Ալեքսանդր Կուշներ

Ծնվել է 1936 թվականին Լենինգրադում։ Ավարտել է Լենինգրադի Ա. Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը, միջնակարգ դպրոցում դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ Հեղինակ է 40 պոետական գրքի և ժողովածուի, այդ թվում՝ «Մշուշոտ աստղի վրա» (1994), «Թփուտը» (2002), «Տավրիկյան այգին» (2008), «Երկրային ձգողականությունը» (2015), «Աշնանային թատրոն» (2020), դասական և ժամանակակից ռուս պոեզիային նվիրված էսսեների և հոդվածների 5 ժողովածուի։ Բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, արաբերեն, վիետնամերեն, եբրայերեն, իտալերեն, չինարեն, գերմաներեն, նիդեռլանդերեն, ֆրանսերեն, ճապոներեն և այլն։ Նրա գրքերը թարգմանաբար հրատարակվել են Հոլանդիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում։ Ռուսաստանյան և միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ ՌԴ պետական մրցանակի, Պուշկինի անվան պետական, Ալֆրեդ Տեպֆերի հիմնադրամի (Գերմանիա) Պուշկինյան, «Հյուսիսային Պալմիրա», Ցարսկոյե սելոյի գեղարվեստական, «Պոետ» ազգային, «Ոսկե տիբեթյան անտիլոպ» (Չինաստան) մրցանակների և այլն։ Ապրում է Սանկտ Պետերբուրգում։
1990 թվականին Իոսիֆ Բրոդսկին, ներկայացնելով բանաստեղծին, գրել է. «Ալեքսանդր Կուշները ХХ դարի լավագույն քնարական բանաստեղծներից է, և նրա անունը դատապարտված է լինել մի շարք անունների կողքին, որոնք թանկ են յուրաքանչյուրի սրտին, ում լեզուն ռուսերենն է»։ Ավելի քան երեսուն տարի հետո, XXI դարում, Բրոդսկու բնութագրումը մնում է նախկինի պես ճշմարտացի։ Բանաստեղծը չի դադարում մտավոր և հոգևոր աշխատանքը, նոր իմաստների և արտահայտչաձևերի որոնումը, և մուսան շռայլորեն զորավիգ է նրան։