Օդանավորդը
(հատված վեպից)
Գեյգերը գնաց ճաշից հետո: Ես միջանցքում տեսա նրան (երբ եկավ Վալենտինան).
վերարկուով էր, գլխարկը ձեռքում պահած: Լսեցի նրա մարող քայլերը սկզբում հարկում, հետո՝ աստիճանների վրա: Երկու օր Վալենտինային չէի խնդրել, որ պառկի կողքս, թեև երազում էի այդ մասին: Չնայած որ Գեյգերը թույլատրել էր (իսկ գուցե նրան հակառա՞կ): Իսկ հիմա խնդրեցի:
Եվ ահա նա արդեն կողքիս է, նրա ափը՝ ափիս մեջ: Մազափունջը խուտուտ է տալիս ականջս: Ես վատ կզգայի մտքից, որ մեզ կարող են բռնեցնել այս գործի վրա: Մեկ այլ՝ պարսավանքի արժանի, անգամ անպարկեշտ բանի համար սարսափելի չէ, քանի որ անպարկեշտ բանը առաջինն է, ինչին կարելի է սպասել, բայց այ սրան... Ախր այստեղ ամեն ինչ այնքան նուրբ է, հուզառատ և անբացատրելի, և ինձ չի լքում զգացումը, որ սա մի ժամանակ արդեն եղել է: Հարցնում եմ Վալենտինային՝ նրա հետ է՞լ նման բան եղել է, այս հաշվով արդյոք չունի՞ ինչ-որ ճապաղ հիշողություններ, հիշողություններ էլ չէ՝ կռահումներ: Չէ, պատասխանում է, չի եղել, ընդհանրապես նման բան չի եղել, որտեղի՞ց լինեն հիշողությունները:
Բայց ախր եղել է ինձ հետ, չէ՞ որ դա չեմ հորինել: Մենք հենց այսպես անշարժ պառկած էինք մահճակալին, ձեռք ձեռքի, քունքը՝ քունքին: Այն ժամանակ ես չէի կարողանում թուքս կուլ տալ, վախենում էի, որ նա կլսի կլլումի ձայնը, կեղծ հազում էի, որպեսզի արդարացնեի այդ հնչյունը. այդքան ու այդպես աննյութեղեն էին մեր հարաբերությունները: Կամ էլ որ հանկարծ կռճտա հոդս՝ նույնպես վախենում էի, որովհետև միանգամից կավերվեր մեր հարաբերությունների եթերայնությունը, փխրունությունը: Այդ հարաբերություններում մարմնական չկար ոչինչ: Ինձ բավական էր նրա դաստակը, նրա ճկույթը, եղունգը ճկույթի վրա՝ փոքրիկ, ինչպես սադափի հարթ ու վարդագույն պստլիկ թեփուկը: Գրում եմ, ու ձեռքս դողում է: Այո՛ թուլությունից, այո՛, ջերմությունից, բայց նաև զգացմունքների մեծագույն լարումից: Ու նաև այն բանից, որ մնացած ամեն ինչ ինձնից թաքցնում էր հիշողությունը: Ի՞նչ էր դա:
— Ի՞նչ էր դա, — արցունքակոլոլ գոռում եմ քույր Վալենտինային: — Ինչո՞ւ կյանքիս երջանկությունը չեմ հիշում:
— Գուցե այդ դեպքում այն կդադարեր երջանկություն լինելուց:
Գուցե: Բայց դա հասկանալու համար պետք է ամեն ինչ հիշել:
Հիշում եմ: Տրամվայի ռելսեր սառցակալած գետի վրա: Մի ափից մյուսը ճամփա հարթող էլեկտրական փոքրիկ տրամվայ, կրպակներ պատուհանների երկայնքով: Գնացքավարի հայացքը շաղափում է բուքն ու մթնշաղը, բայց մյուս ափը դեռ չի երևում: Ճանապարհն աղոտ լուսավորում են լապտերները, նրանց առկայծող լույսի մեջ սառցի վրայի ամեն մի անհարթությունը թվում է բացվող ճեղք ու խորխորատ: Վագոնավարը կենտրոնացած է, նա վերջինն է, ով կկորցնի հույսը: Տոմսավաճառն էլ հոգով ամուր է, բայց չի մոռանում ինքն իրեն քաջալերել՝ տափաշշից կումեր