Մաքսիմ Զամշև
Ծնվել է 1972թ. Մոսկվայում։ Ավարտել է Գնեսինների անվ. երաժշտական ուսումնարանը և Մ. Գորկու անվ. գրականության ինստիտուտը։ Հեղինակ է բանաստեղծական յոթ գրքերի, այդ թվում՝ «Նոստալգիա ներկայի համար» (1999), «Ժամանակը ձեռքերի վրա» (2003), «Պատրիարշիից մինչև Արբատ» (2014), «Խոստովանության ժամանակը» (2019), հինգ վեպերի: Բելառուսերենից, ռումիներենից և սերբերենից թարգմանել է ժամանակակից մի շարք բանաստեղծների։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, առանձին գրքերով հրատարակվել են ադրբեջաներեն, բուլղարերեն, հունարեն, մակեդոներեն, ռումիներեն և սերբերեն։ «Կախարդված անծանոթ», Լերմոնտովյան, Ֆ. Իսկանդերի անվան, «Մաքուր գիրք» և այլ մրցանակների դափնեկիր է: Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության խորհրդի նախագահն է, Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ։ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի անդամ, Չեչնիայի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ։ Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով, «Մամուլի և տեղեկատվության զարգացման գործում վաստակի համար» պատվո կրծքանշանով։ «Լիտերատուրնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիրն է: Ապրում է Մոսկվայում։
Գրականագետ և քննադատ Յակով Գորդինը նշել է, որ «Զամշևի բանաստեղծությունները կարդալիս «պետք է հիշել «լիրիկական հերոս» հայտնի տերմինը։ Պոեզիայում հեղինակին ու հերոսին տարանջատելու անհրաժեշտությունը բոլորովին կասկած չի հարուցում առաջինի անկեղծության հարցում։ Սա բանաստեղծական գիտակցության առանձնահատկությունն է, երբ անխուսափելիորեն սրվում են հեղինակի աշխարհայացքի ու ինքնաընկալման իրական հատկանիշները»։