճիթը մեծ էր՝ վեցանկյուն՝ երկու վառարանով, ամառային ու ձմեռային երկու հաշտերով: Խրճիթի շուրջը՝ չորս հազար մետր հող: Բաղնիք, ամառային խոհանոց, թռչնանոց-հավաբներ, լաստանավակ, փայտանոց, գոմաղբով պարարտացված բանջարանոց ջերմոցով և շոգեհարության կաթսա: Մեծ հարստություն, որը վաղուց ոչ մեկին պետք չէր: Եվ... Եվ Աննա Անատոլևնային նույնպես: Նրան զայրացնում էր նույնիսկ բարձր սանղամուտքը. դե արի ու օրական քսան անգամ բարձրացիր դրանով. առանց ոտքերի էլ կմնաս:
Ցրվել էր հարազատությունը, մահացել էին հասակակիցները: Աննա Անատոլևնան վաղուց էր սպասում մահվան, բայց չէր էլ կանչում նրան: Հանգիստ ուրախանում էր յուրաքանչյուր նոր օրով. գործ էր գտնում իր բանջարանոցում: Հեռուստացույց էր նայում ոչ անտարբերությամբ, այլ երբեմն վիճելով նրանց հետ, ում ցույց էին տալիս դրանով, բայց երբեմն էլ՝ համաձայնում, վշտակցում դժբախտության մեջ հայտնվածներին, ուրախանում, երբ բռնում էին գողերին ու հանցագործներին:
Միայն քուն մտնելն էր դժվար: Եվ զգում էր, որ հոգնել է, որ քունը ուժ կտա, որ մութ գիշերը շուտ կսողոսկի դրա մեջ, իսկ հետո կլինի վաղվա օր, կլինեն արև ու նոր գործեր, բայց... միևնույնն է, շուտ քնել չէր հաջողվում. վրա էին տալիս հիշողությունները, և բոլորը՝ վատ, բոլորը՝ ցավ պատճառող, որոնցից քունը փախչում էր իսպառ: Կորչում, ինչպես ցրվում է խիտ մառախուղը, բաց անելով ցեխը, մեխերով տախտակները, սուր անկյունները և նման բաներ, որոնք չես ուզում տեսնել, և որոնցից պետք է զգուշանալ...
Անցյալում վատ բաները շատ էին, նույնիսկ մանկության (որ մի կարգին չի էլ ունեցել) տարիներին. պետք էր տնտեսության մեջ օգնել մեծահասակներին, դայակություն անել փոքր եղբորն ու քրոջը և հասցնել պատրաստել դասերը: Հետո հաջորդեց շրջկենտրոնի ուսումնարանը, որը Աննա Անատոլևնան արագ թողեց. նրան չէր ձգում սվաղող-ներկարարի ապագա մասնագիտությունը:
Վերադարձավ, տեղավորվեց ֆերմայում որպես կթվորուհի: Հենց այդ ժամանակ էլ մտցվեց մեքենայացված կիթը. կթվորուհիները բժիշկների նման սպիտակ խալաթներով շրջում էին, գոմերը մաքուր էին, անասնապահները հիշեցնում էին սանիտարների: Մի խոսքով, գրեթե այդ չորս ասնամյակում նա լավ աշխատեց: Հասցրեց թոշակի անցնել մինչև կազմաքանդումն ու ավերումը: Հիմա ֆերման վաղուց դատարկ է, գոմերն էլ վերածվել են սոսկ տուփերի՝ երկար, գորշ, անտանիք...
Կար ընտանիքը երեք երեխաներով՝ երկու որդի և մեկ դուստր: Այսինքն՝ նրանք հիմա էլ կան, բայց արդեն նրանք էլ են գրեթե ծերունիներ: Այն ժամանակը, երբ գալիս էին ամեն ամառ սկզբում մենակ, ապա և հարսներով ու փեսայի հետ, հետո նաև թոռներով, պարզվեց՝ վերջացել էր ընդմիշտ: Իհարկե, լինում է, որ մեկնումեկն այցելում է, բայց կարճ ժամանակով, երևում է, առանց ցանկության, որպես պարտականություն: Թոռներն արդեն մեծ են, նրանց համար գյուղում տխուր է, ոչ մաքուր, մոծակներն են կծում, զուգարանն է բակում... Կանչում են իրենց մոտ ապրելու, բայց դարձյալ հենց այնպես, ձևի համար, կամ էլ...