անելով, քանզի սառնամանիքն ու լուսնային այդ բնանկարը ցանկացածին կվհատեցնեն, իսկ տոմսավաճառը պիտի հոգով առույգ մնա: Հինգ կոպեկով տոմս է վաճառում, դրանք կտրում է սառած մատներով: Նրանից ներքև տասը սաժեն ջուր է, կողքերում՝ բուք, բայց նրա փխրուն տապանը՝ փոքրիկ դեղին կրակ սառցի վրա, սլանում է դեպի իր նպատակը՝ դեպի վիթխարի, խավարում կորչող սայրաձողը: Ես ճանաչում եմ այդ սայրաձողն ու այդ գետը: Հիմա ես գիտեմ՝ որ քաղաքում եմ ապրել:
Հինգշաբթի
Չէ՞ որ անսահման էի սիրում Պետերբուրգը: Սուր երջանկություն էի զգում՝ այլ վայրերից վերադառնալով: Իմ աչքերում նրա ներդաշնակությունը հակադրվում էր քաոսին, որն ինձ վախեցնում ու դառնացնում էր մանկուց: Հիմա ես չեմ կարող, ինչպես
հարկն է, վերականգնել իմ կյանքի իրադարձությունները, միայն հիշում եմ, որ երբ ինձ տակովն էին անում քաոսի ալիքները, փրկում էր միտքը կղզու՝ Պետերբուրգի մասին, որին բախվելով փշրվում էին այդ ալիքները...
Վալենտինան հենց նոր սրսկեց փափուկ տեղս: Ինչ-որ վիտամին: Վիտամինները ցավոտ են, այդ սրսկիչները, չգիտես ինչու, ավելի տհաճ են, քան դեղորայքով սրսկիչները: Ես կորցրի մտքիս թելը...
Ախ, հա, ներդաշնակություն: Կանոնավորություն: Ահա ես հայրիկիս ու մայրիկիս հետ. ես՝ կենտրոնում, նրանք երկու կողմից բռնել են ձեռքերս, Թատերականով՝ հենց փողոցի մեջտեղով, Ֆոնտանկայից գնում ենք դեպի Ալեքսանդրինյան թատրոն: Մենք համաչափության մարմնացում ենք, եթե կուզեք՝ ներդաշնակության: Մենք քայլում ենք, իսկ հայրիկս ասում է ինձ, որ տարածությունը շենքերի միջև հավասար է շենքերի բարձրությանը, և փողոցների երկարությունը տասնապատիկ գերազանցում է շենքե-
րի բարձությանը: Թատրոնը աստիճանաբար մեծանում է, մոտենում է, վախեցնում է: Ամպերի արագացումը երկնքում: Հա, ի դեպ, հետագայում փողոցն անվանափոխեցին, ինչ-որ աննշան անունով փոխարինեցին: Ինչո՞ւ:
Ու նաև հիշեցի հրդեհը: Ոչ թե հրդեհը, այլ թե ինչպես էին գնում այն հանգցնելու Նևսկիով վաղ աշնանը՝ օրվա ավարտին: Առջևում՝ սևաթույր նժույգի վրա, հրշեջ-ազդարարն է: Շեփորը բերանին պահած, ինչպես Ապոկալիպսիսի հրեշտակը: Ազդարարը շեփորում է՝ ուղի հարթելով հրշեջ սայլախմբի համար, և բոլորը ցրիվ են գալիս նրա ճանապարհին: Կառապանները մտրակում են ձիերին, սեղմվում ճամփեզրին ու քարանում են՝ կիսաշրջված կանգնելով հրշեջներին: Եվ ահա ալեկոծվող Նևսկիով, ստեղծված ամայության մեջ, սլանում է կրակի դեմ մարտնչողների կառքը: Իրար թիկունք արած՝ նստած են նրանք երկար նստարանի վրա պղնձե սաղավարտներով, ու նրանց գլխավերևում փողփողում է հրշեջ բաժնի դրոշը: Դրոշի կողքին բրանդմեյստերն է, նա խփում է զանգը: Իրենց սառնասրտությամբ հրշեջները ողբերգական են, նրանց դեմքերին խաղում է կրակի ցոլքը, որ սպասում է իրենց ինչ-որ տեղում, որն արդեն բռնկվել է ինչ-որ տեղ դեռևս թաքուն, անտեսանելի:
Գնացողների վրա են թռչում Եկատերինյան այգու (որտեղ ի՛ր հրդեհն է բռնկված) հրադեղին տերևները: Մայրիկիս հետ կանգնած ենք՝ չուգունե ճաղաշարին սեղմված, ու նայում ենք, ինչպես է տերևների անկշռելիությունը փոխանցվում հրշեջ սայլախմբին, այն դանդաղ պոկվում է սալարկից ու փոքր բարձրության վրա թռչում Նևսկու վրայով: Հրշեջների շարասյան ետևից լողում է երկձի սայլը՝ լինգերով, փողրակների կոճերով ու գրոհման սանդուղքներով, նրա ետևից մեկ ուրիշ սայլ՝ շոգեպոմպով (կաթսայից` գոլորշի, խողովակից՝ ծուխ), նրա ետևից՝ բժշկական ֆուրգոնը՝ այրվածք ստացածներին փրկելու համար: Ես լալիս եմ, իսկ մայրիկս ասում է՝ չվախենամ, բայց ես վախից չեմ լալիս՝ զգացմունքների առատությունից: Այդ մարդկանց խիզախության ու մեծագույն հեղինակության հիացմունքից, այն բանից, որ զանգի ղողանջների ներքո այդպես վեհորեն սահուն անցնում են մրսած ամբոխի կողքով:
Ես շատ էի ուզում բրանդմեյստեր դառնալ, և ամեն անգամ, տեսնելով հրշեջներին, նրանց անձայն խնդրանք էի ուղղում ընդունել ինձ իրենց շարքերը: Իմպերիալում նստած՝ Նևսկիով անցնելիս, ամեն անգամ պատկերացնում էի, որ գնում եմ հրդեհ հանգցնելու: Ինձ պահում էի հանդիսավոր ու մի քիչ տխուր ու չգիտեի՝ ինչ է սպասվում այնտեղ՝ մոլեգնող բոցերի մեջ, և տեսնում էի հիացական հայացքներ և ամբոխի ողջույններին, գլուխս թեթևակի թեքած, պատասխանում էի միայն աչքերով: Ամենայն հավանականությամբ, հրշեջ չեմ դարձել, բայց հիմա՝ ժամանակ անց, չեմ զղջում:
Շաբաթ
Երեկ ամբողջ օրը բուժքննություն անցա: Տարօրինակ տպավորություն է... Չէ, ցավոտ չէ, անգամ տհաճ չէր: Սարքավորումները զարմացրին. այդպիսիք երբևէ չեմ տեսել: Ես, իհարկե, սարքավորումների մասնագետ չեմ, և այն ամենը, ինչ կարող եմ ասել դրանց մասին, ընդամենը իմ զգացողություն է, բայց դա անսովոր զգացողություն է:
— Երկա՞ր եմ անգիտակից վիճակում եղել, — հետո հարցրի քույր Վալենտինային: — Այնքան երկար, որ հասցրել են նոր սարքավորումնե՞ր հայտնվել:
Պատասխանի փոխարեն Վալենտինան պառկեց կողքս: Շոյեց մազերս:
Ժամանակին այդպես ինձ շոյում էր Անաստասյան: Տես, է՛, հանկարծ անունը հիշեցի: Չեմ հիշում, ով էր նա, ինչու էր ինձ շոյում, բայց հիշում եմ, որ Անաստասյան էր: Նրա մատները ճամփորդում էին մազերիս մեջ, երբեմն մտախոհ դադար առնում: Այտովս սահում էին դեպի ականջս, փափուկ շոշափում էին ականջախեցու ռելիեֆը, ու ես լսում էի մատների անիրական բարձր շրշյունը: Պատահում էր, Անաստասյան ճակատը հպում էր ճակատիս ու մի խոպոպի մեջ հյուսում իմ ու իր մազափնջերը: Բացը մուգի հետ: Դա երկուսիս սարսափելի տակնուվրա էր անում, մենք այնքա՛ն տարբեր էինք:
— Ինչի՞ մասին եք մտածում, — հարցնում է ինձ Վալենտինան:
— Ինձ «դու» ասա, լա՞վ:
— Ինչի՞ մասին ես մտածում:
Ոչ մի բանի մասին էլ չեմ մտածում: Մտածելու բան չունեմ, ես ոչինչ չեմ հիշում: Այդ նույն Անաստասյայից մնացել է միայն անունը: Անունն ու նրա ցորենագույն մազերի բույրը. դա էլ չեմ մոռացել: Իսկ գուցե հիշողությանս մեջ մնացած տպավորությունն եմ ընդունում որպես Վալենտինայի մազերի բո՞ւյր: Կամ այսպես. Վալենտինայի (նույնպես ցորենագույն) մազերի բույրը հիշեցնում է այն, ինչը ժամանակին ինձ երջանկացրել է:
Կիրակի
Գեյգերը բերել է «Ռոբինզոն Կրուզոն»: Ոչ թե նոր հրատարակությունը պարզեցված ուղղագրությամբ, այլ նախահեղափոխականը՝ 1906 թվականի: Այդ նույն գիրքն եմ ես կարդացել մանկության տարիներին. մի՞թե նա գիտե այդ մասին: Այս գիրքը ես կճանաչեի փակ աչքերով՝ շոշափելով, իր կշռով: Բույրով, ինչպես Անաստասյայի մազերը: Իմ ռունգերում ընդմիշտ է մնացել այդ գրքի սնդուսած էջերից տարածվող տպագրական ներկերի բուրմունքըը: Դա թափառումների բուրմունքն էր: Այդ էջերի շրշյունը կղզու վիթխարի, վառ կանաչ, հազիվ տարուբերվող տերևների շրշյունն էր, որոնք Ռոբինզոնին պաշտպանում էին արեգակից: Տերևներ բյուրեղյա կաթիլներով՝ լուսաբացին: Ես թերթում էի գիրքն ու ճանաչում էջը էջի ետևից: Ամեն տողի հետ հարություն էր առնում այն ամենը, ինչ ուղեկցել էր ինձ իմ անցյալում՝ տատիկիս հազը, խոհանոցում հատակին ընկնող դանակի զրնգոցը և (էլի այնտեղից) տապակածի հոտը, հայրական ծխախոտի ծուխը: Դատելով գրքի լույս ընծայման տարեթվից՝ բոլոր նշված դեպքերը կատարվել են 1906 թվականից առաջ:
Երկուշաբթի
Մարդը նստած է սեղանի մոտ: Երևում է դռան արանքից՝ կռացած, երշիկը կտրում է հավասար օղակներով, մեկը մյուսի ետևից ուղարկում բերանը: Տխուր ճաշկերույթ է: Շունչ քաշելով՝ գավաթը օղի է լցնում, մի թափով կուլ տալիս, ճպպացնում է: Ժամանակ առ ժամանակ պատուհանից դուրս է նայում: Այնտեղ տերևները, ասես կապարե, շեղակի վայրասլաց թռչում են ներքև: Նրանք պիտի որ սահուն իջնեին, բայց քամին նրանց տանում է իր ետևից: Իսկ ես այդ ամենին հետևում եմ միջանցքից, որտեղ մութ է: Ընդ որում, հետևում եմ ոչ թե դռան մոտից, այլ քիչ հեռվից, դրա համար էլ տեսանելի չեմ: Ինձ հետաքրքում է, թե ինչ է անում մարդը՝ չիմանալով, որ իրեն հետևում են: Իսկ նա ոչինչ չի անում, միայն կտրում է երշիկը օղակ օղակի ետևից ու տխրադեմ վրայից օղի է խմում: Մինչև բաժակը վերցնելը ձեռքերը սրբում է լրագրով: Տես, է՛, անսովոր ոչինչ չկա, իսկ մեխվել է հիշողությանս մեջ: Որտե՞ղ ու ե՞րբ է դա եղել:
Արդեն քանի օր է՝ ջերմությունս 37,5-ից չի բարձրանում: Եվ ինձ ավելի լավ եմ զգում, թուլությունը քիչ-քիչ անցնում է: Երբեմն նստում եմ մահճակալին՝ մինչև հոգնելս, դեռ արագ եմ հոգնում: Այդպիսի կտտանք է եղել. մարդուն նստեցրել են ձողանի կամ նեղ աթոռի վրա այնպես, որ նրա ոտքերը հատակին չհասնեն: Ու չի կարելի քնել, կռանալ նույնպես չի կարելի: Ձեռքերը՝ ծնկներին: Ստիպել են նստել օր ու գիշեր, մինչև կայտուցվեին ոտքերը: Այդպես էլ կոչվում էր՝ ուղարկել ձողանի վրա: Բայց այս ի՛նչ խառնաշփոթ է իմ գլխում...
Ավելի լավ է այսպես՝ ահա մենք Լիգովոյում ենք՝ Պոլեժաևյան այգում: Հունիս ամիսն է: Այնտեղ Լիգովկա գետն է՝ փոքրիկ, բայց այգում լճի նման լայնարձակ է: Մուտքի մոտ կառքեր, բազմաթիվ լանդոներ են, ու ես հարցնում եմ հորս՝ գուցե այստեղ է հավաքվել ամբողջ քաղաքը: Մի քանի վայրկյան հայրս մտածում է՝ ինչ է թաքնված հարցիս ետևում՝ պարզամտություն, թե հեգնանք: Պատասխանում է զգուշորեն՝ ոչ, ամբողջ քաղաքը չէ: Իրականում իմ հարցից ուրախություն է ճառագում, ես սիրում եմ մարդկանց մեծաթիվ կուտակումներ: Այն ժամանակ սիրում էի:
Խոտերին սփռոցներ են, ինքնաեռներ, պատեֆոններ: Մենք պատեֆոն չունենք, ու ես նայում եմ՝ մեր կողքը նստածները ինչպես են պտտում բռնակը: Ով է նստած՝ չեմ հիշում, բայց հիմա էլ եմ հիշում, ինչպես է պտտվում բռնակը: Վայրկյան անց հնչում է երաժշտությունը՝ խռպոտ, կակազող, բայց և այնպես երաժշտությունը: Երգում են: Փոքրիկներով, մրսածներով, երգողներով լի արկղ. այն ժամանակ ինչպե՛ս էի ուզում տիրանալ դրան: Խնամել, գուրգուրել, ձմռանը դնել վառարանի կողքին, բայց կարևորը՝ արքայական անփութությամբ լարել, ինչպես անում են վաղուց սովորական դարձած բանը: Ինձ թվում էր. բռնակի պտտելն է սփռվող հնչյունների հասարակ ու միաժամանակ թաքուցյալ պատճառը, գեղեցիկին հասնելու ամենազոր ագռավուկը: Ձեռքի շուրջանակի շարժման մեջ ինչ-որ մոցարտյան բան կար, ինչ-որ բան՝ դիրիժորի փայտիկի թափահարումից՝ համր գործիքները կենդանացնող և երկրային օրենքներով անգամ ոչ լիովին բացատրելի: Պատահում էր, միայնության մեջ չափ էի տալիս՝ նվագակցելով լսածս մեղեդին, և այնքան էլ վատ չէր ստացվում: Եթե չլիներ բրանդմեյստեր դառնալու երազանքս, իհարկե, կուզենայի դիրիժոր դառնալ:
Այդ հունիսյան օրը մենք դիրիժորին էլ տեսանք: Իր փայտիկին հնազանդ նվագախմբով՝ նա դանդաղ հեռանում էր ափից: Զբոսայգու նվագախումբ չէր, փողային չէր. սիմֆոնիկ էր: Կանգնած էր լաստանավին. անհասկանալի էր, ինչպես էին բոլորը տեղավորվել, և ջրի վրայով տարածվում էր երաժշտությունը: Լաստանավի շուրջը լողում էին նավակներ, բադեր, լսվում էր մեկ թիակալի ճռնչյուն, մեկ կռնչոց, բայց այդ ամենը հեշտորեն ընդերվում էր երաժշտությանն ու կարծես թե բարեհաճությամբ էր ընդունվում դիրիժորի կողմից: Շրջապատված երաժիշտներով՝ դիրիժորը միևնույն ժամանակ միայնակ էր. այդ մասնագիտության մեջ անիմանալի ողբերգականություն կա: Գուցե դա այդքան հստակ չի արտահայտվում, ինչպես բրանդմեյստերի դեպքում, քանի որ կապված չէ ո՛չ կրակի, ո՛չ էլ արտաքին հանգամանքների հետ ընդհանրապես, բայց նրա այդ ներքին էությունը այրում է սրտերն առավել ուժգին:
Երեքշաբթի
Մթերային քարտեր ստացողների չորս կարգ.
Առաջին՝ բանվորներ: Դա օրը մեկ ֆունտ հաց է: Միանգամայն բավարար:
Երկրորդ՝ խորհրդային ծառայողներ, օրը քառորդ ֆունտ հաց:
Երրորդ՝ չծառայող մտավորականներ,ընդամենը ֆունտի մեկ ութերորդը:
Չորրորդ՝ բուրժուաներ: Նույնպես մեկ ութերորդ, միայն երկու օրվա համար: Ու ոչ մի բանում քեզ չզրկես...
Գեյգերին հարցրի՝ հիմա է՞լ են գործում մթերային քարտերը: Նա ասաց, որ չեղարկել են: Դե, փառք Աստծո: Մեծ բավականություն չէ քարտերը ապրանքներով ապահովելը, հատկապես օճառով ու նավթով:
Իմացա, որ վճարման նոր կետ է բացվել Վասիլևյան կղզում՝ 8-րդ գծի ու Սրեդնիի անկյունում: Պետրոգրադսկայայից քարշ եկա այնտեղ, նոր տեղերի մասին բոլորը չէ, որ գիտեն, ու սովորաբար հերթը փոքր է լինում: Քամի ծովածոցից ու մանրաձյուն. ականջներս սառչում են: Ինձ տատիկի գլխաշորը տվեցին (իսկ տատիկն արդեն մահացել էր)՝ կապեմ գդակիս վրայից, բայց ես՝ հիմարս, ամաչեցի: Եվ արդեն Տուչկով կամըրջի վրա քիչ մնաց քամին ինձ քշեր: Պայուսակից հանեցի գլխաշորն ու փաթաթեցի գլխիս: Եվ ինչի՞ց էի ամաչում՝ այնպիսի բուք է, որ պարզած ձեռքի հեռավորությունից ոչինչ չի երևում: Եթե անգամ երևա, գլխաշորով ինձ ո՞վ կճանաչի: Բայց մոտենալով 8-րդ գծին՝ համենայնդեպս գլխաշորը հանեցի:
Հերթ կանգնեցի: Պելագեա Վասիլևնան ինձ ասում է:
— Ես Պելագեա Վասիլևնան եմ, հերթում ձեզնից առաջ եմ կանգնած, բայց ուզում եմ կանգնել որմնախորշում, որտեղ քամին քիչ է:
— Իհարկե, — պատասխանում եմ, — Պելագե՛ա Վասիլևնա, կանգնեք ձեր որմնախորշում, էլ ի՞նչ կարող եմ ձեզ ասել:
— Իսկ դուք հերթից չե՞ք գնա: Եթե գնալու լինեք, անցեք ինձ մոտ, որմնախորշ (ցույց է տալիս) ու զգուշացրեք:
Ես գլխով եմ անում, բայց նա մնում է տեղում:
— Ես ախր, — ասում է, — կկանգնեի, բայց բարձր ջերմություն ունեմ: Չգիտեմ՝ էս հերթում կանգնելուց հետո ինձնից ինչ կմնա: Իսկ առանց նավթի ինչ կարող ես եփել:
Մոտենում է Նիկոլայ Կուզմիչը:
— Գնա՛, Պելագե՛ա, քո փոխարեն կկանգնեմ, դե, մի՛ անհանգստանա, ի սե՛ր Աստծո:
Կինը տեղը զիջում է նրան:
— Նիկոլայ Կուզմիչի համար ես հանգիստ եմ:
Բոլոր կանգնածները ձյունակոլոլ են՝ գլխարկները, ուսերը, թարթիչները: Ոմանք ոտքը ոտքին են խփում: Որմնախորշից դուրս է նայում Պելագեան՝ կասկածով զննելով Նիկոլայ Կուզմիչին: Նա նկատում է Պելագեային ու կշտամբանքով օրորում գլուխը:
— Շնորհակալ եմ քեզ, Նիկո՛լայ, — ասում է կինն ու թաքնվում որմնախորշում:
Առաջին ժամին բոլորը կատակում են ու խոսում այն մասին, թե ինչ դժվար է առանց նավթի ապրելը: Նավթի ու փայտի: Երրորդ ժամի ավարտին մոտենում է Սկվորցովը, նա, չգիտեմ ինչպես, ծանոթ է ինձ: Միանալով ընդհանուր զրույցին՝ Սկվորցովն ասում է, որ 1919 թվականը վատթարագույնն է իր կյանքում:
— Իսկ քո կյանքում, — հարցնում է հերթից ինչ-որ մեկը, — տասնինն տարի կա՞: Կամ քսա՞ն: Իսկ ընդհանրապես այս կյանքում ի՞նչ ես տեսել:
— Դե, նախ և առաջ...
Պատասխանելով, Սկվորցովը ձև է անում, որ հերթի լիիրավ անդամն է, ու որ ինձ հետ է կանգնած: Նրա ձայնը վստահ է հնչում, բայց հերթը նրան չի հավատում:
— Ա՛յ նա, — ասում է Նիկոլայ Կուզմիչը, մատնացույց անելով ինձ, — հենց սկզբից կանգնած էր այստեղ, մենք նրան հիշում ենք: Պելագեա Վասիլևնային հիշում ենք, նրա փոխարեն ես եմ կանգնած այստեղ: (Մի ակնթարթ որմնախորշից երևում է Պելագեան): Իսկ քեզ, ների՛ր, չենք հիշում:
Սկվորցովը թոթվում է ուսերը, ու նրանց վրայից թափվում է իջնող ձյունը: Վայրկյան անց Սկվորցովը ձուլվում է բուքին: Հեշտ է հեռանում, առանց վիճաբանելու: Հեռանում է իմ կյանքից ընդմիշտ, որովհետև նրան, կարծես թե, այլևս չեմ տեսել:
Չորեքշաբթի
Պահարանի վրա Ֆեմիդայի արձանիկն է, հորս են նվիրել իրավաբանական ֆակուլտետն ավարտելու օրը: Ինձ, դեռ ծծկեր, ցույց են տվել արձանիկը՝ ասելով՝ Ֆեմիդան:
Հետո հարցրել են հատկապես հյուրերի ներկայությամբ՝ ո՞ւր է Ֆեմիդան: Ես ցույց
եմ տվել: Դեռ չեմ իմացել՝ ով է այդ Ֆեմիդան, մտածել եմ ցանկացած անհեթեթություն, որ դրված է պահարանի վրա: Ֆեմիդայի ամեն ինչն էր ինձ դուր գալիս կշեռքից բացի. այն չէր ճոճվում: Մինչև յոթ տարեկան ես համբերում էի, բայց հետո փորձեցի կշեռքը դարձնել շարժական. ճկում էի, խփում մուրճով: Համոզված էի, որ կշեռքը պիտի ճոճվի, մտածում էի՝ ինչ-որ բան լռվել է: Կշեռքն, իհարկե, ջարդվեց:
Հինգշաբթի
Այսօր առավոտյան՝ բուժզննությունից հետո, Գեյգերը մնաց հիվանդասենյակում: Ձեռքը սահեցրեց վիեննական աթոռի թիկնակի վրայով:
— Մի առիթով Վալենտինային հարցրել եք՝ երկար եք մնացել անգիտակից վիճակում...
Երկու ձեռքով հենվել է թիկնակին ու նայում է ինձ: Ես վերմակը քաշեցի կզակիս:
— Դա նո՞ւյնպես գաղտնիք է:
— Ո՛չ, ամենևին: Ձեր վերականգնումը հաջող է ընթանում, ու ես մտածում եմ, որ արդեն կարելի է ինչ-որ բան ձեզ բացատրել: Բայց միայն ինչ-որ բան, այնպես, որ ամեն ինչ միանգամից չասվի:
Ասես սպասելիս լիներ այդ նախադասությանը, հիվանդասենյակ մտավ Վալենտինան՝ մատուցարանի վրա բերելով երեք գավաթ սուրճ: Հազիվ էր ոտքը դրել շեմին, հասկացա, որ դա սուրճ է: Բուրավետ սուրճ: Լավ պատրաստված սուրճ՝ ե՞րբ եմ վերջին անգամ խմել: Ինձ օգնեցին բարձրանալ, ու րոպե անց բոլորս նստած էինք, ես՝ անկողնում, Գեյգերն ու Վալենտինան՝ աթոռներին:
— Բանն այն է, — ասաց Գեյգերը, — որ դուք իսկապես շատ երկար եք եղել անգիտակից վիճակում, և աշխարհում փոփոխություններ են կատարվել: Ձեզ քիչ-քիչ կպատմեմ դրանց մասին, իսկ դուք կշարունակեք վերհիշել այն ամենը, ինչ եղել է ձեզ հետ: Մեր՝ երկուսիս խնդիրն է, որպեսզի այդ երկու հոսքերն առանց ցավի միանան:
Սուրճն այնպիսին էր, ինչպիսին նրա բուրմունքն էր, գուցե և քիչ ավելի լավը: Գեյգերն սկսեց պատմել տիեզերքի նվաճման մասին: Պարզվում է, մենք ամերիկացիների հետ վաղուց թռչում ենք տիեզերքում: Դե ինչ, նկատի ունենալով Ցիոլկովսկու գաղափարները, դա սպասելի էր: (Ինչն է պակասում իմ սուրճի մեջ՝ շաքարը: Հարցնում եմ՝ կարո՞ղ եմ շաքար ստանալ: Գեյգերը տատանվում է, ասում, որ չգիտե, թե օրգանիզ-
մումս ինչպես իրեն կպահի գլյուկոզան): Տիեզերքում առաջինը ռուս էր, փոխարենը Լուսնի վրա իջել են ամերիկացիները: Ես քիչ բան գիտեմ տիեզերքի ու Լուսնի մասին, բայց, իմ կարծիքով, այնտեղ անելու բան չկա:
— Մարդիկ իջել են ամենախոր ծովերի հատակը, — շարունակում է Գեյգերը:
— Ձեր ժամանակ կարելի՞ էր մտածել նման բանի մասին, — հարցնում է Վալենտինան:
— Այո՛, — պատասխանում եմ, — դեռ այն ժամանակ այդ հաշվով ինչ-ինչ գաղափարներ արդեն կային:
Պատմում եմ, որ տոնավաճառներում մի խաղալիք կար՝ ավստրալիացի բնակիչը: Ապակե սրվակում՝ ջրի մեջ, լող էր տալիս դուրս պրծած աչքերով փոքրիկ (չէ՞ որ ապակուց է) պարոնը: Սրվակի գլխիկին ռետինե մեմբրան էր ամրացված: Սեղմում ես մեմբրանը, ավստրալիացի բնակիչը, պտտվելով իր առանցքի շուրջը, սուզվում է: «Ավստրալիացի բնակիչը ծովի հատակն է իջնում, մարդկային երջանկություն է փնտրում», — գոռում էր վաճառողը: Կաղալով ու ոտքը քարշ տալով՝ վաճառողը զարմանալի արագությամբ տեղաշարժվում էր տոնավաճառով մեկ, ու նրա ձայնը մերթ խլանում էր, մեկ հայտնվում մոտակայքում: «Ավստրալիացի բնակիչը ծովի հատակն է իջնում...»: Բոլորին զվարճացնում էր, որ մարդկային երջանկության համար մարտնչողներն այդքան անսովոր տեսք ունեն: Որ այդպես շարժունակ են: Ռուս բնակիչները, ի տարբերություն ավստրալիացիների, նման արագությամբ ֆռֆռալ, իհարկե, չէին կարող:
Գեյգերի ձեռքը Վալենտինայի ուսին է: Մատները, իբր մեքենայորեն, քաշքշում են նրա մազափունջը: Մատնացույց են անում ինձ: Թատերական շշուկով Գեյգերն ասում է նրա ականջին.
— Դա ոչ միայն տարերքների նվաճման մասին է, ավելի բարձրից վերցրու՝ երջանկության խնդիրն է...
— Երջանկության համար պայքարը ձեզ այնքան էլ չի՞ ոգևորում, — հարցնում է ինձ Վալենտինան:
— Դրանից, — ասում եմ, — ընդհանրապես միայն դժբախտություններ են...
Վալենտինան չի փորձում ազատվել Գեյգերի ձեռքից: Ծիծաղում է: Հետաքրքիր է, նրանց միջև ինչ-որ հարաբերություններ կա՞ն: Ախր, շատ տիրաբար է վերաբերվում Գեյգերը:
Գեյգերը ինչ-որ բան է ինձ պատմում տեխնիկայի բնագավառից, բայց ամեն ինչ չէ, որ ես մտապահեցի: Այո՛, հիմա գրում են «գնդիկավոր գրիչներով» (գրչի ներսում գնդիկ կա), ահա թե ինչ էր Վալենտինան օրեր առաջ ինձնից թաքցնում: Նրանք ուզում էին ինձ պաշտպանել ցնցումից: Անկեղծ որ ասեմ՝ դա ինձ չցնցեց: