Կամարաշարով տաճարը

Սուդակյան ամրոցում, եթե գլխավոր
դարպասներից ձախ թեքվես — մինչեւ պատը մի արմնկաչափ—
եւ վեր, հատկապես առաջին իսկ պարապ
անբանի տեսքով,— ոչնչով ակնառու,—
բերանի ցից միակ ատամով
սյունի եւ կիսագնդով գմբեթի

կարճագույն ութնակողով գաս —
այս տունն Աստուծո, ուր շարանով,
շուրթերի անցքերում աղոթանքը խաղաղ,
իրար ետեւից, ինչպիսին ափ եկող ալիքներն են
վայրի պոռթկացող տափաստանների,
օրինապահները Մուհամեդի —

երգեն «Լյա ալլահ իլլյա Լյա»-ն ծորուն.
երերուն Լիգուրիական ծովանդունդներից
կապանքված եկվոր արվեստաբաններն
իրենց խիստ հստակ «Պատեր նոստեր»-ը
մեռյալ բարբառով կրկնեն,—
«Շմա Իսրայել»-ի երկրի տարագիրները

հեռավոր, ամենայն հույս դրած գալարի վրա,
որի տառերը հատուկենտ մարդիկ են ճանաչում,
ցամաքի տարածություններ նվաճողներն
ու ծովերի, «Հայր մեր» բարձրականչելով,
վստահած ձայնանիշերին ու դրոշներին,
Մարտին ահեղի գրության ժառանգների

պարզ հղումները «Ֆատեր ունզերի»-ից,
միաբնույթ Բարձրյալին փառերգելով,
հնագույն Նոյյան տապանի բուսավետ կայանի շուրջ
տանջավայրերից եկվորները, ի խորոց սրտի,
«Հայր մեր»-ը հավաստեն եւ վիշտը փայփայեն՝
ցածրամիտ դատողությանն անենթակա,—

բոլորն էլ երբեմնի եղել են աստ, իսկ հիմա —
ութից մինչեւ ութը թանգարան է բաց,
ուր որմնանկարներ են, միհրաբ ու տարալեզու
գրություններ որմերին, մուտքը ազատ է,
եւ ունկնդրում է Աստված աղոթքները մենակյացի՝
ողջ տրոհված մարդկության։