Աննա Անատոլևնան իր տունը լքել չէր ցանկացել: Ճիշտն ասած, նա երբեք էլ լուրջ մտադրություն չի ունեցել, որ կտեղափոխվի ընդմիշտ, կամ թեկուզ երկար ժամանակով չի լինի տանը: Երկու անգամ մեկնել էր փոքր որդու մոտ՝ շրջկենտրոն, բայց այդ օրերը նրան թվացել էին անվերջանալի երկար ու դատարկ, և նույնիսկ թոռնուհուն դայակություն անելը չէր ուրախացրել: Թե ինչպես պիտի ապրեր բնակարանում, նա պարզապես չէր էլ պատկերացնում, խղճում էր այն ծեր կանանց, որոնք կամ առավոտվանից մինչև երեկո նստում էին մուտքի մոտ՝ նստարաններին, կամ էլ իրենց յոթհարկանիի պատի տակ եղած ծաղկաթմբերն ու թզաչափ պարտեզիկներն էին անընդհատ մաք-
րում-հարդարում: «Դուք, ախր, պիտի ձեր տնակներ, ձեր բանջարանոցիկներ գնայիք ու ձեր ամեն հավի ու ճտի ետևից... — մտքում նրանց խորհուրդ էր տալիս Աննա Անատոլևնան, — թե չէ կթոշնեք անգործությունից և կթռցնեք խելքներդ»: Եվ «անգործություն» բառն էլ մտքում ոչ թե մեղադրելով, այլ խղճալով էր ասում:
Նա ինքն ամեն օր ինչ-որ բան էր անում: Հաճախ ոչ անհրաժեշտ, երբեմն էլ կարծես լրիվ ավելորդ: Բայց գիտեր, եթե դադարի շարժվելուց, վրա կտա տկարությունը: Հավեր էր պահում. երբեմն՝ հինգ, երբեմն յոթ հավ: Հատիկի վրա հաստատ ավելի շատ էր փող ծախսում, քան եթե ձուն գներ խանութից, կամ էլ հարևանուհիներից մեկնումեկից, բայց նաև չէր կարող պատկերացնել հավերի ցանցաբույնը դատարկ: Եվ ամեն ապրիլի հարևան շրջանի թռչնաբուծարանի աշխատող մարդու՝ «Հավեր պե՞տք են», — հարցին պատասխանում էր. «Կվերցնեմ, կվերցնեմ»:
Հավերը մշտապես տանջված, գրեթե անփետուր էին, և եթե դրանցից մեկն էլ ձու ածեր, ապա անհամ ու շատ գունատ դեղնուցով:
Բայց կամաց-կամաց ցորենահատիկով, թարմ խոտով, անձրևաորդերով ու խխունջներով, որ ժամերով նրանց համար բանջարանոցում փնտրում էր Աննա Անատոլևնան, հավերն ուշքի էին գալիս, առույգանում ու սկսում ձու ածել օրումեջ և նույնիսկ ամեն օր: Նոյեմբերի սկզբներին, երբ սկսվում էին սառնամանիքները, նա հարևաններից մեկնումեկին խնդրում էր մորթել դրանց, փետրում, փորոտիքները հեռացնում, սառեցնում հարդանոցի բակում և ապա մինչև նոր գարուն կամաց-կամաց ուտում:
Բայց ուժերը դանդաղորեն լքում էին: Հարկ եղավ հրավիրել սոցաշխատողին՝ դարձյալ հարևանուհի քառասնամյա Նադյային, որ գալիս էր շաբաթը երկու անգամ, բերում ջուր, սննդամթերք, պոկում շատ բարձրացած մոլախոտերը, շրջկենտրոնում եղած ժամանակ գնում դեղերը և անդորրագրով վճարում լույսի վարձը, փող գցում հեռախոսի համարին:
Ճիշտն ասած, Աննա Անատոլևնան չէր ցանկանում Նադյային շատ ծանրաբեռնել. որոշ աշխատանքներ վճարովի էին: Նրա պահարանի վրա դրված էր «լրացուցիչ ծառայությունների» ցանկը: Սառնարանի հալեցումն ու լվանալը, օրինակ, երեք հարյուր տասնչորս ռուբլի, պատերի սպիտակեցումը՝ մեկ քառակուսի մետրը երեսուներեք ռուբլի, երեսուն րոպե ձնահեռացումը՝ վաթսունյոթ ռուբլի, բանջարանոցի հարյուր մետր ջրելը՝ հարյուր երեսունչորս ռուբլի, մեքենայով մեկ կիլոգրամ լվացքը՝ վաթսունյոթ ռուբլի...
Աննա Անատոլևնան փող ուներ և թոշակ էր ստանում, և երեխաներն էին ուղարկում, թեև չէր էլ խնդրում, բայց ամոթ էր նաև ապրել կալվածատիրուհու նման, որի առաջ լվանում և մաքրում են: Կամ էլ անհարմար է, և կամ ընդհանրապես՝ զզվելի:
Մի խոսքով, առայժմ դիմանում էր: Եվ պատահում էր, որ ամբողջ օրն անցկացնում էր ոտքի վրա՝ չզգալով մեծ հոգնություն, ուժերի անկում, տխրություն:
Բայց ահա երեկ... Իրենց համար սովորական այն ժամերին, երբ անջատում են հեռուստացույցը, հանգցնում լույսը և պետք է քնել, քունը չէր տանում: Եվ որդերի նման ուղեղ էին սողոսկում ծանր հիշողությունները....
Չստացվեց Վիկտորի՝ ամուսնու հետ իր կյանքը: Վեճեր չէին եղել, ոչ էլ գյուղի կեսը բռնող կռիվներ. ամեն ինչ տեղի էր ունեցել լուռ, սառը, երեխաների համար աննկատ: Եվ դա հավանաբար ավելի վատ էր, քան կռիվները. կգոռային, կգոռգոռային, կվերջաց-
նեին, ու մեկ էլ տեսար՝ ամեն ինչ տեղն ընկներ-անցներ, իսկ այսպես... Ամուսնությունից հինգ տարի հետո, երբ արդեն ծնվել էին որդին ու աղջիկը, Աննա Անատոլևնան իմացավ, որ ամուսինն իրեն դավաճանում է: Ավելի ճիշտ՝ «բարի» մարդիկ շշնջացին: Ակնարկներով, քմծիծաղով այնպես, որ նա որոշ ժամանակ չէր հավատում: Ապա քաջություն հավաքեց և օրերից մի օր (ազատ օր էր) հետևեց, թե ուր է գնում իր ամուսինը, որն իրեն՝ կնոջն ասել էր, թե ծանոթը, որի անունն ինքն արդեն չի էլ հիշում, խնդրել է օգնել: Իսկ իրականում՝ դրա մոտ:
Դրան կոչում էին Օլգա, ապրում էր գյուղի մյուս ծայրին: Կարծես Վիկտորը հատուկ էր այդպիսի մեկին ընտրել՝ իր տնից հեռու: Օլգան տեղացի չէր. ամուսինը նրան բերել էր այստեղ, իսկ ինքն էլ հետագայում խեղդվել արհեստական լճակում: Մտածում էին, թե նա կվերադառնա յուրայինների մոտ, բայց չվերադարձավ: Կարող է հենց Վիկտորն էլ փաղաքշել էր և խոստացել այսուհետև ևս փաղաքշել, և նա էլ մնաց: Խոհարար էր սովխոզի ճաշարանում:
Այդ օրը Աննա Անատոլևնան թաքնվել էր հեռագրասյան ետևում, սպասել, մինչև ամուսինը ներս կմտնի դռնակից: Հուսալով սպասել էր, թե ահա-ահա նա դուրս կգա: Իսկ նա դուրս չէր գալիս: Ոչ կես ժամ, ոչ մեկ ժամ հետո: Ու կինը ետ էր դարձել տուն...
Վիկտորը երևացել էր վաղ աղջամուղջի հետ. ուրախ, բարի և այնպես ջերմորեն էր սիրել Աննա Անատոլևնային, որ սա կասկածել էր. մի՞թե նա սիրուհու մոտ է եղել, և մի քանի օր չէր վճռել խոսակցություն բացել: Բայց հենց բաժանվում էին, գլխում մի միտք էր պտտվում. Վիկտորը հիմա նրա մոտ է, Վիկտորը հիմա...
Վիկտորը տրակտորիստ էր. տարբեր հանձնարարություններ էր ստանում, հաճախ հենց գյուղում, իսկ Աննա Անատոլևնան գրեթե ամբողջ ժամանակ ֆերմայում էր լինում՝ տասը կիլոմետր հեռու...
Այնուամենայնիվ որոշեց պարզել, և ամուսինը հանգիստ պատասխանեց՝ այո՛, գնում է Օլգայի մոտ: Նա իրեն դուր է գալիս: Եվ Աննան՝ նույնպես: Եվ բաժանվել չի պատրաստվում: Տունը պահում է, երեխաներին՝ սիրում... Եվ, ինչպես կարողանում են համոզել ուժեղ տղամարդիկ, համոզեց կնոջը, որ այդպես ճիշտ է: Եվ այդ ժամանակներում գյուղում քիչ չէին նմանատիպ եռանկյունները:
Տղամարդիկ ու երիտասարդները զոհվում էին մոտոցիկլետներ վարելիս, վեճերի ժամանակ, խեղդվում էին, «այրվում» օղու չարաշահումից...
Վիկտորը գրեթե չէր խմում, աշխատասեր էր, հավաքույթների ոգին: Եվ ամենակարևորը՝ սիրում էր երեխաներին:
Եվ Աննա Անատոլևնան վճռեց՝ թեկուզ այդպես...
Բայց այդ ժամանակվանից ամուսնու հանդեպ նրա սերը մարեց: Մնաց անձնագրում կնիքով հաստատված և ընդհանուր երեխաների ծննդյան վկայականներով հիմ-
նավորված համատեղ կյանքը: Անկողնում նա չէր կարողանում կրքոտ սեր զգալ, բաժանել այն անբաժանելին, որն ամոթ չէր, երբ սիրում ես և գիտես, որ դու միակն ես:
Այդպես էլ ապրեցին գրեթե քսան տարի: Հինգ տարի սիրո և քսան՝ համատեղ
կյանքի...
Վիկտորը մահացավ արագ, գրեթե առանց հիվանդանալու: Տառացիորեն մեկ ամսում նիհարեց, դարձավ ամեն ինչի նկատմամբ անտարբեր, անզգա: Հաճախ նստում էր կորացած, կծկված: Թվում էր, թե սպասում է ներսում կատարվող ինչ-որ ահավոր բանի:
Աննա Անատոլևնան խնդրում էր դիմել բժիշկների, ստուգվել, իսկ նա ձեռքն էր թափահարում՝ կանցնի: Չանցավ: Մահացավ քնի մեջ:
Մարմինը տեղափոխեցին քաղաք. հիշողությունները քրքրելիս, թե ինչպես էին խրճիթի լռության մեջ սպասում ավտոմեքենայի, մինչև հիմա սիրտը թպրտում էր, լռվում կոկորդում. անպայման պետք է դիահերձել: Մարդը բոլորովին ծեր չէր, տարիքով էլ՝ ամենածաղկուն շրջանում: Քառասունյոթ տարեկան: Գրեթե չէր խմում, ծխում էր չափավոր...
Պարզվեց՝ ստամոքսի քաղցկեղ:
Զարմացած բժիշկները հարցրին Աննա Անատոլևնային.
— Եվ ի՞նչ, երբեք չէ՞ր բողոքում:
Կինը պատասխանեց.
— Ո՛չ: — Եվ լուռ խղճում էր ու զայրանում ամուսնու վրա, որ այսպես վարվեց: Կարող է և փրկեին: Իսկ այժմ ինքը՝ երեք երեխաներով: Ավագը նոր-նոր է վերադարձել բանակից, ու թեև թիկունքին ավարտած տեխնիկում ունի, բայց դե ժամանակ է պետք, որպեսզի ոտքի կանգնի: Դուստրը մեկնեց սովորելու մանկավարժական ինստիտուտում, կրտսերը դեռ ութերորդ դասարանում է: Բայց ամենից շատ զայրանում էր, որ նա իր այդ Օլգայից այդպես էլ չբաժանվեց: Մինչև վերջին շունչը վազում էր շաբաթը երկու անգամ:
Օլգան եկել էր թաղմանը: Կանգնել էր փորված գերեզմանափոսից հեռու, և երբ բոլորն արդեն մի-մի բուռ հող էին նետել դագաղի վրա, արագ մոտեցավ և նույնպես նետեց:
Աննա Անատոլևնան դիմացավ: Ինչ արած. քսան տարի դիմացել էր, հիմա էլ ի՞նչ... Գուցե նրան ուտելու ինչ-որ բան էր տվել. ստամոքսի քաղցկեղն հենց այնպես ոչնչից չի առաջանում: Եվ կամ տարիներ շարունակ ինչ-որ խոտեր ու խառնուրդներ էր թաքուն տվել, որպեսզի վերջնականապես կախարդի:
Երևի ամուսնու անհավատարմության պատճառով նրա մահը տարավ առանց մեծ վշտի: Իրեն չէր կոտորում, ինչպես որոշ կանայք, որոնք երբեմն նետվում էին հանգուցյալ ամուսնու գերեզմանափոս և կամ թաղումից հետո տառացիորեն հետևում նրան: Բայց այդպես ամենից հաճախ պատահում է երիտասարդների կամ էլ ծերերի հետ: Աննա Անատոլևնան այն ժամանակ գլորել էր քառասունհինգը, և տղամարդը՝ որպես արու, նրան արդեն այնքան էլ պետք չէր, ինչպես առաջ, իսկ տղամարդ-օգնականը, ընդհանուր առմամբ, նույնպես: Վիկտորի մահից մեկ տարի հետո վաճառեցին կովը և երեք խոզերի փոխարեն սկսեցին պահել մեկը: Մի խոսքով, շուտով հարմարվեցին, և ցավն էլ զայրույթի հետ հանդարտվեց:
Գալիք բոլոր փոփոխություններից ու սեփականաշնորհումներից առաջ ավագ որդին տեղավորվեց. ամուսնացավ լավ աղջկա հետ, հասցրեց ստանալ երկու սենյականոց բնակարան, աղջիկն էլ ամուսնացավ, և նրա ամուսինը նույնպես վատ մարդ չէր. հարգում էր Աննա Անատոլևնային, օգնում, երբ լինում էր իրենց կողմերում:
Եվ փոքր որդին էլ ամոթով չթողեց: Բոլորը մորն այցելում էին, և երեսուն տարիներն անցան առանց տխրելու՝ մենակության, վշտի և տանջող մտքերի պատճառով, երբ չես կարողանում քնել:
Պահում էր կենդանիներ՝ այծ, խոզ, հավեր, երբեմն մի հինգ սագ, մի քանի ճագար, շուն, ինքնըստինքյան նաև կատու:
Առաջին իսկ սառնամանիքին որդիներից և կամ հարևան տղամարդկանցից մեկնումեկը մորթում էր մսացու կենդանին, իսկ գարնան գալու հետ Աննա Անատոլևնան նորերն էր ձեռք բերում՝ արդարանալով, թե ինչ անի քարթու հացը, կաղամբն ու գազարը, որոնք մշտապես ավելի են ստացվում, կամ մանր կարտոֆիլը, և ուտելի էլի շատ բաներ, որ թեկուզ շպրտիր... Իսկ շներն ու կատուներն էլ, ապրելով իրենց կարճ կյանքը, իրենք իրենց էին սատկում, և հայտնվում էին հաջորդները՝ նոր շնիկներ, նոր կատվիկներ:
Հետո արդեն ուժը չէր բավականացնում խոզի, այծի, ճագարների համար, ապա և սագերի, ու նաև հավերի... Նախանցյալ տարի, բանջարանոցի ծայրին մի կերպ հողը փորելով-թաղելով շղթան վզին սատկած շանը՝ Տյոմկային, որոշեց նոր քոթոթ չվերցնել: Անցյալ տարի էլ տուն չդարձավ Ռիսկան, և նա մնաց առանց կատվի: «Փայտանում եմ, իսկ սրանք էստեղ քաղցած են մնում, — ինքն իրեն արդարացրեց նա, — Նադյան էլ ամեն օր չէ, որ գալիս է»:
Եվ ահա հայտնվեց այս Գորշուկը: Հավանաբար նա այդ ձմռանը փրկեց ծեր կնոջը: Ավելի ճիշտ, նրա նկատմամբ խնամքն օգնեց անցկացնել այդ ձմեռը:
Տնային կենդանիների նկատմամբ երբեք հատուկ վերաբերմունք չէր ունեցել, իսկ կատուներն առհասարակ չէին վայելում նրա ուշադրությունը, այսինքն՝ չէին էլ պահանջում: Հացի մի փոքրիկ, փափուկ պատառ, երբեմն էլ թասիկի մեջ լցրած մի քիչ կաթ, ահա և ամբողջ խնամքը: Կատուները՝ էգ թե որձ, պարտավոր են իրենք կերակրել իրենց. հրեն՝ հատակի օդանցքը, որ տանում է նկուղ, որտեղ անընդհատ ներս ու դուրս են անում մկները, այդտեղ չկա՞ն, մտիր մեկ այլ օդանցք, մեկ այլ լքված տեղ՝ խորդանոց, գոմ, հարդանոց և կամ ճնճղուկներին հետապնդիր:
Բայց այդ մեկի ետևից Աննա Անատոլևնան պտտվում էր, ինչպես փոքրիկ երեխայի: Կերակրում էր հենց այն բաներով, ինչ ինքն էր ուտում՝ հավի մսով, այն էլ՝ մաշկահան արված, պանրով, բժշկական երշիկով, ապուրով: Նադյային, թե ինչ գնի խանութից, տրվող սովորական պատվերներին ավելացել էր կատվի կերը: Սոցծառայողն սկզբում զարմացել էր, բայց հետո, խելոք-խելոք լսելով և կարծես թե նույնիսկ ուրախացած՝ գլխով արեց.
— Լավ-լավ: Մեզ մոտ էլ են ստանում, տեսել եմ: Ձեզ համար որից՝ չորի՞ց, թե՞ փաթեթավորվածներից:
— Դե վերցրու և՛ մեկից, և՛ մյուսից: Տեսնենք՝ որը իրեն դուր կգա:
Եվ կատվիկը վարձահատույց էր լինում շնորհակալությամբ. խրճիթում չէր «անում», այլ գնում էր նկուղ, կարող է պատահել նաև դուրս: Չէր զզվեցնում, բայց երբ Աննա Անատոլևնան տեղավորվում էր բազկաթոռի մեջ և հեռուստացույց նայում, նա տեղավորվում էր տիրուհու ոտքերի մոտ և քսմսվում թեթևակի: Եվ նա, վերջիվերջո, թույլ էր տալիս.
— Դե լավ, բարձրացիր:
Նա փափկորեն թռչում էր վեր ու փաթաթվում տիրուհու փորին: Եվ հանգիստ մռռում, ինչպես փոքրիկ տաքացուցիչ:
Իսկ մի անգամ, երբ նա սովորականի նման չէր կարողանում քնել, զգուշորեն բարձ-
րացավ մահճակալին և տեղավորվեց ոտքերի մոտ:
Աննա Անատոլևնան սկզբում ցանկանում էր վռնդել նրան. ո՞վ է տեսել, որ կատուն մահճակալին քնի, բայց չարեց. լսեց-լսեց Գորշուկի մռլտոցն ու ննջեց:
Այդ ժամանակվանից էլ կատուն ամեն անգամ գալիս էր նրա մոտ, իսկ եթե հանկարծ մեկ ուրիշ տեղ էր տեղավորվում, տիրուհին ինքն էր կանչում նրան.
— Դե արի, ինձ համար երգիր քո երգերը:
Եվ Գորշուկը գալիս էր պատրաստակամությամբ՝ կամաց-կամաց տեղավորվելով ավելի ու ավելի մոտիկ՝ կրծքին, գլխին, ու մռռում-մռլտում էր, և Աննա Անատոլևնային թվում էր, թե նա խղճում, բուժում է իրեն...
Նրանք այդպես անցկացրին ձմեռը: Կատվիկը դարձավ կատու. ջահել, բայց ամուր, որ արդեն ուտում էր և՛ փորոտիք, և՛ մկաններ: Մորթին փայլում էր՝ կարծես սնդուսով ծածկված:
— Դե, իհա՛րկե, հավի մսի ու թթվասերի վրա ես, — իբր թե դժգոհ, բայց իրականում գոհունակությամբ նշում էր Աննա Անատոլևնան:
Եվ Գորշուկն այդ խոսքի վրա կուշտ-կուշտ մռայլվում էր:
Երբ հողը մի փոքր չորացավ, կատվիկը սկսեց տիրուհու հետ շրջել բակում, հոտոտել պատերը, դույլերը, ծանոթանալ խրճիթին մոտիկ տարածքներին, ննջել արևի տակ: Տիրուհին նրա ներկայությամբ կարծես թե ավելի լավ ու ավելի թեթև էր աշխատում, իբր սոսկ իր համար չէ, որ ջանում է:
— Այ, որ թոռներս գան, — ինքն իրեն խոսում-համոզում էր Աննա Անատոլևնան, — կխաղան քեզ հետ: Իմ թոռները լավն են:
Կանգ էր առնում, փորձում մտքում հաշվել, թե թոռներից որը՝ քանի տարեկան է. մեծ թոռնուհին արդեն քսաներեք տարեկան է, դե փոքրերն էլ՝ որը տասնհինգ, որը՝ տասներկու... Արդեն մեծ են: Արդեն ժամանակն է նաև ծոռների սպասել: Ցանկանում էր սպասել ու ոչ միայն իրեն հաճույք պատճառելու համար, այլ այս մոխրագույնին տեսնեն, շոյեն, խաղան նրա հետ, գզվռտվեն...
Բակի ներսն ուսումնասիրելուց հետո կատուն սկսեց դուրս գալ փողոց:
Աննա Անատոլևնան սկզբում կանգնեցնում էր, խնդրում չգնալ, վախեցնում շներով ու տղաներով: Բայց ինչ էին նրա խոսքերը. դատարկ բան: Եվ խրճիթում էլ չես փակի. գյուղական էր նա և ոչ թե ինչ-որ քաղաքային՝ քսանմեկերորդ հարկի բնակարանի բնակիչ:
Սկզբում Գորշուկի զբոսանքները կարճատև էին, իսկ հետո, բաց թողնելով ճաշը, կորչում էր ժամերով: Մի օր էլ գիշերելու չեկավ: Աննա Անատոլևնան, մինչև կեսգիշեր սանդղամուտք դուրս գալով, կանչում էր, լսում հարևան փողոցների շների հաչոցը, գյուղական կատուների երկարատև գզվռտոցների ձայները, և նրան թվում էր, թե իր Գորշուկին են գզում:
Վերադարձավ վաղ առավոտյան՝ օդանցքով: Երկար ժամանակ ուտում էր ափսեում մնացածը, ապա լվացվեց, հետո ընկավ մահճակալի եզրին ու քնեց ամբողջ օրը: Երեկոյան դարձյալ կուշտ կերավ ու մտավ հատակի ճեղքը:
— Էս ո՞ւր, — լացակումած ձայնով հարցրեց Աննա Անատոլևնան, — արդեն բուրդդ էլ է թաղկել, քիթ-մռութդ՝ ճանկռտված: Դեռ աչքդ էլ կհանեն: Տա՛նը մնա:
Գորշուկը նայեց նրան ներողություն հայցող հայացքով, կարծես բացատրելով՝ չեմ կարող, չգնալ չեմ կարող:
— Ես կարծում էի՝ դու լավ տղա ես, իսկ դու որպես փողոցային ես մեծանում: Այ-այ-ա՜յ:
Եվ այնուհետև սոցծառայող Նադյայի հետ բոլոր զրույցները նա թեքում էր դեպի
Կատուն: Նադյան լսում էր բոլոր բողոքները և ժպտում զուսպ, կարող է և տխուր՝ կանխազգալով, որ ինքն էլ է ծերանալիս բողոքելու սիրելի կատվից. ամուսին նա արդեն վաղուց չուներ, երեխաները սովորում էին քաղաքում, և միայնակ ծերությունն էր դռանը սպասում...
Աշնանամուտին Գորշուկը սկսեց կորչել երկու-երեք օրով, երբեմն էլ շաբաթով: Աննա Անատոլևնան և՛ անհանգստանում, և՛ սպասում, և՛ զայրանում էր: Շատ վիրավորական խոսքեր էր ասում կատվին, փորձում էր գրկել (ճիշտ է, արդեն ուժն էլ չէր բավականացնում), ամանի մեջ էր դնում ամենահամեղ բաները:
Եվ ահա թե ինչն էր հետաքրքիր. գարնանն ու ամռանը քաղցած, գզգզված, և գզվռտված կատուն հիմա գրեթե միշտ կուշտ էր, և մորթին էլ՝ հարթ, կարծես սանրած:
— Որս անե՞լ ես սովորել, — հարցնում էր Աննա Անատոլևնան, — Հաղթե՞լ ես բոլորին: Հիմա արդեն հաղթանակա՞ծ ես քայլում:
Գորշուկը երանությամբ կկոցում էր աչքերն ու բարձր մռլտում:
Տիրուհին արդեն վարժվում էր, որ նա գնում է մի քանի օրով, իսկ հետո վերադառնում և իր հետ ապրում մոտավորապես մեկ շաբաթ, իհարկե, ոչ առանց մոտակայքում զբոսանքների: Ինչ արած, կատուները շուն չեն, նրանց ազատություն է պետք: Հենց որ սառնամանիքները սկսվեն, կդադարեցնի... Եվ հիշողության մեջ արթնանում էին այն ուշ երեկոները, երբ Գորշուկը մշտապես իր հետ էր լինում, խղճում էր իրեն, բուժում տխրությունը: Առաջվա նման առանց նրա դժվար էր քուն մտնում:
Ամռանը մի կարճ ժամանակով եկավ փոքր որդին: Որոշ բաներ կարգի բերեց, բանջարանոցում օգնեց մի քիչ: Կատվի ներկայությունը խրախուսեց.
— Մի շնիկն էլ չէր խանգարի, — ասաց:
Աննա Անատոլևնան թափ տվեց ձեռքը.
— Ի՞նչ շնիկ... Երբեմն մինչև ճաշ չեմ կարողանում վեր կենալ, իսկ շնիկն էլ էստեղ քաղցած կմնա:
— Դու պետք է տեղափոխվես: Մենակ վատ է:
— Ավելի լավ է՝ դուք գաք այստեղ՝ մաքուր օդին:
— Ես մեծ սիրով: Մինչև թոշակ ձգեմ ու կպոկվեմ:
— Ես մինչև քո թոշակը չեմ ձգի:
— Կտեսնենք, մա՛մ, աչքով մի՛ տուր...
Եկավ նոր ձմեռը: Վերջի՞ն, թե՞ հերթական:
Վարձված տղամարդիկ բերեցին կեչու հաստ բներ, սղոցեցին կարճ կտորների, և դարձրին վառելափայտ. Աննա Անատոլևնան հեռու չգնալու համար Նադյայի հետ դրանք դասավորեց՝ մի մասը սանդղամուտքի, իսկ մյուս մասը բաղնիքի կողքի փայտանոցներում:
Գորշուկը, նստած մեծ, ոստոտ ու չճղոտված բնի վրա, հավանություն տալով՝ կկոցել էր աչքերը:
— Եվ այսպես, — ասաց Նադյան, — այսուհետև տիրուհուդ հետ կտաքանաք. պետք չէ ոչ մի տեղ գնալ, թաթերը մրսեցնել:
Բայց նա չդադարեցրեց գնալը. սառնամանիքները չխանգարեցին: Առաջվա նման գրեթե մեկ շաբաթով կորչում էր, իսկ հետո մեկ շաբաթ ապրում տանը՝ դրանով հունից հանելով Աննա Անատոլևնային, որ ամոթանք էր տալիս նրան և ավելի ու ավելի համեղ կերակրում:
Ոչ մի բան չէր օգնում:
Եվ երբեմն-երբեմն, որպեսզի չթթվի — մնա իր ցանկապատի ետևում, չվայրենանա, Աննա Անատոլևնան ուղևորվում էր խանութ:
Պատրաստվում էր երկար, մանրամասնորեն: Հագնվում էր տաք, բայց նաև ոչ այնպես, որ հագուստը ճնշի. ուներ հրաշալի մուշտակ, բայց մարմինը վաղուց արդեն չէր դիմանում դրա ծանրությանը. ուսերը կախվել էին, մեջքը՝ ծռվել, ոտքերը կոտրատ-
վում էին: Ահա և փրկեց փետրամեջ վերարկուն, որ հինգ տարի առաջ նվիրել էր
դուստրը: Աննա Անատոլևնան սկզբում հրաժարվում էր. «Բայց ես դրանով ո՞ւր
պիտի գնամ, համ էլ՝ վարդագո՜ւյն. սա պիտի երիտասարդությունը կրի...» Իսկ հիմա չկարողացավ չուրախանալ:
Եվ ահա փետրվարյան մի օր, երբ արևը լուսավորում էր այնքան պայծառ և ուրախ, որ տանը նստելն անհնար էր, իսկ բանջարանոցում բզբզալն էլ անմտություն ու տխուր, նա որոշեց գնալ: Վիճակը թույլ էր տալիս:
Վերցրեց լաթե, երկար՝ ուսից կախ տալու համար հարմար բռնակներով պայուսակը: Փակեց խրճիթի դուռը, բակի դռնակը: Բանալիները, որ կախված էին ծանր, շուտ գտնելուն օգնող պտուտամերով օղակից, գցեց գրպանը և ճամփա ընկավ: Գյուղը ուներ մեկ փողոց, որը նաև ճանապարհ էր դեպի մյուս գյուղ: Փողոց-ճանապարհից ճյուղավորվում էին նրբանցքները և փակուղիները: Այդտեղ՝ նրբանցքներում և փակուղիներում, անցնող մեքենաների փոշուց և աղմուկից հեռու տեղ էր գտել տների մեծ մասը:
Աննա Անատոլևնան ապրում էր մի այդպիսի տներից մեկում՝ երկար, մարգագետնով ավարտվող նրբանցքի խորքում: Ինչ-որ ժամանակ այդ մարգագետնում էին արածում նրանց այծերը, փոքրիկ հորթուկներով կովերը: Լավ էր, առանձնացված: Իսկ հիմա...
Առողջ ժամանակ մինչև խանութ կվազեր տասը րոպեում, իսկ հիմա... Ո՛չ, մեղք է բողոքելը. քայլում է նորմալ, շնչում՝ թեթև: Օդը սառն է, իսկ արևն այրում է: Ձյունը ճռճռում է, բայց ոչ դեկտեմբերի նման՝ չոր ու ծակծկող, այլ մեկ ուրիշ ձևով՝ կարծես սառցիկներ կոտրատես: Ճնճղուկներն են ճյուղերի վրա կռվում, պարիսպներին նստած կաչաղակները, տեսնելով մարդկանց, սկսում կչկչալ. թվում է՝ ոչ թե վախեցած, այլ ուրախացած: Եվ նույնիսկ չեն փախչում, երբ անցնում ես կողքներով: Գուցե նվերի՞ են սպասում:
— Կտամ, կտամ, — մռթմռթում է Աննա Անատոլևնան, — ետ դառնալիս կտամ: Ահա խանութ եմ գնում... Ինչ-որ բան կառնեմ:
Հաստ, երկարությամբ կտրած գերաններից խանութը, որն ինքը գիտեր մանկությունից, վաղուց չկա: Իննսունականների կեսերին փակեցին, հետո հասկանալով, որ դժվար թե երբևէ բացեն, սկսեցին թալանել տեղացիները. պոկեցին շրջանակները, հանեցին շիֆերները, իսկ հինգ տարի առաջ վառվեց մնացածը: Գուցե հրդեհեցի՞ն ինչ-որ հետքեր թաքցնելու համար կամ էլ հիմարությունի՞ց: Եվ մինչև հիմա էդպես էլ կա ածխի՝ կամաց-կամաց խոտով ծածկված բլրակը:
Իսկ առաջ այդ խանութը գյուղի կենտրոնն էր: Այստեղ երկար զրուցում էին վաղուց իրար չտեսածները. գյուղում էլ կարելի է ամիսներով չտեսնվել. ամեն մեկն իր գործն ունի, իր հոգսերը, լսում էին նորությունները, տաքանում սառնամանիքի ժամանակ, սպասում մթերքների. երբեմն չճարվող, և երբեմն էլ պարզապես հացի, հենց այստեղ էլ վաճառում էին դույլեր, հագուստ, օճառ, տնտեսության մեջ անհրաժեշտ որևէ բան: Իսկ հիմա գյուղում կա երեք խանութ: Բոլորն էլ սեփական: Փոքրիկ, նեղվածք, աղքատիկ: Ցանկացած մանրուքի համար մարդիկ հիմա քաղաք են մեկնում. այնտեղ և՛ ընտրությունն է մեծ, և՛ շատ ավելի էժան է:
Եվ Աննա Անատոլևնան գնում էր ոչ այնքան առևտուր անելու, որքան գյուղին նայելու, կարող է և մեկին տեսնելու, երբեմն մի խոսք փոխանակելու:
Եվ տեսա՛վ: Որին երկար տարիներ չէր տեսել, որի մասին կզզվեր նույնիսկ մտածելուց: Իսկ երբ հիշում էր, ուզում էր լաց լինել վիրավորանքից ու կատաղությունից: Օլգային: Հենց այն:
Նույնպես քայլում է դանդաղ, նույնպես՝ ձեռնափայտով, պայուսակը՝ ուսից կախ: Հենց դեպի նույն խանութ: Իսկ նրա ետևից՝ Գորշուկը: Ի՛ր՝ Աննա Անատոլևնայի: Պոչը ցցած, թաթերը դնելով հետքը հետքին, մռութը՝ գոհ, ինչպես այն երեխայի, որին կոնֆետ են խոստացել:
Բայց կարող է նա՞ չէ:
Եվ Աննա Անատոլևնան կանչեց.
— Գորշու՛կ: Փի՜ս-փի՜ս:
Կատուն ուրախացավ, նույնիսկ ոստնեց դեպի նա և կանգ առավ: Իսկ հետո քայլեց Օլգայի ետևից:
— Ի՞նչ Գորշուկ ...— ճռճռացրեց Օլգան անհասկանալի, կարծես բերանում քարեր ունեցողի ձայնով, — իմն է, Վիտո՛ւսյա:
— Ի՞նչ, — Աննա Անատոլևնային կարծես սպանեց մականունը, — Վի... Ո՞նց ես դու համարձակվում... Նայեց կատվին, այո՛, դա իր Գորշուկն է, հիմա արդեն մռութը շփոթված, ականջները՝ ցից, իսկ բեղերն ու պոչը՝ կախ ընկած: — Գորշու՛կ ... Գորշու՛կ, արի՛ ինձ մոտ...
— Դա ի՛մ կատուն է, — հեգնեց Օլգան:
— Դու, — Աննա Անատոլևնան լցվեց կատաղությամբ, — դու, ա՛յ օձ, ինձնից ամուսնուս էիր գողանում ամբողջ կյանքում, իսկ հիմա էլ՝ սրա՞ն: Կեղտո՛տ անասուն:
— Ֆո՛ւ, — Օլգան նրան ետ մղեց շան նման, — բոլորովին թռցրել է խելքը: Ի՛մ կատուն է սա: Երկրորդ տարին է՝ արդեն ինձ մոտ:
— Ի՛նձ մոտ է նա երկրորդ տարին: Եվ վազում է... Ո՞ւր է վազում... Հիմա արդեն պարզ է: Ի՜նչ վհուկն ես դու:
— Ի՛նքդ ես վհուկը, վերջացա՛ծ վհուկ: Գնա՛նք, Վիտո՛ւսյա, հարազա՛տս:
— Գորշո՛ւկ, արի՛ այստեղ: Արի՛, սիրելի՛ս:
— Վիտո՛սյա...— Օլգան դժվարությամբ թեքվեց և պատրաստվեց կատվին վերցնել ձեռքը:
Նա ետ ցատկեց: Շփոթված նայեց մեկին, ապա մյուսին, ու նետվեց ձնակույտի մեջ, որից դուրս թռավ ու բարձրացավ ցանկապատի վրա: Եվ ստուգելով, թե շուն չկա՞ իր ետևում, թռավ ինչ-որ մեկի բանջարանոց:
Պառավները մնացին մենակ:


